
Երիտասարդ փախստականը մեկ որոշման արդյունքում զրկվել է բոլոր իրավունքներից
Արտակ Մարդյանը ծնվել է 1987 թ.-ին Բաքվում: 1988-ին Մարդյանների ընտանիքը բռնագաղթել է Հայաստան եւ ստացել փախստականի կարգավիճակ: 2002-ին ծնողները ընդունել են ՀՀ քաղաքացիություն: Այդ ժամանակ գործող օրենսդրության մեջ միայն «Քաղաքացիության մասին» օրենքն էր անդրադառնում նման իրավիճակներին: Նշված օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Սակայն Արտակն այդ պահին արդեն 15 տարեկան էր, հետեւաբար նշված հոդվածը չէր տարածվում նրա վրա:
Այսպիսով՝ ծնողների՝ ՀՀ քաղաքացի դառնալուց հետո Արտակը չի կորցրել փախստականի իր կարգավիճակը, ավելին՝ փախստականի վկայականով սովորել է համալսարանում, ստացել վարորդական վկայական: Հետագայում նա ստացել է ճամփորդական կոնվենցիոն փաստաթուղթ (2008-ին ընդունված նոր օրենքը սահմանում էր, որ փախստականի ու ժամանակավոր ապաստանի վկայականները պետք է փոխանակվեն այս փաստաթղթով):
Այս փաստաթղթով Արտակն աշխատել է իբրեւ ՍՊԸ-ի տնօրեն: 2011-ին նույն փաստաթղթով նա մեկնել է Մոսկվա, որտեղ նշանվել է, սակայն քանի որ ճամփորդական փաստաթղթի ժամկետը մոտենում էր ավարտին, որոշել է հետ գալ ու երկարացնել այն: Դիմել է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն, որտեղից պատասխանել են, որ անհրաժեշտ է միգրացիոն պետական ծառայության տեղեկանքը՝ Արտակի փախստական լինելու մասին: Դեկտեմբերի 7-ին դիմել է ծառայությանը, սակայն շեշտում է, որ դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի անցկացման ոչ օրվա, ոչ էլ տեղի մասին իրեն տեղյակ չեն պահել: Բայց ահա այս տարվա հունվարի 24-ին դիմումի մերժման մասին պատասխան է եկել: Պատճառաբանությունը եղել է այն, որ «Փախստականների մասին» օրենքում 2004-ին կատարված փոփոխությունների եւ լրացումների հիմքով Արտակը զրկվել է փախստականի կարգավիճակից: Ի՞նչ են ասում այդ փոփոխությունները: Ըստ այդմ՝ «փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»:
Սակայն միանգամից ասենք, որ 2012-ին, 2004-ի փոփոխությունների վրա հիմնվելով, քաղաքացու դիմումը մերժելը առնվազն տարօրինակ է. 2008-ին դրանք եւ մայր օրենքը կորցրել են իրենց ուժը, որովհետեւ ընդունվել է նոր օրենք, որտեղ, ի դեպ, բացակայում է վերը նշված նախադասությունը փախստական երեխաների մասին:
Երկրորդ՝ Արտակը ճամփորդական փաստաթուղթը ստացել էր 2009-ի դեկտեմբերի 7-ին երկու տարի ժամկետով, սակայն միգրացիոն ծառայությունը այդ ժամանակ «չէր հիշել» 2004-ի արդեն ուժը կորցրած փոփոխությունների մասին, ինչը, փաստորեն, արել է այս տարեսկզբին: Սակայն «Փախստականների եւ ապաստանի մասին» (նոր) օրենքի 64-րդ հոդվածը ամրագրում է. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձինք, ինչպես նաեւ նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ստացել են ժամանակավոր ապաստան, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են փախստականներ եւ ապաստան ստացածներ, եթե նրանք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են եւ ունեն համապատասխանաբար փախստականի եւ ժամանակավոր ապաստանի վավեր վկայական, եւ նրանց որպես փախստական ճանաչելը, ինչպես նաեւ ժամանակավոր ապաստանի իրավունքը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի դադարեցվել»: Ինչպես նշվեց, 2009-ի վերջում Արտակը նույն միգրացիոն ծառայության տեղեկանքի հիման վրա ստացել է ճամփորդական փաստաթուղթ, ինչը, իհարկե, չէր կարող տեղի ունենալ, եթե նա մինչ այդ դադարեր փախստական ճանաչվել:
Երրորդ՝ «Քաղաքացիության մասին» եւ «Փախստականների մասին» (հին) օրենքներում գոյություն ուներ որոշակի հակասություն, որովհետեւ առաջինը նշում էր, որ ՀՀ քաղաքացի դարձածների մինչեւ 14 տարեկան երեխան է դառնում քաղաքացի, իսկ երկրորդում տրվում էր ձեւակերպում բոլոր տարիքի երեխաների համար: Այսինքն՝ օրենքով չէր ամրագրվում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստական ծնողների 14-18 տարեկան երեխաների (ինչպիսին Արտակն էր) իրավական կարգավիճակը:
Եվ ամենագլխավորը. Արտակի ծնողները ՀՀ քաղաքացի էին դարձել 2004-ի փոփոխություններից երկու տարի առաջ, եւ օրենքը հետադարձ ուժ չունի: Ուրեմն էլ ինչպե՞ս կարող էր անձը կորցնել փախստականի իր կարգավիճակը այս փոփոխությունների հիման վրա…
Եթե թեկուզ տեսականորեն ընդունենք, որ միգրացիոն պետական ծառայությունը ճիշտ է, եւ Արտակը զրկվել է փախստականի կարգավիճակից, դա չի կարող որպես վերջնական որոշում դիտվել, որովհետեւ գործող օրենքի 53-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, որի նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, եւ մինչեւ նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը ամբողջությամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի իրավունքից»: Իսկ վերջնական որոշման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ նույն 53-րդ հոդվածով անձն ունի «լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունք», որից էլ օգտվել է Արտակ Մարդյանը՝ դիմելով վարչական դատարան:
Սակայն փաստն այն է, որ Արտակն այժմ չունի ճամփորդական փաստաթուղթ, որը, ինչպես օրենքն է ասում, «փախստականի անձը եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթն է: Այն նաեւ հիմք է փախստականի կողմից սույն օրենքով սահմանված իրավունքներից ու ազատություններից օգտվելու համար»: Ասել է թե՝ Արտակը զրկված է այս ամենից, այդ թվում՝ ազատ տեղաշարժից եւ աշխատանքից:
25-ամյա երիտասարդը մի քանի անգամ դիմել է միգրացիոն ծառայությանը, սակայն, ինչպես ասում է, պատասխան չի ստացել:
Սակայն Արտակի դեպքը միակ չէ. նման ավելի քան 140 մարդ կա, եւ ամեն մեկի դեպքը յուրահատուկ է, ու ոչ մեկ իր գործով հարուցված վարչական վարույթի ժամանակի եւ տեղի մասին չի տեղեկացվել: Փախստականներից առնվազն 23-ը դիմել են դատարան:
Խնդրի վերաբերյալ դեռ անցյալ սեպտեմբերին միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Ժամանակ» օրաթերթին ասել է, որ փախստականի ընտանիքում 20 կամ 100 տարի հետո ծնված երեխան չի կարող փախստականի կարգավիճակ ստանալ. «Այդ հիմքով եւ այլ հիմքերով էլ մենք մոտ մի 140 անձի կարգավիճակը դադարեցրել ենք: Դա ոչ միայն պարզ խնդիր է, այլեւ օրենքի պահանջն է: Մենք 140 անձի կարգավիճակը դադարեցրել ենք, որոնք կամ Հայաստանում են ծնվել, կամ բռնագաղթից հետո: Ինչո՞ւ, որովհետեւ, եթե բռնագաղթից 20 տարի հետո ծնված երեխային փախստականի կարգավիճակ տանք, դա կդառնա անսահմանություն, ինչն աբսուրդ է: Հետևաբար՝ մեկ-մեկ գործերը նայել ենք եւ մոտ մի 140 անձի կարգավիճակը դադարեցրել ենք»:
Արտակը, ի դեպ, ոչ Հայաստանում է ծնվել, ոչ էլ բռնագաղթից հետո, իսկ նրա կարգավիճակի դադարեցման պատճառների անհիմն լինելու մասին նշեցինք: Սակայն վերջնական վճիռ կկայացնի դատարանը, որն արդեն գործը վարույթ է ընդունել:
Մեկնաբանություններ (130)
Մեկնաբանել