
Գործակալության պետը պատասխանում է
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետ Միշա Վանյանը պատասխանել է «Հետքի» «Միշա Վանյանն ա ծամծմում» հոդվածին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 14.11.2002 թվականի 1822 N որոշմամբ հաստատված Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության կանոնադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում մեծահասակ անձանց հաշմանդամություն, իսկ մինչև 18 տարեկան անձանց «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանող օրենքով լիազոր մարմիններն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ ԲՍՓ փորձաքննական բաժինը և տարածքային Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները: Կանոնադրությամբ հստակ սահմանված են ԲՍՓ գործակալության պետի իրավունքներն ու պարտականություները, որից ելնելով կազմվել է նրա քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագիրը: Տարածքային հանձնաժողովների, այդ թվում նաև Գեղարքունիքի թիվ 1 հանձնաժողովի դեմ, բերված բողոքների մասով որպես վերադաս վարչական մարմին հանդես է գալիս փորձաքննական բաժինը: Բժշկասոցիալական փորձաքննական գործակալության պետը ո'չ կանոնադրությամբ, ո'չ էլ պաշտոնի անձնագրով չի առնչվում տարածքային մարմիններում և փորձաքննական բաժնում իրականացվող փորձաքննությանը:
Անձին հաշմանդամ ճանաչելը, հաշմանդամության խումբ սահմանելը, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանելը իրականացվում է ՀՀ Կառավարության 16.06.2003 թ. 780 N որոշմամբ հաստատված բժշկակասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշների և 02.03. 2006 թ. 276 N որոշմամբ հաստատված հաշմանդամության սահմանման կարգի համաձայն:
ՀՀ Կառավարության 16.06.2003 թ. 780 N որոշման VI, VII, VIII, IX հոդվածները, X հոդվածի 29 և 32 կետերը վերաբերում են երեխաներին: Ըստ նշված հոդվածների՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչ է հանդիսանում սոցիալական պաշտպանություն պահանջող սոցիալական անբավարարությունը, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով, արատներով, երեխայի զարգացման և աճի խանգարումներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավորից մինչև խիստ արտահայտված կայուն խանգարումների, որոնք էլ բերում են կենսագործունեության I, II և III աստիճանների սահմանափակումների` հաշվի առնելով տարիքային նորմատիվները: Վերը նշվածը հակիրճ սահմանված է X հոդվածի 29 կետում:
Հոդվածագիրը X հոդվածի 29 կետը մեկնաբանել է սխալ: Մեջբերում եմ. «Կապ չունի թե խանգարումն ինչ աստիճանի է, էականն այն է, թե արդյոք այդ խանգարումը բերել է անձի կենսագործունեության սահմանափակման»:
Պետրոս Բադալյանը Գեղարքունիքի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովին է դիմել 2005, 2007, 2009 թթ.` յուրաքանչյուր տարի ներկայացնելով էպիկրիզներ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնից: 2005 և 2007 թվականներին հանձնաժողովը Պետրոս Բադալյանին սահմանել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ «աջ արմնկահոդի հետայրվածքային կելոիդ սպիներ, աջ արմնկահոդի կոնտրակտուրա, հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում» ախտորոշմամբ: 2007 թ. ներկայացված էպիկրիզում հիվանդի վիճակը ներկայացվել է ավելի վատ, աջ վերին վերջույթի շրջանում առկա են եղել բազմակի հիպերտրոֆիկ և կելոիդ ցիրկուլյար սպիներ, աջ արմնկային հոդի ներսային շրջանում առկա են եղել հաճախակի խոցոտման տեղեր, արմնկային հոդի առբերող ձգում, շարժումների սահմանափակում մինչև 160 աստիճան:
2009 թ. էպիկրիզում ներկա օբյեկտիվ վիճակը 2007 թ. համեմատ ներկայացված է ավելի լավ. չի նկարագրվել հաճախակի խոցոտման տեղեր, նույնիսկ չի որոշվել հոդում շարժումների սահմանափակման աստիճանը: Գեղարքունիքի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովը, հիմք ընդունելով հիվանդի ներկա օբյեկտիվ վիճակը և ներկայացված էպիկրիզը, Պետրոս Բադալյանին չի սահմանել «հաշմանդամ երեխա» կարգավիճակ «աջ արմնկահոդի հետայրվածքային կելոիդ սպիներ, թեթև արտահայտված տարածիչ կոնտրակտուրա, հենաշարժական ֆունկցիայի աննշան (թեթև) խանգարում» ախտորոշմամբ:
26.01.2010 թ.-ին բողոքարկման կարգով Պ. Բադալյանը վերափորձաքննվել է ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժնում և «աջ արմնկային հոդի հետայրվածքային կելոիդ սպիներ, թեթև արտահայտված կոնտրակտուրա, աջ վերին վերջույթի աննշան խանգարում» ախտորոշմամբ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի սահմանվել:
2011 թ. սեպտեմբերին Արայիկ Բադալյանը դիմել է Գեղարքունիքի թիվ 1 Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով որդուն «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանելու նպատակով` ներկայացնելով ամբուլատոր քարտի քսերոպատճեն: 14.09.2011 թ. Պ. Բադալյանին «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի սահմանվել «աջ արմնկահոդի հետայրվածքային սպիներ առանց վերին վերջույթի և առանց հենաշարժողական ֆունկցիայի խանգարման» ախտորոշմամբ: Նշված որոշումը վերադասության կարգով չի բողոքարկվել: Որոշումը բողոքարկվել է դատական կարգով: 2011 թ. մարտին Վարչական դատարանը բավարարել է Պ. Բադալյանի հոր` Արայիկ Բադալյանի հայցը և անվավեր է ճանաչել Գեղարքունիքի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովի որոշումը: Հետագայում Գեղարքունիքի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովը Վարչական դատարանի վճիռը բողոքարկել է Վարչական վերաքննիչ դատարանում, որը 2011 թ. հունիսին անփոփոխ է թողել Վարչական դատարանի 2011 թ. մարտի վճիռը, սակայն չի պարտավորեցրել ԲՍՓ հանձնաժողովին «հաշմանդամ երեխա» կարգավիճակ տալ Պ. Բադալյանին:
Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ փաստել, որ մինչև 18 տարեկան անձանց «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանող օրենքով լիազոր մարմիններն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժինը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները: Որոշման կայացման հարցում ԲՍՓ գործակալության պետն իրավասություն չունի: Ինչ վերաբերում է հոդվածի վերնագրին, կարծում եմ հնարավոր էր գտնել ավելի կոռեկտ, սակայն ոչ պակաս խոսուն վերնագիր:
Հարգանքով՝ Միշա Վանյան
Հ.Գ. «Հետքն» առաջիկայում կրկին կանդրադառնա այս խնդրին:
Մեկնաբանել