HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Դժվար ճանապարհ

Լճի հայելու անթարթ կապույտում,
Որպես անշարժ հուշ,
Թույլ արտացոլվեց
Դարչնագույն երամը թևավորների:
Գութանը թողած,
գութանի երգում,
գութանի երգով
մի վերջին անգամ
իր ճամփան բռնեց ճամփորդը երկնի:
Հեռու ճանապարհ…
Ինձանից առաջ գնացողներին
Ուզում եմ ասել.
«Գնացեք բարով»,
Ես դեռ չեմ գալի…
Դժվար ճանապարհ ընկնելուց առաջ
շագանակագույն սառն ակոսներում
վերջին ճամփորդը
սերմերն էր սփռում աշնանացանի…

Ժամանակի անպիտանության ու նրա կտրտվածության ցավը յուրաքանչյուրս զգում ու տանում է յուրովի: Յուրովի էլ դրսևորվում է դա՝ գեղանկարով, բանաստեղծությամբ կամ մի այլ կատարմամբ:

Դալիի կտավում պատկերված է ժամանակի կտրտվածությունը՝ անցյալը, ներկան, ապագան: Անցյալում առնական ջահելությունն է, ներկայում իրական ժամանակը նկարչի հուշագրությամբ՝ թավայում հալվող պանրի պես, իսկ ապագայում հոգնած, մեռնող ծերությունը: Հետին պլանում gegnetn է, վայրը՝ անիմաց այն տեղը, ուր չի ուզում գնալ զառամ ու հոգնած մարմինը: Այս ու այն կողմի սահմանը տարանջատված է շագանակագույնով, դա հողն է, որի վրա ապրում է ա՛յսկողմնայինը, իրականը: Փոքրիկ ուղղանկյան մեջ նկարիչը ֆիքսել է մարդու ժամանակն իր ծորուն ձգվածքում ՝ այստեղ ու հիմա:

. . .

Եթե հարցնեն ինձ, թե  այսօր ինչն է շարժում քո հայրենակիցներին, ապա ես անվարան կասեմ՝ շահը: Սա է հայ մարդուն գործողության մղող միակ դրդապատճառը, այդպիսին է ըստ ամենայնի կապիտալի հաստատած կանոնակարգը: Մարդուն հատուկ չափողականությունները՝ խիղճ, սեր, հավատ, կարոտ, ազատություն, խտացան, կծկվեցին ու տեղավորվեցին մեկ՝ փո՛ղի չափողականության մեջ: Մենք կորցրել ենք մեր բազմաչափությունը: Մենք դարձել ենք միաչափ, միարժեք: Տասը հազար... սա է  մարդաչափը, մարդու գինը Հայաստանում այսօր:  

Նիկոլը մտմտում է՝ ըմբոստանանք, թե՝ ոչ:

Չեմ կարծում, թե կարող ենք տասը հազար դրամի սպասելիքով ապրողին ներկայացնել ըմբոստանալու որևէ այլ  հիմնապատճառ:  

Տասը տարի է Սերժ Սարգսյանի ժամանակում ենք: Ինչ փոխվեց մեր մեջ: Տասը տարում փչացանք, բարոյազրկվեցինք, իջանք տասը հազարանոցի մակարդակի:  

Հնարավոր չէ մեկ պարամետր ընկալունակությամբ օժտված ստվերների վերածված մարդկային զանգվածին ընկալելի դարձնել երկրորդ, երրորդ կամ մնացած պարամետրերը: Գրոշի մակարդակի իջեցված ստրուկը կորցրել է ազատ կյանքի պատկերացումը: Միաչափ հարթության վրա ապրողին չի կարող ընկալելի լինել վերևն ու ներքևը, եթե գանք զուտ երկրաչափական մեկնաբանմանը: Արդի միջին եվրոպոիդը էվոլուցվելով հասավ ինքնատիրապետման,ձեռք բերեց կամք, գտավ իր ազատությունը, ձևակերպեց համակեցության կանոնն ու բանաձևը, կարողացավ ձևավորել բազմընկալունակ հումանիտար դաշտ: Սա կատարվեց հավաքականությունների մակարդակով: Էլ չեմ խոսում լուսավորյալների՝ Շտայներ, Յասպերս, Հայդեգեր, Մարսել ու մյուսների մասին, ում ընկալողունակությունը շատ ավելի անգամներ ավելին է, ովքեր ուսմունքներ են ստեղծել, ովքեր սովորեցնում են մեզ: Մենք չենք սովորում, չենք կրթվում, մենք մնացինք անուս, տհաս: Չդարձավ Երևանը ուրբան, չքաղաքակրթվեց:  Մեր կենսակերպն ու ընկալումը մնաց գետտոյի մակարդակի: Եվ ես չեմ կարծում, որ կարելի է խռովություն սպասել քաղաքային տարածքը ողողած անդեմ բիոզանգվածից:        

Անհույս է… Մեռել է երևանյան քաղքենու մեջ իր հեռավոր նախնու, երկիրը երբեմնի բնակեցրած արմենոպիտեկի ազատ ապրելու վայրի բնազդը, բնազդ որպիսին  իսպանացի գեղանկարչինն է, ում ընկալումները սկսվելով այս տեղից ծավալվում են արդեն այնկողմնայինի շրջանակներում, հեռու լեռներում, ուր սկիզբ է առնում մի նոր կյանք, ուր մոտ ու հարազատ է հորիզոնը, տաք ինչպես շագանակագույն հողը ու  դրանում անշտապ հանգչող հևքը ժամանակի …  

11 մարտի 2018 թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter