HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ «Հետք» թերթի խմբագրությանը

Օրերս Ձեր թերթում տպագրված «Հայրենադարձ ամերիկահային Հայաստանում զրկել են սեփականության իրավունքից» հոդվածի ընթերցումից հետո իմ պարտքն եմ համարում ընթերցողին տեղեկացնել հետևյալ պարզաբանումը:

Անդրանիկ Ղուլիջանյանը, ով իմ երկար տարիների մտերիմ ընկերն է, 2003թ. անտառային տնկարան հիմնելու նպատակով Երևանի անտառտնտեսությունից 10 տարի ժամկետով վարձակալել էր Նորքի Հովսեփյան փողոցի հարակից տարածքը, սակայն ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 3-ի թիվ 910 որոշմամբ բնակավայրերի նպատակային օգտագործման ցանկում տարածքի ներառման պատճառով հողային աշխատանքներ չեր իրականացրել:

Լսելով, որ նա ցանկություն չունի տարածքի հետագա ճակատագրով զբաղվելու և ցանկանում է լուծել վարձակալական պայմանագիրը, խնդրեցի լիազորել ինձ` զբաղվելու այդ հարցով: Առանց որևէ ակնկալիքի և նախնական պայմանավորվածության Ա. Ղուլիջանյանը տվեց համապատասխան լիազորագիր:

Հարկ եմ համարում նշել,որ տարածքի գնման և օտարման գործընթացում Անդրանիկ Ղուլիջանյանը որևէ մասնակցություն կամ նյութական շահագրգռություն չի ունեցել, այդ ամենն արել է որպես իմ ընտանիքի շատ հարազատ մարդ, և հիշյալ հոդվածում նրա անձի բազմիցս հիշատակումը` պայմանավորված միայն նրանով,որ տարածքի սեփականության վկայականը իր անունով է ձևակերպված, ճիշտ չեմ համարում:

Հետագայում մեր մեջ կնքվել է համաձայնագիր, որով լիազորագրի կնքումից հետո հիշյալ տարածքի հետ կապված գործողությունների պատասխանատուն, դրանից բխող իրավական բոլոր հետևանքներով հանդիսանում եմ ես:

Հավաստիացնում եմ, որ ես ոչ պակաս մտահոգ եմ ստեղծված իրավիճակի և շատ հարգելի Օշին Փիրումյանի ոտնահարված իրավունքների վերականգնման համար, քանի որ երկուսս էլ ակամա հայտնվել ենք նույն սարդոստայնում, և արդեն շուրջ 5 տարի ես ևս տարբեր ատյաններում, այդ թվում և դատական, փորձում եմ վերականգնել մյուս 2500 քմ հողատարածքի սեփականության իմ կորցրած իրավունքը, ավելին` այս գործով ճանաչվել եմ տուժող, և այժմ իրավաբանների հետ քննարկվում է հայցը Եվրոդատարան ներկայացնելու խնդիրը:

Հարգանքներով` Ռուբիկ Թադևոսյան 

«Հետք»

Մինչեւ Ռուբիկ Թադեւոսյանի «Հետքի» խմբագրություն այս նամակ բերելը, նմանտիպ բովանդակությամբ նամակով խմբագրություն էր այցելել Անդրանիկ Ղուլիջանյանը: Խմբագրությունը հրաժարվեց հրապարակել Անդրանիկ Ղուլիջանյանի նամակը, քանի հոդվածում  զետեղված էին նրա պարզաբանումները: Թե ինչ պետք է փոխվեր այս նամակի հրապարակումից հետո, անհասկանալի է: Հիշեցնենք` 2005 թվականին ամերիկահայ Օշին Փիրումյանը Նորք-Մարաշ համայնքի Հովսեփյան փողոցին հարող տարածքում 2500 քմ հողատարածք է գնել տուն կառուցելու նպատակով: Վեց տարի առաջ Օշինը ընտանիքով  Միացյալ Նահանգներից տեղափոխվել եւ հաստատվել է Հայաստանում:

Այդ հողատարածքը Օշինը ձեռք է բերել ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանից` վճարելով 88 մլն դրամ (այն ժամանակ` 195 հազար դոլար): Ղուլիջանյանին պատկանող ողջ տարածքը 5000 քմ է, սակայն Օշինը խնդրել է կիսել այն, քանի որ ամբողջը գնելու հնարավորություն չի ունեցել: Օշինը օրինական գրանցել է իր իրավունքները 2500 քմ հողամասի նկատմամբ եւ ձեռք բերել սեփականության իրավունքը հաստատող վկայական:  Ինչպե՞ս է ձեռք բերել այդ հողատարածքը բնապահպանության նախարարության այդ պաշտոնյան` Անդրանիկ Ղուլիջանյանը:

Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցի հարող տարածքը անտառային ֆոնդի հողեր էին: Հետագայում հողի կատեգորիան փոխվել է: Նշենք, որ Երեւանի անտառտնտեսության քարտեզագրումը իրկանացրել է Անդրանիկ Ղուլիջանյանը:  Երեւանի քաղաքապետի 2005 թ. թիվ 2173 որոշման հիման վրա Նորքի Գ. Հովսեփյան փողոցի հարակից 5000 քմ հողատարածքը վարձակալությամբ տրվել է Անդրանիկ Ղուլիջանյանին:

Ա. Ղուլիջանյանը վստահեցնում է, որ հողատարածքի հետ կապ չունի, վարձակալել էր տնկիներ մշակելու համար, սակայն չի հասցրել, իսկ երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել է սեփականաշնորհել նշյալ տարածքը, ընկերոջ` Ռուբեիկ Թադևոսյանի  խնդրանքով իր անվամբ է սեփականաշնորհել: Հենց Ռ. Թադեւոսյանն էլ որպես լիազորված անձ զբաղվել է հողատարածքի վաճառքով: 5000 քմ-ի համար Ռ. Թադեւոսյանը վճարել է ավելի քան 66 մլն դրամ, որը, ինչպես պարզվել է, չի մուտքագրվել Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական գանձապետարանի արտաբյուջետային հաշվին (տես` հոդվածը):

Հողատարածքի սեփականության իրավունքի վկայականը այսօր Օշինի ձեռքում է, սակայն հողատարածքը քաղաքապետարանը վերցրել է Օշինից, իսկ հողատարածքի համար վճարված 88 մլն դրամը սեփականատիրոջը ետ չի վերադարձվել, ոչ էլ որեւէ կերպ փոխհատուցվել է: Հետագայում, երբ գործը մտել է դատարան, պարզվել է, որ Անդրանիկ Ղուլիջանյանի եւ Երեւանի քաղաքապետարանի սեփականաշնորհման պայմանագրից բխող վճարումները քաղաքապետարանի հաշվին չեն նստել, ինչի պատճառով Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան` պահանջելով լուծել քաղաքապետարանի եւ Անդրանիկ Ղուլիջանյանի միջեւ կնքված պայմանագիրը, եւ որպես հետեւանք` անվավեր ճանաչել նաեւ Ղուլիջանյանի եւ Փիրումյանի միջեւ կնքված պայմանագիրը:

Հայաստանյան դատարանները կայացրել են ակնհայտ ապօրինի որոշումներ: Օշինը որոշել է դիմել Եվրոպական դատարան:

Հողի սեփականատեր Անդրանիկ Ղուլիջանյանին եւ նրա անունից լիազորագրով հանդես եկող Ռուբիկ Թադևոսյանին հարց ենք ուղղում` Օշինը ձեզ վճարել է 88 մլն դրամ, դուք 66 մլն դրամ եք վճարել քաղաքապետարանի հաշվին, ընդ որում` ոչ թե Օշինի 2500 քմ-ի, այլ ողջ հողատարածքի` 5000 քմ-ի համար: Ինչո՞ւ առ այսօր չեք վերադարձնում գոնե այդ տարբերությունը` 22 մլն դրամը: Պարոնայք Անդրանիկ Ղուլիջանյան եւ Ռուբիկ Թադևոսյան, այս տեքստի փոխարեն գոնե փողի այդ մասը հետ վերադարձրեք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter