HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Ախթալայի հանքահորերում լռությունը շարունակվում է

«Մեթըլ Փրինս» ընկերության Շամլուղի ստորգետնյա հանքավայրերի 3 տեղամասերի բանվորները արդեն մեկ ամիս է գործադուլի մեջ են: Նրանք պահանջում են վճարել կուտակված 8 ամսվա աշխատավարձի պարտքը։ Աշխատավարձի պահանջով Ալավերդու առաջին ատյանի դատարան դիմողների թիվը մեծ չէ։ Այս տարի դատարանը ստացել է 12 հայցադիմում։ Կայացվել է ընդամենը 4 վճիռ՝ այս տարվա փետրվար, մարտ եւ հուլիս ամիսներին։ Կայացված վճիռներից մեկը պատասխանող կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Մյուս երեք վճիռների կատարման ընթացքը ձգվում է արդեն կես տարի։ Արդեն մեկ տարի է, ինչ սառեցված է Լեռնահարստացման կոմբինատի(ԼՀԿ) բանկային հաշիվը, իսկ դրամարկղը կալանքի տակ է առնված։ Հանքարդյունաբերության բոլոր ֆինանսական գործարքները կատարվում են «Մեթըլ Փրինս» ընկերության բանկային հաշվով։ 

Այս իրավիճակում հանքափորները նույնիսկ չգիտեն ու՞մ բողոքեն՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի՞ն, թե՞ «Մեթալ Փրինս» ընկերությանը։ Կոմբինատը հանդիսանում է առանձին իրավաբանական անձ եւ գործատու, սակայն ֆինանսական միջոցներ չունի՝ ըստ իրենց գործավարության։ Դրա փոխարեն «Մեթալ Փրինսը» տնօրինում է հանքարտադրության շահույթը, մասնակցում է ձեռնարկության կառավարմանը, սակայն լիարժեք սեփականատեր չէ, քանի դեռ չի մարել կոմբինատի նախկին եւ ներկա պարտքերը՝ այդ թվում 50 մլն դրամ աշխատավարձ, շուրջ 150 մլն դրամի պետական պարտք։ ԼՀԿ ՓԲԸ նախկին իրավաբան Հրաչյա Թանդիլյանը սա համարում է «պարտավորությունները միտումնավոր շրջանցելու միջոց»: Այս մասին ձեռնարկության նախկին ղեկավարները բաց նամակով դիմել են Հայաստանի հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին։ Մեր հեռախոսազրույցում «Մեթալ Փրինս» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Պապյանը խիստ զարմացավ՝ լսելով գործադուլի մասին։ Նա ասաց, որ պարտքեր ունենալու մասին լուրը սուտ է։ Իսկ լեռնահարստացման կոմբինատի արտադրության գծով տնօրեն Լեւոն Վարդանյանը խոսեց նախկին պարտքերի մասին։ «Արդեն մեկ տարի ընկերությունը սիստեմատիկաբար վճարում է աշխատավարձը: Մենք ունենք միայն աշխատավարձի նախկին կուտակումներ»,-նշեց Լ. Վարդանյանը: Հորատող բանվոր Արթուր Հակոբյանը վստահեցնում է, 3 ամսվա աշխատավարձ ունի դեռ 2001 թվականից: Վերջին աշխատավարձն ստացել է այս տարվա մայիս ամսվա դիմաց: Նա ասում է, որ դուրս չի գա աշխատանքի, եթե պարտքերը չմարեն: 

 Այժմ աշխատանքներ են տարվում նոր շահագործվող բաց հանքավայրում: Ըստ Լ. Վարդանյանի նոր հանքավայրի շահագործումից հետո կոմբինատը կաշխատի լրիվ ծանրաբեռնվածությամբ։ Ամսական 2000 տոննայի փոխարեն կմշակվի 6 անգամ ավելի հանքաքար։ Մինչ այդ անհիմն է համարում բանվորների բողոքները։ Իսկ բողոքները ոչ միայն աշխատավարձին են վերաբերում։ Հանքավայրի հորատողի օգնական Ռուբիկ Սահակյանը նշում է. «Հանքահորերում պայմանները վատ են, ամսվա 15-20 օրը պարապուրդի մեջ ենք, պարապուրդի համար չենք վճարվում»։ Ռուբիկ Սահակյանն ասաց նաեւ, թե «ղեկավար կազմի աշխատավարձը 3 էտապով բարձրացել է, բանվորներինը՝ ոչ ու դրանք ահավոր տարբերություններ ունեն»։ Աշխատավարձերի մասին տեղեկությունը «Մեթալ Փրինսի» գլխավոր տնօրենը համարեց ընկերության գաղտնիքը ու հրաժարվեց պատասխանել։ 

ՀՀ կառավարությունը «Մեթըլ Փրինսի» կողմից ձեռնարկության պարտքերը մարելու եւ սեփականության իրավունքը վաստակելու ժամկետը երկարացրել է մինչեւ նոյեմբերի 1-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter