HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

«Ես ուզում եմ առողջ թոռնիկներ ունենալ»

Ալավերդու Սանահին թաղամասի բնակչուհի 21-ամյա Սիրամարգ Մխիթարյանի վեցուկես ամսվա հղիությունը հոկտեմբերին քաղաքի ծննդատանն արհեստականորեն ընդհատվեց։ Գերձայնային հետազոտության ապարատը պարզել էր, որ նրա երեխան կրում է կյանքի հետ անհամատեղելի արատ. բացակայում էր երեխայի ուղեղի հատվածը։

Ալավերդու ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանը նշում է, որ սա արհեստական պարտադրված ծննդալուծման այս տարվա 3-րդ դեպքն է։ Հայտնաբերվել են անենցեֆալիա (բացակայում է ուղեղի հատվածը), հիդրոցեֆալիա (ուղեղի թաղանթներում ջուր է կուտակվում), ողնուղեղի ճողվածք, որոնք ծանր արատներ են եւ անբուժելի։ Սրանք ծննդատանը գրանցվել են որպես մեռելածնության դեպքեր։ «Եւս մեկ դեպքում երեխայի արատի պատճառով կինը վիժել է առանց միջամտության»,-ասում է Ա. Ազատյանը։

Ծննդատանը գրանցվել է երեխայի մահվան 3 դեպք, որոնցից 2-ը եւս, ըստ ծննդատան տնօրենի, մահացել են ծանր արատների հետեւանքով։ Երկու արատավոր երեխա դուրս է գրվել ծննդատնից՝ որպես կենսունակ։

2004թ. Ալավերդու ծննդատանը գրանցվել էր արատավոր 7 երեխա, որոնցից 4-ն են համարվել կենսունակ։ Այս տարվա 7 դեպքը, փաստորեն, գրանցվել է անցած 9 ամիսներին։ Ընդ որում' կենսունակ են համարվել 2-ը։ Նրանցից մեկի գլխին կից գոյացել էր ջրագունդ։ «Հիշեցնում էր եւս մեկ գլուխ»,-ասում են գինեկոլոգները։

Վերջին 5 տարիներին ընդհանուր առմամբ Ալավերդու ծննդատունը գրանցել է արատների 37 դեպք։ Ա. Ազատյանը համոզված է, որ դրանց թիվը Ալավերդիում աճման միտում ունի։ «Չեմ խոսում փոքր արատների մասին, որոնք միշտ էլ գրանցվում են։ Այս տարի զգալի է կյանքի հետ անհամատեղելի արատների թվի աճը»,-ասում է նա ու նշում, որ Ալավերդուց ներկայացված տվյալները միշտ զարմանք են առաջացնում ՀՀ առողջապահության նախարարությունում. «Նախարարությունում էլ համոզված են, որ մեզ մոտ ավելին են, քան այլ բնակավայրերում, սակայն այս տարի անհամեմատ ավելացել է արատների թիվը»։ Ա. Ազատյանը հավաստում է, որ գնալով փոխվում է նաեւ արատների որակը։ Վերը նշված հիվանդություններն առաջացնում են տարբեր աստիճանի մտավոր կամ ֆիզիկական թերզարգացածություն։ Ծնվելու դեպքում երեխաները կարող են շատ կարճ ապրել կամ ամբողջ կյանքի ընթացքում չեն քայլում։

Ա. Ազատյանը նշում է, որ այս արատներն առաջանում են, եթե ամուսիններից մեկը թմրամոլ է կամ չարաշահում է ալկոհոլը, եթե կինը հղիության առաջին կեսում հիվանդացել է գրիպով, սթրեսների, ժառանգականության ու սոցիալական պայմանների, ինչպես նաեւ' սննդում թունաքիմիկատների առկայության հետեւանքով։ «Պատճառներից մեկն էլ էկոլոգիան է։ Մեզ մոտ չի բացառվում նաեւ դրա ազդեցությունը»,-ասում է ծննդատան տնօրենը։

Սիրամարգ Մխիթարյանն ամուսնու եւ նրա ծնողների հետ ապրում է քաղաքի Սանահին գյուղական թաղամասում։ Զբաղվում են մանր բիզնեսով (փայտամշակմամբ), մեղվաբուծությամբ, հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Սոցիալական պայմաններից չեն դժգոհում։ Ամուսինը երբեւէ թմրանյութ չի օգտագործել։ Սթրեսների առիթներ նույնպես չեն ունեցել։ Հարեւանների հավաստմամբ' օրինակելի ընտանիք են։ Ունեն երկու տարեկան առողջ աղջնակ։ Ասում են, որ ժառանգական արատներ չունեն հարազատների ու նախնիների շրջանում։ Սրանք բացառում են արատներ ծնող առաջին պատճառները։ Սիրամարգի հարազատները պատճառը վերագրում են Ալավերդու օդի աղտոտվածությանը։ Ըստ նրա սկեսրայր Կառլեն Էվոյանի' քաղաքի էկոլոգիական վիճակը հասել է ծայրահեղության։ Նա համոզված է՝ Ալավերդիում սերունդը գնալով հիվանդանում է։ «Ես ուզում եմ բողոքի ձայն բարձրացնել այս վիճակի համար։ Մինչեւ ե՞րբ պետք է գործարանի ղեկավարությունը մեզ խաբի։ Մինչեւ ե՞րբ պետք է մենք աղտոտված օդ շնչենք։ Մինչեւ ե՞րբ պետք է հանդուրժենք մեր երեխաների դժբախտությունը։ Ես ուզում եմ առողջ թոռնիկներ ունենալ»,-ասում է Կ. Էվոյանը։

ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով' այս տարվա հուլիսին Ալավերդու օդային ավազանում փոշու միջին ամսեկան խտությունը թույլատրելի նորմը գերազանցել է 1.3 անգամ, ծծմբի երկօքսիդինը՝ 9.6 անգամ։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր ACP ընկերության տվյալներով' 1997թ. գործարանի վերագործարկումից հետո բարձր ցուցանիշներ՝ արտադրական հզորությունների օգտագործման 70-80 տոկոս, գրանցվել է 2000 եւ 2003թթ.։ 2004 թվականին գործարանն առաջին անգամ աշխատել է իր ամբողջ հզորությամբ: Այս տարի ծնվել են 2004թ. սաղմնավորված հայ մանուկները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter