HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Մեկ օր հայ-վրացական սահմանակետում

Հայաստանից վրացական Սադախլոյի սահմանային շուկա տանող դարպասները բացվում են առավոտյան ութին: Սակայն դեռեւս գիշերը հայկական սահմանամերձ Բագրատաշենում մեքենաների կայանման տեղերն արդեն զբաղեցված են լինում: Հայկական համարանիշերով առաջին բեռնատարների ու ավտոբուսների հռնդյունը լսվում է գիշերվա ժամը մեկին: Այդ ժամին գործում են շուկայի հայկական ու վրացական կողմերի խորովածանոցներն ու առեւտրի կետերը: 

Սահմանային դարպասը բացվելուց դեռ մի քանի ժամ առաջ շուկայի տարածքի առաջին մուտքի մոտ սկսվեց անձնագրերի ստուգումը: Թեպետ անձնագիր կամ սահմանային ելքի թույլտվություն չունեցողներ էլ կային, ինչն անձնագրային կարգի խախտում է, բայց առեւտրականներն այդ հարցը լուծում էին` 500 դրամ վճարելով: 

7 անց 20-ին սահմանային կամրջի դարպասների մոտ սահմանապահներին էր սպասում մոտ 500 մարդ: Ավտոբուսների ու մարդատար մեքենաների հոսքը շարունակվում էր: Մեքենաները գալիս են Հայաստանի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղից: 

Ժամը 8-ին դարպասները բացվեցին: Յուրաքանչյուրն աշխատում էր րոպե առաջ հասնել իր ծանոթ ու «քիրվա» վաճառականին՝ համոզված լինելով, որ ամենալավ ապրանքն իրենց է հասնելու. Սամադի, Լատիֆի, Խանլարի, Քյարամի ու մյուս ադրբեջանցի գործընկերների հետ դեռ անցած երեքշաբթի են պայմանավորվել: Անձնագրերի վերստուգումը ժամը ութին առաջին անգամ սահմանն անցնելու ժամանակ անհնար էր. հոսքը մեծ էր: Առեւտրականների հետդարձին հայ եւ վրացի սահմանապահներն ավելի ակտիվացան: Մեզ զարմացրեց նրանց հիշողությունը: Միայն երեքշաբթի օրերին 2000-3000 մարդ է անցնում սահմանը: Պարզվեց, որ գրեթե բոլորին դեմքով ճանաչում են: Սահմանի վրա անձնագիր պահանջում են հատկապես նրանցից, ովքեր առաջին անգամ են հայտնվել Բագրատաշենում: Կամրջի հայկական կողմում անձնագրերի վերստուգումից հետո մոտեցավ վրացի սահմանապահն ու շատ հաստատակամ տոնով ասաց, թե մեր անձնագրում ռուսերեն թարգմանության էջ չկա ու պետք է տուգանք վճարենք: Փորձեցինք ճշտել` մեր վճարի դիմաց կտրոն ստանալու՞ ենք: Սահմանապահը զարմացավ, իսկ երբ իմացավ, որ լրագրողներ ենք, ասաց, թե մեզ ընդառաջում է ու թույլ տալիս անցնել:

 

 

     

Դարպասները բացվելուց մոտ 30 րոպե անց սահմանի այս ու այն կողմերում հայտնվեցին առաջին բեռնակիրներն իրենց սայլակներով: Չէին շտապում: Հիմնական գործը սկսվում է ժամը 10-ից հետո: Հերթով սայլակները շարեցին պարսպապատերի տակ ու թինկ տվեցին: Նրանցից յուրաքանչյուրն իր հաճախորդ ունի, որի հետ արդեն 5-10 տարի, երբեմն նույնիսկ ավելի, աշխատում է: Պարզապես հիմա բեռնակիրների աշխատանքային կարգը փոխվել է: Եթե նախկինում շալակով էին տանում բեռներն ու մի քանի անգամ գնում-գալիս, հիմա միանգամից, նույնիսկ մինչեւ մեկ տոննա կարող են իրենց սայլակներով տեղափոխել մինչեւ մեքենա: 

Ալավերդցի բեռնակիր Արծրունն իր գործից գոհ է: Չնայած մոտ 300 մրցակից ունի, բայց ամենաշատ հաճախորդ ունեցող բեռնակիրներից է: «70 դոլարով եմ գնել էս բեռնասայլակը: Վարձով եմ մնում Բագրատաշենում: Օրավարձը 200 դրամ է»,- պատմում է Արծրունը: Շաբաթվա մյուս օրերին ընտանիքի մոտ է գնում: Ասում է, որ անձնագրերի ստուգման կետերում սահմանապահները բեռնակիրներին ճանաչում են ու անձնագիր չեն պահանջում: Դժվար է միշտ մոտները փաստաթուղթ պահել: «Արեւ-անձրեւի տակ ենք աշխատում, քրտնում ենք, թրջվում, կարո՞ղ ենք պահել: Երկու օր հետո բանի պետք չի լինի»,-ասում է Արծրունը: Ապրանքն անցկացնելիս նրանք պատասխանատվություն չեն կրում, միայն իրենց հասանելիք վճարի տերն են: Կախված բեռի ծավալից` մի պարկը 200-500 դրամ արժե: Բայց գործընկերներ ունի, որոնք օրական 1000 դրամից ավելի չեն աշխատում: Արծրունը խեղճացած ասաց, թե բեռնակիրները հիմնականում Ալավերդու եւ Նոյեմբերյանի շրջանների բնակիչներն են. «Դե, էսօր փողը հիմնականում Երեւանում է: Ալավերդցուն որտեղի՞ց փող»: 

Բագրատաշենում միայն բեռնակիրներն էին քիչ թե շատ գոհ վերահսկող ծառայություններից: Մի առեւտուր անող կին զայրույթից չգիտեր ինչ անել. «Առաջին անգամ էի էստեղ, կյանքիս մեջ է՛լ չեմ գա, էս ի՞նչ է, ո՞ր մեկին վճարեմ»,- բղավում էր տիկինն ու կիսադատարկ պայուսակը ծնկներին տալով՝ գնում դեպի մեքենաների կայանատեղ: 

Մոտ քսան րոպե կանգնեցինք մաքսակետի մուտքի մոտ ու հեռվից դիտում էինք ելումուտը: Շատերն ուղղակի հարմարվել են բագրատաշենյան չգրված կարգուկանոնին. անխոս վճարում էին 500 դրամն ու, առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման, հեռանում: Վճարողները մեր հարցերից խուսափում էին: Մի կնոջ մի կերպ համոզեցինք, որ լրագրողներ ենք ու մեզնից վնաս չունի: Նշեց, որ 150 դրամ տվեց մաքսակետում («սպիտակ տանը»), «թե չէ զահլա կտանեին»: 

Կեսօրին, երբ աշխատանքային ակտիվ եռուզեռը մի քիչ մարել էր, սահմանապահների, ոստիկանների, ազգային անվտանգության աշխատակիցների, շուկայի տնօրինության ու տարածքի «նայողների» աչքից մի քիչ հեռու հանդիպեցինք Բագրատաշենի բնակիչներին ու Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած վարորդներին: Ամեն ինչ սկսեցին պատմել սկզբից, թե ինչպես դեռ 1991թ.-ին Բագրատաշեն գյուղի առաջին բնակիչները հայտնվեցին սահմանին՝ իրենց գյուղմթերքները վաճառելու համար: Գյուղացիք ծախում ու առնում էին: Հետո հայտնվեցին հարեւան գյուղերի բնակիչները: Առեւտուրն ընդլայնվեց: Որպես գնորդ ու վաճառող` այստեղ եկան նաեւ Վրաստանի ադրբեջանական գյուղերի բնակիչները: Հայ-ադրբեջանական պատերազմի տարիներին մի քանի անգամ պայթեցվեց սահմանային կամուրջն ու առեւտուրը կանգ առավ: Դա վնասում էր հատկապես Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող հայերին: 

1990-ականների կեսերին Բագրատաշենն ու Սադախլոն համարվեցին սահմանային առեւտրի գոտի: Առեւտուրն ընդլայնվեց հատկապես 1997-98թթ.: Հենց այդ տարիներին առեւտրականների մեծ դիմադրությամբ վերահսկողությունը խստացավ, պարիսպներ կառուցվեցին, դրվեցին հսկման կետեր: 

Հայաստանի բոլոր անկյուններից Բագրատաշեն եկածները գնում են հիմնականում սնունդ ու հագուստ: Սպիտակի շրջանի Ղարալ գյուղի բնակիչ Թամարը գյուղական կրկնակոշիկներ (կալոշ), փոցխ, եղան ու այլ գործիքներ է տանում վերավաճառելու: «Ով մի քանի դրամ փող է ունենում, Բագրատաշեն է գալիս: Մեկը երկու դարձնելու ուրիշ հնար էս երկրում չկա, եթե էնքան փող չունես, որ մի բիզնես սկսես: Ասենք, հարազատս արտերկրից 100 դոլար է ուղարկել, քաղաքում ի՞նչ կարող եմ անել: Բերում ենք այստեղ: Մեկը հիվանդ պիտի բուժի, մեկը ուսման վարձ պիտի տա, մյուսն էլ հացի փող պիտի ստեղծի»,-ասաց Արտաշատցի վարորդ Վանիկը: «800-1000 դոլարով էլ են գալիս, բայց նրանք՝ գիշերով, ու մեր ճամփեքը չեն անցնում: Մեքենաներով Վրաստան տանող ճանապարհով գնում են Սադախլո ու մեծ ծավալի ապրանք են տանում,- ասաց վարորդներից մեկը, որը չուզեց հրապարակել իր անունը,-վնասելու հազար ու մի ձեւ կա»: 

Բագրատաշենցի Սուրեն Բարսեղյանն էլ է ընտանիքը շուկայի շնորհիվ պահում: Իր տնամերձ հողամասը դարձրել է ավտոկայանատեղ: Յուրաքանչյուր ավտոբուսից 1000, մարդատարներից 500 դրամ է գանձում: «æանավար» Աշոտին էլ կարգել է զուգարանի պահակ. ամեն մտնողից 50 դրամ է վերցնում: «Կարգն էդպես է, հարկ ենք մուծում»,-ասաց Ս. Բարսեղյանը: «Շաբաթը մեկ էլ հարկայինից գալիս են, չափում տարածքս»: Հետո պատմեց առեւտուր անելու հազար ու մի դժվարությունների մասին: Չգիտեն՝ որոնք են մաքսանենգ ապրանք համարվում, ինչի համար որքան մաքսատուրք է օրենքով սահմանված, այս շուկայում ինչն է օրինական ու ինչն անօրինական: Շուկայի տարածքում ոչ մի տեղեկատվական հայտարարություն չկա: Մարդկանց տեղեկացնելու ոչ մի միջոց չի ձեռնարկվում: Մարդիկ չգիտեն, թե ինչի համար ինչքան վճարումներ են պարտավոր կատարել: «Ապրանքի 32 տոկոսի չափով մաքսատուրք են գանձում, դրա համար էլ մաքսանենգությունը չի նվազում»,-դժգոհում էին մեր զրուցակիցները: Դժվարություններ կան նաեւ վաճառատեղ ձեռքբերելու հարցում: Եթե շուկայի վրացական կողմում մի վաճառատեղի օրավարձը 3 լարի (1,5 դոլար) է, ապա հայկական կողմում՝ 10-15 ԱՄՆ դոլար: Այն էլ՝ ոչ բոլորը կարող են ձեռքբերել: 

Սադախլոյից ապրանքը տուն հասցնելու համար առեւտուր անողները 6 անգամ շուկայի տարածքում են վճարում, հետո մաքսանենգության դեմ պայքարի վաչությունում, ավելացրած պետավտոտեսուչների անօրինական գանձումները: «Որքան երկար է ճանապարհը, այնքան շատ 200 կամ 500 դրամ ենք վճարում ավտոտեսուչներին»,-ասում են վարորդները: Օրինակ` Արթիկ մեկնողները 10-12 տեղ են վճարում: Սպիտակցիները «շահել են». ընդամենը 7 տեղ են փող տալիս ավտոտեսուչներին: «Էլ հարցուփորձ չենք էլ անում: Նրանք էլ իրենց գործը գիտեն, մենք էլ: Էսպես ծալում ենք 100 դրամանոցները, մեքենայի պատուհանն իջեցնում ու տալիս պետավտոտեսուչին»,-ասում են վարորդները: 

Մեր զրույցին միացավ Սադախլոյի բնակիչ Քյարամ Միրզոեւը: Նա էլ Բաքվից է Սադախլո ապրանք բերում: Երեքշաբթի-չորեքշաբթի օրերին 100-120 բեռնատար մեքենա է գալիս Ադրբեջանից: Սադախլոյի բնակիչներն էլ են գնում, Ադրբեջանից ապրանք բերում ու վաճառում շուկայում: Բայց ընդամենը մի տեղ՝ Ադրբեջանի մաքսակետում, 300 դոլար արժողությամբ ապրանքի համար վճարում են 10-15 դոլար: «Պետավտոտեսուչներին փող չենք տալիս»,-ասաց ադրբեջանցի Քյարամը: 

Բագրատաշեն կատարած մեր այցելությունից մեկ օր անց աշխատանքից ազատվել է Բագրատաշենի շուկայի տնօրեն Արմեն Մալխասյանը եւ տեղափոխվել այլ նմանատիպ պաշտոնի Շիրակի մարզում: Գործընկերներն ասում են, որ Շիրակի մարզը Բագրատաշենի պաշտոնյաների համար տուգանային հրապարակ է: 

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում վերջերս աշխատանքից ազատվել է նաեւ Սադախլոյի շուկայի վրացի տնօրենը: Նրա բնակարանի թաքստոցից գտնվել է մեծ քանակությամբ ոսկի ու դոլար: 

Հայ առեւտրականները չեն հավատում, որ ինչ-որ բան կփոխվի Հայաստանի սահմանային այս անկյունում: Բայց, այնուհանդերձ, այս տարածքը մի մեծ առավելություն ունի Անդրկովկասի երեք հանրապետությունների բնակիչների համար ոչ մի հակամարտություն չկա: Հայերն ու ադրբեջանցիներն իրար նկատմամբ բարեհամբույր են: Լուսանկարիչ Գերման Ավագյանին մոտեցավ մի ադրբեջանցի ու տարակուսած, ռուսերենով հարցրեց. «Էս ինչի՞ ես նկարում»: «Որ պատերազմը շուտ վերջանա»,-պատասխանեց Գերմանը: «Հա՜, լավ գործ ես անում»,-ասաց ադրբեջանցին: 

Լուս.` Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter