HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ավիաընկերությունը «Gazelle» ուղղաթիռ է ներկրելու

«Արմենիան հելիքոփթերս» ընկերությունը շուտով Հայաստան կբերի իր երրորդ ուղղաթիռը, որի ներկրման համար կառավարությունը դեկտեմբերի 6-ին արտոնություն տվեց: Արտոնությունն այն է, որ գործադիրի որոշմամբ ընկերությունն ազատվել է ուղղաթիռի ներկրման մաքսատուրքից: Սա առաջին արտոնությունը չէ, որ կառավարությունը կիրառում է ուղղաթիռային օպերատորի համար:

Դեռ ապրիլին Կ. Կարապետյանի կառավարությունը որոշել էր մաքսատուրքից ազատել Ֆրանսիայից ներկրվող եւ «Airbus» ընկերության արտադրած «H130 T2» ուղղաթիռը, որը նախատեսված է 6 ուղեւորի համար: Իրականում, ինչպես նշվել էր գործադիրի փաստաթղթերում, այդ արտոնությունը տրվել էր «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ունիվեսրալ վարկային կազմակերպությանը, որը 1,55 մլրդ դրամ արժեքով ուղղաթիռը ներկրելուց հետո պետք է լիզինգով հանձներ ավիաընկերությանը: Ներկայում ուղղաթիռը գրանցված է ՀՀ օդանավերի ռեգիստրում (EK-H002) եւ շահագործվում է մեր երկրում:

«Արմենիան հելիքոփթերսը» շահագործում է նաեւ 4 ուղեւոր տեղավորող ամերիկյան «Robinson R66» մակնիշի ուղղաթիռ (EK-H001), որը նախկինում օգտագործվում էր Ռուսաստանում:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերյան որոշման հիմք դարձած փաստաթղթերից, «Արմենիան հելիքոփթերսն» այժմ էլ պատրաստվում է կրկին Ֆրանսիայից ներկրել «SA 341G Gazelle» տիպի ուղղաթիռ, որի արժեքը 271 մլն 400 հազար դրամ է: Այն նախատեսված է 4 ուղեւորի համար, անձնակազմն էլ բաղկացած է 1 օդաչուից: «Gazelle»-ների նախագծողն ու արտադրողը ֆրանսիական «Aérospatiale» ընկերությունն է, չնայած արտադրություն կա նաեւ Միացյալ Թագավորությունում: Սրանք հիմնականում ռազմական ուղղաթիռներ են եւ օգտագործվում են տարբեր երկրների օդուժերում, մասնակցել են մի շարք զինված հակամարտությունների, սակայն «SA 341G»-ն քաղաքացիական մոդել է: Թռիչքի հեռավորությունը, ինչպես նշված է կառավարության որոշման հավելվածում, 670 կմ է, օգտակար բեռնվածությունը (ուղեւորներ, բեռ)՝ 942 կգ: Համեմատության համար ասենք, որ հայկական օպերատորի կողմից արդեն իսկ շահագործվող «H130 T2»-ի թռիչքի հեռավորությունը 606 կմ է, իսկ օգտակար բեռնվածությունը՝ 1088 կգ:   

Գործադիրի որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ընկերությունն ուղղաթիռը ԵԱՏՄ երկրներից չի ներկրում, քանի որ դրա տեխնիկական չափանիշները չեն բավարարում ընկերության պահանջները։ Միաժամանակ նշվում է, որ արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման համար: Ըստ կառավարության՝ ավիաընկերության կողմից ստեղծվել է 13 աշխատատեղ, նախատեսվում է դրանց թիվն ավելացնել 3-ով՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով:

Հիշեցնենք, որ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա փետրվարին, հիմնադիրը երեւանցի Կարեն Ալֆրեդի Վարդանյանն է: Ավիաընկերությունն առաջարկում է չարտերային չվերթներ Հայաստանի տարածքում (կան մշակված երթուղիներ օպերատորի կողմից), ինչպես նաեւ դեպի Վրաստան (Թբիլիսի), Ռուսաստան (Սոչի, Վլադիկավկազ), Թուրքիա (Կարս, Աղրի), ընկերությունն իրականացնում է նաեւ հարսանեկան շրջագայություններ, օդային տեսա- եւ լուսանկարահանումների համար չվերթներ, գովազդային թռիչքներ, խորհրդատվություն եւ տեխնիկական ծառայություններ ուղղաթիռ գնելուց առաջ եւ հետո:   

Լուսանկարում՝ «SA 341G Gazelle» քաղաքացիական ուղղաթիռ (wikipedia.org)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter