HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Տարածքի համար վիճում են Վանաձորի բնակիչն ու քաղաքապետի խնամին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղաքապետի խնամին ու Վանաձորի բնակիչ Գարիկ Ղազարյանը վիճարկում են քաղաքի կենտրոնական մասում գտնվող 31,2 քառ.մ ոչ բնակելի տարածքը, որը նախկինում պատկանել է «Վանք 91» միավորմանը՝ որպես գրատուն։ 

Ըստ ՀՀ կառավարության թիվ 51 որոշման, 1997թ. պետական ոչ բնակելի տարածքները հանձնվել են համայնքների տնօրինությանը։ Չորս տարի անց ՀՀ կառավարությունը փոփոխության է ենթարկել իր որոշումը։ Թիվ 550 որոշման համաձայն տարածքների նկատմամբ որոշում կայացնելու իրավունքը տրվել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը։ Սակայն Վանաձորի քաղաքապետն առաջնորդվել է կառավարության նախկին որոշմամբ։ 2003 թվականին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման կողմից ձեռք է բերել սեփականության իրավունքի վկայական եւ տարածքը վաճառել իր փեսայի մորը՝ Գայանե Հովհաննիսյանին։ 

Սրանից անտեղյակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 20.01.2004թ. թիվ N94 որոշմամբ, նշված գրատունը մասնավորեցման նպատակով առաջարկել է գրատան աշխատավորական կոլեկտիվին։ Կոլեկտիվի միակ անդամ Գարիկ Ղազարյանը համաձայնել է գնել այն։ 

Փաստորեն, Վանաձորի թիվ 10 գրատունը կրկնակի վաճառվել է մի դեպքում Վանաձորի քաղաքապետարանը, մյուս դեպքում՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը։ Ընդ որում, Գարիկ Ղազարյանն այն գնել է 1 քառ.մ 58 հազար դրամ արժեքով (ընդհանուր արժեքը կազմել է 1 809 000 դրամ), իսկ քաղաքապետի խնամին 3,5 անգամ պակաս արժեքով՝ 16 հազար դրամ (ընդհանուր արժեքը կազմել է 499 200 դրամ)։ Փաստորեն այդ շինությունը վաճառելով Վանաձորի քաղաքապետի խնամուն պետությունը կրել է 1 310 400 դրամի վնաս: 

Գրատան «սեփականատեր» Գարիկ Ղազարյանը դիմել է դատարան: Այժմ գործը Լոռու մարզի տնտեսական դատարանի քննության վարույթում է։ Քաղաքապետարանի ներկայացուցիչներն առարկում են դատական նիստերը տեսագրելու եւ ձայնագրելու հայցվորի ցանկությանը։ Չնայած քաղաքապետարանի թափանցիկ աշխատանքն օրենքի պահանջ է, բայց հրաժարվեցին նաեւ հարցազրույց տալ։ 

Այս ամենը հայցվոր կողմին առիթ է տալիս կասկածի տակ առնելու դատարանի անաչառությունը։ Գարիկ Ղազարյանի պաշտպան, փաստաբան Լիզա Գրիգորյանը կարծում է, որ մարզերում դատարանների կախվածությունն իշխանություններից ավելի ակնհայտ է։ Չի հավատում, որ դատավորներն ի վիճակի են նրանց դեմ վճիռ կայացնել: 

Նշենք, որ մինչ այս, քաղաքապետարանի դեմ հայցով դատարան էր դիմել նաեւ «Վանք 91» միավորման լուծարային հանձնաժողովը, որը եւս պահանջում էր անվավեր ճանաչել քաղաքապետարանի սեփականության իրավունքը գրատան նկատմամբ։ Լոռու մարզի տնտեսական դատարանը 2004 թվականի փետրվարի 16-ի դատական նիստում անհիմն է համարել հայցն ու մերժել այն։ Այժմ դատական ընթացքն անցնում է նույն երկար ճանապարհով։ Հայցվորը դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան։ Վերջինս սկսել է գործի քննությունը։ Մի քանի դատական նիստերից հետո գործն ուղարկվել է տնտեսական դատարան՝ համարելով այն տնտեսական գործունեությանը վերաբերող։ Հայցվորը համաձայն չէ սրան։ Լիզա Գրիգորյանը կարծում է, որ սա էլ ճնշման ձեւ է։ «Տնտեսական դատարանն արդեն այս գործով վճիռ է կայացրել եւ դրան հակասող նոր որոշում չի ընդունի, անգամ, եթե մենք հաղթելու հավանականություն ունենանք»,-նշում է Լ. Գրիգորյանը։ Տնտեսական դատարանը մերժեց հայցվորի բացարկը եւ կշարունակի դատական ընթացքը։ 

Թե՛ առաջին ատյանի դատարանում, եւ թե՛ տնտեսական դատարանում նիստերին մասնակցում է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցապահանջային բաժնի գլխավոր մասնագետ Հրաչ Այվազյանը։ Նա միանշանակ գտնում է, որ վարչությունը ճիշտ է վարվել, եւ տարածքի սեփականատերը պետք է համարվի Գարիկ Ղազարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter