HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի և լրատվամիջոցի

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հայցն ընդդեմ նույն բուհի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Պատասխանող կողմում որպես երրորդ անձ ներգրավված են ATV հեռուստաընկերությունն ու «Հետք» շաբաթաթերթը:

Ռեկտորը նախկին դասախոսից պահանջում է նշված լրատվամիջոցներով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և նրանից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:

Հիշեցնենք, որ նախապես դատավարությունը նշանակվել էր Ալավերդու դատարանում այն դեպքում, երբ պատասխանող Լուսինե Աշուղյանը Վանաձոր քաղաքի բնակիչ է: Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարանում: Օրենքի խախտման մասին բարձրաձայնելուց հետո նշանակված դատական նիստը հետաձգվեց և վերանշանակվեց Վանաձորի նստավարում՝ նույն՝ Ալավերդու դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ: Այժմ դատաքննությունն ընթանում է Վանաձորի դատարանում:

Ռեկտորի շահերը ներկայացնում է նույն բուհի գրականության ամբիոնի դոցենտ Վանո Եղիազարյանը, ով նաև Լեռնապատ համայնքի ղեկավարն է: «Հետքը» նույնպես ներկայացուցչություն է ապահովում դատարանում, իսկ ATV հեռուստաընկերության կողմից ներկայացուցիչ հանդես չի գալիս:

Հայցի առարկան հետևյալն է. 2011 թ. հունիսի 15-ին Լուսինե Աշուղյանը, մասնակցելով ATV հեռուստաընկերության «Կիսաբաց պատուհաններ» հաղորդաշարին, եթերից հնչեցրել է մի շարք արտահայտություններ, որոնք ռեկտորը որակել է իր հասցեին արված զրպարտություններ:

Ռեկտորը զրպարտություն է դիտել հետևյալ ընդգծված արտահայտությունները.

«Սակայն, չգիտես ինչու, մեր ռեկտորը նոր օրինակարգ է ստեղծել և դասախոսների հետ մեկ տարով կամ տասը ամսով պայմանագիր է կնքում, և յուրաքանչյուր դասախոս, անկախ իր գիտական ձեռքբերումներից, անկախ իր հմտություններից, կարողություններից, ցանկացած պահի կարող է մտածել, որ կարող է դուրս մնալ աշխատանքից, դա փաստորեն դասախոսներին և ընդհանրապես աշխատողներին ստրկական կախման մեջ է գցում ռեկտորից և բոլորը պարտավոր են կամ ստիպված իրենց աշխատանքը չկորցնելու համար նրան կամ քծնեն կամ սիրաշահեն և չգիտեմ այլ ուրիշ միջոցներ, որ…»: Հաղորդավարի հարցին, թե ինչ է նշանակում սիրաշահել, Լուսինե Աշուղյանը պատասխանում է, «երևի ասել, որ ինքը լավ ռեկտոր է, ինքը շատ լավ է աշխատում, ինքը հոյակապ անձնավորություն է, հավանաբար նրան, որ…», ապա հաղորդավարն ընդմիջում է, «այսինքն՝ զուտ խոսքերի վրա», Լուսինե Աշուղյանը շարունակում է. «ոչ միայն… ինձ թվում է զարտուղի այլևայլ միջոցներ…»:

«Նա մրցույթ է հայտարարում մեր ամբիոնի դասախոսի համար, Մելքոնյան Հեղինեին մրցույթով անցկացնում է: Եթե նա մեզ հետ պայմանագիր կնքեր մինչև ընտրություն, բնականաբար, մենք կմասնակցեինք, բայց գիտեինք, որ համարվում ենք հիմնական աշխատողներ, ինչպես օրենք է դարձել, չգրված օրենք, և բոլորն էլ գիտեն, որ ինստիտուտում հայտարարություն է տրվում, ապա տրվում է որոշակի մարդու նկատի ունենալով, իսկ եթե որևէ մեկը մրցույթին մասնակցի, բնականաբար, ոչ մի շանս չունի, գիտեն, որ այդ տեղը Մելքոնյան Հեղինեինն է»:

«Այնպիսի օրենքներ, այնպիսի դրված է, որ յուրաքանչյուր մարդ պարզապես սարսափում է, որ հաջորդ պահին կարող է դրսում հայտնվել: Բնականաբար, նրանք ամեն կերպ պիտի աշխատեն, որ ռեկտորի կողքին լինեն, էլ չեմ ասում այն փաստը, որ տարբեր մարդիկ, տարբեր տեղերից ես լսում եմ, որ ասում են, թե ռեկտորն ասում է՝ եթե տեսնեմ, որ դուք Լուսինեի հետ խոսում եք կամ նրան բարևում եք, ձեզ աշխատանքից կազատեմ»:

«Ճիշտն ասած, իր ասած դատական պատասխանատվությունը չի ուշանում, երեք օր անց, այսինքն՝ ապրիլի 1-ին Լուսինե Սարգսյանը և իր մայրը…, ոստիկանության բաժանմունք են ներկայանում»:

Վերջին արտահայտության հետ կապված՝ ռեկտորը նույնաբովանդակ զրպարտություն է համարել 2011 թվականի մայիսի 13-ին «Հետքում» տպագրված «Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում» հոդվածի հետևյալ պարբերությունը. «Սա կանխամտածված, միտումնավոր քայլ էր: Հետևում այն մարդն է կանգնած, որը խիստ շահագրգիռ է, որ Լուսինեն պաշտպանի (նկատի ունի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, որը Լուսինե Սարգսյանի գիտական ղեկավարն է-հեղ.): Ամեն ինչը վերևից է թելադրված՝ ղեկավարության կողմից: Պարզապես իրագործել են Լուսինե Սարգսյանն ու նրա մայրը»:

Կողմերի փաստարկ-հակափաստարկները

Որպես պատասխանող՝ իր դիրքորոշումը հայտնելով՝ Լուսինե Աշուղյանը նշեց, որ չի զրպարտել ռեկտոր Խաչատրյանին: Հեռուստաեթերից ակնարկել է նրա արած օրենսդրական խախտումների մասին և հայտնել իրականությունից բխող իր կարծիքը: Ապա դատարանին ներկայացրեց իր խոսքերը հիմնավորող ապացույցներ: Իր մատնանշած՝ ռեկտորի կողմից զանգվածային օրինախախտումների վերաբերյալ նախկին դասախոսը վկայակոչեց բուհի աշխատողների հետ ռեկտորի կնքած աշխատանքային պայմանագրերը:

Ըստ նրա՝ դասախոսական պաշտոնը ընտրովի է, դասախոսը մրցույթով ընտրվում է 5 տարի ժամկետով, որը լրանալուց հետո այդ պաշտոնի համար պետք է հայտարարվի նոր մրցույթ: Այնինչ, ըստ նրա, բուհում «չգրված օրենք» է պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մրցույթ չհայտարարելն ու աշխատողների հետ 1 տարով պայմանագրեր կնքելը:

Անվանակոչելով բուհի մի շարք դասախոսների և ղեկավար պաշտոնյաների՝ պատասխանողը միջնորդեց դատարան բերել այն աշխատակիցների գործերը, որոնք 5 տարուց ավելի աշխատում են բուհում, սակայն ընտրված չեն մրցույթով, որոնց հետ պայմանագիր է կնքվել ոչ ընտրված ժամկետով, որոնց պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվել է համաձայնագրերով, լաբորանտավարչական աշխատողների գործերը, որոնց հետ նույնպես պայմանագիր է կնքվել որոշակի ժամկետով, ինչպես նաև համատեղությամբ աշխատողների, այդ թվում՝ հայցվորի ներկայացուցիչ Վանո Եղիազարյանի փաստաթղթերը:

«Հետքի» ներկայացուցիչը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ: Դատարանը բավարարեց պատասխանողի՝ նշված փաստաթղթերը դատարան բերելու միջնորդությունը՝ նշելով, որ դրանց վերաբերելիությունը գործին դատարանը կքննարկի այդ փաստաթղթերը հետազոտելուց հետո:

Լուսինե Աշուղյանի կարծիքով՝ այդ պայմանագրերը աշխատողներին կախման մեջ են գցում ռեկտորից: Մտածելով, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կարող են դրսում հայտնվել՝ նրանք ամեն կերպ փորձում են սիրաշահել ռեկտորին՝ իրենց տեղը չկորցնելու համար:

Նախկին դասախոսի ասելով՝ այն բանից հետո, երբ ռեկտորի օրենսդրական խախտումների մասին բարձրաձայնել է ՀՀ վերադաս ատյաններին, հանդես է եկել մամուլով, և ապա իր հայտարարությունների հիման վրա հանձնաժողով է եկել նախարարությունից՝բուհում ստուգումներ կատարելու, ռեկտորը կանչել է իրեն և սպառնացել, որ եթե մի անգամ էլ համարձակվի գրել, նա իրեն վարչական պատասխանատվության կենթարկի կամ դատական գործ կսկսի իր դեմ: Ըստ Լուսինե Աշուղյանի՝ իր և ռեկտորի լարված փոխհարաբերությունների ընթացքում բուհի աշխատակիցները փորձել են հաճոյանալ ռեկտորին՝ նույնիսկ «օրինախախտումների գնով»:

Նա վկայակոչեց ռեկտորին «քծնելու, սիրաշահելու» դեպքեր՝ հիմնավորելով նաև իր ասած՝ «զարտուղի այլևայլ միջոցներ» արտահայտությունը: Մատնանշելով հայցվորի ներկայացուցչին՝ ասաց, որ ռեկտորին քծնողներից մեկն էլ Վանո Եղիազարյանն է, ով «Առավոտ» օրաթերթում իր տպագրած հոդվածից հետո ստորագրություններ է հավաքել իր դեմ մի գրության տակ, որում փորձել են խեղաթյուրված կերպով ներկայացնել իր և ամբիոնի վարիչի փոխհարաբերությունները: Այն դեպքում, երբ Վանո Եղիազարյանը ամբիոնի անդամ չէր և չէր կարող իմանալ՝ ինչ է կատարվում ամբիոնում: Այդ ձևով նաև նշված գրությունը ստորագրել են ամբիոնների և բաժինների վարիչներ, որոնք տեղյակ չէին իրենց ամբիոնի անցուդարձից: Բայց, չնայած դրան, ստորագրել են:

Հայցվորի ներկայացուցիչ Վանո Եղիազարյանը պատասխանեց, որ «Առավոտ» օրաթերթի հոդվածից հետո ինքն անձամբ մտադիր էր դատի տալ Լուսինե Աշուղյանին այն արտահայտության համար, որ իրենք քծնում, սիրաշահում են ռեկտորին, սակայն ռեկտորի խնդրանքով չի դիմել դատարան: Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա բանասիրականի դեկանն ու ինքը որոշել էին Լուսինե Աշուղյանի հոդվածին պատասխան գրել և ստորագրավաք էին կազմակերպել թերթին ուղարկելու համար: Բայց պատասխանն այդպես էլ չի տպագրվել: Ասաց, որ ինքը քծնանքից չէ, որ հայտնվել է դատարանում, ռեկտորն իր մտերիմ ընկերն է ու բարեկամը: Վերջին տարիներին ինքը նաև ռեկտորի տղայի քավորն է:

«Հետքի» ներկայացուցչի հարցին՝ ի՞նքն է առաջարկել ռեկտորին՝ դատարանում որպես նրա ներկայացուցիչ հանդես գալ, թե՞ ռեկտորն է դիմել իրեն այդ հարցով, Վանո Եղիազարյանը պատասխանեց, որ ինքն անձամբ է առաջարկել ռեկտորին՝ նրա արժանապատվությունը պաշտպանել:

Որպես ռեկտորին «քծնելու, սիրաշահելու» արտահայտություն՝ Լուսինե Աշուղյանը փաստարկեց հետևյալ երկու հանգամանքը: Հայոց լեզվի ամբիոնի անդամները դիմել էին ռեկտորին՝ իր պատճառով խաթարված՝ ամբիոնի նախկին առողջ մթնոլորտը վերականգնելու խնդրանքով: Ռեկտորն այդ դիմումը մակագրել էր բանասիրական ֆակուլտետի դեկանին, որպեսզի իր հարցը քննարկվի ուսումնամեթոդական խորհրդի նիստում: Ըստ ներբուհական կանոնակարգի՝ ֆակուլտետային խորհուրդը կամ ուսումնամեթոդական խորհուրդը իրավասություն չունի վարքագծի վերաբերյալ հարց քննարկելու:

«Խորհրդի անդամները՝ դեկաններ, ամբիոնի վարիչներ և ուսգծով պրոռեկտորը, ռեկտորին հաճոյանալու համար օրինախախտում են կատարել՝ խախտելով իրենց կողմից ընդունված կանոնադրությունը: Նրանք շատ լավ իմացել են, որ նման իրավասություն չունեն: Այսինքն՝ օրենսդրական խախտման ձևով էին պատրաստ ռեկտորին սիրաշահել»,- հիմնավորեց Լուսինե Աշուղյանը:

Վերջինս նաև հիշատակեց իրեն հայոց լեզվի ամբիոնի տված նկատողության մասին, որը նույնպես օրենքի խախտում է: Լուսինե Աշուղյանի բացակայությամբ նրա հարցը քննարկվել էր ամբիոնի նիստում, և նրան նկատողություն հայտարարվել:

«Ամբիոնի վարիչը իրավունք չի ունեցել նկատողություն հայտարարելու: Երբ նախարարության ներկայացուցիչները եկել էին, այդպիսի փաստաթուղթ արդեն չկար: Ասում էին, որ նկատողություն չի եղել: Սակայն ես պահում եմ փաստաթութը»,- ասաց պատասխանողը և երկու նիստերի վերաբերյալ փաստաթղթերը հանձնեց դատարանին:

Հայցվորի ներկայացուցիչը չժխտեց, որ հայոց լեզվի ամբիոնի վարիչը ապօրինի կերպով է նկատողություն հայտարարել Լուսինե Աշուղյանին՝ դրա իրավունքը չունենալով: Սակայն մյուս նիստի վերաբերյալ ասաց, որ ռեկտորը ճիշտ է վարվել՝ ամբիոնի անդամների դիմումը մակագրելով ֆակուլտետի դեկանին, ում ֆակուլտետում խնդիրներ են առաջացել: Մնացածը վերաբերում է ֆակուլտետի դեկանի իրավասություններին:

Լ. Աշուղյանը պնդեց, որ կա ֆակուլտետի դեկանին ռեկտորի մակագրած դիմում՝ իր հարցը բանասիրական ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհրդի նիստում քննարկելու վերաբերյալ: Եվ միջնորդեց նշված փաստաթուղթը բերել դատարան: «Հետքի» ներկայացուցիչը չառարկեց դրան: Դատարանը բավարարեց Լուսինե Աշուղյանի միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter