HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիոն համաձայնությո՞ւն, թե՞ կանխամտածված սխեմա. «Արզնի» ջրերի գործարանի նախկին սեփականատերն ընդդեմ «Անելիք բանկ»-ի

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում գտնվող «Արզնի» ջրերի գործարանը գլխացավանք է դարձել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի համար (ռեբրենդինգից հետո վերանվանվել և այժմ կոչվում է IDBank): Բանկի նոր բաժնետերն ակամայից հայտնվել է մի իրավիճակում, որտեղից դուրս գալու հույսը նոր իշխանության և դատական համակարգի անաչառությունն է:

«Արզնի» հանքային ջրերի գործարանի սեփականատեր, գործարար Գևորգ Աֆանդյանը տարբեր մեխանիզմներով փորձել է հնարավորինս շահեկան դիրքերում հայտնվել՝ չնայած «Անելիք բանկ»-ում ունեցած վարկային խոշոր պարտավորություններին: Գևորգ Աֆանդյանը սնանկացած «Սթար» սուպերմարկետների ցանցի, «AG» էլեկտրոնիկայի խանութների ցանցի, «AG պրինտ» տպագրատների ցանցի, Էջմիածնի պահածոների գործարանի, «Cinnabon» և «Segafredo» սրճարանների և մի շարք այլ բիզնեսների սեփականատեր է: Հարցազրույցներից մեկում նա իր բիզնեսի տանիք է որակել բանկերին, որտեղից վարկեր է վերցրել և բիզնեսներ հիմնել: 2012-ին նա իր բիզնեսները հաջողված է գնահատում, սակայն այսօր Աֆանդյանի հետ առնչվող գրեթե բոլոր բիզնեսները, բացառությամբ մի քանիսի, սնանկ են ճանաչվել: Իսկ որոշ ընկերություններ փոխանցել է որդիներին կամ ձևակերպել իր մտերիմների անուններով: Աֆանդյանն այն գործարարն էր, որին փոխառություն էր տվել ԴԱՀԿԾ նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը: Վերջինս Աֆանդյանից` նրա «Բյուրակն» ՍՊ և «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերություններից բռնագանձման հայցերով դիմել էր դատարան: 

Գևորգ Աֆանդյանի գործընկերներ են եղել գործարար Սիլվա Համբարձումյանը՝ «Սիլվի էյջի» ՍՊԸ-ում և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Խաժակ Կարայանը՝ «Ս.Գ.Կ.-Սոֆտ» ՍՊԸ-ում: «Սիլվի էյջի» ՍՊԸ-ն լիցենզիա է ունեցել կապիտալ շինարարական բնագավառում գործունեություն ծավալելու համար: «Ս.Գ.Կ.-Սոֆտ» ՍՊԸ-ն 2012-2013թթ. լիցենզիա է ունեցել Սյունիքի մարզի Բուղաքար գետի միջին և վերին հոսանքի ավազանում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար: Գ. Աֆանդյանը չի թաքցնում իր մտերմությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ:

Նոր բաժնետիրոջ պահանջը՝ մաքրել բանկը կասկածելի գործարքներից

Կենտրոնական բանկի կողմից հայաստանյան բանկերին առաջադրված 30 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ ունենալու պահանջին բավարարելու համար «Անելիք բանկ» ՓԲԸ-ում 2016-ին նոր բաժնետեր հայտնվեց: Ռուսաստանաբնակ Վարդան Դիլանյանը 2016-ին դարձավ բանկի 60 տոկոսի սեփականատեր: Մնացած 40 տոկոսը տակավին լիբանանյան CreditBank S.A.L-ինն է:

Աֆանդյանի հետ գործարքները կատարվել են նախկին բաժնետերերի օրոք, իսկ նոր բաժնետերն այս գործարքների մանրամասներին վերջերս է տեղեկացել, երբ դատարանից ստացել է սնանկության կառավարչի հայցադիմումը՝ 22 մլն դոլար բռնագանձելու պահանջով:

Գևորգ Աֆանդյանը 2010-ին 7 մլն դոլար վարկ է վերցրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ից՝ իր բիզնեսի խումբ հանդիսացող «Բյուրակն» ՍՊԸ-ի համար (պետռեգիստրի տվյալներով «Բյուրակն» ՍՊԸ-ն 2007 թվականից Աֆանդյանին չի պատկանում, սակայն վերջինս չի ժխտում, որ այն իր ընկերություններից մեկն է)՝ գրավադրելով խմբի անդամ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին պատկանող Արզնի հանքային ջրերի գործարանի շենքը՝ շուրջ 14 հազար քմ մետր, հողամասը՝ 2,8 հա, ծածկարանները՝ 1074 քմ, 113 քմ և 92 քմ: Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի` «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն 100 % բաժնեմասով Աֆանդյանի ավագ որդուն է պատկանում՝ Վահե Աֆանդյանին:

Գևորգ Աֆանդյանը, սակայն, չի կարողացել ժամանակին վճարումներ կատարել, և ժամկետանց պարտավորություններ են կուտակվել: Գործարարը բանկին առաջարկել է գնել գրավադրված գույքը, որպեսզի ինքը կարողանա շարունակել գործունեություն ծավալել` դրանով փակել պարտավորությունները: Բանկի լիբանանցի ղեկավարները համաձայնել են:

Բանկը և Գևորգ Աֆանդյանը մի համաձայնագիր են կնքել, որով բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին տրամադրել 2 տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվություն: Նախապատվության իրավունքը չպահպանելու դեպքում բանկը պարտավորվել է տույժ վճարել՝ բռնագանձման արժեքի հնգապատիկի չափով:  Իսկ տույժի գումարը բանկը պարտավորվել է ուղղել Աֆանդյան ընտանիքին պատկանող «Սենթրալ սթեյշն, «Էկոպրինտ» և «Սուփրա» ՍՊԸ-ների՝ բանկի նկատմամբ տվյալ պահին առկա պարտավորությունների մարմանը:

Բանկում նոր բաժնետիրոջ կողմից կանոնադրական կապիտալի համալրման նպատակով այդ ընթացքում աուդիտորական գործընթաց է սկսվում: Վարդան Դիլանյանի աուդիտորները խորհուրդ են տալիս Աֆանդյանին առնչվող գույքը բանկի բալանսից հանել, քանի որ այն խնդրահարույց է եղել: Դա եղել է Վարդան Դիլանյանի՝ բաժնեմասի ձեռք բերման պայմանը:  

Լիբանանցի բաժնետերերը համաձայնել են: Այդ նպատակով 2016 թ. օգոստոսին ստեղծվել է նոր ընկերություն՝ «Տարմակ» ՍՊԸ-ն, որին էլ հոկտեմբեր ամսին վաճառվել է «Արզնի» ջրերի գործարանի գրավադրված գույքը: Իսկ «Տարմակ» ՍՊԸ-ի հիմնադիրը Վիրջինյան Կղզիների օֆշորային գոտում գրանցված՝ «Փրայվիթ ինթերնեյշնլ քոմփանի» Ս.Ա. ընկերությունն է («Private International Company», կարճ՝ «PIC»), որտեղ 33 % բաժնեմաս է տրվել նաև Աֆանդյանի ավագ որդուն: Այս գործարքն այդպիսով համարվել է ավարտված, իսկ բանկի նոր բաժնետերը՝ բավարարված:

Մեկ տարի անց բանկը ստացել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Հակոբ Ասոյանի հայցադիմումը: Կառավարիչը դիմել է դատարան` բանկից հօգուտ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի 22 մլն դոլարին համարժեք դրամ բռնագանձելու պահանջով: Սնանկության կառավարիչը հղում է կատարել հենց այն համաձայնագրին, որով գնման նախապատվության իրավունքը տրվել էր «Բ.Մ.Լ Արզնի»-ին: Այսինքն՝ ըստ սնանկության կառավարչի, բանկը խախտել է այդ համաձայնագիրը, և գրավադրված գույքը, երկու տարին չլրացած` վաճառել է մեկ այլ ընկերության:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա մարտին ամբողջությամբ բավարարել է սնանկության կառավարչի հայցը և բռնագանձման որոշում կայացրել: Բանկը բողոքարկել է այն, քանի որ գտնում է, որ գործարքը Աֆանդյանի համաձայնությամբ է տեղի ունեցել, ավելին՝ նրա որդուն նորաստեղծ ընկերությունում 33% բաժնեմաս է տրվել:

Իսկ մինչ այս ամենը, դատարանը սնանկ է ճանաչել Աֆանդյանի մի խումբ ընկերություններ, այդ թվում՝ «Բյուրակն» ՍՊԸ-ն և «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն: «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի պարտավորությունները շուրջ 13 մլն դոլար են: Եթե բանկից 22 մլն դոլար բռնագանձվի, այդ պարտավորությունները կմարվեն, մնացյալ 9 մլն դոլարը կմնա Աֆանդյանի ընկերությանը: Հետևաբար, դա ձեռնտու տարբերակ է գործարար Գևորգ Աֆանդյանի համար:

22 մլն դոլարը բանկի կանոնադրական կապիտալի շուրջ 35 տոկոսն է: Բանկի նոր բաժնետերը կարծում է, որ այս գործի շրջանակներում կազմակերպված խումբ է ձևավորված, որը սխեմատիկ խարդախությամբ, ամեն գնով ուզում է բանկից բռնագանձել այդ գումարը: Բանկի ներկայացուցիչները Աֆանդյանի հետ հանդիպումից հետո հասկացել են, որ նրա ախորժակը մեծ է, և հաշտության որևէ եզր հնարավոր չէ գտնել:

Բացի դրանից, բանկը գտնում է, որ օրենքից չբխող, անտրամաբանական և բացահայտ անհիմն իրավական հնարքների բանեցմամբ և դատավարական նորմերի խախտմամբ ապահովվել է, որ գործերը քննվեն Կոտայքի մարզի այն նույն դատավորի՝ Տիգրան Փոլադյանի վարույթում, որը քննել է Գ. Աֆանդյանի մի քանի ընկերությունների սնանկության այլ գործեր: Եվ դրանցից ամենախոշորով՝ «Բ.Մ.Լ Արզնի»-ի գործով, դատարանը ցուցաբերել է ՀՀ դատական իշխանության համար աննախադեպ արագություն՝ գործը քննելով 5 ամսվա ընթացքում, 8 դատական նիստերով ավարտելով այն:

«Ապօրինի վճիռ է կայացվել բանկի դեմ, որով բանկից հնարավոր է` հսկայական գումար տանեն»,- ասում է բանկի ներկայացուցիչ Հակոբ Մարտիրոսյանը:  

Հակոբ Մարտիրոսյանը և բանկի իրավաբան Արթուր Մելիքյանն առանձնացրել են ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային նորմերի բազմաթիվ խախտումներ: Վերաքննիչ բողոքում նշվել է ավելի քան 25 նման խախտում, որոնց մեջ, ըստ նրանց, կան այնպիսիք, որոնք խարխլում են օրենքի և օրինականության հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ փաստացի միևնույն անձի հանդես գալը թե´ հայցվորի, թե´ պատասխանողի կողմում, ոչ պատշաճ հայցվորի օգտին կայացրած վճիռը, պայմանագրի աղավաղված և օրենսդրությանը հակասող մեկնաբանություն, որով փորձ է արվել այն հարմարեցնել վճռի տարբեր հատվածների հիմնավորումների և կարիքների համար: Դատական պրոցեսում և վճռի մեջ թույլ տրված աղաղակող խախտումների հիմքով դիմել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով: Դատավոր Տիգրան Փոլադյանը Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է: 

Բանկը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Այս ամենը կատարվել է նախկին իշխանությունների օրոք, և այժմ բանկի նոր բաժնետերն ու ղեկավարությունը հույս ունեն, որ նոր իշխանությունների օրոք դատական համակարգն օբյեկտիվ կգտնվի և գործն անաչառ կքննի:

Հուլիսի 20-ին Վերաքննիչը կհրապարակի որոշումը: Իսկ մինչ այդ, բանկի վարչության նախագահ Ռուբեն Մելիքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչության նախագահը հայտնել է, որ նախկին իշխանությունների օրոք իշխանական ամենավերին օղակների հետ իր կապերով հայտնի, գործարար Գևորգ Աֆանդյանը ծրագրված ոտնձգություն է իրականացնում լիբանանյան և ռուսաստանյան ներդրումներով ստեղծված և գործող իրենց բանկի դեմ: Գևորգ Աֆանդյանի ընկերությունները հայաստանյան բանկերից տարիներ շարունակ ներգրավել են տասնյակ միլիոն դոլարի վարկեր, իսկ վերջին տարիներին գրեթե բոլորը կամ սնանկացել են, կամ հայտնվել սնանկության շեմին:

Ռուբեն Մելիքյանը գրել է, որ 2017թ. հոկտեմբերից, օգտվելով «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի սնանկության փաստից` Գևորգ Աֆանդյանը նախաձեռնել է իրական հարձակում` ուղղված բանկին և դրա բաժնետերերին` միանգամից ներկայացնելով մի քանի դատական հայցեր, որոնցով ընդհանուր պահանջը ավելի քան 35 մլն դոլար է:

«Այն, որ ինչպես նախկինում իր որդիների և այլ ձևական բաժնետերերի ու տնօրենների, այնպես էլ այժմ սնանկության կառավարչի հետևում կանգնած է Գևորգ Աֆանդյանը, հաստատվում է թե´ դատավարության ընթացքում Աֆանդյանի և նրա որդիների տված ցուցմունքներով, և թե´ դատական վճռից հետո մեր ներկայացուցիչների հետ նրա վարած բանակցություններով, որոնց ընթացքում այդ փաստը նա ուղղակիորեն ընդունել է»,- նամակում գրել է վարչության նախագահը:

Բանկը և բանկի բաժնետերերը վստահ են, որ նոր կառավարության ղեկավարությամբ Հայաստանում կոռուպցիան կհաղթահարվի, և արդարությունը կվերականգնվի: Մտավախություն ունեն, սակայն, առ այն, որ երկրում առկա նոր իրողությունները Գևորգ Աֆանդյանի և նրան հովանավորողների արատավոր գործելակերպերի վրա չեն ազդել, և դեռևս ուժի մեջ են ու կենսունակ նրանց նախկին պայմանավորվածությունները, այդ թվում՝ նաև դատական համակարգի հետ հավանական պայմանավորվածությունները: «Այս խնդիրը ժամանակին հասցեագրելը, կարծում ենք, կօգնի կանխել այն էական ռիսկերը, որոնք Գևորգ Աֆանդյանի դատական ագրեսիան կարող է առաջացնել Հայաստանում մեր հետագա գործունեության, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի համար»,- ամփոփում է Ռուբեն Մելիքյանը:

9 մլն դոլարը՝ Աֆանդյանի գրպանում

«Իրենք իրար հետ չեն կարող պայմանագրերը ճիշտ կնքել, Ասոյա՞նն է մեղավոր,- մեզ հետ զրույցում արձագանքեց սնանկության կառավարիչ Հակոբ Ասոյանը,- ես իմ պարտավորությունները կմարեմ բոլոր բանկերի հանդեպ, մնացածը կմնա, կվերադարձնեմ պարտապանին: Թող բանկը սխալ չաներ, չդներ վատ վիճակում»:

Սնանկության կառավարիչը չցանկացավ մանրամասների մեջ խորանալ՝ խորհուրդ տալով դիմել իրենց փաստաբաններին:

Գործարար Գևորգ Աֆանդյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ այս գործարքից ինքը շահեկան վիճակում կհայտնվի: Գործարարը նույնիսկ հաշվարկներ է արել. 22 մլն դոլարից 11-ը կգնա «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտավորությունների մարմանը, 1-2 մլն դոլարը պետության հարկեր, տուրքերն են կազմում, և 9 մլն դոլարը կհայտնվի իր հաշվեհամարին:

Գործի շրջանակներում դատարանում հարցաքննվել են թե´ «Անելիք բանկ»-ի նախկին կառավարիչ Ներսես Կարամանուկյանը, թե´ գործարար Գևորգ Աֆանդյանն ու որդիները: Նրանք չեն հերքել գործարքների եղելությունը: Գևորգ Աֆանդյանը, սակայն, հերքում է իր մասնակցությամբ «Տարմակ» ՍՊԸ-ի ստեղծումը: Նա ընդունում է միայն օֆշորային ընկերության ստեղծումը, որտեղ, սակայն, իր որդուն տրված բաժնեմասը ոչինչ է համարում, քանի որ ոչ մի լիազորություն դրանով իրենց չի տրվել: Գործարանի ղեկավարումը, գործարքները և «Տարմակ» ՍՊԸ-ի ստեղծումը` գումարած 11 մլն դոլարի վարկը՝ կախված օֆշորային «ՓԻՔ»-ի գլխին, ոչ իր համաձայնությամբ է արվել:

«Էս գործարքներից նրանք շատ լուրջ թիվ են կորցնելու՝ այսօր, վաղը, մյուս օրը, թե երբ, չգիտեմ, իրենց բանկը շատ փնթի վիճակում է, իրենց մենեջմենթը, իրենց վարկային փաթեթները: Իմ համար հեչ դժվար չի նստեմ, իրենց վարկային փաթեթների վրա աշխատեմ, մի գործ բացեմ: Էստեղ լիքը թեմա կա… ես իմ փողը ստանալու եմ՝ կոպեկ-կոպեկ…»,- ասում է Գևորգ Աֆանդյանը:

Նա ևս պատրաստ է բողոքարկելու Վերաքննիչի որոշումը, եթե այն իր օգտին չկայացվի: Չնայած հայցվորը սնանկության կառավարիչն է, բայց գործարարն այս ամենի մասին խոսելիս մոռանում է այդ փաստը և իրեն է հիմնական կողմ դիտարկում: 

«Բիզնես խլելու փորձերը Եվրադատարանի կողմից, չգիտեմ՝ տեղյակ եք, թե չէ, շատ արագ պետության ճակատին շրխկցնելու են: Սա բիզնես խլելու կլասիկ գործ է»,- ասում է նա:

Լիբանանյան ղեկավարության տարիներին առնչվող որոշ հարցերի պարզաբանման համար դիմեցինք Լիբանանյան «Կրեդիտ Բանկ» Ս.Ա.Լ.-ում որպես օտարերկրյա մասնաճյուղերի համակարգման ղեկավար, «Անելիք բանկի» խորհրդի անդամ Մազեն Ա. Շեհայեբին:  

Վերջինս պատմում է, որ դեռևս 2010-ին, բանկի նախկին բաժնետերերը և ղեկավարությունը, այնուհետև՝ Ճզմաչյան ընտանիքի ներկայացուցիչները, Գևորգ Աֆանդյանին ներկայացրել են «Creditbank»-ին որպես Հայաստանի ամենահաջողված օլիգարխ և գործարար, ով բազմաթիվ ընկերություններ ունի, այդ թվում՝ «Սթար դիվայդ» ՍՊԸ-ն, «Ինտերստրատոս» ՍՊԸ-ն, «Բյուրակն» ՍՊԸ-ն, «Արզնի գրուպ» ՍՊԸ-ն, «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն, «Էկո պրինտ» ՍՊԸ-ն, «Ե-պրինտ» ՍՊԸ-ն, «Վի ընդ էյ տուր» ՍՊԸ-ն և այլն, և տարբեր բիզնեսներ է վարում՝ ներառյալ տպագրական, սուպերմարկետ, շշալցում և խմիչքներ:

«Բայց նախկին ղեկավարությունը CreditBank-ին չէր բացահայտել, որ Գևորգ Աֆանդյանի ընկերությունները տասնյակ միլիոնավոր դոլարների փոխառություններ են վերցրել հայաստանյան բանկերից, և նա Հայաստանում ամենախոշոր վարկառուներից է, իսկ նրա ընկերություններից մի քանիսն արդեն սնանկության եզրին էին: Ներկայացվածի վրա հիմնվելով՝ Բանկը վարկ տրամադրեց «Բյուրակն» ՍՊԸ-ին, որը ներկայացվել էր Ճզմաչյան ընտանիքի կողմից որպես Աֆանդյանի ընկերությունների խմբի անդամ՝ վերահսկվող Գ. Աֆանդյանի կողմից»,- պատմում է Մազեն Ա. Շեհայեբը:

Մազեն Ա. Շեհայեբ առանձնացնում է մի քանի փաստարկներ, որով հիմնավորում է բանկի իրավացիությունն այս վեճում: Մասնավորապես՝  

-նախապատվության իրավունքի ամրագրումը, որը թվագրված է 2015թ. մարտի 4-ով, երբևէ չի ստացել նոտարական վավերացում նոտարով և դրանից բխող իրավունքները և սահմանափակումները չեն գրանցվել,

-նախապատվության իրավունքի ամրագրումը հաստատված չի եղել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի վարչության  կողմից, ի տարբերություն ձեռք բերման համաձայնագրի, ոչ էլ վավերացվել էր CreditBank-ի խորհրդի կողմից,  

-արտադատական բռնագանձման գործընթացքը մեկնարկել է 2015թ. մարտի 17-ին,

-բռնագանձվող գույքերի (անշարժ գույյք եւ երկու հոսքագիծ) նկատմամբ սեփականությունը փոխանցվել է բանկին 4,434,907,9 մլն դոլարի դիմաց, ընդ որում՝ անշարժ գույքը Գևորգ Աֆանդյանը ձեռք էր բերել 2001-ին ընդամենը 30 հազար դոլարով (10 մլն դրամ),

-2016թ. հունիսի 22-ին «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն սնանկ ճանաչվեց,

-2016թ. հոկտեմբերին գույքերը փոխացնվեցին «Տարմակ» ՍՊԸ-ին, այն ժամանակ, երբ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն չուներ ոչ իրավական, ոչ էլ ֆինանսական կարողություններ հետ գնելու բռնագանձված գույքերը,

-և Գևորգ Աֆանդյանը համաձայնել է հաստատել գույքերի փոխանցումը հետևյալ 4 պայմաններով.

1. Անհատույց հետ ստանալ գույքի 1/3-ը՝ տիրապետելով գույքի սեփականատեր նոր ընկերությունում բաժնեմասի 1/3-ը,

2. որ իր ընկերությունները շարունակեն օգտագործել գույքերը ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության համար,

3.որ ինքը 380 հազար դոլարի չափով բաժին ստանա բանկից, որը գույքին առչնվող հարկերի վերադարձի 50 տոկոսը կկազմի,

4. և որ ինքը կստանա լրացուցիչ 500 հազար դոլար CreditBank-ից:

«Տարմակ» ՍՊԸ-ին հանձնված Արզնիի հանքային ջրերի գործարանը 2017 թվականի սեպտեմբերից չի աշխատում: «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի գույքը դրված է աճուրդի, և աճուրդները տեղի չեն ունենում հայտ չլինելու պատճառով: Իսկ հայաստանյան դատարաններում 5 գործ է մուտք արված Գևորգ Աֆանդյանի նախաձեռնությամբ՝ ընդդեմ «Անելիք բանկ»-ի: