HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում ընտրվեց առաջին կին նախագահը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքները: Այդպիսով՝ Վրաստանում առաջին անգամ ընտրվել է կին նախագահ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Նա հավաքել է ընտրողների ձայների 59.52 %-ը: Նրա մրցակից, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու  միացյալ ըննդիմության թեկնածու, նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հավաքել է քվեների 40.48 %-ը:

Վաշաձեն, սակայն, հաղթել է Ռուսթավում, Թելավիում և արտերկրում. Վրաստանից դուրս գտնվող Վրաստանի քաղաքացիների 64, 24 տոկոսը քվեարկել է Վաշաձեի օգտին:

Ինչպես արդեն գրել ենք՝ Սամցխե-Ջավախքում ընտրել են Սալոմե Զուրաբիշվիլիին: Եվ վերջնական արդյունքները հետևյալ պատկերն են արտացոլում:

ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան հայտնել է, որ ընտրությունները հիմնականում խաղաղ են ընթացել: ԿԸՀ մուտք է արվել 289 դիմում-բողոք, որոնք երկու օրվա ընթացքում պետք է քննվեն:

Հիշեցնենք, որ 2017թ. սահմանադրական բարեփոխումներից հետո, Վրաստանում քաղաքացիների կողմից նախագահի ուղղակիորեն ընտրությունը վերջինն է, և այսուհետ Վրաստանի նախագահին կընտրի 300 անդամից բաղկացած Ընտրական կոլեգիան:

Սալոմե Զուրաբիշվիլին 2004-2006թթ. եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը: Ընդ որում՝ 2004 թվականի մարտին Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էր նրան նշանակել Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Թեդո Ջափարիձեին: Զուրաբիշվիլին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր կատարած գլխավոր գործը համարում է Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը: Նա էր գործընթացի հիմնական բանակցողը:

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18-ին Փարիզում, վրացի գաղթականների ընտանիքում: Աշխատել է Ֆրանսիայի արտգործնախարարությունում: Եղել է նաև Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Սալոմե Զուրաբիշվիլին երկքաղաքացի էր՝ բացի Վրաստանի քաղաքացիությունից, մինչ թեկնածությունը գրանցելը՝ ունեցել է նաև Ֆրանսիայի քաղաքացիություն:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի կարող է դառնալ Վրաստանի նախագահ, եթե լրացել է նրա 35 տարին, ապրել է Վրաստանում գոնե 5 տարի և ապրում է Վրաստանում ընտրություններին նախորդող վերջին 3 տարում: 

Լուսանկարը՝  Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter