HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Շենքի կեսը պատկերասրահ է, կեսը՝ բանկ

«Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղը Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղից պահանջում է ազատել իրեն պատկանող շենքը: Վերջինիս տնօրինությունը համաձայն չէ բանկի այդ պնդումներին։ Տնօրեն Ռաֆայել æավախյանը ներկայացնում է 1986թ.-ին ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված մի գրություն, որով ՀՀ առեւտրի նախարարության Ալավերդու «Քաղառը», որի տնօրինության տակ էր շենքը, այն պետք է հանձներ պատկերասրահին։ Սակայն այսօր ոչ ոք չի բացատրում, թե ի՞նչ պատճառներով չի կատարվել այդ հանձնարարականը։ 

Պատկերասրահն այստեղ գործում է արդեն 15 տարի, սակայն որեւէ փաստաթղթային հիմնավորում չկա, որ այդ շենքը պատկերասրահինն է: Այսինքն, մինչ 1999թ. պատկերասրահը գործել է «Քաղառի» թիվ 18 խանութ կոչվող շենքում՝ Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղ ցուցանակով։  

1999թ. «Քաղառը» Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել եւ ընդամենը 3 մլն. դրամ արժեքով բանկի նկատմամբ ունացած պարտքի դիմաց Ալավերդի քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը (360 քառ.մ) «Քաղառից» անցել է Հայէկոնոմբանկի Ալավերդու մասնաճյուղին։ Այդ մասին տեղյակ չի պահվել պատկերասրահի տնօրինությանը։ Այսօր բանկն ունի նաեւ քաղաքապետարանի որոշումը հողի վերահատկացման մասին, շենքի հանձնման-ընդունման ակտ,եւ վերջապես, 2000թ. հունվարին ձեռք է բերել շենքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող վկայական։ 

Հարցը բազմիցս բարձրացվել է ՀՀ մշակույթի նախարարությունում ու Ազգային պատկերասրահում, որտեղից միայն չանհանգստանալու անարդյունք հորդորներ են տվել, եւ ոչ ավելին։ Իսկ Հայէկոնոմբանկի Ալավերդու մասնաճյուղն արդեն շտապեցնում է ազատել շենքը, քանի որ բանկը վարձակալական հիմունքներով գործում է ԷյՍիՓի ընկերությանը պատկանող շենքում, եւ ԷյՍիՓի-ն էլ իր հերթին, բանկին է ստիպում տեղափոխվել։ Ընկերությունը մտադիր է քանդել շենքը, ուր այսօր գործում է Հայէկոնոմբանկը, եւ որը հարակից է ընկերության կողմից կառուցված Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն՝ տարածքը զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար։ 

 Հայէկոնոմբանկը, որպես սեփականատեր, այսօր ակամա հայտնվել է մեղավորի դերում։ Պատկերասրահի աշխատակիցներն էլ անորոշ վիճակում են։ Տնօրենն արդեն 3 ամիս ՌԴ-ում է։ Աշխատակիցները դժվարանում են պատասխանել՝ ինչո՞վ է զբաղվում այնտեղ եւ մտադի՞ր է արդյոք վերադառնալ, չնայած դեռեւս պաշտոնավարման մեջ է։ Տնօրենի բացակայության պայմաններում պատկերասրահը շարունակում է գործել: Վերջին ցուցահանդեսը կազմակերպվել է այս տարվա հունվար-փոտրվար ամիսներին։ Պատկերասրահի շահերի պաշտպանի դերում հանդես է գալիս Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանը։

Նա մեկ տարի առաջ, ընտրվելուց անմիջապես հետո մեզ տված հարցազրույցում նշում էր, որ ոչ մի դեպքում թույլ չի տա անտեսել քաղաքի միակ պատկերասրահի ավանդույթներն ու տարիներ առաջ կատարված սխալի պատճառով զրկել քաղաքը մշակութային այս կարեւոր օջախից։ Մեկ տարի անց, երբ կրկին աշխուժացել են քննարկումները, քաղաքապետի վճռականությունը մարել է. նշում է, որ մեկ տարի առաջ քիչ էր տեղյակ ՀայԷկոնոմԲանկի իրավաբանական իրավասություններին, եւ «այլ ճար չունի, քան զիջել շենքը», եթե մյուս կողմը չհամաձայնի առաջարկվող այլ տարբերակների։

Սակայն բանկը չի ուզում տեղի տալ, քանի որ առաջարկված ոչ մի տարբերակ չի համապատասխանում բանկային գործունեություն վարելու նրանց պահանջներին ու ցանկություններին։ Պատկերասրահը գտնվում է քաղաքի ամենակենտրոնական հատվածում։ Բանկի տնօրինությունը համաձայն է միայն մի տարբերակի. կիսել շենքը՝ առաջամասը բանկին տրամադրելու, իսկ շենքի հետեւամասը պատկերասրահ թողնելու պայմանով։ Գործարքը կարելի է կայացած համարել։ Շուտով կսկսվի շենքի ձեւափոխման շինարարական աշխատանքը։ Այդ ծախսերը բանկն իր վրա է վերցրել։ 

 Ս. Օհանյանը նշում է, որ էժան չի վաճառվել շենքը (3 մլն. դրամ)՝ հաշվի առնելով, որ Ալավերդում անշարժ գույքը ոչ միայն գին չունի, այլեւ գնորդ։ «Պարզապես խնդիրն այստեղ մշակութային արժեքը կորցնելու վտանգի մեջ է»,-ասում է քաղաքապետը։ 

 Պատկերասրահի աշխատակիցները եւս կարծում են, որ հնարավոր չէ կիսված տարածքում (շուրջ 180 քառ.մ) կազմակերպել արվեստի գործերի ցուցադրություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter