HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողը դատի է տվել Երեւանի քաղաքապետին

Հունիսի 9-ին ժամը 11:00-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ կլսվի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի հայցը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անգործությունը վիճարկելու մասին: Քաղաքապետի «անգործությունը» դրսեւորվել է լրագրողի տեղեկություն ստանալու իրավունքի սահմանափակմամբ: 

 2003թ. Էդիկ Բաղդասարյանը հոդվածաշար էր պատրաստում Երեւանի Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի տարածքի հանրային այգում կառուցված սրճարանների, դրանց համար հողահատկացումներ կատարելու եւ շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում թույլ տրված ապօրինությունների մասին: Այդ հոդվածներում բացահայտվել էին կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցված սրճարանների իրական տերերը` հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ: Իր ունեցած որոշ տեղեկություններ ճշտելու համար լրագրողը դիմել էր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին` խնդրելով նրան թույլ տալ ծանոթանալ 1997-2003թթ. ընթացքում Օպերայի տարածքի վերաբերյալ Երեւանի քաղաքապետերի կայացրած որոշումներին:

Սակայն քաղաքապետ Երվանդ Զախարյանը անհիմն պատճառաբանություններով մերժել է տրամադրել այդ որոշումները: Քաղաքապետի մերժումը Է. Բաղդասարյանը բողոքարկել էր նրա վերադասին` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Խախտելով օրենքով սահմանված կարգը` Նախագահի աշխատակազմից բողոքն ուղարկվել էր Ե. Զախարյանին` նրան, ում գործողությունները բողոքարկում էր լրագրողը: Սակայն Նախագահի աշախատակազմից ուղարկված գրությունը եւս չազդեց քաղաքապետի վրա, եւ նա թույլ չտվեց լրագրողին ծանոթանալ նախկին քաղաքապետերի որոշումներին, որոնք բաց, հրապարակային փաստաթուղթ են համարվում: 

 «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը` ի դեմս Էդիկ Բաղդասարյանի, ստիպված դիմել է դատարան` հույս ունենալով, որ այն կպարտադրի քաղաքապետ Ե. Զախարյանին կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները: 

 Դրական ելքի դեպքում այս դատական գործը կարող է նախադեպ դառնալ այն լրագրողների համար, ովքեր խուսափում են դատական կարգով պարտավորեցնել պետական պաշտոնյաներին հարգել իրենց տեղեկություն ստանալու իրավունքը: Հետեւաբար նաեւ` կկանխի պաշտոնյաների կողմից տեղեկություն տրամադրելու կամայական մերժումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter