HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանին հասկանալի չէ իր մեղադրանքը

Ամալյա Մարգարյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ քննվում է Կարո Եղնուկյանի և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքն ընդդեմ քննչական մարմնի և դատախազության անգործության։ Կարո Եղնուկյանը և նրա փաստաբանը պնդում են` թեև գործն ուղարկվել է դատարան և քննվում է «Սասնա ծռերի» 14 անդամների հետ միասին, սակայն Կարո Եղնուկյանի մեղադրանքը հասկանալի չէ։ Դատարանի դահլիճում նրանք պնդեցին, որ քննիչը որևէ գործողություն չի կատարել և իրենց հուզող հարցերն անպատասխան են մնացել։

Մեկ անգամ արդեն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր բողոքը, սակայն Վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության։

«Մենք գիտենք` որպեսզի անձը պաշտպանություն իրականացնի, միջազգային նորմերը և մեր օրենսդրությունը մի քանի պահանջներ են ներկայացնում։ Եթե անձին պարզ չէ, թե ինչի մեջ է մեղադրվում, չի կարող պաշտպանության արդյունավետ միջոցներ ձեռնարկել»,-նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանը դատարանում ընթերցեց Կ. Եղնուկյանի մեղադրանքի դրույթները՝ նշելով նաև, որ քննիչն ու դատախազը դատարանի դահլիճում մի քանի անգամ կրկնել են, թե իրենց պարտականություններն իրականացրել են։

Ըստ փաստաբանի` Կարո Եղնուկյանին հինգ դրվագով են մեղադրում, այդ թվում` ռադիոկապից օգտվելու առանձնահատկությունների մասին մեկ այլ քաղաքացու միջոցով տեղեկություն փոխանցելու մեջ: «Մասնավորապես նշվում է, որ  տեղեկություն է փոխանցել Վարուժան Ավետիսյանին, որով օժանդակել է պատանդներ և զավթած շենք-շինություններ պահելուն։ Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպիսի տեղեկություններ է այդ անձը փոխանցել, որոնք կարող էին նպաստել «Սասնա ծռերի» անդամներին օժանդակելուն և շենք-շինություններ պահելուն»,-նշեց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ տեղեկության բովանդակությունը հայտնի չէ։ Իսկ հաջորդ դրվագով նշվում է, որ Կարո Եղնուկյանը մեկ ուրիշ քաղաքացու միջոցով նպաստել է տեխնիկայի շարժի մասին տեղեկության տարածմանը։ Պաշտպանը նշեց, թե հայտնի չէ՝ ինչպես է Եղնուկյանը նպաստել, ինչ գործողություններ  է կատարել. «Մեղադրանքի մեջ նշվում է, որ Եղնուկյանն ապահովել է քաղաքացիների տեղափոխումը ՊՊԾ գնդի տարածք, բայց նշված չէ՝ ինչպես է ապահովումը կատարել։  Ինչպես նաև` մեղադրանքում նշվում է, որ Եղնուկյանը մեղադրվում է ապատեղեկատվություն տարածելուն նպաստելու մեջ»։

Կարո Եղնուկյանը և փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանից խնդրեցին  բողոքն ընդունել, Կարո Եղնուկյանի գործը նորից ուղարկել նախաքննության և մեղադրանքի հիմքն ու բնույթը պարզաբանել։ «Մենք առանց մեղադրանքի հիմքերը հասկանալու գնացել ենք դատարան։ Մենք կարող ենք այնպիսի միջնորդություններ ներկայացնել, որով գործը կարճվի, դատարան  չգնա»,-ավելացրեց  փաստաբանը։

«Դատախազը, քննիչն իրար հետ խաղալով` գործը տշեցին այստեղից այնտեղ, մինչև  հասավ դիվան բաշու դատարան։ Իրենք ինչպես ուզում են, այնպես էլ վարվում են»,-նիստի վերջում հայտարարեց Կարո Եղնուկյանը։

Հաջորդ նիստի ընթացքում, որը կկայան հուլիսի 13-ին, իրենց դիրքորոշումը կհայտնեն քննիչն ու դատախազը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter