HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քաղաքական համակարգի փտախտը

Խորհրդարանական ընտրություններից մոտ 5 ամիս առաջ Հայաստանում յուրահատուկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել. առկա է ներքին խմորումների մեջ գտնվող եւ չափազանց լուրջ ամբիցիաներ ունեցող իշխանական համակարգ, որին «հակադրվում՚ է իր բոլոր խաղացողներով հանդերձ գրեթե կատարյալ մարգինալ ընդդիմություն:

Ավելի ճիշտ` հակադրվում է կատարյալ քաոսի մատնված մի միջավայր, որտեղ այլեւս չեն գործում ընդդիմադիր, կեղծ ընդդիմադիր կամ թաքնված իշխանամետ, աջեր, ձախեր, կենտրոնամետներ եւ նման կարգի այլ կատեգորիաներ: Այս դաշտում այլեւս որեւէ նախաձեռնողականություն չի դրսեւորվում: Այն ոչ քաղաքական օրակարգի ձեւավորմանն է մասնակցում, ոչ էլ արդեն կարողանում է ազդել հասարակական կարծիքի վրա:

Այդ քաոսային դաշտում բոլորը համատարած հարմարվել են իրենց վերապահված դիտորդի կարգավիճակին եւ առավելագույնը, որ կարողանում են անել, միմյանց նկատմամբ չարախոսությամբ ու բամբասանքներով զբաղվելն է: Ընդդիմադիր ուժերը համակերպվել են այն մտքին, որ իշխանության դեմ պայքարելն անիմաստ է: Ու քանի որ կորցրել են այդ հիմնական մոտիվացիան, սկսել են իրենք իրենց ներսում հարաբերություններ ճշտելով` միմյանց հաշվին ինքնահաստատվել եւ դիվիդենտներ ձեռք բերել:

Մի կողմից ՀՅԴ-ն հայտարարում է, թե արտահերթ ընտրությունների կարիք չկա` կայունությունը պահպանելու համար, բայց մյուս կողմից Կառավարության անվստահության հարց է առաջ քաշում` շատ լավ հասկանալով, որ ընդամենը հինգ ամիս հետո գործող Կառավարությունը հրաժարական է տալու, եւ խնդիրը ոչ թե միայն գործադիր մարմնի, այլ ընդհանրապես քաղաքական մեծամասնության որակի մեջ է: «Ժառանգությունը» պարզապես այլընտրանքի տպավորություն թողնելու համար թեկնածու է առաջադրում խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում` շատ լավ հասկանալով, որ գործող Աժ-ին ընդամենը մի քանի ամիս է մնացել, եւ ով էլ ընտրվի, ոչինչ չի նշանակելու: Հետո էլ սկսում է մեղադրել ՀՅԴ-ին, թե ինչու նա էլ չի մտնում այդ անիմաստ խաղի մեջ: Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը` Հայ Ազգային Կոնգրեսը, ներքին էներգիան սկսել է մսխել ներսում իսկական վհուկների որս իրականացնելով` նախ ինչ-որ դավադիրներ վնասազերծելով, հիմա էլ թշնամի լրատվամիջոցներ գտնելով ու իրենից օտարելով:

Ընդդիմության ինքնաոչնչացման այս մեխանիզմը բացարձակապես աշխատում է իշխանության օգտին: Ներկայումս ընդամենը մեկ հարց կա քաղաքական օրակարգում. ինչպե՞ս է հանգուցալուծվելու իշխանական երկու ուժերի միջեւ սկսված ներքին դիմակայությունը, եւ դրանում ինչպե՞ս է կողմնորոշվելու ԲՀԿ-ն` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հստակեցման առումով: Եվ չնայած մեծ հաշվով սա շատ ավելի ինտրիգ է պարունակում իր մեջ, քան լուրջ գաղափարական ու քաղաքական իմաստ, սակայն բոլորը սպասողական վիճակում են:

Այդ սպասողականությունը, սակայն, թեկուզ մարտավարությունների ճշգրտման առումով, ոչ միայն տրամաբանական, այլեւ անգամ հիմնավորված չէ: Նախ` ԲՀԿ-ն իր բովանդակությամբ, արժեհամակարգով, ներքին կազմակերպչական ու կառավարման մշակույթով ոչնչով չի տարբերվում իշխանական մյուս ուժից` ՀՀԿ-ից, եւ իր վրա կրում է իշխանության բոլոր արատների կոդերը: 

Եվ եթե անգամ նա կոալիցիայից դուրս գա եւ, ձեւավորելով նոր քաղաքական բեւեռ, կարողանա հաղթանակ տանել, ունենալու ենք որակապես նույն իշխանությունը: Այսինքն` տեղի է ունենալու քաղաքական ուժերի պարզունակ, մեխանիկական փոխատեղում` առանց որեւէ էական հետեւանքների: Ընդհակառակը, հաշվի առնելով, որ ներկայիս ԲՀԿ-ում որակ են կազմում հիմնականում մեծ ու փոքր օլիգարխները, պարզ է դառնում, որ ԲՀԿ-ական իշխանությունը սկսելու է առաջնահերթորեն սպասարկել հենց օլիգարխիայի շահերը: 2007 թ. ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցեց` նախընտրական ծրագրում հստակ ամրագրելով արհեստական մենաշնորհների եւ օլիգոպոլիաների վերացման դրույթը:

Ավելի քան 4 տարի է անցել, բայց իշխանական կոալիցիայի առանցքային այս դերակատարն իր իսկ սահմանած առաջնայնության ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել: Հետեւաբար, որեւէ վստահություն չի կարող լինել, որ իշխանության գալու պարագայում նույնը տեղի չի ունենալու: Իսկ եթե ոչինչ չի փոխվելու, չի փոխվելու իշխանության որակը, ապա որո՞նք են կոալիցիոն ապահարզանին սպասող մյուս ուժերի սպասելիքները ԲՀԿ-ից. ընդամենը նրա միջոցով իշխանական կերակրատաշտին մոտենա՞լը:

Մյուս կողմից` պարզ է, որ եթե անգամ ԲՀԿ-ն իսկապես այնքան համարձակություն ունենա, որ դուռը շրխկացնի ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի առջեւ` դառնալով ընդդիմություն, երբեւէ թույլ չի տալու իրեն օգտագործել որպես գործիք: Հակառակը, ԲՀԿ-ն ինքն է ձգտելու հասնել քաղաքական ուժերի կոնսոլիդացմանն իր շուրջը, բայց ոչ թե գործընկերային հարաբերությունների տրամաբանությամբ, ինչը ենթադրում է հավասար հնարավորություններ ու ակնկալիքներ, այլ մյուսներին պայմաններ թելադրելով:

Այսինքն` այդ դաշինքը ձեւավորվելու է նույն սկզբունքով, նույն ապաքաղաքական միջոցներով, որոնցով գործող նախագահն է հիմա փորձում պահպանել կոալիցիան: Եվ ԲՀԿ-ի կողքին կլինեն նրանք, ովքեր կընդունեն այդ պայմանները: Սա տեղի է ունենալու երկու պարզ պատճառով: Նախ` որովհետեւ ներկայումս սպառելով իրենց քաղաքական կապիտալը եւ ինքնաբերաբար լուսանցք մղվելով` այդ ուժերը կորցնում են իրենց արժեքը, ու փոքրանում է նրանց հետ հաշվի նստելու ռեսուրսը, երկրորդ` ոչ թե այդ բեւեռն է համարվելու իրական քաղաքական այլընտրանքը, այլ բացառապես ԲՀԿ-ն: Հետեւաբար, վերջինս մշտապես ձգտելու է բացարձակ մեծամասնություն ունենալ այդ բեւեռում, որպեսզի ցանկացած փոփոխության կամ հնարավոր դաշինքի հետագա փլուզման դեպքում չզրկվի որոշիչ փաթեթից:

Իսկ եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, նախընտրի մնալ կոալիցիայում եւ ընտրություններին գնա կոալիցիոն ընդհանուր ցուցակով, ապա ընդդիմության դաշտում առկա ներկայիս քաոսային պայմաններում ապահովված է լինելու իշխանության վերարտադրությունը:

Այսինքն` ԲՀԿ-ով պայմանավորվող ցանկացած զարգացում հանգեցնելու է միեւնույն արդյունքին, որը թե քաղաքական համակարգի եւ թե հասարակության պարտությունն է: Որպեսզի դա տեղի չունենա, ընդդիմադիր դաշտում եւ հասարակական շրջանակներում պետք է ձեւավորվեն իրական այլընտրանքներ, արժեքներ, որոնց հետ ոչ միայն ԲՀԿ-ն, այլեւ իշխանությունը ստիպված լինեն հաշվի նստել: Սա անհրաժեշտ է խախտված քաղաքական բալանսը վերականգնելու համար:

Մեկնաբանություններ (3)

MARINE
ԻՄ ԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՆՑ ՈԶՈՄ ԵՔ ԻՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵՔ։ՄԻ ԲԱՆ ՀՍՏԱԿ ՈՒ ՎՍՏԱՀ ԿԱՍԵՄ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԻՑԵ ՄԵԿԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ։ԵԹԵ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՄԵԵԵԵԾ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԼԻՆԵՐ ՊԱՐՈՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՆՄԱՆ ՄԵԵԵԵԵԵԾՆ ԱՆՁՎՈՐՈՒԹՅՈՒՆ։ԵԼ ԻՆՉ ԴԱՐԴ ԿՈՒՆԵՆԱՅՆՔ ԻՄ ՀԱՅ ԱԶԳ։ՆԵՐՈՂ
Քաջիկ
Վերջերս մոդայիկ է դարձել չափազանցված քննադատություն ԱՆԽՏԻՐ բոլոր քաղաքական ուժերի և հոսանքների դեմ: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե նման քննադատության հեղինակները շատ բարձր քաղաքական նշաձող են սահմանում, որպեսզի հասարակությանը մղեն դեպի առաջընթաց, սակայն, իրականությունն այն է, որ մղում են հուսալքության, այսինքն՝ դեպի ճարահատյալ 5000 դրամանոց ընտրություններ:
Ando Vartanyan
ARF has a good initiative for uniting the opposition against voter fraud by joining forces and placing several representatives with cameras at each polling station across Armenia. At the minimum Heritage and HAK should unite around this idea and together a united opposition should protest any vote rigging and demand new elections. Otherwise the people of Armenia should go into civil disobedience mode until new elections are held without any bribes and inclusion of voter names publicly so that dead and emigrated people's votes are not used to rig elections. On the other hand Heritage in Raffi Hovannisian has the only viable candidate for president who doesn't have a corrupt criminal past like Levon Ter Petrosyan and some ARF members, and during the presidential elections all opposition forces should unit behind Raffi to give Armenia a real chance for a clean and hopeful future.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter