HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Մարզպետի «խաղերը» Ալավերդիում

Ո՞վ է լինելու Ալավերդիի քաղաքապետը

Ալավերդի քաղաքում մայիսի 8-ին համայնքապետի ընտրություններ են։ Քարոզարշավը, ինչպես եւ կանխատեսվում էր, թեժ է։ Ի սկզբանե թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցեց 6 թեկնածու, որոնցից երեքը, որ ACP պղինձ արտադրող ընկերության աշխատողներ են, պաշտպանություն էին ակնկալում Ընկերությունից, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Էլցանց ՓԲԸ «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն Արթուր Նալբանդյանը, ըստ շրջանառվող լուրերի, Լոռու մարզպետ Հ. Քոչինյանից, եւ գործող քաղաքապետ Ս. Օհանյանը՝ իր համախոհներից։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) քարոզարշավի նախօրեին հրավիրեց բոլոր 6 թեկնածուներին եւ խորհուրդ տվեց «մոռանալ այն, ինչ արվել է նախկինում, ու հստակեցնել խաղի կանոնները»։ Դրանք վերաբերում էին բարոյական նորմերին։ Հանձնաժողովն առաջարկեց համատեղ հայտարարության տեքստ ընդունել։ Որոշ խմբագրումներից հետո այն ընդունվեց այսպիսի տեսքով. «...Ուզում ենք արձանագրել, որ յուրաքանչյուր թեկնածու պատասխանատու է ոչ միայն իր համար, այլեւ նախընտրական շտաբների, քարոզիչների եւ անգամ ընտրազանգվածի համար։

Ընտրական օրենսգիրքն իրավաբանորեն կարգավորում է ընտրական գործընթացը, բայց մենք է՛լ ավելի կարեւորում ենք կողմերի բարոյական պահվածքը, էթիկայի նորմերի պահպանումն ու միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը...Հենց այսօրվանից բոլորս պարտավոր ենք կանխել թշնամանքն ու ատելությունը ալավերդցիների միջեւ։ Ի վերջո, մայիսի 8-ից հետո գալու է 9-ը, եւ մենք շարունակելու ենք ապրել կողք-կողքի։ Թիվ 40 ԸԸՀ-ն պարզերես եւ բաց ճակատով հայտարարում է, որ լինելու է խիստ օբյեկտիվ եւ, առաջնություն չտալով որեւէ թեկնածուի, պաշտպանելու է ընտրությունների օրինականությունը...»։

Ապրիլի 19-ին քարոզարշավը սկսվեց։ ACP-ի երեք թեկնածուներից երկուսը չէին ժխտում, որ իրենց թեկնածությունը հանելու են հօգուտ 3-րդի՝ Ռուբեն Պապոյանի։ Հիմնական համարվող 4 թեկնածուները մատնանշում էին իրենց հետեւյալ առավելությունները մյուսների նկատմամբ. «Ունեմ քաղաքական կենսափորձ, հստակ ծրագիր եւ լեգիտիմ եմ ժողովրդի մեջ»,-Է. Շարմազանով, «Ունեմ ընտրվելու լավ շանսեր»,-Ա. Նալբանդյան, «Քաղաքի զարգացման հնարավորությունները կապված են գործարանի ներդրումների հետ»,-Ռ. Պապոյան, «Ալավերդուն պետք է ինձ նման բարի, սրտամոտ, ջերմ քաղաքապետ»,-Ս. Օհանյան։

Ապրիլի 18-ին՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) ձեւավորման օրը, Լոռու մարզկենտրոն Վանաձորից Ալավերդի ժամանեց 10 ավտոմեքենա' Լոռու մարզպետարանի 45 աշխատակիցներով, որոնց գլխավորում էր մարզպետ Հենրիկ Քոչինյանը: ՏԸՀ ալավերդցի անդամները տարակուսեցին անծանոթ մարդկանց բազմությունից։ Վերջիններս ներկայացան որպես ՀՀ նախագահի կողմից առաջադրված ԸԸՀ անդամների ներկայացուցիչներ ու 15 տեղամասային ընտրական հանձնաժողովներում սկսվեց նախագահների, տեղակալների ու քարտուղարների ընտրությունը։ Այն հանձնաժողովներում, որտեղ ներկա էին բոլոր 9 անդամները, գոնե հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ քարտուղարի պարտականությունները ստանձնեցին ալավերդցի անդամները, մյուս դեպքերում ձայների մեծամասնությունն անցավ վանաձորցիների կողմը։

15 հանձնաժողովներից 13-ում ՏԸՀ նախագահներ ընտրվեցին մարզպետարանի կամ դրա ենթակայության հիմնարկների աշխատակիցներ, այդ թվում' մարզպետարանի կրթության, տրանսպորտի, սոցիալական, քաղաքաշինության եւ այլ վարչությունների պետերն ու նրանց տեղակալները։ Վանաձորցիներ էին նաեւ հանձնաժողովների նախագահների 3 տեղակալները։ Քարտուղարների դերի բաշխման հարցում առատաձեռն գտնվեցին ՀՀ նախագահի ներկայացուցիչները. 15 տեղամասից 7-ում քարտուղար ընտրվեցին ՀԺԿ կուսակցության ներկայացուցիչները։

Նույն օրը Լոռու մարզպետը Ալավերդիում խորհրդակցության էր հրավիրել դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին ու կրթության ոլորտի աշխատողներին։ Նա ներկայացրեց մարզպետարանի վերջին 2 ամիսների ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձյան Ալավերդու 3 մանկապարտեզների գործունեությունը գնահատվել էր թերի, իսկ դրանցից մեկինը' անբավարար։ Դպրոցների դեպքում եւս արդյունքները գոհացուցիչ չէին։

Թեեւ խորհրդակցությունը չկապվեց ընտրությունների հետ, բայց ներկաներից ոմանք չեն բացառում, որ դա մատ թափ տալու նման մի բան էր ընտրություններից առաջ։ Մանավանդ որ դրա պրակտիկան Լոռիում արդեն կա։ Նախորդ ընտրություններից առաջ մարզպետը խորհրդակցության էր հրավիրել քաղաքում գործող բոլոր հիմնարկների ղեկավարներին։

Որպես կանոն' Լոռու մարզպետն Ալավերդիի քաղաքապետի ընտրություններում միշտ ունեցել է իր թեկնածուն եւ երբեւէ չի թաքցրել, անգամ եթե դա հակասել է իր կուսակցական շահերին կամ ալավերդցիների ցանկություններին։ Մարզպետի թեկնածուի եզակի պարտությունը Ալավերդիում եղավ 2003թ. ԱԺ պատգամավորի ընտրություններում, երբ զգալի տարբերությամբ մարզպետի եղբորը հաղթեց Համլետ Թամազյանը։ Այդ օրվանից Ալավերդու քաղաքապետն էլ, ալավերդցիներն էլ մարզպետի «աչքից ընկան»։

Վերը նշված խորհրդակցության օրը մեզ տված հարցազրույցում Հ. Քոչինյանը չժխտեց, որ այս անգամ էլ ունի իր թեկնածուն, բայց չշտապեց անուն նշել։ «Ես պրոբլեմ չունեմ, ընտրվող մարդը թող մտածի' կարո՞ղ է ինձ հետ աշխատել, թե՞ ոչ»,-ասաց նա։

Խորհրդակցության հաջորդ օրը թիվ 40 ԸԸՀ-ին թեկնածությունը հանելու մասին դիմում ներկայացրին ACP-ի բոլոր 3 թեկնածուները։

Պայքարի մեջ մնացին երեք թեկնածու։

Ապրիլի 21-ին մարզպետը մամլո ասուլիս հրավիրեց' «դարձյալ ոչ նախընտրական թեմայով»։ Բայց պատասխանեց նաեւ ընտրություններին առնչվող հարցերին։ Տարածքային կառավարման մարմնի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիրքերն ամրապնդելը մարզպետը հիմնավորեց նրանով, թե «ՀՀ նախագահը խնդիր է դրել տեղամասային ընտրական հանձնաժողովներում առաջադրել քաղծառայողներին։ Քանի որ Ալավերդիում քիչ են քաղծառայողները, որոշեցինք Վանաձորից առաջադրել»։ Նշենք, որ վանաձորցի հանձնաժողովականների մեջ կան նաեւ ոչ քաղծառայողներ։ «Թող 45 հոգու մեջ մեկն էլ քաղծառայող չլինի, իմ խորհրդականն է...»,-ասաց Հ. Քոչինյանն ու ավելացրեց, որ պետական համակարգի աշխատողները եւս մտնում են թույլատրելի ցանկի մեջ։ Նշենք, որ Ալավերդիում կան պետական մի շարք հիմնարկություններ, որտեղ աշխատում են քաղծառայողներ: Սակայն մարզպետը կարծում է, որ ինչքան քիչ ալավերդցիներ ընդգրկված լինեն հանձնաժողովներում, այնքան «իրարից նեղանալու մեխանիզմները քիչ կլինեն»։

«Բա դու իմ ընկերն ես, իմ հարեւանն ես, ինչո՞ւ ինձ չես օգնում։ Թե ինչո՞վ կարող է հանձնաժողովի անդամը օգնել, չգիտեմ։ Էս մարդը ընկնում է ծանր վիճակի մեջ,-ասում է մարզպետն ու ավելացնում,- Ալավերդցուն ինչպե՞ս պետք է պատժենք, եթե նա անկարգություն անի, բայց քաղծառայողին կամ պետական համակարգի աշխատողին ականջից կբռնենք ու Դեբեդ գետը կգցենք, պարզապես աշխատանքից կազատենք»։ Ըստ Հ. Քոչինյանի' սա է ընտրությունները իդեալական մաքուր անցկացնելու լավագույն մեխանիզմը, եւ սրանով կարող են բարձրացնել պետության դերն ու հեղինակությունը։ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը ոչ միայն չի ենթադրում քաղծառայողին գետը գցել, այլ 24-րդ հոդվածով արգելում է նրան «կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից» (ՏԸՀ նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոնները վճարովի են)։ Օրենքն արգելում է նաեւ ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների եւ հասարակական շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ' ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական ու կրոնական գործունեություն իրականացնել (ընտրական գործունեությունը կարելի է դիտել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական, քանի որ դրանում ներգրավված են նաեւ քաղաքական կուսակցությունները)։ Օրենքի 25-րդ հոդվածը սահմանափակում է քաղաքացիական ծառայողին հանձնարարություններ տալու իրավունքները։ Մասնավորապես, նրան չեն կարող տրվել այնպիսի գրավոր կամ բանավոր հանձնարարականներ, որոնք հակասում են ՀՀ օրենքներին կամ, եթե դրանք հանձնարարականներ տվողի եւ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են։ Իսկ որպես քաղաքացիական ծառայողին աշխատանքից ազատելու հիմք նշված է քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը եւ նշանակվելը։

Փաստորեն մարզպետի կամ, ինչպես ինքն է ասում, ՀՀ նախագահի հանձնարարականը ե՛ւ կատարելու, ե՛ւ չկատարելու դեպքում քաղծառայողները հայտնվում են աշխատանքից ազատվելու սպառնալիքի տակ։ Առաջին դեպքում նրանց սպառնում են օրենքի արգելքները, երկրորդ դեպքում՝ Լոռու մարզպետն ու «Դեբեդ գետը»։

Հ. Քոչինյանը քաջ գիտի, որ Ալավերդիում շատերը այս կամ այն թեկնածուին չեն ընտրում սոսկ այն պատճառով, որ նա մարզպետի պաշտպանյալն է, դրա համար էլ չի նշում կոնկրետ թեկնածուի անուն։ «Ես գիտեմ, որ ալավերդցիներն անհանգստանում են, թե ինչու ես անուն չեմ տալիս։ Ես ուզում եմ ձեզ պատճառել այդ անհանգստությունը։ Անհանգստացե՛ք»,-ասաց նա։ Փաստորեն, եթե մարզպետն իսկապես հետեւում է ՀՀԿ կուսակցության կարգուկանոնին, ինչպես հայտարարեց ասուլիսի ժամանակ, իր թվացյալ չեզոքությամբ փորձում է իրոք օգտակար լինել Է. Շարմազանովին։ Իսկ եթե իսկապես ճիշտ է, որ նա պաշտպանում է ոչ թե ՀՀԿ թեկնածուին, այլ Ա. Նալբանդյանին, որը ոչ ժխտում, ոչ էլ հաստատում է մարզպետի հովանավորությունը, ապա կարելի է ասել, որ Հ. Քոչինյանին իսկապես ձեռնտու չէ Ալավերդիում ունենալ այնպիսի քաղաքապետ, որն ընտրվելուց հետո հարցերը կլուծի առանց մարզպետի մասնակցության՝ ավելի վերեւների հետ։

«Մի քանի անգամ ալավերդցիները փորձել են ինձ դեմ գնալ ու իրենց քթի վրա զգացել են դեմ գնալու արդյունքը»,-նշեց Լոռու մարզպետն ու ալավերդցիներին խորհուրդ տվեց այս անգամ ե՛ւ անձի, ե՛ւ մարզպետի հետ փոխհարաբերության ընտրություն կատարել՝ ընդգծելով, թե Ալավերդին միշտ տուժել է մարզպետի հետ հակադրվելուց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter