HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Մեկնարկում է ՀԲ-ի նոր ծրագիրը

ՀՀ գիտության եւ կրթության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը մշակում է նոր հանրակրթությանն անցնելու մեխանիզմներն ու մեթոդիկան, նախագծում նոր դպրոցի կառուցվածքն ու բովանդակությունը։ Աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքը հետեւյալն է. ներկայումս կրթության բովանդակությունն անմատչելի է աշակերտին, դպրոցը՝ անհետաքրքիր։ Մասնագետները կարծում են, որ այսօր դպրոցի շրջանավարտը ոչ թե հանրակրթություն ստացած, այլ հետագա կրթությանը լավ կամ վատ նախապատրաստված մարդ է։ «Մեր դպրոցը դարձել է բուհի կցորդ՝ բարձրագույն ուսուցման առաջին աստիճանն ապահովելու համար»,- ասում է կրթական բարեփոխումների կենտրոնի դաստիարակության եւ հատուկ կրթության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Մելանյա Դավթյանը։

Նա համոզված է, որ բուհին նախապատրաստելու խնդիրը կարող են ստանձնել եւ հաջողությամբ իրականացնել ռեպետիտորները, ինչն իրականում արվում է։ Ծնողների ու շրջանավարտների մեծ մասը գտնում է, որ առանց ռեպետիտորների միջամտության հնարավոր չէ բուհի ընդունելության հարցում հաջողության հասնել։ Զարգացած պետություններում դպրոցի խնդիրը անհատ ձեւավորելն է, նրանց մտավոր, հոգեւոր, ֆիզիկական ու ստեղծագործական ունակությունները զարգացնելը։ Որքանո՞վ են հասարակությանը եւ հենց իրենց պիտանի մեր ապագա քաղաքացիները։ Արդյո՞ք դպրոցում նրանց մեջ ձեւավորվում է լիիրավ քաղաքացի լինելու գիտակցությունը։ Հայաստանում կրթության բարեփոխման խնդիրն ստանձնած մարդկանց պատասխանը միանշանակ բացասական է։ Կյանք մտնող հայ շրջանավարտը պատրաստ չէ նախագծել իր հետագա կյանքը, ինքնուրույն որոշումներ ընդունել ու ինքնահաստատման ճանապարհ ընտրել։ «Մարդուն պետք է սովորեցնենք գոնե դպրոցն ավարտելուց հետո իր վրա վերցնել սեփական զարգացման, ինքնադրսեւորման ու ինքնահաստատման պարտավորությունը»,-ասում է Մ. Դավթյանը։ 

2004թ. հունիսի 1-ին կմեկնարկի Համաշխարհային բանկի «Կրթության որակի եւ համապատասխանության» տասնամյա վարկային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը կրթության որակի բարձրացումն է, ինչպես նաեւ միջազգային չափանիշներին վերջինիս համապատասխանեցումը: Ծրագրի ընդհանուր արժեքը 50-55 մլն ԱՄՆ դոլար է։ Հայկական կողմը կֆինանսավորի գումարի 5,7% -ի չափով: 

Առաջիկա 4 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել միասնական դպրոցական ցանց, իսկ հանրապետության 500 դպրոցներում կստեղծվեն համակարգչային կրթական կենտրոններ: Հայաստանի 5 մարզի 150 դպրոց կապահովվի ինտերնետ-կապով: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մտադիր է հասնել նրան, որ հանրակրթական դպրոցների 40 աշակերտին բաժին ընկնի մեկ համակարգիչ: Ներկայումս 360 աշակերտի բաժին է ընկնում 1 համակարգիչ: 

«Բարեփոխումների շրջանակներում կմեծանա դպրոցների ինքնուրույնությունը։ Հաշվի կառնվեն համայնքի առանձնահատկությունները»,- ասում է աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Մելքոնյանը։ Նախատեսվում է, որ բարեփոխված դպրոցի տարրական դասարաներում երեխան ձեռք բերի ոչ թե գիտելիքներ, այլ սովորելու հմտություններ, ինչը նրան միջին դասարաններում կօգնի տիրապետել մատուցվող գիտելիքներին։ Արդեն ավագ դասարաններում աշակերտը կունենա ոչ միայն սովորելու եւ հետազոտելու, այլեւ վերլուծելու, նախագծելու եւ կառուցելու կարողություն։ 

Կրթության համակարգում, ըստ մշակվող հայեցակարգի, կլինի 2 ուղղվածություն՝ գիտելիքների եւ մարդկային որակների ձեւավորում։ Երկուսն էլ նախատեսվում է ընդգծել հավասարապես։ Այսօրվա աշակերտին պակասում են ինչպես հաղորդակցվելու, համագործակցելու, բարձր կարգի մտածողության հմտությունները, այնպես էլ բարոյական ու էթիկական հատկանիշներ։ Շատերս դրանց պակասն զգում ենք միայն կյանքի բազմաթիվ փորձություններից հետո։ Նույն դպրոցական կրթությունն ստացած ծնողն այսօր ակնկալում է, որ այս բացը կլրացվի դպրոցում։ Արդյունքի չհասնելու դեպքում դպրոցն է մեղադրվում։

 Այսօր մանկավարժներն աշակերտից պահանջում են մտապահել ու վերարտադրել առարկային վերաբերող գիտելիքները։ Դասագրքերը եւս հարմարեցված են այս պահանջներին։ Լավ մտապահող ու վերարտադրող երեխան գնահատվում է գերազանց, վատ մտապահողը՝ համարվում է վատ աշակերտ։ Բարեփոխված դպրոցներում կփոխվեն պահանջները։ Կրթական բարեփոխումների կենտրոնի մասնագետ, կենսաբան Ալվարդ Կարապետյանը նշում է, որ տեղեկատվության հեղեղի մեջ աշակերտն այսօր կարեւորն անկարեւորից տարանջատելու, ստացած ինֆորմացիան վերլուծելու կարողություն չունի։ «Պետք է ճանաչեն իրենք իրենց, իրենց օրգանիզմը։ Մեր դասագրքերն ու կրթական համակարգը դեռեւս թույլ չեն տալիս դա։ Ստացած գիտելիքները կիրառելի չեն կյանքում»,- ասում է Ա. Կարապետյանը։ 

Մանկավարժները հիմնականում համամիտ են, որ համակարգը վերափոխելու անհրաժեշտություն կա, բայց իրենք՝ մանկավարժներն էլ պատրաստ չեն դրան։ Բարեփոխման ծրագրի հիմնական առանցքներից մեկն էլ մանկավարժների աստիճանական վերապատրաստումն է։ Հայաստանի բոլոր մարզերում կստեղծվի ուսուցիչների վերապատրաստման կենտրոնների ցանց: Կիրականացվեն սահմանամերձ եւ լեռնային տեղանքներում դասավանդող ուսուցիչների խթանման ծրագրեր, որտեղ այսօր շուրջ 700 թափուր տեղ կա: Այդ ուսուցիչներին 20 հազար դրամ հավելավճար կտարամադրվի: Ավելին, ծրագրի շրջանակներում նախատեսվում է նրանց միանվագ պարգեւատրել 500 դոլարի չափով:

Բարեփոխումներին հասնելու համար պետք է փոխվի մանկավարժի հոգեբանությունը, որը կօգնի գիտելիք հաղորդողից վերափոխվելու աշակերտի գործընկերոջ ու ղեկավարի։ Վերապատրաստման ընթացքում նրանք ոչ միայն գիտելիք կստանան, այլ կսովորեն քննարկել խնդիրները, ինչն ավելի հետաքրքիր ու գրավիչ կդարձնի աշխատանքը ինչպես իրենց, այնպես էլ աշակերտների համար։

Ինտերակտիվ մեթոդներով միաժամանակ կվերապատրաստվեն հայոց լեզու առարկայի 7 հազար եւ մաթեմատիկայի 4 հազար ուսուցիչներ: Այնուհետեւ կվերապատրաստվեն բնագիտական ու հասարակագիտական առարկաներ ուսուցանող մասնագետները: Այն կունենա շարունակական բնույթ: Ի վերջո կվերապատրաստվեն 42 հազար ուսուցիչներ բոլոր առարկաներից: Վերապատրաստման գործընթացում 600 լավագույն ուսուցիչ-մասնագետներ Հայաստանի բոլոր մարզերից կներգրավվեն որպես դասախոսներ: Ըստ «Կրթական բարեփոխումների կենտրոն» ԾԻԳ-ի ուսուցիչների վերապատրաստման բաղադրիչի պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանի, սա լավ խթան կլինի ուսուցչի աշխատանքի փոխհատուցման համար: Այս նպատակով հանրապետության տարբեր մարզերում 60 դպրոցներ կդառնան տարածքային զարգացման կենտրոններ: Շուրջ 20 հազար ուսուցիչ կվերապատրաստվի դպրոց-կենտրոնների միջոցով:

Բարեփոխումների ծրագիրը կներառի Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցները: Կփոխվեն ուսումնական պլանները: Կգործեն գնահատման նոր չափանիշներ: Դրանք կմշակի ու կկիրառի գիտելիքների գնահատման ու թեսթավորման անկախ կենտրոնը: Այն կգործի թե դպրոցների ավարտական, եւ թե բուհերի ընդունելության քննությունների անցկացման համար: Ընդ որում, դպրոցական եւ բուհական քննությունները նախատեսվում է դարձնել մեկ միասնական գործընթաց: Դեռեւս քննարկման փուլում է. քննությունները կանցկացվեն կենտրոնացված տարբերակով Երեւանո՞ւմ, թե՞ քննական գործընթացը կկազմակերպվի նաեւ մարզերում: Այս մասին հանձնաժողովը վերջնական եզրակացության կգա մոտակա 3 ամիսներին: Սակայն խոսքը վերաբերվում է այն շրջանավարտներին, ովքեր կորոշեն շարունակել ուսումը բուհերում: Մյուսների համար քննությունները կանցնեն նախկին տարբերակով` դպրոցներում:

Կրթական բարեփոխումների կենտրոնը ծրագրի վրա աշխատում է արդեն մեկ տարի։ Մասնագետները շարունակում են վերլուծել նախկին հանրակրթության թերություններն ու առավելություները։ Աշխատում են միջազգային չափանիշների մեջ չանտեսել ազգային առանձնահատկությունների գործոնը։ 

Սակայն միշտ չէ, որ դպրոցն արագ ու արդյունավետ է արձագանքում փոփոխություններին։ Մասնագետները գիտակցում են, որ ծայրահեղ հակադրությունների եւս կհանդիպեն ծրագրի ներդրման ճանապարհին, հասարակությունը միանշանակ չի ընդունի նորույթը։ Եվ նախատեսում են անցումն ապահովել ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն եղանակով։ Հայեցակարգը մինչ օրենքի ուժ ստանալը կդրվի հասարակական լայն քննարկման։ Աշխատանքային խմբի ղեկավար Կ. Մելքոնյանի հավաստմամբ հաշվի կառնվեն արտահայտված բոլոր կարծիքներն ու տեսակետները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter