HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամառային զորակոչ. Գավառի, Մարտունու, Վարդենիսի նորակոչիկները

Հուլիսի 1-ից մեկնարկել է ամառային զորակոչը։ Այն կտևի մինչև ամսվա վերջ։ Այսօր զորակոչի չորրորդ օրն էր։ Երեկ երեկոյան Կենտրոնական հավաքակայան էին բերվել Գավառի, Մարտունու, Վարդենիսի զինկոմիսարիատների նորակոչիկները։

Առավոտյան նրանք արդեն հագել էին իրենց համար նախատեսված զինվորական հագուստներն ու սպասում էին վիճակահանությանը՝ պարզելու համար, թե որ զորամաս են տեղափոխվելու։

Զինկոմիսարիատի դարպասների դիմաց առավոտից կանգնած էին նորակոչիկների ծնողներն ու հարազատները։ Նրանք ևս սպասում էին իրենց հերթին՝ վիճակահանությանը էկրանների միջոցով հետևելու համար։

Դարպասների մոտ էր Արցախյան պատերազմի մասնակից Շուշան Հարությունյանը։ Նա ճանապարհում էր քրոջ որդուն՝  18-ամյա գավառցի Հովիկ Հարությունյանին։ Մորաքրոջ խոսքով՝ տղան պատրաստ է ծառայության, բանակային դժվարությունների մասին չի մտածում։

Դարպասներից ներս՝ զորամասի բակում, արդեն նորակոչիկներն են։ Նրանք, մեծամասամբ, նստած են ըստ իրենց համայնքների։

Նորակոչիկները հարազատներից ավելի հանգիստ են։ Հավաքակայանի բակում ծխում են, կատակում ու զրուցում։

Նրանց շարքում է 23-ամյա Թաթուլ Հարությունյանը։ Նա Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղից է։ Ապրիլին Թաթուլը Հայաստան է վերադարձել Սանկտ Պետերբուրգից՝ բանակ գնալու նպատակով։ Պետերբուրգում ստացել է քննիչի մասնագիտություն։ Զորացրվելուց հետո որոշել է կրկին հետ վերադառնալ Պետերբուրգ։ Ասում է՝ շատ էր ցանկանում ծառայել։ Ծառայությունում իրեն ամենաշատը դուր է գալիս զինվորական համազգեստը. «Սիրուն ա»,-ժպտալով ասում է։

Կողքին նստած են Հրազդանի իր ընկերները, անհանգիստ չէ, քանի որ նրանց հետ է, չնայած ուզում է որքան հնարավոր է շուտ գնալ զորամաս։

Իրար կողք նստած են նաև հրազդանցի 18-ամյա Գոռ Հակոբյանն ու սևանցի Արման Հարությունյանը։ Չեն մտածում զինվորական կյանքի դժվարությունների մասին, չեն անհանգստանում։ Նրանց համար միևնույն է՝ որտեղ կծառայեն, միայն ուզում են՝ ծառայությունը անփորձանք անցնի։

Շենքի երկրորդ հարկում արդեն վիճակահանությունը սկսված է։ Դիմացի սենյակներում նորակոչիկներն ու ծնողներն են։ Նորակոչիկները վիճակահանությամբ հանում են իրենց զորամասի համարը, իսկ ծնողներն ու հարազատները տեսախցիկի միջոցով հետևում են ընթացքին։

Վիճակահանության սենյակում իրավիճակը հանգիստ և լուռ է։ Իսկ հարևան սենյակում տիրում են հարազատների ուրախության և տխրության էմոցիաները։ Հավաքված հարազատները հաճախ ծափահարում են, ոմանք ուրախությունից զանգահարում են իրենց հարազատներին՝ չսպասելով սենյակից դուրս գալուն։

Արսեն Աղդալյանը մեկն էր այն ծնողներից, ով որդու՝ Գեորգի Աղդալյանի, սահմանապահ զորամասում ծառայելու լուրը լսելուց հետո ուրախությունից բացականչեց։ Րոպեներ շարունակ հայրը ուրախ աչքերով շուրջն էր նայում և այլ ծնողներից ընդունում շնորհավորանքներ։ Չսպասեց դուրս գալուն, զանգահարեց Ռուսաստանի Դաշնությունում գտնվող եղբորը և ուրախ, բայց կամաց ձայնով ասաց. «Երեխեն Արարատ ա ընգել»։

Հենրիկ Կեսոյանը ևս գոհ է որդու ընտրած զորամասից։ Կեսոյան Գեղամը դեռևս կծառայի պաշտպանության նախարարության ուսումնական զորամասերից մեկում։ Հայրը կարծում է՝ որ տղան ճիշտ ընտրություն կատարեց, քանի որ այնտեղ կկարողանա կիրառել մասնագիտական հմտությունները։ Գեղամը ռադիոֆիզիկ է, տիրապետում է հակաօդային պաշտպանության հմտություններին, անօդաչու թռչող սարքերի մասնագետ է.«Կարևորը կշարունակի իր մասնագիտությամբ։ Եթե այդպես չանի, ուրեմն զուր կլինի իր այդքան սովորածը»,-ասում է նորակոչիկի հայրը։

Վիճակահանության սրահում նստարանների երկու շարք կա։ Մի շարքում տեղավորվել են արդեն իսկ իրենց զորամասը ընտրած նորակոչիկները, մյուսում՝ սպասողները։

Վարդենիսցի նորակոչիկ Արա Գրիգորյանին վիճակահանությամբ բաժին հասավ Երևանի զորամասերից մեկը։ Կարատեիստը շփոթված էր, քանի որ չէր կարծում, թե կընտրի իր նախընտրած զորամասը. «Երևի բախտի բան էր»։ Ուրախ է, որ այդ զորամասում կկարողանա սպորտով զբաղվել։

Մի քանի նստարան այն կողմ` իր հերթին է սպասում նաև Արծվանիստ գյուղի նորակոչիկ Արտյոմ Հովեյանը։ Հանգիստ նստած է, հեռվից հետևում է վիճակահանության ընթացքին ու կատակում, որ իր համար միևնույն է, թե որտեղ կծառայի, բայց կուզենար Հայաստանում ծառայել, որ ծնողները հաճախ այցելեն. «Ամենակարևորը լավ ծառայենք, լավ տեղ ընկնենք, փորձանքից հեռու լինենք»։

Շենքի պատուհաններից արդեն լսվում են ազդանշանի ձայները։ Ավտոբուսներով մոտենում են Երևանի զինկոմիսարիատներից բերվող նորակոչիկները։ Նրանք ևս կընտրեն իրենց զորամասը, և, արդեն զորամասը ընտրածների հետ ճաշելուց հետո, յուրաքանչյուրը կտեղափոխվի իր զորամաս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter