HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավիճակը՝ երևանյան փողոցներում (թարմացվող)

15:16

Ցուցարարների մի խումբ փակել է Կորյուն-Տերյան (դեպի Ազգային գրադարան) եւ Մաշտոց-Տերյան փողոցները: Ավտոմեքենաների վարորդները մեքենաները հորիզոնական կանգնեցում են եւ ազդանշաններով միանում ցուցարարներին: 

15:00

Մի քանի հարյուր երիտասարդների քայլերթը շարունակվում է Երևանի կենտրոնական փողոցներով, այժմ նրանք Խորենացի փողոցում են: Երիտասարդների քայլերթն առաջնորդում են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը: Ցույցի մասնակիցները կոչ են անում անցորդներին միանալ իրենց և գալ երեկոյան 7-ին սպասվող հանրահավաքին:

14:57

Ցուցարարները Արշակունյաց պողոտայից քայլերթով հասան Մաշտոցի պողոտա: Հավաքի մասնակիցներն այժմ Մաշտոցի պողոտայի երկայնքով շաժվում են «Միացե´ք» վանկարկելով եւ 19:00-ին հանրապետության հրապարակում կայանալիք հավաքի մասին իրազեկելով:

14:28

Իրավիճակը Թումանյան-Սարյան խաչմերուկում


Ցուցարարները հետաքրքիր մարտավարություն են ընտրել: Երբ կարմիր բերետավորները հայտնվում են, ցուցարարներն անհետանում են: Իսկ երբ ոստիկանները հեռանում են տարածքից, ցուցարարները շատ արագ հայտնվում եւ փակում են փողոցը:

[gallery id=610]

14:20

Արշակունյաց պողոտայում երթեւկությունը վերականգնվեց, քանի որ տարածք եկան մահակավոր ոստիկաններ, եւ ցուցարարները չցանկացան նրանց հետ բախում ունենալ: Մահակներով ոստիկաններին տեսնելով՝ ցուցարարները ձեռքերը վեր պարզեցին՝ ցույց տալով, որ զինված չեն, եւ իրենց ցույցը խաղաղ է: 

Արշակունյաց պողոտայում հավաքված ցուցարարներին քիչ անց Գարեգին Նժդեհ փողոցից քայլերթով միացան մի խումբ քաղաքացիներ: Նրանք ողջունեցին այստեղ կանգնած ցուցարարներին եւ շարունակեցին երթը՝ փողոցի սկզբնամասը փակելով: Այս պահին մահակներով ոստիկանները շարունակում են փողոցի մայթը փակ պահել՝ ցուցարարներին արգելելով փողոց դուրս գալ:

Արշակունյաց պողոտայով քայլերթ անողներին այնուհետև Տիգրան Մեծ պողոտայից, Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, հարյուրավոր ցուցարարներ միացան: Բազմամարդ երթն արդեն երկկողմանի փակել է ճանապարհը, եւ վարորդներին կոչ են անում միանալ քայլերթին:

13:57

«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի մի խումբ ուսանողներ փակել են «Էրեբունի» բժշկական կենտրոն տանող Տիտոգրադյան փողոցը` միանալով քաղաքացիական անհնազանդության ակցիային: Ինչպես հայտնում է «Հետք»-ի թղթակիցը, վարորդների հորդորներից հետո, որ անընդունելի է հիվանդանոցի ճանապարհը փակելը, նրանք քայլերթով շարժվել են դեպի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ուղղությամբ:


Այվազովսկի փողոցում նրանց հետապնդող մեքենաներից դուրս են եկել անհայտ անձինք եւ ծեծի ենթարկել ցուցարարներին:

13:55

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները փակել են Սարյան-Թումանյան խաչմերուկը։

13:50

Տեւական ժամանակ է՝ ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտայի մի հատվածը: Մասնավորապես, երթևեկությունը միակողմանի դադարեցված է «Սինոփսիս» ընկերության մայթին:  Ցուցարարները ավտոմեքենաներին արգելում են տեղաշարժվել՝ վանկարկելով «միացեք», «հաղթելու ենք»:

Քիչ առաջ ոստիկաններ եկան տարածք, ցուցարանները խտացան, որպեսզի չկարողանան իրենց բերման ենթարկել:  Ճանապարհով անցնող ավտոմեքենաների ձայնային ազդանշանները չեն դադարում:

13:20

«Հետքի» թղթակիցը հայտնեց, որ քիչ առաջ կարմիր բերետավորները բացել են Թումանյան-Սարյան փողոցը, որը ցուցարարները փակել էին աղբամաններով: Այդ ընթացքում բերման են ենթարկել ուսանող Արայիկ Ղարիբյանին: Կարմիր բերետավորների հեռանալուց հետո ցուցարարները դարձյալ փակել են Սարյան փողոցը` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մոտ:

13:15

Երևանի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում ոստիկանության աշխատողները բերման են ենթարկում ցուցարարներին, ովքեր փորձել են փակել նշված խաչմերուկը: 

12:31

Ցուցարարների մի մեծ խումբ այս պահին երթով անցավ Մաշտոցի պողոտայով, այնուհետեւ թեքվեց Ամիրյան, ապա` դեպի Սարյան փողոց: Ազդանշաններով նրանց են ողջունում բազմաթիվ վարորդներ: Անրի Վեռնոյ-Ամիրյան խաչմերուկում ցուցարարներին միացան Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողները` վանկարկելով «դասադուլ»:

12:30

Քիչ առաջ ոստիկանները Մաշտոց-Իսահակյան խաչմերուկից բերման են ենթարկել տասնյակ քաղաքացիների, որոնք Գեղարվեստի ակադեմիայում փորձում էին ակցիա իրականացնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: 

Այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրն է: 

Առաջին լուսանկարում ուսանող Արայիկ Ղարիբյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter