HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարգար Օհանյանի քրեական գործն ուղարկվել է դատարան

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանը, լինելով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Մասնավորապես՝ 2009 թ. հունվարից մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի և ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել և ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Մ. Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Նախաքննության նյութերի համաձայն՝ նույն ժամանակահատվածում ՃՈ պետը հիշյալ բենզինից առանձնապես խոշոր չափերով՝ 197 003 060 ընդհանուր արժողությամբ 574 420 լիտր բենզինը յուրացնելու նպատակով ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լևոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին և 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին հանձնարարել է 1-ին և 2-րդ սպայական գումարտակների համար նախատեսված 2 480 720 լիտր բենզինից ծառայության նպատակով բաշխել ընդամենը 1 906 300 լիտրը:

Մնացած 574 420 լիտր բենզինը կտրոնների տեսքով հիշյալ անձինք հանձնել են Մ. Օհանյանին, ով յուրացրել է ՃՈ պատկանող առանձնապես խոշոր չափերի հիշյալ գույքը:

Այնուհետև Ա. Լևոնյանը, Ս. Մախմուրյանը և Ս. Կարախանյանը, օժանդակելով Մ. Օհանյանին, վերջինիս հանձնարարությամբ 2009թ. մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում բենզինի ելքի կարգադրություններով, բաշխման և ծախսի վերաբերյալ ամսական հաշվետվություններով ցույց են տվել և ձևակերպել՝ իբր սպայական 1-ին և 2-րդ գումարտակներին հատկացվել և ծախսվել է 2 480 720 լիտր բենզին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մեղադրյալների գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 217 600 000 դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 000 000 դրամը: Մ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ս. Կարախանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Լևոնյանին և Ս. Մախմուրյանին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Քրեական գործից մաս է անջատվել՝ ՃՈ առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter