HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Դրոսելների գործարանի ոդիսականը

Այս տարեսկզբից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում սկսեց գործել դրոսելների արտադրություն: Այդ շենքում խորհրդային տարիներին եղել է դրոսելների գործարան: 90-ական թթ. սկզբին համանման այլ գործարաննների պես այն լուծարվեց:

Շենքն անցավ մասնավոր անձանց, որոնք այն վերափոխեցին բնակելի տարածքի եւ, որպես բնակարաններ, վաճառեցին տնազուրկ նոյեմբերյանցիներին: «Արտամետ» ՍՊԸ-ն այստեղ բացեց դրոսելների արտադրամաս: Հարեւանությամբ ապրող բնակիչները բողոքեցին, որ իրենց բնակարաններին կից արտադրության մեջ թունավոր նյութեր օգտագործող ձեռնարկություն չպետք է աշխատի, որ արտադրամասի աղմուկն իրենց խանգարում է:

Դրոսելները փոքրիկ ձողիկներ են` պատված ֆերիտով: Դրանք նախատեսված են էլեկտրական սարքավորումներ մտնող հոսանքի ինդուկտիվությունը կայունացնելու համար: Չնայած բնակիչների դժգոհությանը, արտադրամասը սկսեց աշխատել` գործով ապահովելով Նոյեմբերյանի տարածաշրջանի ավելի քան երեք տասնյակ բնակիչների: Երեք ամիս է, ինչ ձեռնարկությունն աշխատում է խիստ թերբեռնված:

«Արտամետ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Աբովյանը խորհրդային տարիներին Կողբ գյուղում գործող դրոսելների արտադրամասի սեփականատերն էր, նա այժմ նաեւ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է: Գագիկ Աբովյանի վկայությամբ` «Արտամետը» ավելի քան երկու տասնյակ աշխատողներին աշխատավարձի երկու ամսվա պարտք ունի: Պարտքի գումարը 7 հազար դոլարին համարժեք դրամ է:

 Հակառակ առկա ֆինանսական դժվարություններին, «Արտամետը» հարկային պարտքեր չունի: Երբ փոքր խմբաքանակների պատվերներ են լինում, ձեռնարկության աշխատակիցների մի մասն աշխատելով` դրանք թողարկում է: «Արտամետը» Ռուսաստանի Դաշնությունում դրոսելներն իրացրել է մասնավոր անձի միջոցով, սակայն ծագել են վաճառքի դժվարություններ:

Գ. Աբովյանի խոսքերով` այժմ իրենք մատակարարման պայմանագրեր են կնքել ռազմական եւ բժշկական սարքավորումներ արտադրող ռուսական ընկերությունների հետ, որոնց 2012 թ. սկզբից դրոսելներ պետք է առաքեն: Այդ ժամանակ «Արտամետ» ՍՊԸ-ի աշխատակիցների թիվը առնվազն կկրկնապատկվի:

Սակայն խնդիր կա. ներկայիս հին հաստոցներով «Արտամետը» միայն սահմանափակ նմուշի դրոսելներ է արտադրում, իսկ ռազմական եւ բժշկական սարքավորումներ թողարկող ռուսական ընկերություններին անհրաժեշտ են այլ տեսակի, ավտոմատ կերպով արտադրվող դրոսելներ: Տնօրենը վստահեցնում է, որ նոր հաստոցներ գնելու դեպքում իրենց արտադրանքի տեսականին կբազմապատկվի, Ռուսաստանից նոր պատվերներ կստանան:

Նոր հաստոցներ գնելու համար «Արտամետին» հարկավոր է 10 մլն դրամ: Ընկերությունը դիմել է վարկատու տարբեր կազմակերպությունների, սակայն ապարդյուն: Սկզբում պարզվել է, որ «Արտամետի» բաժնետերերից մեկը նախկինում բանկերից մեկում ժամկետանց վարկային պարտավորություն է ունեցել: Դրա համար այդ անձը դուրս է եկել ընկերության բաժնետերերի ցանկից: Դրանից հետո վարկատու կազմակերպությունը վարկի դիմաց «Արտամետի» ունեցած գրավը վարկին համարժեք չի համարել:

Վարկային կազմակերպությունները եւ բանկերը, ձեռնարկության տնօրենի վկայությամբ, պատրաստ են իրենց վարկ տրամադրել տարեկան 15 տոկոսով, ինչը ձեռնտու չէ արտադրության համար: Գ. Աբովյանը վարկ ստանալուն աջակցելու համար բազմիցս հանդիպել է տարբեր պաշտոնյաների, այդ թվում` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ, սակայն գործտ տեղից չի շարժվել: Տնօրենը տեղեկացնում է, որ իրենք Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում 10 աշխատատեղ են ստեղծել, բարեկամավանցիները թողարկված դրոսելները սոսնձում են:

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2010 թվականը հայտարարել էր Բարեկամավանի տարի: Սակայն անցյալ տարվա ընթացքում այդ հեռավոր, ռազմավարական դիրք ունեցող գյուղում Կառավարության միակ աջակցությունը եղավ այն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 30 հա աշնանացան կատարվեց, որի բերքն այս տարի բաժանվեց բարեկամավանցիներին:

Գ. Աբովյանը ծագած հարկային խնդիրները լուծելու համար շնորհակալ է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս տարեսկզբին Նոյեմբերյանի հարկային տեսչությունը «Արտամետ» ՍՊԸ-ին տուգանել էր 2.3 մլն դրամի չափով: «Արտամետը» սկսել էր գործել, սակայն այդ մասին հարկային տեսչությունում հայտարարություն չէր տվել:

Գագիկ Աբովյանի խոսքով, ի վերջո այդ տուգանքից իրենք ազատվել են: Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մովսիսյանն էլ աջակցել է ընկերության արտադրանքի սերտիֆիկացման գործում: Սակայն եթե առաջիկայում չլուծվի «Արտամետի» վարկավորման, դրա շնորհիվ նոր հաստոցների գնման գործը, «Արտամետը» չի կարողանալու կատարել Ռուսաստան ապրանքի մատակարարման իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները, եւ սահմանագոտում արտադրություն վերականգնելու այս հետաքրքիր փորձը կտապալվի:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
«Արտամետ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Աբովյանը խորհրդային տարիներին Կողբ գյուղում գործող դրոսելների արտադրամասի սեփականատերն էր -???? Խորհրդային տարիներին մասնավոր սեփականատեր կա՞ր արդյոք:Այդ ո՞ր տարին էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter