HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

«Կոչված էինք այսպես չապրել, բայց դատապարտված ենք ապրել այսպես»

ետահայաց հարցազրույց Հրանտ Մաթեւոսյանի հետ 

Հասարակարգից հասարակարգ անցման շրջանում ո՞րն եք համարում ամենամեծ կորուստը: 

ՈՒրիշ անգամ արտահայտվել եմ եւ բավականին ճշգրիտ բանաձեւ եմ գտել.հայ մարդու համար, իմ հայ մարդու համար, ինձ համար մեծագույն կորուստը իմ իմպերիական կարգավիճակի, ստատուսի կորուստն է: 

Դա վիթխարի կորուստ եմ համարում: 

Մինչեւ որ դարձյալ իմ ձայնը կգտնեմ, նորից իմ բարձր ձայնը գտնեմ, իմ երազները դարձյալ գուրգուրեմ, դարձյալ պահանջատիրությունից արդարությանը ապավինելով խոսեմ, դեռ շատ ժամանակ է անցնելու: 

Պետք է դառնամ համաշխարհային մշակութային իմպերիայի մի մասը, ոնց որ ասենք թե Նարեկացին էր իր ժամանակ, երբ Իրաքից, Պարսկաստանից մինչեւ Ապենիններ, մինչեւ Ատլանտյան օվկիանոս քրիստոնեական մեծ իմպերիայի մարդն էր, քաղաքացին էր, եւ ձայնը հենց Աստծո հետ էր: 

Մինչեւ համաշխարհի դեմոկրատիայի հետ երբեւէ հնարավոր լինի միանալ, եւ իմ էդ կարգավիճակը հավասարվի էն կարգավիճակին, ինչ որ Սովետական երկիրն էր ինձ պարգեւում, շատ ժամանակ կանցնի: Կարծեմ, իմ սերունդը դա չի տեսնի; Իսկ առայժմ երրորդ կարգի ժողովուրդ ենք եւ մի քիչ մեր ձայներով ենք, մի քիչ արդեն մեր ձայներին ենք եկել, մեր վիճակին ենք եկել: 

Ինչպե՞ս մուտք գործեցինք 21-րդ դար: 

Երկիրը, իհարկե, պարտվեց: Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո: Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը: 

Մշակութային պարտություն կար էս երկրի մեջ: Արեւմուտքի մշակույթի առջեւ պարտություն: Էդ պռատ Բանի, մշակույթի պարտությունն էր ազատ խոսքի, ազատ արվեստի առջեւ: Եվ, իհարկե, պետք է դրան հաջորդեր նաեւ երկրի տնտեսության, բանակի, զինական ուժի, մի խոսքով՝ երկրի պարտությունը: Ահա: 

Սպառված մշակույթի երկիրը, այնուամենայնիվ, նոր հազարամյակ խուժում է, մտնում է ձեռնունա՞յն, դատարկ ձեռքերո՞վ, ոչ մի բան չի՞ տանում: 

Տանում է, այնուհանդերձ: Աշխարհին, մարդկությանը, եկող սերունդներին մի բան տանում է: Մի բան կարողացել է քարագրել. դարի մեծագույն մտածողներից մեկին՝ Չարենց է տանում, տանում է Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան: Դուք կասեք հիմա, թե նրանք այնուամենայնիվ 19-րդ դարի ընդերքից են բարձրացել, անցյալի մեծ, թումանյանական շրջանի մեծ մշակույթի իներցիոն շարունակությունն էին, եւ, 19-րդ դարի մշակույթը արձանագրվեց էդ խոշոր երեւույթների գոյությամբ մեր իրականության մեջ: 

Գիտեմ, որ եթե, ահա Չարենցը, Սարյանը, եթե մեր մյուս արժանավոր անունները ելել են թումանյանական ժամանակների ընդերքից, ուրեմն նաեւ եկող ժամանակներում մեր ժամանակների՝ իմ ժամանակների ընդերքից նույնպես կբարձրանան մարդիկ, ովքեր կողմնակի վկայությունը կլինեն իմ ժամանակի եւ նաեւ իրենց ժամանակի պսակը կլինեն: 

Ո՞րն է մեր սերնդի առաքելությունը: 

Լինելության կռիվ է պահանջվում մի սերնդից, որ ստիպված է երես առ երես մենակ նստել դիվանագիտության քոքված գայլերի դեմ. մենակ կանգնել ռազմի արհեստում հմտացած մսագործների առաջ. հարաբերվել առեւտուր անուն մի գործի, ուր խաբելը հաղթանակ եւ խաբվելը անբարո է. նորից սովորել հողի հին լեզուն եւ զրուցել արտի ու այգու հետ, որպես թե կուռքդ եզը չի եղել եւ ծիրանի ծառը քույրդ չի եղել. անկման ու փախուստի ճանապարհին կանգ առնել ոչ դատախազի կանչի վրա-սեփական խղճի. հաղթահարել բռնության, կողոպուտի, անիշխանության, շնության ստրկական ազատությունը եւ իրեն զսպել բարոյականության կապանքով: 

Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիների եւ մեր իսկ քամահրանքից: Հաղթանակը մեր անցյալի եւ ապագայի, եւ համայն մարդկության առջեւ մեր առաքելությունն է: Պարտությունը սուտ եւ անգո մի բան է դարձնելու մեր անցյալը՝ բանաստեղծ վարդապետների զառանցանք: Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սեւ անեծքին է արժանացնելու: Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե եւ կարեկցում են, բայց երբեք՝ հարգում: 

Ամեն մի այսօրը նորոգ երեկն է: 

Ինչու՞ ենք մենք այսքան անհանդուրժող: 

88-ի դեպքերի ժամանակ այստեղ էլ մեզ սպառնացին այսպես՝ մի պարծեցեք ձեր միատարրությամբ. մենք կարող ենք եւ կստեղծենք այլ ժողովուրդներ ձեր իսկ մսից եւ արյունից: Մենք հիմա պետք է հաղթահարենք մեր կուսակցական, անձնական եւ դասային էգոիզմը, կարողանանք վեր լինել ինքներս մեզանից, այլապես հողմերին կտանք մեր ժողովրդի հենց այսօրը, որ կոչվում է հայոց պետականություն: 

Խորհրդարանային բեմի եւ միտինգային հրապարակի յուրաքանչյուր հերոս պարտավոր է հասկանալ, որ մեկ անգամ հերոսանալուց հետո նա այլեւս հիվանդ մարդ է, որ նա փառքի աղի ջուր է խմել, որ նա պարտավոր է լռել ամիսներով, մաքրվել, փառքի աղմուկը թոթափել ականջներից, ծով բազմությունների հիացմունքը սրբել իր աչքերից եւ վերադառնալ իր սթափ վիճակին՝ վերագտնել իր իրական կարողությունների չափը, այլապես իր կործանումը կործանումն է նաեւ ամբողջ բազմությունների: 

Բախտը մեզ ձեռնոց է նետել, եւ փոխանակ տղամարդու պես բարձրացնենք ձեռնոցը՝ երես ենք դարձրել եւ զբաղված ենք բոլորովին այլ բաներով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter