«Հայկական ավիաուղիները» դիմել է ՔԱԿ-ին՝ վկայականի գործողությունը վերսկսելու համար
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ իր օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը վերսկսելու համար:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը ավիափոխադրողի վկայականի գործողությունը 6 ամսով կասեցրել էր այս տարվա մայիսի 6-ին՝ այն բանից հետո, երբ «ՀԱՈւ»-ի երկու ինքնաթիռները դուրս էին բերվել հայկական գրանցումից, եւ ընկերությունը մնացել էր առանց օդանավի: Իսկ ՕՇՎ-ն այն գլխավոր փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել:
Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: Քանի որ «ՀԱՈւ»-ն նման օդանավ չուներ, նրա վկայականի գործողությունը կասեցվեց մինչեւ նոյեմբերի 6-ը: Ընդ որում՝ վկայականն ուժի մեջ է մինչեւ 2040 թ. հոկտեմբեր:
Կառավարության նույն կարգը սահմանում է, որ ՕՇՎ-ի գործողությունը կարող է վերսկսվել ՔԱԿ-ի նախագահի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողն (այս դեպքում՝ «ՀԱՈւ»-ն) իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները, որի մասին նա ՔԱԿ-ին գրավոր պետք է տեղեկացնի ոչ ուշ, քան կասեցման ժամկետի ավարտից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
Կոմիտեից «Հետքին» փոխանցեցին, որ «Հայկական ավիաուղիները» ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր՝ կասեցումը վերացնելու համար, եւ այժմ դրանք ուսումնասիրվում են: Ուսումնասիրության ավարտին պարզ կդառնա՝ արդյոք ՔԱԿ-ը կվերսկսի «ՀԱՈւ»-ի վկայականի գործողությունը, թե կդադարեցնի այն:
Ենթադրելի է, որ փոխադրողն իր վկայականը չի կորցնի, քանի որ, ինչպես արդեն գրել ենք, ընկերությունը վարձակալել է Boeing 737-800 տիպի ինքնաթիռ, որը տեխսպասարկման նպատակով այս տարվա մայիսից գտնվում է Ստամբուլում:
Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:
Իր թռիչքային գործունեության ընթացքում փոխադրողը շահագործել է Airbus A321 տիպի 2 ինքնաթիռ, որոնք Հայաստանում գրանցված էին որպես EK-AAB եւ EK-AAD: Սրանցից առաջինը մեր երկրում գրանցված էր 2023-2025 թթ., իսկ երկրորդը՝ 2022-2025 թթ.:
Այս տարվա մարտի 17-ին «ՀԱՈւ»-ն հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները:
Ըստ planespotters.net կայքի՝ հայկական օպերատորն ամերիկյան GA Telesis-ից վարձակալել է Boeing 737-800 տիպի ինքնաթիռ: Նախատեսվում է, որ այն ՀՀ-ում գրանցվելու է իբրեւ EK-AAE (այս պահին օդանավը գրանցված է Կայմանյան կղզիներում): Ստացվում է, որ «Հայկական ավիաուղիները» Airbus A321-ից անցում է կատարում Boeing 737-800-ի շահագործման:
Ավիաընկերության պաշտոնական կայքում ավիապարկի վերաբերյալ տվյալները չեն թարմացվել. մինչեւ հիմա նշված է, թե օպերատորն ունի 2 հատ Airbus A321, բայց փաստն այն է, որ դրանք արդեն 5-6 ամիս շահագործվում են թուրքական Southwind Airlines-ի կողմից:
Լուսանկարում՝ «ՀԱՈւ»-ի Boeing 737-800-ը՝ Ստամբուլում (դեռեւս կայմանյան VP-CTK գրանցումով), հեղ.՝ Սաֆեր Չայլի, planespotters.net
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել