
Հայրենադարձ ամերիկահային Հայաստանում զրկել են սեփականության իրավունքից
Ամերիկահայ Օշին Փիրումյանին հայաստանյան դատական համակարգը զրկել է Նորքի հեռուստաաշտարակից ներքեւ ձգվող 2500 քմ հողատարածքի նկատմամբ օրենքով գրանցված սեփականության իրավունքից: Հողատարածքի սեփականության իրավունքի վկայականը տակավին Օշինի ձեռքում է, սակայն հողատարածքը քաղաքապետարանը վերցրել է Օշինից, իսկ հողատարածքի համար վճարված 88 մլն դրամը սեփականատիրոջը ետ չի վերադարձվել, ոչ էլ որեւէ կերպ փոխհատուցվել է:
Օվկիանոսից այն կողմ ապրող Փիրումյանների ընտանիքի համար հայրենիքը հեռավոր ու անհաս երազանք է եղել: Այն ժամանակ ԱՄՆ-ում մանկապարտեզ հաճախող Օշինի որդին` Դերիկը, Արարատ լեռն է նկարել մշտապես, որով ոգեւորել է նաեւ մանկապարտեզի մյուս երեխաներին:
Օշինը որոշել է «հեռավոր երազանքը» իրական դարձնել եւ ընտանիքով տեղափոխվել Հայաստան` իր երկրում ներդրում կատարելու եւ այն հզորացնելու նպատակով, չնայած այդ որոշումը սկզբում չեն ողջունել Օշինի եւ կնոջ ծնողները: 2003-ին, 2004-ին եւ 2005-ին Փիրումյաններն այցելել են Հայաստան, իսկ 2006-ին վերջնականապես տեղափոխվել են Երեւան:
Մասնագիտությամբ ճարտարագետ Օշինը ավիացիոն ճարտարագիտությամբ զբաղվող ընկերություն ունի ԱՄՆ-ում, Հայաստանից է հետեւում իր ընկերությանը եւ միաժամանակ օգնում հոր շինարարական բիզնեսի կառավարմանը Հայաստանում:
2005 թվականին Օշին Փիրումյանը Նորք-Մարաշ համայնքի Հովսեփյան փողոցին հարող տարածքում 2500 քմ հողատարածք է գնել տուն կառուցելու նպատակով: Հողամասը հարմար դիրքում է եղել` դիմացը Դերիկի` փոքր տարիքում նկարած Արարատի իրական պատկերը:
Այդ հողատարածքը Օշինը ձեռք է բերել ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանից` վճարելով 88 մլն դրամ (այն ժամանակ` 195 հազար դոլար): Ղուլիջանյանին պատկանող ողջ տարածքը 5000 քմ է, սակայն Օշինը խնդրել է կիսել այն, քանի որ ամբողջը գնելու հնարավորություն չի ունեցել: Օշինը օրինական գրանցել է իր իրավունքները 2500 քմ հողամասի նկատմամբ եւ ձեռք բերել սեփականության իրավունքը հաստատող վկայական:
![]() |
![]() |
Օշինի գնած | հողատարածքը |
Ընտանիքը Հայաստան տեղափոխելուց մի քանի ամիս անց Օշինը հեռախոսազանգ է ստացել դատարանից. նրան դատարան են կանչել` նախապես նույնիսկ պաշտոնական ծանուցում չուղարկելով:
Հենց դատարանում է պարզվել, որ Անդրանիկ Ղուլիջանյանի եւ Երեւանի քաղաքապետարանի սեփականաշնորհման պայմանագրից բխող վճարումները քաղաքապետարանի հաշվին չեն նստել, ինչի պատճառով Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան` պահանջելով լուծել քաղաքապետարանի եւ Անդրանիկ Ղուլիջանյանի միջեւ կնքված պայմանագիրը, եւ որպես հետեւանք` անվավեր ճանաչել նաեւ Ղուլիջանյանի եւ Փիրումյանի միջեւ կնքված պայմանագիրը: Իսկ թե ինչպես է ստացվել, որ Անդրանիկ Ղուլիջանյանի վճարումները չեն մուտքագրվել պետական բյուջե, դա մեկ այլ պատմություն է` հայտնի որպես «Կադաստրի գործ»:
Մեկ դրվագ «Կադաստրի գործից»
Երեւանի քաղաքապետի 2005 թ. թիվ 2173 որոշման հիման վրա Նորքի Գ. Հովսեփյան փողոցի հարակից 5000 քմ հողատարածքը վարձակալությամբ տրվել է Անդրանիկ Ղուլիջանյանին: Ա. Ղուլիջանյանը վստահեցնում է, որ հողատարածքի հետ կապ չունի, վարձակալել էր տնկիներ մշակելու համար, սակայն չի հասցրել, իսկ երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել է սեփականաշնորհել նշյալ տարածքը, վարձակալության պայմանագրից 20 օր անց այն գնել է իր ընկերոջ` Ռուբիկ Թադեւոսյանի համար:
Հենց Ռ. Թադեւոսյանն էլ որպես լիազորված անձ զբաղվել է հողատարածքի վաճառքով: 5000 քմ-ի համար Ռ. Թադեւոսյանը վճարել է ավելի քան 66 մլն դրամ, որը, ինչպես պարզվել է, չի մուտքագրվել Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական գանձապետարանի արտաբյուջետային հաշվին: Ռուբիկ Թադեւոսյանը հողատարածքի վաճառքը կազմակերպել է իր նախկին ծանոթի` ոմն Արմեն Համբարձումյանի եւ նրա որդիների` Վարդան եւ Արմեն Համբարձումյանների միջոցով:
Ռ. Թադեւոսյանը պատմում է, որ նախկինում մեկ անգամ առնչվել էր ավագ Համբարձումյանի հետ եւ ճանաչում էր նրան որպես քաղաքապետարանում մուտք ու ելք ունեցող եւ քաղաքապետարանի հետ գործերը կարգավորող անձի: Նախնական պայմանավորվածության համաձայն` Վարդան Համբարձումյանին տվել է 66.050.000 դրամը, որը Վ. Համբարձումյանը չի մուտքագրել պետբյուջե, այլ, ըստ դատավճռի, կեղծել եւ վճարման կեղծ կտրոն է ներկայացրել քաղաքապետարան, որի հիման վրա էլ քաղաքապետարանը գործարք է կնքել:
Ավելի ուշ պարզվել է, որ Համբարձումյանները բազմաթիվ նմանատիպ գործարքներ են կնքել, որոնց մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երեւան քաղաքի մի շարք տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ:
ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը սկսել է քննել Կադաստրի ստորաբաժանումներում կեղծ վճարային փաստաթղթերի հիման վրա անշարժ գույքի պետական գրանցումներ հայտնաբերելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը («Կադաստրի գործը»):
Գործի շրջանակներում պարզվել է, որ դեռեւս 2004 թ. վերջերին Երեւան քաղաքի բնակիչներ Արմեն Համբարձումյանը, վերջինիս որդիներ Վարդան ու Արմեն Համբարձումյանները եւ համակարգչային բնագավառի մասնագետ Տիգրան Մկրտչյանը ստեղծել են կազմակերպված խումբ, որը տեւական ժամանակ զբաղվել է կեղծ վճարային ու պաշտոնական փաստաթղթերի պատրաստմամբ եւ դրանց օգտագործմամբ` խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակությամբ:
Նախաքննությամբ հայտնաբերվել է հիշյալ խմբի կողմից պատրաստված եւ իրացված 1.518.050.690 դրամի 214 կեղծ վճարային փաստաթուղթ, սեփականության իրավունքի պետական գրանցման 3 կեղծ վկայական, Երեւանի քաղաքապետի 2 կեղծ որոշում, 1 կեղծ լիազորագիր եւ դատարանի 1 կեղծ վճիռ: Քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 11 գործ` 21 անձի վերաբերյալ, որոնցից 11-ը եղել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյաներ:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` վերջիններս իրենց ներկայացված, այսպես կոչված «մուրհակներով» անշարժ գույքի կադաստրային արժեքի գումարները հաշվանցելու վերաբերյալ շինծու տարբերակն ընկալելով որպես հավաստի, դրա ստուգման ուղղությամբ որեւէ միջոց չձեռնարկելով, միաժամանակ ունենալով նյութական շահագրգռվածություն` քաղաքացիներից գանձած գումարները փոխանցել են Համբարձումյանների կազմակերպված խմբին:
Դատարանը եղբայրներ Արմեն եւ Վարդան Համբարձումյաններին մեղավոր է ճանաչել եւ ազատազրկման դատապարտել (հայրը` Արմեն Համբարձումյանը, վարույթի ժամանակ մահացել է, նրա մասով գործը կարճվել է): Դատարանը վճռել է նաեւ բռնագանձել պետությանը պատճառված վնասը: Անդրանիկ Ղուլիջանյանի` որպես տուժողի վնասը եւս պետք է փոխհատուցեն Համբարձումյանները, սակայն Ռ. Թադեւոսյանի տեղեկացմամբ` իր գումարը դեռ չեն վերադարձրել: Համբարձումյանները սնանկ են ճանաչվել:
Քաղաքապետարանին չի հետաքրքրում այլոց սեփականության իրավունքը
Գործը բացահայտվել է, եւ քաղաքապետարանը որոշել է վերականգնել վնասները: Դրա համար դիմել է դատարան` Ա. Ղուլիջանյանի հետ պայմանագիրը լուծելու եւ որպես հետեւանք` Ղուլիջանյանի եւ Փիրումյանի պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջով:
Չնայած զուգահեռաբար ընթացել է քրեական գործի նախաքննությունը, եւ Օ. Փիրումյանի փաստաբանը միջնորդել է կասեցնել քաղաքապետարանի` ընդդեմ Ղուլիջանյանի եւ Փիրումյանի գործի քննությունը մինչեւ նախաքննության ավարտը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, նախագայությամբ Վ. Լալայանի, այնուամենայնիվ, վճռել է լուծել Երեւանի քաղաքապետարանի եւ Ա. Ղուլիջանյանի միջեւ կնքված ուղղակի վաճառքի պայմանագիրը եւ անվավեր է ճանաչել Ղուլիջանյանի եւ Փիրումյանի միջեւ կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագիրը:
Օշինը բողոքարկել է վճիռը: Վերաքննիչում նիստերն ավելի հետաքրքիր են անցել: Նախ` դատարանը նշանակել է որոշման հրապարակման օր, սակայն այդ օրը, ինչպես պատճառաբանել է նիստի քարտուղարը, համակարգչի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոշումը չի հրապարակվել, մինչդեռ նույն օրն ավելի վաղ նշանակված նիստերը կամ հրապարակվելիք որոշումներն առանց որեւէ խոչընդոտի տեղի են ունեցել եւ հրապարակվել են:
Ավելի ուշ նշանակված հրապարակման օրը դատարանը հայտարարել է, որ վերսկսում է նիստերը, քանի որ լրացուցիչ հարցեր են ծագել: Այդ նիստում դատավորները քաղաքապետարանի ներկայացուցչին բացահայտ ասել են, որ Օշինի հետ քաղաքապետարանը իրավահարաբերություններ չունի, հետեւաբար, քաղաքապետարանի կողմից Օշինից հողը հետ վերցնելը չի կարող պայմանագրի լուծման հետեւանք լինել:
![]() |
Դատավոր Նախշուն Տավարացյանը |
«Ի վերջո, պարզված հանգամանք է այն, որ այդ հանցագործությունը կատարել են Կադաստրի աշխատակիցները, Օշին Փիրումյանի մեղքն ինչու՞մն է կայանում: Քաղաքապետարանը կաշկանդվա՞ծ է Անդրանիկ Ղուլիջանյանից այդ 2500 քմ-ի արժեքը բռնագանձելուց, ինչո՞վ եք կաշկանդված»,- հարցրել է դատավոր Նախշուն Տավարացյանը: Ավելին, դատավորը հետաքրքրվել է, թե ինչպես են Օշին Փիրումյանից հողատարածք վերցնելու հարց դրել, երբ նրան հող չեն վաճառել:
«Դուք Օշին Փիրումյանի հետ որեւէ գործարք չեք կատարել, այսօր ձեր ո՞ր իրավունքն է, որ Օ. Փիրումյանից իր սեփականությունը հանդիսացող հողամասը ետ եք պահանջում, ո՞ր օրենքով, որ կադաստրի աշխատակիցները հանցագործություն են կատարե՞լ»: Քաղաքապետարանի ներկայացուցչի պատասխանը մեկն է եղել. «Քաղաքապետարանին, կոպիտ ասած, այդ մասը չի հետաքրքրում, պետությունը վաճառել է հողամաս, որի արժեքը չի ստացել»:
Դատավոր Տավարացյանը նոր հարցադրում է արել. «Դուք չե՞ք գտնում, որ այն մասը, որ Անդրանիկ Ղուլիջանյանի մասով հողամասը փաստացի մնացել է նորից գրանցված, պետք է հողամասը պահանջեք, իսկ այն մասով, որ չկա` հողամասի արժեքը: Չե՞ք գտնում, որ սա է իրավական լուծումը այս հարցերի»:
Դատավոր Տավարացյանը քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկել է քաղաքաետարանում քննարկել այս հարցը: Ներկայացուցիչը հրաժարվել է: «Գործարքը լուծելու ինստիտուտը անվավերության հետեւանքի կիրառման իրավական հնարավորություն չի նախատեսում»,- հավելել է մյուս դատավորը` Ստեփան Միքայելյանը եւ փակված համարել դատաքննությունը: (Հատված` դատական նիստի ձայնագրությունից)
Սակայն այս ամենից հետո նշյալ դատավորները, ինչպես նաեւ նախագահող դատավոր Դ. Խաչատրյանը, լրիվ այլ որոշում են կայացրել` մերժելով Օշին Փիրումյանի բողոքը եւ ուժի մեջ թողնելով ստորադաս ատյանի վճիռը:
Օշինը դիմել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը նույնիսկ չի քննել նրա բողոքը:
Օշինի փաստաբան Անդրանիկ Վահանյանը մեկ օրինական ճանապարհ է տեսնում այս իրավիճակում. քաղաքապետարանի գույքային վաճառքը պետք է փոխհատուցվեր փողի գումարի վերադարձով: Այսինքն` քաղաքապետարանը Ա. Ղուլիջանյանից պետք է գումարը պահանջեր: Օշին Փիրումյանը կարող է նաեւ Անդրանիկ Ղուլիջանյանին դատի տալ: Սակայն Օշինն ասում է, որ դա քաղաքապետարանի խնդիրն էր, քանի որ օրենքն իրեն պաշտպանում է որպես բարեխիղճ ձեռքբերողի:
«Այստեղ սկզբունքի հարց կա, ես շատ բաներ կարող եմ անել: Եթե մեր պետությունը (որը մեր նախագահն ամեն անգամ ասում է` կայացած է) կայացած է, այս հողի վերաբերյալ իր որոշումը տարբեր կլիներ: Ես կայացած պետությունում 28 տարի ապրել եմ, 5 տարի է` այստեղ եմ ապրում, տարբերությունը տեսնում եմ: Ես միայն դա եմ ուզում, որ օրենքը իսկապես գործի երկրում»,- ասում է Օշինը:
Անդրանիկ Վահանյանի կարծիքով` հարցի լուծման իրավական հնարավորությունները դեռ սպառված չեն Հայաստանում: Կատարողական վարույթ պիտի լինի, իսկ օրենքը թույլ է տալիս կատարողական վարույթի մինչեւ վերջին պահը հաշտություն կնքել: Այսինքն` Օշին Փիրումյանը կարող է 33 մլն հողի կադաստրային արժեքը վճարել, որպեսզի նորից տեր դառնա մեկ անգամ գնած հողատարածքին:
Օշինի փաստաբանը մեկ այլ տարբերակ է նշում. որպես ԱՄՆ քաղաքացի` Օշինը կարող է դիմել ամերիկյան դատարան, որն իրավասություն ունի պաշտպանել իր քաղաքացու սեփականության իրավունքը բոլոր երկրներում, իսկ որպես պատիժ կարող է իր երկրում տվյալ երկրի գույքի նկատմամբ արգելանք կիրառել` ասենք` դեսպանատան հաշիվների կամ գույքի: «Պատկերացրեք, թե Օշինն ինչքան հայրենասեր է, որ չի ուզում օգտվել այս տարբերակից»,- ասում է Ա. Վահանյանը:
Չնայած այս պատմությանը` Օշինը չի զղջում, որ Հայաստան է տեղափոխվել: Սեփականությունից զրկվելու փաստից վրդովված է, բայց չի պատրաստվում այդ պատճառով հեռանալ հայրենիքից, այլ մտադիր է պայքարել արդարության վերականգնման համար: Օշին Փիրումյանը որոշել է Եվրադատարան դիմել: Փաստաբան Արթուր Գրիգորյանը պատրաստում է նրա հայցը` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Մեկնաբանություններ (30)
Մեկնաբանել