HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Երիտհայեր

ՀՀ առաջին նախագահը քսան տարի առաջ ասաց. «Քսան տարի հետո լավ կլինի»: Հիմա էլ իներցիայով, անգիտակից նույնը կրկնում են նրա իրավահաջորդները:

Ինձ ապշեցնում է, երբ վաթսունամյա մարդը խոսում է ապագայի մասին: Ապագա խոսքը հնչեցնելով` նա կամ փորձում է խաբել ինձ, կամ էլ ինքն իրեն:

Եվ հետո անպարզ են ինձ համար լավի մասին, լավ կյանքի մասին մեր առաջնորդների պատկերացումները: Չգիտեմ, գուցե շատ փողը նկատի ունեն նրանք, ինչն ստիպում է գալիքի մասին ստեր հորինել ու կառչել առաջնորդական հարթակից:

Այդ հարթակի մերձակայքում անընդհատ պտտվող մի պոռոտախոս քաղաքական գործիչ էլ, որը  ծախվեց բոլոր նրանց, ով գնեց իրեն, ապագայի մասին իր հեքիաթասացությունը հրապուրիչ դարձնելու միտումով, հեռուստահարցազրույցի ժամանակ գլուխ էր գովում, թե ինքը «Բիթլզների» երաժշտությամբ մեծացած սերունդ է: Բիթլերը /բիթ երաժշտություն լսող հարգելի նախկին կոմսոմոլ/ ստեղծել են չափից ավելի երաժշտական խոտան ու թերևս մի քանի հաջողված սիրո երգ: Եթե ուզում եք ներկայանալ որպես ինտելեկտուալ կամ ժամանակին շարժում ապրած մարդ, ապա շարժումն ու ինտելեկտը Բիթլերից հեռու, շատ ուրիշ այլ տեղերում էին ձեր ջահել տարիներին:

Մեկը հպարտանում է, որ ինքն ավարտել է Չեխովի անվան դպրոցը ու լսել է բիթ երաժշտություն, երկրորդը, Չիկ Կորեայի տեսքից ոգևորված, սխալ է հասկանում բարևի իմաստն, ու մարդու մահվան պատճառ է դառնում, երրորդը երիտհայությանը պայծառ ապագա է գուշակում՝ Թաթա Սիմոնյանի «ռոք» երաժշտությունից հարբած: Պարզվում է` կիսատ-պռատ երաժշտիմացությամբ պճնազարդվելն արդեն իսկ բավարար է ազգին դեպի ապագա առաջնորդելու համար:

Ի սեր Աստծու, լուռ լսեք ձեր լսելիքը, ընկեր առաջնորդներ, առանց գեղարվեստական ճաշակների արտիկուլյացիայի: Քանզի կյանքը ցույց տվեց, որ այդ ճաշակները նույնքան անհիմն ու փոփոխական են, որքան քաղաքական ճամբարներ փոխելու ձեր նախասիրությունը: Սկզբից կոմսոմոլ, հետո կոմունիստ, հետո միաբան, այնուհետև ազգայնական, մի պատեհ պահից ցեղակրոն, իսկ հետո, հետո էլ համոզված եմ` ինչ դրոշ էլ բարձրացնի հազարագույն կաշի փոխած կարիերիստը, միևնույն է, նրա ուղու վերջնանպատակը լինելու է փողը: Այնպես որ, նույն սուտը կրկնելու կարիքը չկա էլ:

Ներկայիս նախագահն էլ կուսակցական մի հավաքի ժամանակ ապագային միտված հայտարարություն արեց, թե իբրև քսան տարուց այլ Հայաստան կունենանք:

Քսան տարի առաջ ասում էին` «քսան տարի անց», հիմա էլ ասում են «քսան տարի հետո»:

Քսան տարի առաջվա վաթսուն տարեկանները հիմա դարձել են քսան տարով տարեց, այդ քսան տարով տարեցները քսան տարուց կլինեն հարյուր տարեկան… եթե լինեն:

Ի՞նչ են կարծում մեր նախագահները, որքա՞ն կարող է ապրել մարդն, ընդհանրապես: Թե մտածում են մեր առաջնորդները, որ լավ կյանքի մասին խոստմանը հավատալը կարող է դարձնել անմահ մարդուն:

Ես չգիտեմ՝ ի՞նչ է երկրի նախագահի ասածը, էլի՞ մի քսան տարով լծվենք այս անգամ սերժանտական, անդասակարգ հասարակարգ կառուցելու գործին:

Առաջնորդներ բուծող կոմսոմոլածին համակարգը երևում է՝ դեռ կենսունակ է մեր ազգի մեջ: Անպիտան, բաժան-բաժան եղած ժամանակները ոչ մի կերպ չեն գալիս իրենց միացյալ հանգրվանին: Դա է պատճառը հաստատ, որ կոմերիտականը մուտացվեց երիտհանրապետականի: Պարզվեց` երիտհայը մնում է երիտհայ, որ ժամանակում էլ նա ապրի և ինչ երաժշտություն էլ լսի: Դո՞ւք ինչ եք լսում, երիտցեղակրոններ: Դո՞ւք որ երաժշտությամբ մեծացող սերունդն եք:

...

Սեսիլ Թեյլորը 1965 թվականին հիմնեց «Сесil Тауlоr Unit» երաժշտախումբը ու շեղվելով տրադիցիոն չափողականությունից՝ կարողացավ ատոնալությունը դարձնել երաժշտական արտահայտչամիջոց: Դա հենց այն տարիներին էր, երբ ներկայիս մեր առաջնորդներն իրենց կոմերիտական կրծքանշաներն էին ստանում և ինտելեկտուալի իրենց կարիերան սկսելով կոմունիստական հիերարխիայի ամենաստորին աստիճանից, բիթ-բիթ ռիթմերով առաջանալով՝ հիմա դարձել են մեր կյանքի տնօրեններ ու երաժշտական ճաշակներ թելադրող ուսուցիչներ:

Մեկնաբանություններ (4)

Արամ Մաթևոսյան
Ռինգոյին Երաժշտական բալադան ուշ է սպառում լսվելու իր ռեսուրսը, այն պարագայում, երբ նրանում կան համոզիչ մոդուլյատիվ փոփոխություններ: Չէի ասի մոդուլյատիվ փոփոխություն, թերևս մի փոքրիկ ֆալցետ կա Լենոնի այդ գործում,որը բարձրացնում է զգացմունքայնությունը:Իմ հավաքածուի մեջ այդ գործը կա, ի դեպ, որպես լուրջ, խրեստոմատիկ գործ:Կոնկրետ իմ այս հոդվածում փորձել եմ բառին սինթեզել երաժշտաշերտը: Երաժշտությունը թույլ է տալիս ցանկացած իմպրովիզացիա, ինչը չես ասի գրավոր խոսքի մասին: Իմ խնդիրն է գրավոր խոսքը դարձնել բազմաշերտ: Ասենք օրինակ այս դեպքում մտցրել եմ նոտագրությունը, որպես բաղադրիչ: Ստեղծագործողի խնդիրը գնալով բարդանում է: Առավել ևս բարդ է գրիչ վերցրած մարդու գործը: Ես միշտ մտածում եմ ավանգարդի մասին: Չգիտեմ Լենոնը եղել է երբևէ ավանգարդիստ: Առաջնորդակազմը դա ազգի ավանգարդն է: Տգետ առաջնորդակազմ պահելու իրավունք չունի ազգը: Սա է իմ ասածը: Կարդացեք Անալիտիկոնի համար գրված իմ “Սև քառակուսի” հոդվածը նաև: Բիթլերին չքայքայեց Յոկոն, Բիթլերի պրիմիտիվ հովվերգությունը քայքայեցին ծանր ու պրոգրեսիվ ռոքը` Ջիմի Հենդրիքսը, Ջեֆ Բեկը, Ռիչի Բլաքմորը, Ջիմի Փեյջը, Ռոբերտ Պլանթը, Միկ Բոքսը, Դեվիդ Գիլմորը, Օզի Օզբորնը, Յան Անդերսոնը, Կառլոս Սանտանան: Բիթլերի ժամանակ, բիթլոմանիայի տարիներին, արդեն կային նրանց վերոնշյալ գերեզմանափորները: Ի դեպ կա այդ երաժշտության վրա մեծացած սերունդ, որը զարմանալիորեն քսան տարի շարունակ լռում ու հլու հպատակ հանդուրժում է մեր այս տգետ ու տմարդի վերնախավի կամայականությունները:
Ringo
Հարգելի Արամ, նորից պետք է համաձայնվեմ քեզ հետ, բայց կուզեի իմանալ թե ով է այդ «մի պոռոտախոս քաղաքական գործիչ էլ, որը ծախվեց բոլոր նրանց, ով գնեց իրեն»: Արամ, իսկ Լեննոնի Imagine-ը մտել է քո ցուցակում? Իմիջայլոց, ամեն անգամ երբ տեսնում եմ քո հոդվածի հերոսներին կամ լսում եմ նրանց ճառերը հիշում եմ Լեննոնի Crippled Inside երգը: Արամ, խնդրում եմ ժամանակ գտնես ու լսես Imagine ամբողջ ձայնասկավառակը, ուշադրություն դարձնելով երգերի բառերի վրա: Հույսով եմ ապագայում դու կփոխես քո կարծիքը Beatles-ի մասին դեպի լավը:
Արամ Մաթևոսյան
Մեկնաբանությունը... Ringo-ին Ես երաժշտությունը, / ընդ որում ցանկացած երաժշտություն/, դիտարկում եմ որպես եսի ձևավորման բաղկացուցիչ: Այն պրոպագանդելը, որպես կրծքանշան ի ցույց դնելը համարում եմ դաստիարակության պակաս: Սիրում ես ինչ որ բան, գնահատում ես ինչ որ բան, ինչ որ բան օգտակար է քո համար, պահիր քո մեջ: Եվ հետո: Ամեն տարիք իր երաժշտությունն ունի: Ինչ վերաբերում է խոտան կամ որակյալ գործ ստեղծելուն, ապա միայն Բիթլերի մասին չէ, որ իմ կարծիքն այդպիսին է: Ռոք, հարդ ռոք, ֆանկ, հեվի մետալ, ռեպ, ֆյուժն, ֆրի, կուլ և այլն, ցանկացած ոճի ձայնասկավառակի մեջ լավագույն դեպքում լինում է մեկ կամ երկու հաջողված գործ: Վատ չէ իմ երաժշտիմացությունը, բայց, երբ փորձեցի բոլոր ժամանակների մի հարյուր հիշվող գործ հավաքել մի սկավառակի վրա, պարզվեց, որ իմ հավաքած թիվը վաթսունը չանցավ: Եվ, ցավոք, պետք է նշեմ, որ այդ սկավառակի մեջ Բիթլերից ոչինչ չմտավ: Սուբյեկտիվ է անշուշտ իմ ճաշակը: Բայց այն մնում է իմը` նեղ անձնական: Ոչ միայն այս, այլ մնացած իմ բոլոր գրվածքներում էլ, ես արտահայտում եմ զուտ իմ ընկալումները: Եվ կլիներ զարմանալի, որ դրանք լինեին համընդհանուր ընդունելի: Իսկ թե ում է մասին է խոսքը այս գրվածքում, ապա կարող եմ ասել, յուրաքանչյուրի, մեր էլիտայի, որոնք ինչքան դաստիարակված լինեն, մեր միջավայրը կլինի այդքան ազատ:
Ringo
Հարգելի Արամ, հիմնականում կիսում եմ ձեր կարծիքը, բայց չեմ հասկանում ինչ կապ ունի Բիթլզը: Ես մոտ 40 տարի լսում եմ Բիթլզ ու մինչեվ հիմա չեմ ձանձրացել: Կարող եք ասել հետեվյալ երգերից որն եք խոտան համարում: From me to you She loves you I'll get you I want to hold your hand Please, please me Love me do P.S. I love you Baby it's you Do you want to know a secret All my loving Not a second time A Hard day's night I should have known better If I feel I'm happy just to dance with you And I love her Can't buy me love Any time at all No reply Baby's in black I'll follow the sun Eight days a week I'm down Day tripper We can work it out Lady Madonna The inner light Don't let me down Help I need you You're going to lose that girl Ticket to ride It's only love Yesterday Drive my car Norwegian wood Nowhere man Michelle Girl In my life Taxman Eleanor Rigby I'm only sleeping Here, there and everywhere Yellow submarine With a little help from my friends She's leaving home A day in the life The fool on the hill Hello Goodbye Strawberry fields forever All you need is love Back in the U.S.S.R. While My Guitar Gently Weeps Blackbird Julia Revolution Hey bulldog I me mine Accross the universe Let it be Come together Something Octopus's garden I want you Կարող եք ասել ում մասին էր խոսքը հոդվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter