HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Ալավերդու ավագանին փակում է «դռները» լրագրողների առջեւ

Ալավերդի քաղաքի ավագանին որոշել է սահմանափակել լրագրողների տեղեկեություններ ստանալու իրավունքը։ 2004թ. դեկտեմբերի 1-ին Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի գլխավորությամբ քվեարկության դրվեց ավագանու նիստի նկարահանման թույլտվության հարցը։

Նիստն ի սկզբանե դռնբաց էր։ Օրակարգը հաստատելուց առաջ ավագանու անդամների մեծամասնությունն առաջարկեց արգելել նկարահանումը։ Մասնավորապես, ավագանու անդամ Արամ Մկրտումյանը պատճառաբանեց, թե նիստի ժամանակ չի կարողանում զսպել իր էմոցիաները։ Որպես բազմաթիվ նիստերի ականատես' ավելացնենք, որ այդ էմոցիաները հատկապես բուռն են, եթե դրանք սեփական հետաքրքրություններին՝ նրա ավտոտնակի հարեւանության կամ ընկերներին տրվելիք տարածքներին են առնչվում։

Այդ օրվա նիստին ավագանու 15 անդամներից ներկա էին 8-ը: Նիստը նկարահանելուն, ասել է թե' հրապարակային որոշումներ ընդունելուն դեմ էին ավագանու 4 անդամներ։ Ձեռնպահ էին 2-ը։ Եւս 2-ը, որից մեկը մասնագիտությամբ իրավաբան է, կողմ էր։ Նկարահանումն արգելվեց։

Ավագանու բանավեճերին շարունակեցինք հետեւել առանց տեսախցիկի։ Ալավերդու քաղաքապետը սկսեց նիստը։ Աճուրդային եղանակով պետք է օտարվեր նախկին թիվ 6 մանկապարտեզի 957 քմ մակերեսով շենքը, որի համար սահմանվել էր 1,5 մլն դրամ մեկնարկային գին։ Հանրության կողմից ընտրված մարմինը հանրությունից ծածուկ որոշումներ է կայացնում, հանրությունից ծածուկ օտարում հանրային գույքը ընկեր-բարեկամներին։ «Տղերքից մեկը» արտասահմանից հրահանգ էր տվել «աճուրդ ձեւակերպել ու շենքը տալ իրեն»,- ասաց նիստը նախագահող քաղաքապետը։ Հրահանգ տվողի ինքնությունը չբացահայտվեց։ Այս պարագայում ավագանու անդամները չէին կարող միանշանակ արձագանքել, ու կրքերն ավելի բորբոքվեցին։ Այսպես կոչված քննարկման խայտառակության ականատեսներ չունենալու համար նիստի ընթացքում ավագանու անդամները որոշեցին փոխել վարման կարգը։ Նիստը շարունակվեց դռնփակ լրագրողների եւ քաղաքապետարանի աշխատակազմի համար։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը: Իսկ 20-րդ հոդվածն ավագանուն պարտավորեցնում է պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել ավագանու աշխատանքների մասին։ Միայն առանձին դեպքերում, ավագանու որոշմամբ, նիստը կարող է դռնփակ հայտարարվել (հոդված14)։ Այս դեպքում, սակայն, խիստ վիճելի է, թե տեղական տուրքերի եւ վճարների նոր դրույքաչափեր հաստատելը, վարձակալական հիմունքներով հողամաս հատկացնելու թույլտվություն տալը, ինչպես նաեւ' համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի շենքերը եւ տարածքները աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալն ու դրանց մեկնարկային գները հաստատելը «առանձին դեպքեր են»։

Նիստից հետո տեղեկացանք, որ օտարվող շենքերի համար արվող առեւտուրը ավագանու անդամների միջեւ այդ օրը չի ավարտվել։ Համենայն դեպս, առայժմ չգործող թիվ 6 մանկապարտեզի շենքը աճուրդի չի հանվի։ Ի դեպ, նշենք, որ մանկապարտեզը դեռեւս լուծարված չէ։

Ավագանու դռնփակ նիստեր անելու ցանկությունը ոչ վաղ անցյալի պատմություն ունի։ Նախորդ նիստերից մեկի մանրամասն նկարագրությունը տեղական «Անկյուն +3» հեռուստաընկերության կողմից դուր չէր եկել նիստի մասնակիցներին։

Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը մտադիր է համայնքի ավագանու որոշումը բողոքարկել առաջին ատյանի դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter