HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Մանկատան երեխաների մեծ մասը ծնողներ ունի

Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Վալենտինայի ավագ դուստրը՝ տասնամյա Ռուզաննան, արդեն 1 տարի Վանաձորի մանկատանն է ապրում։ Վալենտինան ապրում է իր երկրորդ ամուսինու հետ, որը Ռուզաննայի հայրը չէ։ Դա անառողջ մթնոլորտ է ստեղծել ընտանիքում, եւ մայրը նախընտրել է Ռուզաննային հանձնել մանկատան խնամքին։ Ամանորից առաջ Վալենտինան այցելել էր աղջկան։ Չնայած նա երեխային համոզում էր, թե մանկատանն ավելի լավ կանցնի Ամանորը՝ նվերներով ու ուրախ միջոցառումներով, բայց Ռուզաննան նախընտրեց իրենց տանը դիմավորել Նոր տարին։ «Ես չեմ ուզում նրան տուն տանել, որովհետեւ այստեղ կարգուկանոն կա, երեխայիս դաստիարակությունը լավ է տարվում։ Երբ մեծանա, հույս ունեմ, որ այստեղից նրա համար ուսումը շարունակելու որեւէ հնարավորություն կգտնվի»,-ասում է Վալենտինան։

Արցունքների գնով Ռուզաննան ի վերջո տասն օրով գնաց Տաշիր։ Երկու օր առաջ նա կրկին վերադարձել է մանկատուն։

Վանաձորի մանկատան տնօրեն Աշիկ Հարությունյանը նշում է, որ տարեկան մանկատուն է ընդունվում 10-15 երեխա։ Երեխաների ընդհանուր թիվն այստեղ տատանվում է 115-120-ի միջեւ' նախատեսված 109-ի փոխարեն։ Այսօր մանկատան 113 բնակիչների 70 տոկոսն է Լոռու մարզից։ «Նախկինում հոսքն ավելի շատ Սպիտակի տարածաշրջանից էր։ Վերջերս հիմնականում Թումանյանի տարածաշրջանից են երեխաներ ուղարկում»,-ասում է Ա. Հարությունյանը։ Ըստ տնօրենի' նվազել է մանկատուն ընդունվող նորածինների թիվը։ Եթե նախկինում երեխաների 7-8 տոկոսը նորածիններ էին, ապա այսօր այդ թիվը կազմում է ընդամենը 1-2 տոկոս։

Վանաձորի մանկատան 113 բնակիչների մոտ 80 տոկոսը ծնողներ ունի։ Լոռու մարզպետարանում ստեղծված հատուկ աշխատանքային խմբի կարծիքով' այս թիվը չափազանց մեծ է։ Աշխատանքային խումբը փորձում է մարզպետարանում ձեւավորել ստորաբաժանում, որը կզբաղվի մանկական տարիքի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ, այդ թվում կփորձի վերահսկելի դարձնել համայնքից մինչեւ մանկատուն տանող ճանապարհը։ «Այսօր, եթե ծնողները սոցիալական դժվարություններ են ունենում, այդ ճանապարհը դեպի մանկատուն շատ հեշտ են անցնում։ Բայց մինչեւ երեխային մանկատուն ուղարկելը կարելի է շատ միջոցներ ձեռնարկել»,-ասում է մարզպետարանի աշխատանքային խմբի անդամ Անահիտ Բարոյանը։

Պետությունը մանկատան մեկ երեխայի սննդի ու կենսական կարիքների համար ամսական հատկացնում է 63 հազար դրամ։ Վանաձորի մանկատունը տարեկան ընդունում է 10-15 երեխա։ Ալավերդու քաղաքապետը 2005թ. իր որոշմամբ մանկատուն է ուղարկել 5 երեխա 3 ընտանիքից։ Անահիտ Բարոյանը նշում է, որ համայնքապետարանների կողմից հաշվետվողականության, կամ հասարակության համար բողոքարկման մեխանիզմ չկա։ Նա համոզված չէ, որ համայնքային հանձնաժողովների կողմից բոլոր որոշումները ճիշտ են կայացվում։ «Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ փոքր համայնքներում նույնիսկ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներ չկան, ապա ստացվում է, որ երեխայի ճակատագիրը որոշվում է համայնքապետի սուբյեկտիվ կարծիքի հիման վրա»,-ասում է Ա. Բարոյանը։

Ալավերդու քաղաքապետարանում նշում են, որ անչափահասներին մանկատուն ուղարկելու մասին որոշումները կայացրել են՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները։ «Մենք կարող ենք ընդամենը 15-20 հազարական դրամով տարվա մեջ երկու անգամ օգնություն ցույց տալ նման ընտանիքներին, որտեղ երեխաներին լքել են ծնողները։ Բայց դա երեխայի դաստիարակություն չէ։ Դրանով չես կարող երեխայի ապագան ապահովագրել»,-ասում է Ալավերդու քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Սասուն Խեչումյանը։

Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը շուտով կսկսի իր աշխատանքը։ Անահիտ Բարոյանը նշում է, որ իրենց հիմնական խնդիրը կլինի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելը։ Իսկ մինչ այդ մանկատան 113 բնակիչներն ապրում են, դաստիարակվում, խնամախոսներ ընդունում ու ամուսնանում մանկատանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter