HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները

«Ես անհարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք խոսում, մենք կարողանում ենք այդ լեզուն բավականաչափ խոսել, բայց ցավոք սրտի ասիմիլյացիայի ենք ենթարկվել, ճնշումների ենք ենթարկվել, դրա համար էլ իրար բավականաչափ չենք կարողանում հասկանալ»,- ասում է Հոփայի նախկին քաղաքապետ Յըլմազ Թոփալօղլուն: 

Այդ լեզուն հայերենն է: Աշխարհում բացի հայախոս հայից ոչ ոքի Յըլմազը չէր ասի` անհարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք շփվում: 

Նույն լեզվով խոսողների իրար հասկանալու անհնարինությունը ընդգծում է ներկայությունս  ակնարկիս մեջ` որպես մեկը ով հայ է, հայախոս, Հայաստանից եկել է Թուրքիա նյութեր հավաքելու այն մուսուլմանների մասին, ովքեր հայերեն են խոսում: 


Յըմազ. Եսանհարմար եմ զգում, 
որ թարգմանիչի միջոցով ենք խոսում

Ուր էլ գնայի` Հոփայի գյուղերը, խանութ ու սրճարան, Չամլըհեմշին` թրքախոս համշենցիների կենտրոնը, մեկ է իմ հայ լինելը անմիջականորեն ազդում էր շփումների վրա`մեկ դրական` ինչպես Հոփայում, երբ ուրախ դիմավորում են` «Հայաստանի՞ց ես, մենք էլ ենք հայ», մեկ բացասական` ինչպես Չամլըհեմշինում, երբ լսում է ծերունին, որ Հայաստանից եմ, դեմքի ժպիտը անհետանում է ու տուն է մտնում:

Յըլմազի հետ մենք կարող ենք հասկանալ բառեր, մեկ-մեկ նախադասություններ, բայց ոչ ամբողջական մտքեր: Մեր զրույցը հայերենից հայերեն կամ թուրքերենից հայերեն պետք է թարգմանել: Հայերենի երկու անհասկանալի բարբառներից մեկը վերացել է` զոկերի բարբառը, մյուսը պահպանվում է տասնյակ հազարավոր մարդկանց շուրթերին` Համշենի բարբառը: Բարբառով խոսողներն էլ կոչվում են համշենցիներ: 

***

Էրդողան. «Կասկած չունեմ,
որ հայ ենք եղել, բայց 400 տարի առաջ մուսուլման
ենք դարձել, ինչո՞ւ
որոշեցինք մուսուլման
դառնալ, ինչո՞ւ մյուս
հայերը չդարձան, չգիտեմ:
Իսկ հետո էլ ինչո՞ւ մյուս հայերը մեզ հետ չշփվեցին, ինչո՞ւ

 «Կասկած չունեմ, որ հայ ենք եղել, բայց 400 տարի առաջ մուսուլման ենք դարձել, ինչո՞ւ որոշեցինք մուսուլման դառնալ, ինչո՞ւ մյուս հայերը չդարձան, չգիտեմ: Իսկ հետո էլ ինչո՞ւ մյուս հայերը մեզ հետ չշփվեցին, ինչո՞ւ: Առաջ ախպար չէինք, հիմա ախպար ենք»,- վարորդ Էրդողան Ենիգյուլը չի զայրանում, ինչ ասում է` ժպիտը դեմքին, հարցերն էլ պատասխան չեն ակնկալում:Հոփայի  «Հայդե» բարում Էրդողանը  մեկ համշեներեն է խոսում, մեկ թուրքերեն, համշեներենի մեջ մեկ երկու բառ հասկանում եմ, թուրքերենը թարգմանում է Խաչիկ Տերտերյանը: Անահիտ Հայրապետյանին թարգմանիչ պետք չի, լուսանկարի լեզուն միջազգային է: 

Մենք` ես Խաչիկը, Անահիտը, Երևան-Ստամբուլ ավտոբուսով հատեցինք Վրաստանի և Թուրքիայի սահմանը և իջանք սահմանից 20 կմ վրա Հոփա քաղաքում` հայախոս մուսուլման համշենցիների ամենամեծ բնակավայրում: 12 օր ես փնտրում էի հարցի պատասխանները` ո՞վքեր են համշենցիները(հա՞յ, թո՞ւրք, թե՞ ոչ հայ, ոչ էլ թուրք, առանձին ժողովուրդ` համշենցի): Այդ հարցի պատասխանը փնտրել էի ու չէի գտել մինչև Թուրքիա մեկնելը, և եթե այն մի ճշմարիտ պատասխան ունի, ապա այն չիմացա վերադառնալուց հետո: 

Պատմական ակնարկ 

Պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում, Վրաստանի սահմանից 90 կմ-ի վրա: Այժմ Համշեն անվամբ երկու բնակավայրեր կան Ռիզե նահանգում` Հեմշինը և Չամլըհեմշինը, որտեղ բնակվում են թրքախոս համշենցիներ:  

8-10-րդ դարերի երկու հայ պատմիչների վկայություններն հիմք ընդունելով` գիտնականները եզրակացնում են, որ համշենցիների առաջին բնակավայրերը ստեղծվել են 8-րդ դարում: 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը վկայում է, որ արաբական նվաճողների ճնշումներից ազատվելու համար 12 հազար հայ  Շապուհ և նրա որդի Համամ Ամատունիների գլխավորությամբ փախչում են Բյուզանդիա, որտեղ կայսր Կոստանդինը նրանց բնակեցնում է «բարվոք ու արգավանդ երկրում»[1]: Դոկտոր Լևոն Խաչիկյանը հիմնվելով Ղևոնդի վրա Համշենի հիմնադրման ստույգ ժամանակ է նշում 789-790թթ.[2]: Իսկ պատմիչ Հովհան Մամիկոնյանը «Տարոնի պատմության» մեջ հայտնում է, որ Համամը իր քաղաքը վերանվանել է Համամաշեն` Համամի քաղաք, բառի մեջ երկու հնչյուն սղվել են և անունը դարձել է Համշեն: Այս պատմության մեջ  Համամ իշխանը «դառնում է» վրաց Վաշդեն  իշխանի քրոջ որդին. Վաշդենը Համամին բռնել է տալիս, կտրում նրա ձեռքերն ու ոտքերը, ապա  պարսկական զորքը առնում, անցնում Ճորոխ գետը և հարձակվում ու ավերում Համամի քաղաքը, որ Տամբուր էր կոչվում, քանի որ Համամը հայտնել էր իշխան Տիրան Մամիկոնյանին Վաշդենի դավադրության մասին. «Համամը սակայն  հետո վերաշինեց քաղաքը և իր անունով կոչեց Համամաշեն»[3]: Լևոն Խաչիկյանը գրում է, որ Հովհան Մամիկոնյանի պատմությունը «առասպելանման է» և գրվել է Ամատունիների գաղթից մեկ կամ երկու հարյուր տարի հետո(Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը» գիտնականները վերագրում են 7-9 դարերին[4]): Ըստ Խաչիկյանի , քանի որ Ամատունիները իշխել են Արագածոտնի և Կոտայքի գավառներում, հետևաբար համշենցիները  այդ տարածքներից են գաղթել: Հայրս` լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը «Հայ ազգագրություն և բանահյուսություն» գրքի լուսանցքի այն հատվածում ուր Խաչիկյանը խոսում է համշենցիների Այրարատյան դաշտավայրից գաղթելու մասին, գրել է.«Համշենի բարբառը ցույց է տալիս, որ համշենահայերը Այրարատից  չեն, այլ բնիկ են»: Համշենի բարբառը հայերենի արևմտյան բարբառների խմբին է պատկանում, իսկ Արարատյան դաշտավայրում խոսում են արևելյան բարբառով[5]

700 տարի Համշենը որպես կիսանկախ հայկական իշխանություն պահպանում է իր գոյութունը, և տապալվում 1489թ. թուրքերի գրավումով: Վերջին Համշենի իշխանը Դավիթն է, ով պարտություն կրելով թուրքերից` հեռանում է Համշենից ու պատսպարվում Սպեր գավառում[6]

Չամլըհեմշինի մոտ Չինչիվան գյուղը: Այս կոմղերում են եղել համշենցիների
առաջին բնակավայրերը

1700-ական թվերից սկսվում է համշենցիների իսլամացումը և շատերը խուսափելով կրոնափոխությունից` ցրվում են  Սև ծովի ափի բնակավայրերով մեկ` Տրապիզոն, Օրդու և այլն: Պահպանված չէ այդ ժամանակի որևէ վկայագրություն, թե ինչ պատճառներով և ինչպես նրանք սկսեցին մուսուլմանություն ընդունել: Բոլոր տեղեկությունները մուսուլմանացման վերաբերյալ 100- 150 տարի հետո են գրված: 

Համշենցիների քրիստոնյա հատվածը 1860-ական թվերից Տրապիզոնից և մյուս քաղաքներից  այս անգամ էլ սկսում է արտագաղթել Ռուսաստանի սևծովյան ափերը (այժմյան Կրասնոդարի երկրամաս և Աբխազիա), իսկ 1915թ ցեղասպանության ժամանակ թուրքական կառավարությունը բնաջնջում է քրիստոնյա համշենցիներին, մի հատվածը կարողանում է կոտորածներից փախչել Ռուսաստան[7]:  

Հովան Սիմոնյանը նշում է, որ ըստ Օսմանյան դավթարների` Համշենի գավառում մինչև 1620-ական թվերը ճնշող մեծամասնությունը քրիստոնյա էր: Այդ ժամանակներում քրիստոնյաները բավական ծանր հարկեր էին վճարում Կոստանդնուպոլսին: Միայն Համշենի գավառակը 1609-1610թ. հարկ է տվել 7090կգ մեղր և 2660 կգ մեղրամոմ: 1626-1627 թթ հարկերը հիսուն տոկոսով ավելանում են: Սիմոնյանը հավանական է համարում, որ մուսուլմանացման պատճառներից մեկը  քրիստոնյաների վրա դրված ծանր հարկերն են եղել: Նա իսլամացման այդ գործընթացը կապում է նաեւ հայ եկեղեցու առաջնորդարանի թուլացման հետ: 1630թ Համշենում գրված մի ձեռագիր հաղորդում է Եղնովիտի Խաչիքար (Խաչեքար/Խաչիկ հոր) վանքում եպիսկոպոսի բացակայության մասին: Այնուհետեւ, մինչեւ 1812 թ Համշենում ընդօրինակված ձեռագիր հայտնի չէ, որը ևս եկեղեցու թուլացման վկայությունն է: 

Այդուհանդերձ, հակառակ իր թույլ վիճակին, Խաչիքարը գոյատևում է մինչև 1915 թվականը: Պոլսո Հայոց պատրիարքարանի 1913թ ցուցակներում այն գրանցված է որպես եկեղեցի, որի շնորհիվ էլ մինչեւ Մեծ եղեռն մոտակա Եղնովիտ/Էլեվիթ գյուղում հայեր ապրել են: Իսկ այսօր, Չամլըհեմշինի կենտրոնից 35 կմ դեպի լեռներ գտնվող այս գյուղում (ներկայումս՝ Յայլաքյոյ/Yaylaköy) ոչ հայի կհանդիպեք, ոչ էլ Խաչիքարի ավերակներ կգտնեք[8]

Հարուն.Էմեն համշենցու տան կա
ոչխարի 
փոստ

1900-ական թվերին սկսել են հրապարակվել համշենցիների մուսուլմանացման վերաբերյալ նյութեր, որոնց անդրադառանում է Լևոն Խաչիկյանը. Ազգագրագետ Սարգիս Հայկունին նկարագրում է Համշենի գավառի մոտ գտնվող Կարա Դերեի (Սև գետ) շրջակայքի հայերի բռնի հավատափոխումը իր «Կորած ու մոռացուած հայեր. Սեւ գետացիք» հոդվածաշարում` հրապարակված1895թ. «Արարատ» ամսագրում: Մոլլաների ղեկավարությամբ ենիչերիները երկու փորձերից հետո ի վերջո կարողանում են ներխուժել Կարա Դերեի ամենադիմադրող Թորոսլի գյուղը, սպանում դիմադրության ղեկավար Տեր Կարապետին և նրա համախոհներին. «Հայ ժողովուրդն շվարած Տէր Կարապետի երեսն կը նայէին, մօլլաներէն մին թրով մի հարուած իջեցույց քահանայի գլխին, նա ձեռն դէմ տալով կտրուեցան բազուկներն. Երկրոդ եւ երրորդ հարուածին արիւնը սկսաւ ֆշալ և գետին տապալեցաւ, որ անմիջապես միւս մօլլաներն յօշոտեցին մաս առ մաս նորա մարմինը որպէս զի երկիւղ ազդեն ամբողջ հայ ժողովրդեան վերայ: Ժողովրդեան մեծ մասը դիմադրեց թուրք ամբոխին, մերժեց նորա առաջարկութիւնը և մերժողի դիակը ընկաւ բարի քահանայի մասունքներու վերայ. Կոտորածը ամեն կողմ սկսաւ, ծեր և մանուկ սուրերու հարուածներու տակ կը թաւալէին»: Այնուհետև գրում է, որ մոլլաները նույնը արեցին հարյուր գյուղերում. «փախչողն արդէն փախաւ, մէկ մասը կոտորուեցաւ, մէկ մասն ևս առ երես ուրացաւ, որպէս զի վտանգն դռնից հեռացնէ»: Փախչողները իրենց հետ տանում են Տեր Կարապետի մարմնի մասերը, թաղում Կալաֆկա գյուղում, ուր Տեր Կարապետի որդին ձեռնադրվում է քահանա Տեր Կարապետ անունով և ուխտ անում, որ իր սերնդից միշտ քահանա ձեռնադրվեն Տեր Կարապետ անունով ու տարին մեկ ծպտյալ  գնան Կարա Դերե ու մխիթարեն ժողովրդին: Ուխտը ընդհատվում է 1820-ական թվերին և կրկին այն շարունակում  մեկ այլ ընտանիքից Տաւլաշյան Տեր Կարապետը, ով 1840-ական թվերին Կարա Դերեի և Համշենի բնակավայրերում քարոզում ու միւռոն է բաժանում իսլամացած հայերին:  

Հայկունին ասում է, որ ծեր կանանց մեջ քրիստոնեական հավատը պահպանված է,1878-ին Համշենի կողմերում ճանապարհորդության ժամանակ հարցրել է համշենցիներին, թե իրենք իրենց ի՞նչ են համարում. 

 «Հարցուցի մի ծերունու. 

-Ինչո՞ւ թուրքացած եք: 

Սա ջերմ մահմետական էր, խոժոր դէմքով մի առ մի պատմել սկսաւ Մահմետի հրաշագործութիւններն: Մի պառաւ կնոջ ուղղեցի այս հարցումը մի գաղտնի վայր. «Յիսուս Քրիստոս անելով սկսաւ ասել`մեռնիմ հայի հաւատին»[9]:       

Նաև Խաչիկյանը նշում է,  որ  Պողոս Թումայանցը իր  «Պոնտոսի հայերը» աշխատության  մեջ(1899թ.) խոսում է Կարա-Դերեի բռնի մուսուլմանացման մասին պատմող մի հիշատակարանի մասին, որը ինքը անձամբ տեսել է և ըստ այդմ հեղինակը Կարա Դերեի մուսուլմանացման թվական է նշում 1780թ.[10]

Համշենցիների մի մասը բուն համշենից գաղթել է Հոփայի շրջան մոտ 250 տարի առաջ` 1700-ականների կեսերին: 

Խաչիկյանը նշում է, որ մոտավորապես նույն ժամանակ է եղել Հոփայի շրջանի համշենցիների մուսուլմանացումը` հենվելով Գրիգոր Արծրունու 1887թ հրատարակած մի հոդվածի վրա, ուր ասված է, թե «նրանք 60-100տարի սրանից առաջ» են մուսուլմանացել, այսինքն 1780-1820 թվերին[11]

Խավիծը, անունյը նույնը, բայց
տարբեր 
իր համով մեր իմացած
ալյուրով 
քաղցրահամ խավիծից

Թուրքական ազգայնական պատմագրությունը համարում է, որ համշենցիները թուրքական ցեղեր են  Միջին Ասիայից կամ այլ վայրից եկած, սակայն դրա վերաբերյալ ոչ մի աղբյուր չի բերվում: Մի այդպիսի օրինակ է Ստամբուլի համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտում 2006-ին պաշտպանած Տուբա Ասլանի թեզը` «Սոցիալական կառուցվածքը և մշակութային ինքնությունը համշենցիների մոտ», ուր նա գրում է.«Անցյալի մի ժամանակաշրջանում, Սեւ ծովի արեւելյան շրջանում հայերի հետ նույն տարածքներում ապրած, և միեւնույն ժամանակ հայերի հետ նույն դավանանքին հետեւող համշենցիները մեր օրերում ասոցացվում են հայ ինքնության հետ: Մինչդեռ, համշենցիները քրիստոնյա թուրքական պարթեւների պետության հետնորդներն են: Նրանք մեր թվարկության 600-ական թվականներին Հորասանից եկել ու արեւելյան Սեւ ծով են հաստատվել և այնտեղ ինքնամփոփ կերպով ապրել են մինչեւ օսմանյան իշխանության հաստատումը: Ինչ վերաբերում է հայերին, նրանց մի մասը օսմանյան տիրապետությունից առաջ, իսկ մյուս մասը օսմանյան տիրապետությունից հետո այս տարածաշրջանը լքել են»[12]: Հենց թուրքական ազգայնական տեսակետն էլ իշխում է թրքախոս համշենցիների և հայախոս համշենցիների որոշակի հատվածի մոտ: 

***

Ժամանակակից համշենցիները բաժանվում են երեք հիմնական խմբերի` քրիստոնյա համշենցիներ, ովքեր հայեր են, բնակվում են Աբխազիայում և Ռուսաստանի Կրասնոդարի մարզում, սյունի-մահմեդական հայախոս համշենցիներ կամ հոփա-համշենցիներ` բնակվում են Թուրքիայի Արդվին նահանգի Հոփա և Բորչկա շրջաններում(ինքնանվանումը համշեցի կամ հոմշեցի): Նրանց մի հատվածը մնացել է Սովետական Միության մեջ և այժմ բնակվում է Ղրղզստանում ու Ռուսաստանի Կրասնոդարի մարզում: Եվ թրքախոս սյունի-մահմեդական համշենցիներ կամ բաշ-համշենցիներ, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի Ռիզե նահանգում(ինքնանվանումը` համշիլ): 

Նաև հայախոս մուսուլման համշենցիներ կան Ստամբուլի մոտ գտնվող Սաքարյա նահանգում, Ադաբազար քաղաքի մոտակայքում, ովքեր 1877-1878 ռուս-թուրքական պատերազմից փախել են Հոփայից. 

«Ադաբազարի համշենցիները երկակի կյանք են վարում,-ասում է Համշեն ուսումնասիրող Հարուն Աքսուն,-աղոթում են, թուրք նացիոնալիստ են, խմում են, ու երբ հարբում են` ասում են պապերը հայ են եղել»: 

Բնակչությունը 

Հոփա համշենցիները ապրում են Արդվին նահանգի Բորչկա, Քեմալփաշա և Հոփա շրջանների 30 գյուղերում՝ մոտ 25 000 բնակչությամբ: Հոփայի և Քեմալփաշայի 37 000 բնակչության կեսից  ավելին են կազմում համշենցիները: 

Հոփա-համշենցիներ և բաշ- համշենցիներ  համախումբ ապրում են նաև արևմտյան Սև ծովի Սաքարյա նահանգում(կենտրոնը` Ադաբազար), Քոջաալի և Քարասու գավառներում, որտեղ նրանց ընդհանուր թիվը` հոփա և բաշ համշենցիները միասին 10.000 -ի մոտ է: 

Այսպիսով, Արդվինում, Սաքարիայում և այլ քաղաքներում բնակվող հայախոս մուսուլման համշենցիների ընդհանուր թիվը կկազմի 30-35  հազար: 

Ռիզե նահանգում բնակվող բաշ-համշենցիների թիվը Հակոբ Խաչիկյանի բերած տվյալներով 30.000-ի սահմաններում է[13]: Թուրքագետ Լուսինե Սահակյանը ասում է, որ թրքախոս համշենցիների ընդհանուր թիվը 60 հազար է[14]

Այժմ շատ Հոփա համշենցիներ և Բաշ համշենցիներ  ապրում են Սև Ծովի Տրապիզոն, Սամսուն, Գիրեսուն և Օրդու քաղաքներում: Ստամբուլ, Անկարա և Իզմիրից բացի, նրանք սփռված են մինչեւ Գերմանիա և ԱՄՆ:  

Քայաքոյ  Kayaköy (հին անունը` Շանա-Şana) 

Աներ և փեսա`Ջեմիլ և Ջեմալ

 «Էմեն համշենցու տան կա ոչխարի փոստ,-Հարունը վերցնում է դռնից կախած ոչխարի մորթը ու փռում գետնին,-սրա վրա չոքում ու նամազ են անում»,- ու կռանալով նամազի տնազն է անում: 

Հարունը ձախակողմյան աթեիստ է և հաճախ հեգնում է հավատը: Պատմում էր, որ Հայաստանից քրիստոնյա միսիոներ է եկել իրենց «դարձի» բերելու, դուրը չէր եկել.«Մի կրոնից հազիվ ազատվել ենք, հիմա էլ եկել մի ուրիշ կրոն են ուզում վզներիս փաթաթել»: 

«Հարուն, ես էլ եմ աթեիստ»,-ըհը, բացի հայախոս լինելը մի ընդհանրություն էլ ունենք, երկուսս էլ աթեիստ ենք, միայն ինքը մուսուլման աթեիստ է, իրենք թլպատվում են: Իհարկե, դա արդեն հավատի հետ կապ չունի, միայն ավանդույթ է: Ես չգիտեմ, ուզեմ-չուզեմ երևի քրիստոնյա աթեիստ եմ: Ինչևէ, կրոնը վերանում է, մնում է լեզուն: 

Քեմալփաշայի մոտ գտնվող Քայաքոյ գյուղը( հին անունով Շանա) 130 տուն ունի,  հինգ հարյուր բնակիչ: Այստեղ է ծնվել ռեժիսոր Օզջան Ալփերը: 

63-ամյա Ջեմալ Վայիչը` Ջեմիլի աները ասում է, որ գյուղը մի հինգ հարյուր տարվա պատմություն ունի, աղաներ են ապրել, հետո համշենցիները եկել հաստատվել են, աղաները ճնշել են համշենցիներին, իսկ հետագայում, երբ հաստատվել է հանրապետությունը (1923թ.) ստիպել է, որ բոլորը միասնաբար ապրեն: Գյուղի պատմությունը միայն կցկտուր բանավոր զրույցներ են, ուրիշ գրավոր պատմություն  չկա: 

Հոփա համշենցիների ոչ մի գյուղի վերաբերյալ չկա պատմություն,  չես գտնի, թե որոշակի ե՞րբ, ինչպե՞ս և ինչու են եկել համշենցիները այստեղ, ինչպե՞ս հաստատվել, ինչ է եղել առաջին վերաբնակիչների անունները: Գուցե ինչ-որ տեղ օսմանյան արխիվներում լինե՞ն փաստաթղթեր: 

Ոչխարի մորթը Ջեմալի աղոթքի ծածկն է. 

-Նամազ անո՞ւմ եք,-հարցնում եմ: 

-Շաբաթը մեկ անում եմ: 

-Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ աղջիկդ աթեիստ է: 

-Նորմալ, մեր տանը ոչ մի ստիպողական բան չկա: 

Առաջին օրը Հոփայում բացօթյա թեյարանում մեր թուրքական գործընկերներ «Մի կյանք. Մշակույթի և բնապահպանության միություն» («Bir Yaşam») կազմակերպության նախագահ Ջեմիլ Աքսուի ու Հարուն Աքսուի հետ քննարկում էինք նախագիծը. և որոշվեց` հենց նույն օրը կգնանք Շանա, Ջեմիլի կնոջ` Նուրջանենց  տուն, մայրը` Թեջիեն, համշենական ուտելիքի մասնագետ է: 

Թեջիեն համշենական կերակուրների մասնագետ

Կանայք սեղան են գցում` սկզբում սփռոցը գետնին փռում, ապա վրան դնում կլոր սեղանը գրեթե գետնին կպած թզաչափ ոտքերով, շուրջը գետնին նստած ընդհանուր ամանից ուտում ենք բուն համշենական կերակուր` յաղալուշ` կաթնաշոռով ու սոխառածով տապակա, որ սուր համով տապակած պանիր է հիշեցնում: Մյուս կերակուրներն են տոլմա, և այլն, բայց նոր անծանոթ համը այնքնան գայթակղիչ է, որ թույլ չի տալիս մյուս համերը խառնվեն իրեն ու ձեռքս անընդհատ  հացը մտցնում է ամանի մեջ յաղալուշը առնում վրան ու տանում բերանս: Ե՞րբ եմ վերջին անգամ ձեռքով ճաշ կերել: 

Ու խավիծը, սա էլ տարբեր իր համով մեր իմացած ալյուրով քաղցրահամ խավիծից, էլի ալյուրով է` եգիպտացորենի ալյուր, կաթի սեր, յուղ, բայց ոչ քաղցր ու էլի անունը խավիծ: Ըհը, հայ ու համշեն ևս մի նույնություն կերակուրի մեջ:  

Թեջիեն համշենական կերակուրը համեմում է համշեներեն երգերով.

Չախե կուքա տադիս կու / Անձրեւ է գալիս, աշխատում ես 

Մեգան ցակ լմանիս կու / Մկան ձագի ես նման 

Չանչաղանե քեդնիվե / Չանչաղանը գետն ի վեր 

Օտքըթ փոբիկ թռչիս կու / Ոտքդ բոպիկ վազում ես  

 «Մենք մուսուլման միանգամից չենք դառել,-պատմում է Ջեմալը,- կրոնը օգտագործվել է դիրքերի հասնելու համար, այն ընտանիքը, որը իմամ է ունեցել, իշխանության հետ լավ է եղել»: 

Այսուհանդերձ կրոնականությունը այնքան խորը չի մտել, և ըստ Ջեմիլ Աքսուի, ամբողջ տարածքում ընդամենը երկու համշենցի մոլլա կա: 

«Իսկ ո՞վքեր են համշենցիները, ի՞նչ ազգ են»:

Ջեմիլ Վայիչ. համշեներենը հայերենից է առաջացել, եթե հայերը մեզ հետ ավելի շփվեն, մենք ավելի կզարգացնենք մեր լեզուն

«Ես ինձ համշենցի եմ համարում,-ասում է Ջեմալ Վայիչը,- մենք փոքրուց էդ լեզուն ենք իմացել, և ուզում ենք պահպանենք: Մենք մեր ինքնությունից չենք հրաժարվի, ես մինչև կյանքիս վերջ որպես համշենցի կապրեմ: Գիտենք, որ համշեներենը հայերենից է առաջացել, եթե հայերը մեզ հետ ավելի շփվեն, ավելի մոտիկ լինեն, մենք ավելի կզարգացնենք մեր լեզուն»: 

«Իսկ ե՞րբ իմացաք, որ համշեներենը հայերենից է առաջացել»: 

«Ես միշտ էլ իմացել եմ, հիսուն տարի առաջ էլ, ճիշտ է գաղտնի-գաղտնի էինք իմանում, բայց գիտեինք, ոչ մեկի առաջ բացեիբաց  չէինք կարող ասել, որ հայերենից է մեր լեզուն»: 

«Ինչո՞ւ»: 

«Եթե մեկը ասեր հայկական ծագում ունենք բանտ կգցեին ամենաքիչը»: 

Իսկ եղե՞լ է դեպք, որ մի համշենցու բռնեն միայն նրա համար, որ ասել է, թե հայկական ծագում ունի: Ոչ ոք ռիսկ չէր անի ասել: Մի դեպք Հարունը պատմում է, 1982-ին ձերբակալում են Ասալայի ակտիվիստ, նրան ցույց են տալիս հեռուստատեսությամբ և նա մի երկու բառ հայերեն է ասում: Բացօթյա կաֆեում մի համշենցի` Թասին Ալփերը ասել է`վայ, էս մերոնք են, ու միայն «մերոնք» ասելու համար երկու ամիս բանտ է նստել: Խմող մարդ էր, վաղուց մեռել ա: 

շարունակելի

Լուսանկարները` Անահիտ Հայրապետյանի

Ուսումնասիրությանը մասնակցեց Խաչատուր Տերտերյանը


[1] Ղևոնդ, «Պատմություն» գլ. ԽԲ, «Սովետական գրող», Երևան, 1982:

[2] Լևոն Խաչիկեան, «Աշխատութիւններ», հատոր բ, հոդված` «Էջեր համշենահայ պատմությունից», Գանձասար աստուածաբանական կենտրոն, Երեւան, 1999:

[3] Հովհան Մամիկոնյան, «Տարոնի պատմություն», հրտ. «Խորհրդային գրող», Երևան, 1989:

[4] Նույն տեղում, Վարդան Վարդանյանի Առաջաբանում:

[5] Լևոն Խաչիկյանի աշխատությունը տպագրվել է մի քանի անգամ, նաև` «Հայ ազգագրություն և բանահյուսություն», 13-րդ հատոր, ԳԱ հրատ., Երևան, 1981թ.: Որպես վերջին հրատարակություն օգտագործել եմ 1999թ. հրատարակված «Աշխատութիւններ»-ի բ հատորը:

[6] Նույն տեղում:

[7] Նույն տեղում:

[8] “The Hemshin. History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian, Routledge, London and New York, 2007.

[9] «Արարատ» ամսագիր, 1895:

[10] Լևոն Խաչիկեան, «Աշխատութիւններ», հատոր բ, հոդված` «Էջեր համշենահայ պատմությունից», Գանձասար աստուածաբանական կենտրոն, Երեւան 1999:

[11] Նույն տեղում:

[12] Թեզը ամբողջությամբ ինձ տրամադրեց Ջեմիլ Աքսուն:

[13] “The Hemshin. History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian, Routledge, London and New York, 2007.

[14] Լուսինէ Սահակեան. «Համշէնցիների թուաքանակի մասին յաճախ կեղծ եւ ուռճացուած տուեալներ են շրջանառւում», Ասպարեզ, 8 հունիսի, 2011:

Մեկնաբանություններ (14)

Erik
There's now available Hamshen Armenian Dictionary online at https://lizu.am/ (Hamshen Armenian <-> Russian translations at this time).
Tigran
Please stop focusing on the division, in every article all you guys write about is how armenians and hamshens converted to islam. Who cares? Are you preserving a religion as a nation like the Jews do? Or are you focusing on helping Hamshens. Talk about what we have in common not what divides us, it is a turn off both for the reader and for the Hamshen Armenians to consider being part of an Armenian community if you keep up with frowning on them that they are muslim
Alexander Akopian
The story as interesting and inspiring may be, there are a few factors to be regarded before a final perception about the Hamshenis true ethnic background. According to Movses Khorenatsi's accounts of Amatuni dynasty background, Vahan Amatuni who was perceived to be the ancestor or Hamam and Shapuh Amatuni and largely the ancestor of all Hamshenis was given rather a Jewish ancestry. Can be found here: https://en.m.wikipedia.org/wiki/Amatuni. I'm a bit intrigued about the ethnic background of Amatuni and hamshenis, as to what degree it makes hamshenis ethnic Armenians since their founding fathers were given Jewish ancestry by a prominent Armenian historian in Moses of Chorene (Movses Khorenatsi)? Wouldn't it be a bit obvious, why hamshenis segregated from the Armenian mainstream? As much as I wish to perceive them as the ethnic Armenians, but a strange thought keep languishing in the back of my mind with a mix of all types of sources regarding their identity. Most crypto-Armenians were converted to Islam due to the oppressions and persecution during the Armenian genocide. But these people already were converted to Islam long before that. It just doesn't add up. That would also explain why they act repulsive towards Armenians, because they're not real Armenians. During those times when hamshenis converted to Islam, there were large Armenian populations throughout the Anatolia. Why those Armenians were not subjected to the same oppressions but only hamsheni Armenians were? They despise us. They don't want to hear anything associated with the name of Armenians. There are several factors that are pointing out to the credibility of their denial of being Armenians. It just doesn't make sense, why they converted to Islam that they even don't know why. But the answer to that may be related to Vahan Amatuni who was a prince in Persia, and there are large Jewish communities in Persia. So because this section of the history was written by Movses Khorenatsi who is largely considered as the father of Armenian history, I therefore tend to incline toward the theory of Hamshenis actually being not Armenians but rather Jewish or Medians. -------------------- The Amatuni who was of Caspio-Median or Matianian-Mannaean origin, is given a specious Jewish ancestry by the early Armenian tradition (Moses of Chorene 2.57). Their forefather's name Manue suggests a connection with royal house of Adiabene
Jack Kalpakian
Erdogan has a good question, and he is owed an honest answer. There are several reasons why Armenians would not want to have anything to do with his community. First, under Ottoman law, the relationship is that of inequality with the Armenian being in an inferior position to the Hamshen Muslim, while that may something Armenians would accept if the other party was an armed non-Armenian power, it is harder to be in that situation from one's own kin. Second, Ottoman law made it a crime to discuss religion with Muslims, and not that Armenians would want to necessarily do so with the Hamshen, but that could be used as a charge against Armenians leading to prison; as with the Cherkess, a Hamshen with debts to an Armenian could blackmail him with the charge of preaching Christianity. Third, the Armenian community defined itself in religious and ethnic terms, and Armenians are Armenian by choice as much as they are by birth. Converting to Islam means that you leave the community, and at that stage, the community has to treat you as an outsider. Sorry Mr. Erdogan, but you will find that the community your ancestors joined does the same. May you live long.
raymond
Great article. Maybe studying Western Armenian would have helped the author. I have been to Hamshem and could understand 60% of their language without a background in Turkish. Its sad that many in Armenia so openly dismiss things such as other Armenian dialects. These dialects denote a once vast empire.
CAT
Wonderful piece that recognises diversity. For me, this was the best bit: “They pray like Muslims, are Turkish nationalists, but when they get drunk say that their grandfathers were Armenians”. Yes, all our great ancesters were someone else!
levik
Varaz is correct - the Armenian equivalent should read Սուննի....
Վարուժան Ավետիսյան
Հարգելի Վահան Պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ուսումնասիրել է համշենցիների գենետիկ կոդը և հանգել մեր արյան կանչին համընկնող գիտական արդյունքների: http://www.youtube.com/results?search_query=%D0%9B%D0%B5%D0%B2%D0%BE%D0%BD+%D0%B5%D0%BF%D0%B8%D1%81%D0%BA%D0%BE%D0%BF%D0%BE%D1%81%D1%8F%D0%BD&oq=%D0%9B%D0%B5%D0%B2%D0%BE%D0%BD+%D0%B5%D0%BF%D0%B8%D1%81%D0%BA%D0%BE%D0%BF%D0%BE%D1%81%D1%8F%D0%BD&aq=f&aqi=&aql=&gs_sm=3&gs_upl=74736l89710l0l91479l29l28l2l0l0l0l564l4375l4-8.2l10l0
John
METSAGUYN GITNAKAN Rafayel Ishxaniani (eghel e hamalsarani im dasaxosnerits) vordinern el arjani en irents hor anvan@! Hoyakap ashxatanq e arvats...
Սերոբ
Շատ լավ աշատանք է,,,շնորհակալություն,,,կհետևեմ շարունակությանը:
ՏԱՐՈՆ
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԱՊՇԵՐՈՆՍԿԻ ԵՐԿՈՒ ԳՅՈՒՂԷՐՈՒՄԵԼ ԵՆ ԱՊՐՈՒՄ ԻՐԱՆՔ ԻՐԵՆՑ ՀԵՄՇԻԼ ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ
Andranik
Shat hetkrkir er. Yes tsnundov Hayastanits em yev hima aprum em Los Angelosum. Hayastanum aprats tarinerin erbeve chem lsel musulman hayeri masin. Isk aha Los angeleum shat em handipel musulman hayeri. Nrank voch miayn hamshetsiner en. Himnakanum Siriayi Kesabi yev Xamshlui shrjani ashiretnerits en nrank yev utsatsats Turkiayi hayer en. Im kartsikov turkiyayum aveli shat kronapox hayer kan aysor, kan Hayastanum xristonya hayer. Yev nrank islam en endunel Abdul Hamidi jamanakashrjanits sksats michev 1915 tvakane. Kronapox hayere aprum en himnakanum Anatoliayum..
Levik
Very interesting story!
MG
Վահան ջան, էս ինչ հրաշք գործ ես արել:Շշմած եմ:Ապրի արևդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter