HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Տ. Հայրապետյան. «Կարո Եղնուկյանի գործով նիստի ընթացքում դատավորը անաչառություն չի ցուցաբերել»

Ամալյա Մարգարյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ քննվում է Կարո Եղնուկյանի և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքն ընդդեմ քննչական մարմնի և դատախազության անգործության։ Կարո Եղնուկյանը և նրա փաստաբանը պնդում են, որ գործն ուղարկվել է դատարան և քննվում է «Սասնա ծռեր»-ի անդամների հետ միասին, սակայն Եղնուկյանի համար անհասկանալի է առաջադրված մեղադրանքը:

Այսօրվա նիստի ընթացքում Կարո Եղնուկյանը ներկայացրել է իր բողոքը: Այս մասին «Հետք»-ին հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նա նշեց, որ Եղնուկյանը մանրամասն  ներկայացրել է բողոքը և պարզաբանել դրական պատասխան տալու պատճառները: «Կարո Եղնուկյանը, լինելով իրավաբան, հիմա էլ ուսումնասիրում է մեր օրենսդրությունը և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով շատ լավ հիմնավորում է, որ դատարանը պետք է բավարարի ներկայացրած բողոքը»,-հայտնեց փաստաբանը:

Եղնուկյանը մեկ տարի է` կալանավորված է և հինգ հեռախոսային խոսակցությունների մեջ է մեղադրվում, որոնցից երեքը եղել է կնոջ հետ: «Այդ երեք հեռախոսային խոսակցություններից որևէ մեկը չէր կարող պատանդներ պահելուն կամ շենք-շինություններ զավթելուն օժանդակել, դա ավելի քան անհեթեթ է»,- ասում է Հայրապետյանը:

Կարո Եղնուկյանը դատարանին հայտնել է, որ ցանկանում է, որ իր  գործն անջատվի «Սասնա ծռեր»-ի անդամների գործից՝ արագ քննություն իրականացնելու համար:

«Իր գործը չի կարող կապվել որևէ մեկի գործի հետ, քանի որ նրան մեղադրում են կնոջ հետ խոսելու համար և համարում, որ օժանդակել է: Իր գործը բերել և դիտավորյալ միացրել են «Սասնա ծռեր»-ի 32 անդամների գործին, սակայն միայն ինքն է մեղադրվում օժանդակելու համար»,-հայտնեց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ դատավորն անաչառություն և անկողմնակալություն չի ցուցաբերել նիստի ընթացքում, այդ պատճառով ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: «Դատախազներն այսօր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էին դրսևորում: Երկրորդ դատական նիստն է, բայց նրանք չեն ներկայանում: Մենք դատավորի ուշադրությունը հրավիրեցինք այդ հանգամանքին, որ դատավորը պետք է պատժամիջոցներ կիրառեր դատախազների նկատմամբ: Սակայն, դատավորը խտրական վերաբերմունք դրևսորեց և որևէ բան չկատարեց: Մենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրինք դատավորին, որը մերժվեց»,-հայտնեց փաստաբանը:

Հաջորդ նիստի ընթացքում փաստաբանը, դատախազները պետք է հանդես գան ելույթով:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է շենք-շինությունների զավթելուն և պատանդներ պահելուն օժանդակելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter