HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Ծննդկանի մահվան համար ոչ ոք կալանավայր չգնաց

Վերջին 10 տարում Ալավերդի քաղաքի ծննդատանը գրանցվել է մայրական մահվան 5 դեպք, իսկ 2000-2005թթ.' մեռելածնության եւ նորածինների մահացության 37 դեպք:

2005 թվականի մարտի 3-ին ծննդատանը գրանցվեց մայրական մահվան եւս մեկ դեպք։ Անհասկանալի հանգամանքներում, կեսարյան վիրահատության ընթացքում մահացավ Ալավերդու բնակիչ, 39-ամյա Գոհար Մուրադյանը։ Մահվան պատճառներն անհասկանալի է համարել Վանաձորից հրավիրված պատանատոմ Ալեքսանդր Պառավյանը։ Նա հրաժարվել է դիահերձել, եւ դեպքի մասին տեղյակ է պահել դատախազությանը։ Կանչվել է դատաբժշկական փորձագետ։

Մինչ դատախազությունը կսկսեր նախաքննությունը, ծննդատան բժիշկներն արել են իրենց եզրակացությունը' Գ. Մուրադյանը մահացել է ոչ նորմալ անզգայացման հետեւանքով։ Սա նախաքննության արդյունքում դարձավ Լոռու մարզի դատախազության մեղադրական եզրակացություն, որն ընդունեց նաեւ առաջին ատյանի դատարանը. Ալավերդու ծննդատան եւ հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովիկ Ավետիսյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները՝ դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել։ Սահմանվեց մեկուկես տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում այլ հանցագործություն չկատարելու դեպքում պայմանական ազատազրկման ժամկետը կկրճատվի։

Դատարանն ամբաստանյալին չզրկեց նաեւ պաշտոններ զբաղեցնելու եւ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Քանի որ դեպքից անմիջապես հետո Ալավերդու ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանը Հ. Ավետիսյանին ազատել էր աշխատանքից, այժմ նա իր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի աշխատանքը կշարունակի միայն Ալավերդու հիվանդանոցում։

Դեպքի նախապատմությունը հետեւյալն է. Գ. Մուրադյանն ու Հ. Շավինյանն ունեին 2 դուստր։ Վերջին ծննդաբերությունից 15 տարի անց նրանք որոշել են արու զավակ ունենալ։ 2004թ. Ալավերդու ծննդատանը Գոհարի արու զավակը մահացած է ծնվել։ Դրանից հետո բժիշկները հավաստիացրել են, որ կնոջ առողջությունը բավարար է, եւ նա ի վիճակի է կրկին ծննդաբերել։ Սակայն ներքին մտավախությունը Գոհարին ստիպել է կարծել, թե հաջող ծննդաբերություն հնարավոր է միայն կեսարյան հատումով։ Հղիության 9 ամիսների ընթացքում Ալավերդու ծննդատանը, մեկ անգամ նաեւ Վանաձորում, բժիշկներն արձանագրել են հղիության առողջ ընթացք։ Սակայն դա չի փարատել Գոհար Մուրադյանի անհանգստությունը բնականոն ճանապարհով ծննդաբերելու նկատմամբ։ Մարտի 3-ին' վերջին բուժհետազոտության օրը, Ալավերդու ծննդատան տնօրեն, բժիշկ Ամալյա Ազատյանը նշանակել է վիրահատության օրը՝ մարտի 9-ը։ Սակայն նույն գիշերը կնոջ մոտ վաղաժամ ի հայտ են եկել նախածննդաբերական նշաններ, եւ նա տեղափոխվել է ծննդատուն։ Չնայած Գոհար Մուրադյանը կարող էր ինքնուրույն ծննդաբերել (այդ մասին նշված է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ), սակայն նրա ցանկությամբ, սկսվել է վիրահատությունը։ 20 րոպե անց հայրը ստացել է բարի լուրը. ծնվել էր նրա 3-րդ երեխան' արու զավակ։ Մի քանի րոպե անց ծննդատան աշխատակիցները ծանուցել են բժիշկների պահանջը՝ ծննդատուն հասցնել եւս մեկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Վերջինիս ժամանումից մի քանի րոպե անց Գոհար Մուրադյանը մահացել է։

Դեպքին արձագանքեց նաեւ հասարակությունը։ «Մեր բժիշկներն անտարբեր են, անվստահելի ու մասնագիտական ցածր մակարդակ ունեն»,-ասում էր մեր կողմից հարցվածների հիմնական մասը: Ալավերդցիները անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովիկ Ավետիսյանին համարում են «քավության նոխազ», որը պատասխանատվություն կկրի նաեւ գինեկոլոգ-բժիշկների սխալների համար։

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հուլիսի 19-ին սկսեց գործի դատաքննությունը։ Մեղադրանքի համար հիմք ընդունվեցին վիրահատության պատմության, դատաբժշկական փորձագետի, դատահյուսվածքաբանական ախտորոշման, հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունները։ Ըստ դրանց' անեսթեզիոլոգը պատշաճ չի գնահատել ծննդկանի նախավիրահատական վիճակը, չի կիրառել անզգայացման ավելի արդյունավետ մեթոդներ (ինտուբացիա), քան դիմակային եղանակն է։ Դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովում ընդգրկված 6 անդամները եզրակացրել են. «Ամենայն հավանականությամբ, այս թերությունները բերել են թթվածնային քաղցի եւ մահվան»։ Դատաբժշկության Լոռու մարզային բաժնի փորձագետ Արթուր Անտոնյանը, որն իրականացրել է դիակի առաջնային զննում եւ տվել առաջին փորձագիտական եզրակացությունը, միանշանակ գրել է, որ «Գ. Մուրադյանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել սուր թթվածնային քաղցը, որը հետեւանք է 39 շաբաթական հղիության կեսարյան վիրահատության ընթացքում կատարված դիմակային անզգայացման»։ Փորձագետը նշել է նաեւ, որ «հիվանդը կենդանության օրոք տառապել է խրոնիկական ինտերստիցիալ թոքաբորբով, շճային միոմետրիտով եւ թույլ արտահայտված այլ հիվանդություններով, որոնք մահվան անմիջական պատճառ չեն հանդիսացել»։ Դատաքննության ընթացքում փորձագետը համաձայնեց այն վարկածին, որ նշված հիվանդությունները կարող էին նպաստել թթվածնային քաղցի առաջացմանն ու հիվանդի մահվանը, «սակայն' ո՛չ այս դեպքում»,-պատասխանեց ամբաստանյալի պաշտպան Կարինե Գասպարյանի հարցին։

Պատասխանող կողմի մոտ կասկած հարուցեց նաեւ Ա. Անտոնյանի այն հիմնավորումը, թե կնոջ արգանդն ամբողջությամբ, ինչպես նաեւ ընկերքը, փորձաքննության համար չեն ուսումնասիրվել, «քանի որ նպատակահարմար չի համարել»։ Պաշտպանական կողմը ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ հյուսվածքաբանական ախտորոշման մեջ արձանագրվել է դիակի ներքին օրգանների տարածուն սակավարյունություն (սա չի բացառում հիվանդի արյունահոսության վարկածը), որը, սակայն, հաշվի չի առնվել դատաբժշկական փորձաքննության ժամանակ։

Դատական նիստերի ընթացքում տուժողի ամուսինը՝ Հովիկ Շավինյանը, դատարանին մի քանի անգամ հայտնել է իր կարծիքը. «Գուցե մեղավոր է անեսթեզիոլոգ Հովիկ Ավետիսյանը, բայց միայն նա չպիտի պատասխանատվություն կրի։ Համոզված եմ, որ նրա հետ մեղադրյալի աթոռին պիտի նստեն բոլոր այն բժիշկները, ովքեր մասնակցել են վիրահատությանը, այդ թվում նաեւ տնօրեն Ա. Ազատյանը»։ Դատավորը հիշեցրեց, որ առաջադրված մեղադրանք չկա գինեկոլոգների նկատմամբ։ Մեղադրանքը փոխելու համար տուժողը պետք է դիմի դատախազություն։ Ըստ ամբաստանյալի եւ նրա պաշտպանի' կան բազմաթիվ հիմնավորումներ, որոնք չեն բացառում նաեւ բժիշկ-գինեկոլոգների մեղքը։ Մասնավորապես, վիրահատության մասնակից, գինեկոլոգ Լորա Սարգսյանը փոխել էր վիրահատության պատմության թերթիկներից մեկը, որտեղ նախկինում եղել է անեսթեզիոլոգի ստորագրությունը։ Փոխված թերթիկում այն բացակայում էր։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ դա կատարվել է միտումնավոր՝ էական մանրամասներ թաքցնելու համար։ Ծննդատան աշխատակիցները նշեցին, որ այն փոխվել է ջնջումների պատճառով եւ «հարկ չեն համարել փոխված թերթիկում ստանալ անեսթեզիոլոգի ստորագրությունը, քանի որ նա, որպես կանոն, չի ստորագրում վիրահատությունների թերթիկները»։ «Այս դեպքում ստորագրել էի, քանի որ համոզված էի, որ դեպքը վիճահարույց է»,-ասաց Հ. Ավետիսյանը։

Գինեկոլոգների գործողությունները պաշտպանելու տեսանկյունից դատարանին ցուցմունք տվեց նաեւ դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի անդամ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկագիտության դոկտոր-պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը։

Փորձագիտական հանձնաժողովի անդամ, բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Գագիկ Մխոյանի տեսակետները հակասում էին նախորդ փորձագետների տեսակետներին։ Նա բավարար գնահատեց Հ. Ավետիսյանի գործողությունները վիրահատության ընթացքում' այս ամենը համարելով բժիշկների միջեւ անհամաձայնության ու թշնամանքի արդյունք։ «Պարզապես, Հովիկ Ավետիսյանի փոխարեն, անզգայացման համար ծննդատանն առկա պայմաններում, երբ վերահսկիչ մոնիտորներ չկան, ես կհրաժարվեի մասնակցել վիրահատությանը,-ասաց Գ. Մխոյանը։-Կարծում եք սա վերջի՞ն դեպքն է, չէ՛, այստեղ էլի են կրկնվելու նմանատիպ դեպքերը»։

Գ. Մխոյանի հետ համաձայն չեն ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանն ու նրա գինեկոլոգ գործընկերները։ Նրանք ասում են, որ ծննդատան հագեցվածությունը սարքավորումներով ու դեղորայքով անհամեմատելի է մարզի, նույնիսկ հանրապետության մի շարք բուժհաստատությունների հետ, չնայած Ալավերդու երկու անեսթեզիոլոգներն էլ ժխտում են թթվածնի ներհոսքը վերահսկող սարքի առկայությունը։ «Գոհար Մուրադյանի վիրահատության ժամանակ ես առաջին անգամ տեսա այդ սարքը։ Գինեկոլոգները փորձեցին միացնել այն, բայց այդպես էլ չաշխատեց։ Մենք վիրահատությունը սկսեցինք ավանդական եղանակով, օգտագործեցինք սրտագրման սարքը,-ասաց Հովիկ Ավետիսյանը։-Դրանք ուրիշներին ցույց տալու ու զարմացնելու համար են։ Մենք երբեւէ դրանցով չենք աշխատել»։

Դատաքննության ժամանակ այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ «հագեցած սարքավորումներն» ինչու չպարզեցին հղի կնոջ վիճակի վատացման իրական ժամանակը։ Գինեկոլոգները նշում էին, որ վիրահատության սկզբում' արգանդը բացելու ժամանակ, արդեն նկատել են հիվանդի արյան մուգ, անկենդան գույնը։ Այսինքն' թթվածնի մուտքը թոքեր ի սկզբանե նորմալ չի եղել։ Բժիշկները զգուշացրել են անեսթեզիոլոգին։ Վերջինս հանգստացրել է նրանց եւ ցուցում տվել շարունակել վիրահատությունը։ Մինչդեռ ամբաստանյալը պնդում էր, որ հիվանդի վիճակը վատացել է երեխայի ծնվելուց հետո՝ արգանդի ամբողջականության վերականգնման ժամանակ (այսինքն՝ գինեկոլոգիական սխալ գործողությունների հետեւանքով)։ Այս մասին նշված էր նաեւ դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ. «Արգանդի ամբողջականության վերականգնման ժամանակ իր վրա ուշադրություն հրավիրեց արյան կորստի փոքր քանակը եւ մուգ գույնը։ Նախազգուշացվեց անեսթեզիոլոգը»։ Սա փորձագիտական եզրակացության մեջ անեսթեզիոլոգին զգուշացնելու մասին առաջին եւ միակ նշումն է։ Ընդ որում' վիրահատության պատմության մեջ արձանագրված է, որ երեխան ճիչով է ծնվել։ «Մահացած մորից ճիչով երեխա չէր ծնվի»,-հարցաքննության ընթացքում չժխտեցին գինեկոլոգները։

Սարքավորումներով առավել աղքատ է Ալավերդու հիվանդանոցը։ Շուրջ մեկ ամիս, դատավարության ամբողջ ընթացքում, ամբաստանյալի միակ անեսթեզիոլոգ գործընկերը՝ Լեւոն Միքայելյանը, հրաժարվում էր մասնակցել վիրահատություններին։ Նույնիսկ աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել։ Հիվանդանոցի 5 վիրաբույժները պարապ էին։ «Վերջին 20 օրում Ալավերդու հիվանդանոցում ընդամենը երկու կույր աղիքի վիրահատություն է կատարվել»,-ասում է հիվանդանոցի տնօրեն Համլետ Շահինյանը։ Նա Լ. Միքայելյանի պահանջով դատավարության ավարտից հետո ձեռք է բերել «ֆենտանիլ» կոչվող անզգայացման համար նախատեսված դեղամիջոցը, որը հեշտացնում է բժիշկների աշխատանքը ծանր վիրահատությունների ժամանակ։ Չնայած բժիշկները հավաստում են նաեւ, որ Ալավերդու հիվանդանոցում կույր աղիքի ու ճողվածքի վիրահատությունից այն կողմ գործը չի հասնում։

Ալավերդու ծննդատանը եւս զգալի պակասել է ծննդաբերությունների ու վիրահատությունների թիվը։ Մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը Ալավերդու ծննդատանը լույս աշխարհ է եկել 288 երեխա։ Անցյալ տարի այդ թիվը 17-ով ավելի էր։ Նույն ժամանակահատվածում Ալավերդու ՔԱԿԳ-ում գրանցվել է 370 ծնունդ։ Փաստորեն, անցած 9 ամիսներին մոտավորապես 82 մայր նախընտրել է ծննդաբերել մարզկենտրոնի, մայրաքաղաքի, Նոյեմբերյանի, Ախթալայի ու այլ ծննդատներում։ Այս թիվը կարող է ավելին լինել, քանի որ այլ քաղաքներում ծննդաբերած կանանց մի մասը ծնունդը գրանցում է տվյալ քաղաքում։

Ալավերդու ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանը բնակչության անվստահությունը կապում է դատական պրոցեսի հետ ու ներկայացնում թվեր, ըստ որոնց այս տարվա առաջին վեց ամիսներին Վանաձորում ծննդաբերել է 9, Դսեղում՝ 19, Ախթալայում՝ 19, Նոյեմբերյանում՝ 20, Ստեփանավանում՝ 2, Երեւանում՝ 5, Մասիսում՝ 1, Արմավիրում՝ եւս 1 ալավերդցի։ Ամալյա Ազատյանը տեղեկացրեց նաեւ, որ երբեմն այլ քաղաքներ են տեղափոխվում նաեւ ծննդատանը հաշվառված հղիները։ Անցած 9 ամիսներին նրանցից չորսը ծննդաբերել են Վանաձորում, չորսը՝ Նոյեմբերյանում, մեկը մեկնել է Ռուսաստան, իսկ 3-ը' իրենց ուղեգրով տեղափոխվել Երեւան։ Ալավերդցիները նշում են, որ այս անվստահությունը 5 եւ ավելի տարիների պատմություն ունի, երբ Ալավերդուց հեռացել են 10-ից ավելի բժիշկներ։ Ալավերդու փողոցներում մեր կողմից հարցվածների հիմնական մասն իր կամ իր հարազատի առողջության համար դիմում է մարզկենտրոնի կամ մայրաքաղաքի բուժհաստատություններ։

Ծննդատան տնօրենը չի ժխտում, որ մարդիկ քիչ են վստահում իրենց։ «Անցյալ տարի ունեցել ենք 36 գինեկոլոգիական վիրահատություն, այս տարի՝ ընդամենը երկու։ Դատական պրոցեսը բացասաբար անդրադարձավ մեր վարկանիշի վրա։ Չնայած գինեկոլոգներս մեղք չունեինք, սակայն մարդիկ վախով են մտնում ծննդատուն»,-ասում է Ա. Ազատյանը։

Ալավերդիում գործում է «Առողջ ընտանիք» ՍՊԸ-ն, որը լիցենզավորված կազմակերպություն է եւ զբաղվում է գինեկոլոգիական բժշկությամբ։ ՍՊԸ-ն Ալավերդիում ծննդատան միակ մրցակիցն է (ծննդաբերություն կամ վիրահատություն իրականացնելու հնարավորություն այստեղ չկա)։ Ընկերության տնօրեն Սամվել Միկոյանը քաղաքացիների անվստահությունը Ալավերդու ծննդատան նկատմամբ քիչ է կապում դատական գործի հետ։ «Իմ մեկ տարվա գործունեության ընթացքում 300-400 քաղաքացի է ինձ դիմել։ Իմ հաշվարկներով' ալավերդցի հղիների 50-60 տոկոսը այլ քաղաքներում է ծննդաբերում։ Անցած տարի 15-20 հղի եմ ունեցել։ Նրանցից միայն 2-ն են Ալավերդիում ծննդաբերել, այն էլ' անհաջող ելքով։ Երեկ նույնպես ինձ մոտ հաշվառված հղին ծննդաբերելու համար մեկնեց Վանաձոր»,-ասում է Ս. Միկոյանը։

Ս. Միկոյանի կարծիքով' Ալավերդու բուժհաստատությունների նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռ երկար կշարունակվի, եթե բժիշկները շարունակեն գործել ոչ թե առողջ մրցակցության, այլ թշնամության սկզբունքով։ Համերաշխության, սովորելու եւ երիտասարդ մասնագետներին աջակցելու ավանդույթ Ալավերդիում դեռ չկա։

Ալավերդու բուժհաստատությունների հարաբերական անդորրը մտահոգում է նաեւ ՀԺԿ կանանց աջակցության կենտրոնին, որը պատրաստվում է բողոքի ակցիայի՝ հանուն իմ ու համաքաղաքացիներիս առողջության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter