HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Բագրատաշենը ոչ միայն սննդամթերքի շուկա է

Ամեն շաբաթ Հայաստանից Բագրատաշենի շուկա է այցելում ու պետական սահման հատում 2-3 հազար մարդ։ Սադախլո են գնում, առեւտուր անում։ Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղի շուկայամերձ տարածքում բացի առեւտրի կետերից գործում է շուրջ 2 տասնյակ սննդի օբյեկտ՝ ճաշարան, որտեղ ամեն օր մատուցվում է ավելի քան 250 հազար լարիի (կես միլիոն դրամ) սնունդ ու վաճառվում 2 տասնյակ հայ աղջիկ։ 

Հայաստանցի Ալյոշան լինում է շուկայի թե՛ հայկական, թե՛ վրացական տարածքում: Առեւտուր է անում, նոր գործընկերներ գտնում։ Նա պատմում է, որ հայ աղջիկները Բագրատաշենի հարեւան՝ հիմնականում փախստականներով բնակեցված գյուղերից, ինչպես նաեւ՝ Ալավերդուց ու Հայաստանի այլ հեռավոր քաղաքներից խմբերով այստեղ են գալիս որպես բուֆետապան կամ նրա օգնական աշխատելու։ Աշխատանքի դիմաց օբյեկտների ադրբեջանցի տերերը նրանց չեն վարձատրում։ Փոխարենն աղջիկներին ավելի բարձր վարձատրվող ծառայություն են մատուցում. նրանց համար «գնորդ» են գտնում։ Հայ աղջիկների հիմնական գնորդ, ադրբեջանցի Ս.-ն, որ ուկրաինական կոնֆետի մեծածախ առեւտրով է զբաղվում, մեծ դժվարություն չի համարում տիրանալ հայ աղջիկներին նույնիսկ չափազանց էժան գնով։ «Շատացել է ապրանքը (նկատի ունի կանանց-Կ.Ս.)։ Իսկ որքան շատ է, այնքան էժան է։ Ողորմի Գորբաչովի հորը։ Նախկինում, երբ լավ էինք ապրում, «ապրանքն» էլ թանկ էր»,-ինքնագոհ ասում է Ս.-ն ու ինձ նայում։ Չգիտի, որ լրագրող եմ։ Ուզում է ճշտել, թե ի՞նչ նպատակով եմ հայտնվել իրենց մոտ։ Ես հարցեր եմ տալիս աղջիկների գների ու գնորդների մասին: Ինքն էլ սկսում է հետս հայերենով առեւտուր անել. «Ծանոթ աղջիկ չունե՞ս, բե՛ր։ Եթե ապրանքը լավը լինի, մի օրվա համար 50 դոլար կվճարեմ։ Հետո աղջկան ինձ կթողնես։ Կոնֆետից, բանից կտամ»։ Ս.-ն օրական 2-3 աղջիկ է ունենում։ Բայց նոր աղջիկների պակաս միշտ էլ զգում է։ 

Ալյոշան պատմում է, որ համեմատաբար արժեքավոր են դեռեւս անծանոթ աղջիկները, որոնք քիչ են հանդիպում Բագրատաշենում։ «Այստե՞ղ եք փնտրում մարմնավաճառներին։ Նրանք Թուրքիայում ու Էմիրաթներում են։ Այնտեղ պահանջարկ չունեցողներն են միայն Բագրատաշենում հայտնվում»,-ասում է հայ առեւտրականներից մեկը։ Նա չի բացառում, որ Բագրատաշենի կամ Սադախլոյի մարմնավաճառներն այստեղ գալիս են հիմնականում առանց կավատների աջակցության, որովհետեւ նրանք «եկամտաբեր չեն ու մեծ շահույթ ապահովել չեն կարող»։ Ադրբեջանցիները նրանց կարողանում են ձեռք բերել նույնիսկ 1000-2500 դրամով կամ «մի փոր հացով»։ Բագրատաշենցի մարմնավաճառները դժգոհում են իրենց հնարավորություններից ու նույնիսկ նախանձով խոսում արտասահմանում աշխատող իրենց գործընկերուհիների մասին։ 

 Սադախլոյի հերթական «բուֆետապաններից» մեկից՝ Սվետայից փորձեցի կյանքի այս ճանապարհն ընտրելու պատճառն իմանալ։ Նա հեգնական հայացքով ինձ նայեց. «Կգա՞ս երեխաներիս կերակրես»,-ասաց ու անտարբեր հեռացավ։ 

 Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայությունները գործում են Բագրատաշենի շուկայի տարածքում։ Իմ այն հարցին, թե որքանով կարող են միջամտել այդ ծառայությունները, կամ ի՞նչ են անում այս երեւույթը կանխելու, գուցե մարմնավաճառների մուտքը շուկայի տարածք արգելելու համար, ոստիկանության ծառայության ավագ տեսուչ Կարո Գուլքանյանը հարցով պատասխանեց. «Արգելե՞նք մարդկանց հացի փող աշխատել։ Ունե՞նք դրա իրավունքը»։ Նաեւ նշեց, որ մարմնավաճառությունն, ըստ էության, կատարվում է Վրաստանի տարածքում։ «Սահմանն օրինական անցնող մարդուն չենք կարող արգելել»,-ասաց Կ. Գուլքանյանը։

Բագրատաշենցի Լիդան 

Լիդան փախստական է։ Ես նրան ներկայացա որպես երեխայի գնորդ։ Սկսեցինք սակարկել նրա 5 ամսական Մարիամի համար։ Ի վերջո, համաձայնեց 10 հազար դրամով ինձ հանձնել Մարիամին ու, որպես արդարացում Աստծո առաջ, շարունակեց պատմել իր կյանքի ոդիսականը։ Բաքվից գաղթել է 1988թ.-ին։ Բագրատաշենում փախստականների նորվեգական խորհրդի ծրագրով կառուցված քոթեջում ապրում է ծեր մոր ու 4 երեխաների հետ: Դրկիցները չեն շփվում, առաքինի չեն համարում նրա հետ հարեւանություն անելը: Հանկարծ համագյուղացիք իրենց չտեսնեն Լիդայի հետ ու ամոթանք տան: Բայց Լիդային դա չի մտահոգում: Վերջին 10 տարիներին վարժվել է շատ վիրավորանքներ հանդուրժել: «Ի՞նչ անեմ, ջահել եմ, տղամարդու կարիք ունեմ, երեխեքիս էլ պահող չկա»,-ասում է 40-ամյա Լիդան: 

 Պատմում է, որ Բաքվում լավ է ապրել։ Հետո Բագրատաշենում ամուսնացել է ղարաբաղցի Աշոտի հետ ու 2 երեխա՝ մի տղա ու մի աղջիկ ունեցել։ Ամուսինն իր սրտով չի եղել, բաժանվել են։ Ընտանիքը պահելու համար խորհրդի կարիք է ունեցել։ Համագյուղացի Սեդան նրան ցույց է տվել ապրելու ճանապարհը։ Դրանից հետո եւս մեկ տղա է ծնել։ Չորրորդ ու հինգերորդ երեխաներին արդեն չէր կարող տուն բերել։ «Որոշեցի թողնել հիվանդանոցում։ Տուն բերելուց հետո դժվար է նրանց մանկատուն հանձնել։ Բժիշկները սկզբում չէին համաձայնվում»,-ասում է Լիդան։ Ըստ նրա՝ ավելի ուշ իմացել է, որ առաջին լքված երեխային բժիշկները 400 դոլարով ուղարկել են Ֆրանսիա, մյուսին՝ Երեւան։ Սակայն այդ լուրը չհաստատեցին Նոյեմբերյանի հիվանդանոցում, որտեղ ծնվել էր երեխան։ Ծննդատան բաժանմունքի վարիչ Անդրանիկ Այվազյանը զարմացավ, որ մենք հետաքրքրվում ենք շրջապատում առանձնապես հարգանք չվայելող այդ կնոջ ճակատգրով: 

 Զրույցի ընթացքում Լիդան ավագ տղային, որ 11 տարեկան էր, մեկ-մեկ հրահանգ էր տալիս թեյ տալ նորածին Մարիամին: Թեյ եփելու համար Արթուրը կրակ էր վառել տան մեջտեղում: Ամեն ինչ, նույնիսկ նորածինը, կորել էր ծխի մեջ: 

 Բագրատաշենի գյուղապետ Հովսեփ Օգումցյանը հարկ չի համարում Լիդային «մարդու տեղ դնել ու միջամտել» նրա գործերին։ Գյուղապետը գտնում է, որ Բագրատաշենի շուկայում ինքն անելիք ու պարտավորություն չունի, որովհետեւ դեռ 3 տարի առաջ շուկայի տարածքը հանել են գյուղապետարանի հաշվեկշռից ու հանձնել ՀՀ մաքսային վարչությանը։ Իսկ Լիդան սպասում է իր 9-րդ երեխային: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter