HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորյունի 23 հասցեի բնակիչների խնդիրը դեռ «ծխում» է

2010 թ. նոյեմբերի 24-ի գիշերը Կորյունի 23 հասցեի սեփական տներում բռնկած հրդեհից տուժած 14 ընտանիքներից առայժմ միայն 7 ընտանիքների հատկացված փոխհատուցմամբ խնդիրն, այնուամենայնիվ, դեռ լիովին լուծված չէ: Այսօր էլ նշված հասցեում նկատելի են փլատակներ, այրված ու վթարային վիճակում գտնվող տներ, որոնց սեփականատերերը սպասում են իրենց բաժին փոխհատուցմանը:

«Հայացք»-ին դիմած Կորյունի 23/32 տան բնակչուհի Մարիետա Սարգսյանի խնդրանքով այցելեցինք նրանց բնակարան, ու թեև այն ջեռուցվում էր, այնուամենայնիվ զգացվում էր խոնավության տհաճ հոտը. դեռևս հարևան տան հրդեհի մարման ժամանակ հրշեջների կողմից օգտագործվող ջուրը վնասել էր իրենց բնակարանի տանիքը, որից ննջասենյակի առաստաղը ճկվել էր: 80 քմ մակերեսով բնակարանի շուրջ 50 քմ մակերեսը վնասված էր:

- Ես հարկադրված տան հետևի կողմից պատ եմ շարել, որ չփլվի, հարևանի տնից ջուրը հոսում է մեր տուն, խոնավությունից չենք կարողանում քնել, Վանի երկրաշարժի արձագանքը զգացինք մեր տանը: Փաստորեն սեյսմիկ գոտում ենք ապրում: Ուր ասես դիմել ենք, շատ ջերմ ու քաղաքավարի ընդունում են, սակայն հետո ասում են, թե ոչնչով չեն կարող օգնել, քանի որ փոխհատուցում տրվում է միայն վերակառուցման, այլ ոչ թե վերանորոգման համար: Մի կերպ վերանորոգել եմ բնակարանս, որ կարողանամ ապրել, ի՞նչ անեմ, տունս հիմնովին քանդեմ, որ նո՞ր փոխհատուցում տան: Ամենուր դիմել եմ, մեկ շաբաթ առաջ նամակ եմ գրել ՀՀ նախագահին, չգիտեմ, թե ով և ինչպես է լուծելու մեր հարցը,- ասում է տիկին Մարիետան:

2011 թ. դեկտեմբերի 8-ին Կորյունի 23/32 տան բնակիչ Ռուդիկ Սաֆարյանին Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՊՈԱԿ-ից տեղեկացվել է, որ «Երևանի քաղաքապետարանում քննարկվում է բռնկված հրդեհի հետևանքով վնասված և միայն վերակառուցման ենթակա գույքերի սեփականատերերին օգնություն տրամադրելու հարցը: Նկատի ունենալով, որ Ձեր տունը ենթակա է վերանորոգման, այլ ոչ թե վերակառուցման, ուստի որպես գույքի սեփականատեր վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացնեք սեփական միջոցներով»:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի փոխանցմամբ՝ նշված հասցեում մասնագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքում փոխհատուցում է տրվելու միայն վերակառուցման համար:

- Բազմիցս հայտարարել ենք, որ մի քանի ընտանիքների 400 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով հատկացված փոխհատուցումը զուտ քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարի կամքի դրսևորումն է: Քաղաքապետի հանձնարարականով առաջիկա օրերին տեղում կկատարվեն ուսումնասիրություններ, գույքագրում, և մասնագիտական եզրակացությունից հետո միայն կտրվի փոխհատուցում,- «Հայացք»-ին փոխանցեց Արթուր Գևորգյանը:

Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Հակոբյանը հաստատեց, որ քաղաքապետարանի կողմից փաստացի գույքի փոխհատուցում է տրվում միայն վերակառուցման նպատակով:

- Սակայն այսօր մեզ հատկացված ցուցակում ավելացել են անուններ, ովքեր, հարևանների տեղեկացմամբ, մինչև հրդեհը այնտեղ չեն ապրել, հետևաբար իրենց վնասված բնակարանը պետք է վերանորոգեն սեփական միջոցներով: Ինչ վերաբերում է Ռուդիկ Սաֆարյանի դիմումին, ապա այն քննարկման փուլում է: Սակայն ինչո՞ւ է կարծում, որ իրեն փոխհատուցում է տրվելու, հանձնաժողովը կորոշի՝ նրանց փոխհատուցում հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք հարցումների միջոցով փորձում ենք ճշտել, թե ովքեր են ապրել նշված բնակարաններում, վճարումներ կատարե՞լ են, թե՞ ոչ, և նոր միայն կկայացվի համապատասխան որոշում:

Ես զարմանում եմ, որ մարդիկ փորձում են թերթի կամ հեռուստատեսության միջոցով ազդել մեզ վրա: Ես եղել եմ Կորյուն 23 հասցեում, սակայն Ռուդիկ Սաֆարյանի բնակարան չեմ այցելել, քանի որ նրա անունը ցուցակում չի եղել, թեև տիկին Մարիետային խոստացել եմ տեսնել իրենց բնակարանը: Սակայն թող բարի լինեին ապահովագրել բնակարանը, որպեսզի փոխհատուցում ստանային, այլապես քաղաքապետարանը պարտավոր չէ նրանց փոխհատուցել,- ասաց Լևոն Հակոբյանը՝ հավելելով, որ կփորձեն Ամանորից առաջ լուծել խնդիրը:

Անուշ Ներսիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter