HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Կաճաճկուտի գյուղապետ կարող է ընտրվել կրոնական հոսանքի ղեկավարը

Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղը տեղական ինքնակառավարման ընտրություններին 290 ընտրող ու գյուղապետի 4 թեկնածու ուներ։ Այս անգամ գյուղի խնդիրները լուծելու խոստումներ տվել էին գործող գյուղապետ Հայկազ Դավթյանը, խանութի սեփականատեր Արայիկ Պողոսյանը, անասնապահ Հովիկ Լալայանը, ինչպես նաեւ «Նոր առաքելոց» կրոնական ուղղության քարոզիչ Մխիթար Թամազյանը: Վերջինս աշխատում է գյուղի ութամյա դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ Գյուղապետը Մխիթար Թամազյանին շարունակում է համարել իր ամենաուժեղ մրցակիցը, քանի որ թիվ 31 ԸԸՀ-ն չի հաստատել Կաճաճկուտի ընտրությունների նախնական արդյունքը։ Ըստ ՏԸՀ-ի' գյուղապետը ստացել էր 96 ձայն, քարոզիչը՝ 94, իսկ մյուս 2 թեկնածուները՝ համապատասխանաբար 66 եւ 17 ձայն։ Մ. Թամազյանը բողոքարկել էր այս արդյունքներն ու ԸԸՀ-ից պահանջել քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել։ Թիվ 31 ԸԸՀ-ն պարզել էր, որ հիմնական ձայներ ստացած 2 թեկնածուների քվեները հավասար են։ ՏԸՀ-ն վավեր էր համարել նաեւ «գումարած» նշագրումով քվեարկությունները։ Բացի այդ, պարզվել էր, որ կաճաճկուտցի հանձնաժողովականները փորձել են շտկել ԿԸՀ-ի «սխալը». վերակառուցել են քվեախցիկը՝ պատելով այն վարագույրով։ Հանձնաժողովի անդամները վատ տեսողությամբ ընտրողներին վարագույրի ետեւում օգնել են նշագրում կատարել, ինչի իրավունքը չունեին։

Մխիթար Թամազյանը դժգոհ է Կաճաճկուտում վերաքվեարկություն անցկացնելու մասին ԸԸՀ-ի որոշումից։ Նա համոզված է, որ ինքն է կաճաճկուտցիների ընտրյալը, քանի որ գյուղացիների հիմնական մասն օգտվում է իր եկեղեցու անվճար ծառայություններից։ Այն է՝ համակարգչային եւ օտար լեզվի դասընթացներ, արհեստների խմբակներ, գյուղ տանող ավտոբուս, հումանիտար օգնություններ ու նոր խոստումներ։ Գործող գյուղապետի կողմնակիցները նշում են, թե ընտրվելու դեպքում Մ. Թամազյանը համայնքի ղեկավարի դիրքը կօգտագործի իր կրոնական գաղափարախոսության տարածման համար, ու դա շահարկում են Հայ Առաքելական եկեղեցու վերին ատյաններում։ Միեւնույն ժամանակ, Գերմանիայից ֆինանսավորվող «նոր առաքյալները» գյուղում շատ համակիրներ ունեն, որոնց ընտրության դեմ ոչ գյուղապետն ասելիք կունենա, ոչ էլ կրոնական ուղղության ընդդիմախոսները։

Մխիթար Թամազյանն իր բողոքը ներկայացրել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարան։ Հայցվորը պահանջել էր չեղյալ համարել Կաճաճկուտի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ԸԸՀ որոշումը եւ իրեն համայնքապետ հռչակել: Չնայած' ՏԸՀ հաշվարկներով Մ. Թամազյանը երկու ձայնով զիջում էր հիմնական մրցակցին, իսկ ԸԸՀ տվյալներով ձայները հավասար էին:

Հոկտեմբերի 26-ին դատարանը մերժեց Մ. Թամազյանի հայցը: Հաստատվեց ԸԸՀ որոշումը՝ Կաճաճկուտում համայնքապետի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Նոյեմբերի 13-ին կկայանա վերաքվեարկություն: Մ. Թամազյանի կողմնակիցները համոզված են, որ սատանայական 13 թիվն անհաջողություն չի բերի իրենց թեկնածուին:

Հաշվի առնելով, որ Ալավերդու ամենաբարձրադիր գյուղում կրքերը շիկացած են, վերաքվեարկության օրը Կաճաճկուտ կմեկնեն նաեւ ԸԸՀ անդամները, ինչպես նաեւ դատավոր Բորիկ Գրիգորյանը՝ ընտրացուցակներում չընդգրկված ընտրողների իրավունքը վերականգնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter