HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողբերգական հրդեհից հետո Աշոտաբերդի բնակիչները վախենում են տաքացնել իրենց կացարանները

Դեկտեմբերի 11-ին Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բնակիչ Անուշ Բալասանյանի բնակարանում բռնկված հրդեհի և 3 զոհերի մահվան հետ կապված Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը:

Այս պահին նշանակվել են հրդեհատեխնիկական, նյութագիտական, դատաբժշկական և դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Հրդեհի և զոհերի մահվան պատճառը կբացահայտվի փորձաքննությունների ավարտից հետո:

Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի խոսքով՝ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի 24 փայտաշեն շենքերում այս պահին բնակվող 296 ընտանիքներից 147-ը երկրաշարժից իրենց տունը կորցրած ընտանիքներ են: Նրանց զբաղեցրած կացարաններից 105-ը համայնքի սեփականությունն են, 42-ը սեփականաշնորհված են:

«5-6 տարով են մեզ հատկացրել այս կացարանները՝ նոր բնակարաններ տալու պայմանով»,- ասում է երկրաշարժից տուժած Արթուր Միրզոյանը:

«Թաղամասի փայտե շենքերի մեծ մասի տակը լրիվ ջուր է լցված: Որ շենքի տակը ջուր է լցված, էդ շենքի բնակիչները թոքերի հիվանդություն ունեն: Խայտառակ վիճակ է: Շենքերի ստորգետնյա ջրերի հոսքերը հնարավոր է վերացնել միայն դրանք քանդելուց հետո: Այդ տարածքում 10 տարի առաջ թիվ 11 փայտե շենքն ամբողջությամբ այրվել է: Նաև միայնակ մի ծերունի է վառվել նույն 3-րդ շենքում: Ես գտնում եմ, որ երկրաշարժից տուժածների նկատմամբ անտարբերությունը ճիշտ չի եղել: Հետո այդ շենքերի փայտը սնկային հիվանդություններ ունի, անհնար է այնտեղ ապրելը»,- ասաց քաղաքապետը:

Մ. Ղարաքեշիշյանի խոսքով՝ իր պաշտոնավարման տարիներին Լոռու մարզպետարանին և կառավարությանը բազմիցս ահազանգել է 296 ընտանիքների կենցաղային ծանր պայմանների և թաղամասի կացարանների հրդեհավտանգ վիճակի մասին: Քաղաքապետի ասելով՝ վերևներում իրեն պատասխանել են, թե Աշոտաբերդ թաղամասի բնակիչներին երկրաշարժից հետո բնակարաններ է հատկացվել տնակների տեսքով: Դեկտեմբերի 11-ին ուսուցչուհի Անուշ Բալասանյանի՝ հրդեհից զոհված ընտանիքը երկրաշարժին բնակարան կորցրած ընտանիքներից էր:

Դեկտեմբերի 11-ի առավոտյան՝ ժամը 6:36-ի սահմաններում, թաղամասի թիվ 3 փայտե շենքի իրենց բնակարանից ուսուցչուհի Անուշ Բալասանյանին, աղջկան՝ Վահանուշ Հակոբյանին և Վահանուշի որդուն ՝ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին, փրկարարները հանել են ծխախեղդ վիճակում:

Անուշի որդուն՝ 27-ամյա Դավիթ Հակոբյանին՝ մարմնի 40 տոկոս այրվածքներով տեղափոխել են սկզբում՝ Ստեփանավանի հիվանդանոց, ապա՝ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունք:

Բաժանմունքի այրվածքաբան, բժիշկ Կարինե Բաբայանը երեկ տեղեկացրեց, որ Դավիթ Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: 

«Առավոտյան ժամը 6-ին լսեցինք լուսամուտի կոտրվող ապակու աղմուկ: Դրան հաջորդեց Դավիթի օգնություն խնդրող ձայնը: Նա գոռում էր՝ փրկեք մեզ: Զգացինք՝ հրդեհ է: Երբ մեր տան դուռը բացեցինք, ծուխը ներխուժեց տուն: Ծխի մեջ հնարավոր չէր նրանց օգնել: Շտապ ԱԻՆ փրկարար ծառայություն զանգահարեցինք, 5-6 րոպե հետո արդեն 2 հրշեջ մեքենաներ մեր բակում  էին»,- պատմեց հարևան Արթուր Միրզոյանը:

Վերջինիս խոսքով՝ 12-ամյա Գրիգորին այրվող բնակարանից հանելուց հետո փրկարարները Դավիթ Հակոբյանին գրկած տեղափոխել են շտապ օգնության ավտոմեքենա։ «Դավիթը ձեռքով լուսամուտի ապակին կոտրել էր օգնություն խնդրելու ժամանակ: Ամբողջությամբ արյան մեջ էր: Հետո տիկին Անուշին և Վահանուշին հանեցին: Նրանք ծխից շնչահեղձ էին եղել: Այրված էր նաև նրանց դեմքը»,- պատմեց Արթուրը:

Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ասելով՝ հրդեհի նախնական պատճառը վառարանի կողքին թափված դիզվառելիքն է եղել։ «Շենքի պատերը բարակ փայտ է, հրդեհը բռնկվել է: Աշոտաբերդի փայտաշեն տները շատ վատ վիճակում են, դա կարող էր հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց Մ. Ղարաքեշիշյանը:

Անուշ Բալասանյանը մասնագիտությամբ ուսուցչուհի էր: Նա աշխատում էր Գյուլագարակի միջնակարգ դպրոցում: «Նրանք շատ խաղաղ ընտանիք էին: Անուշի ամուսինը՝ Վահե Հակոբյանը, Ստեփանավանում հմուտ ինժեների համբավ է ունեցել, ինֆարկտից մահացել է այս տարվա փետրվարին»,- պատմեց Արթուրը:

Որդին՝ Դավիթ Հակոբյանը, Ստեփանավանի զինվորական զորամասի պայմանագրային զինծայող է: Երկրորդ որդին՝ Արմանը, իր երեք երեխաների և կնոջ հետ առանձին մեկ սենյականոց տնակում է ապրում: Դեկտեմբերի 14-ին Արմանը, հարազատներին հուղարկավորելուց հետո, գնացել է եղբորը տեսնելու: Նա բժիշկներից է տեղեկացել եղբոր ծանր վիճակի մասին:

Տնօրեն Անահիտ Դոխոլյանը պատմեց, որ Անուշ Բալասանյանը Գյուլագարակի դպրոցում աշխատել է այս տարվա սեպտեմբերից: Մրցույթով հաղթել և դպրոցի 3-րդ Բ դասարանի դասվար էր նշանակվել:

«Համեստ և անմիջական մարդ էր: Փորձառու ուսուցչուհի էր: Ստեփանավանի թիվ 5 դպրոցում ուսուցչուհի էր եղել, մի քանի տարի առաջ աշխատանքից կրճատվել էր, հետո ընտանիքով մեկնել էին՝ Ղարաբաղում աշխատելու: Նորից հետ էին վերադարձել»,- ասաց Ա. Դոխոլյանը: 

Անուշի ընտանիքը սոցիալական դժվարությունների մեջ է ապրել, սակայն Անուշը իր ընտանեկան հոգսերը դպրոց չի տեղափոխել։ «Մահից հետո իմացանք այդ մասին»,- ասաց տնօրենը:

Անուշ Բալասանյանի տան հրդեհը 1-ին դեպքը չէր Աշոտաբերդ թաղամասում: Նույն շենքի նույն շքամուտքի տարեց բնակիչ Սիմոն Թովմասյանը մի քանի տարի առաջ նույնպես այրվել և մահացել է իր բնակարանում բռնկված հրդեհից: Անուշ Բալասանյանի բնակարանի հրդեհը և դրա ողբերգական հետևանքերը Աշոտաբերդ թաղամասի բնակիչների մոտ խուճապ է առաջացրել:

Դեպքի օրը բնակիչները բողոքի ցույց են արել: Նրանք կառավարությունից պահանջել են իրենց համար Ստեփանավանում նոր բնակելի շենքեր կառուցել: Ժամանակավոր կացարանի բնակիչ, ազգությամբ հույն Էդիտա Սարիմախմուդովայի՝ 6 անձից կազմված ընտանիքը՝ 4 անչափահաս երեխաներով, բնակվում է թիվ 4 շենքի ժամանակավոր կացարանի մեկ սենյակում:

«Ես գիշերը չեմ քնում, էլեկտրական սալիկը միացնում և հսկում եմ այնքան ժամանակ, որ տունը տաքանա, հետո անջատեմ: Հանկարծ որևէ վտանգ չսպառնա ընտանիքիս: Բացի այդ, երեխաներիս անվտանգության համար մեծ սպառնալիք են դարձել կացարաններում վխտացող կռիսները: Ամուսիններով գիշերը հսկում ենք, որ կռիսները մեր երեխաներին չվնասեն»,- պատմեց Էդիտան:

«Հետք»-ը երեք տարի առաջ՝ 2015թ.-ի դեկտեմբերի 11-ին, անդրադարձել է 88-ի երկրաշարժից բնակարանները կորցրած Աշոտաբերդ թաղամասի 296 ընտանիքների ծանր վիճակին: Հրապարակումից հետո՝ անցած երեք տարիներին, Աշոտաբերդի կացարանների վիճակն ավելի է վատացել: Այն ժամանակ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հայտնել էր, թե քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրը՝ Աշոտաբերդ թաղամասի ժամանակավոր կացարաններում ապրող, երկրաշարժին իրենց բնակարանները կորցրած 296 ընտանիքներին բնակարանով ապահովելն է:

«Ոչինչ չի փոխվել: Հիմա էլ շատ վատ վիճակ է այնտեղ: Այդպիսի ծանր դեպքերից հետո շատ վատ վիճակի մեջ ենք ընկնում: Բնակչությունն էլ ցավոտ է ընդունում դա: Հիմա այդ մարդկանց պետք է օգնել: Օգնելն այն է, որ այդ կացարանների ահավոր վիճակը նորից Լոռու մարզպետին պետք է ներկայացնեմ»,- բացատրեց  Մ. Ղարաքեշիշյանը:

Ստեփանավանում, բացի Աշոտաբերդ թաղամասը, կան ևս երեք տնակային ավաններ: Նրանցից Պրոմեթեյ-2 տնակային ավանում տեղակայված 16 տնակում ապրում է 58, Չերյոմուշկա թաղամասի 5-րդ դպրոցի տարածքի 15 տնակներում՝ 48, նախկին թիվ 1 գործարանի տարածքում գտնվող 7 տնակներում՝ 7 բնակիչ:

Ստեփանավանի աղետի գոտում կառավարության առաջիկա անելիքների մասին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հեռախոսով երեկ մեզ հայտնեց, որ մեկնում է Ստեփանավան՝ Աշոտաբերդ թաղամասի բնակիչների հարցով։ «Մենք ոչ միայն Աշոտաբերդ թաղամասի, այլև Ստեփանավանի մյուս թաղամասերի տնակային ավանների երկրաշարժից տուժած բնակիչների գույքագրում ենք կատարում՝ կառավարություն ներկայացնելու համար»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Ողբերգական հրդեհից սարսափահար Աշոտաբերդի բնակիչները ձմռան սառնամանիքին վախենում են փայտի վառարաններով և էլեկտրական սալիկներով տաքացնել իրենց հրդեհավտանգ կացարանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter