HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Ընդդեմ «168 ժամ» թերթի և լրագրողի գործով դատարանը կբավարարվի մեկ վկայի ցուցմունքով

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանի՝ որդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու դատական գործն ընդդեմ «168 ժամ» թերթի և լրագրող Մարինե Մարտիրոսյանի: Հիշեցնենք, որ հայցվորը պատասխանողից պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում զրպարտության դիմաց: 

Հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց դատարանին, որ  պատասխանողի ներկայացրած ձայնագրությունը հնարավոր չի եղել լսել, որի պատճառով չի ծանոթացել պատասխանողի ներկայացրած ապացույցի հետ: Սակայն պատասխանող Մարինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերականգնվել է իր ձայնագրիչը և խնդրեց դատարանին թույլատրել լսելու ձայնագրությունը: Դատարանի թույլտվությամբ ձայնագրությունը լսվեց, որում Էջմիածնի բնակիչ Սիրեն Եղիազարյանը հայտնում է լրագրողին, որ լսել է Սուսաննա Նազարյանի որդու կողմից դպրոցի փաստաթղթային արխիվի հրդեհման մասին: Հայցվորը չնայած միջնորդեց դատարանին, որպեսզի իրեն մեկ օր ժամանակ տրամադրի` ձայնագրությանը ծանոթանալու համար, քանի որ չի հավատում, որ ձայնագրությունը կատարվել է հոդվածի հրապարակումից առաջ:

Սակայն պատասխանողի ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը, որ ձայնագրված անձնավորությունը՝ Սիրեն Եղիազարյանը, դատակոչվի որպես վկա` հաստատելու իր ասածը: Պատասխանող կողմը նշեց նաև, որ ևս 3 անձինք պատրաստ են վկայություն տալ դատարանում: Չնայած հայցվորը շարունակում էր պնդել, որ եթե վկաները կոնկրետ աղբյուր չեն նշելու, ապա պետք չէ կանչել նրանց:

Դատավոր Ա.Մելքումյանը տեղեկացրեց հայցվորին, որ այս դեպքում պատասխանող կողմը դատակոչել է այն անձանց, ում խոսքերի հիման վրա գրել է իր հոդվածը, այս դեպքում վերոնշյալ վկան այդ անձանցից մեկն է:

Դատարանը բավարարեց հայցվորի միջնորդությունը ձայնագրությունը լսելու համար փաստաբանին ժամանակ տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև բավարարեց պատասխանողի միջնորդությունը՝ դատաքննության փուլում դատակոչել վկա Սիրեն Եղիազարյանին` բավարար համարելով մեկ վկայի ցուցմունքը:

Դատարանը հերթական նախնական նիստի օր նշանակեց դեկտեմբերի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter