
Ի՞նչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում
Քաղաքացին պնդում է, որ անձնագրային բաժանմունքի պետը վիրավորել է իրեն
Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը մնացել է առանց անձնագրի: Նրա անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, նա Էրեբունու անձնագրային բաժանմունքին դիմել է նոր անձնագիր ստանալու համար՝ հանձնելով ժամկետը լրացած անձնագիրը: Հունիսի 6-ին Ալինան մոր հետ գնացել է բաժանմունք՝ նոր անձնագիրը վերցնելու, սակայն ծագած միջադեպի հետևանքով չի կարողացել վերցնել:
Ալինա Հարությունյանը 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը: Իմանալով, որ տեսողական խնդիրներ ունեցող շատ մարդիկ անձնագրերում և մնացած այլ փաստաթղթերում, ստորագրելու փոխարեն, դնում են իրենց անհատական, ստորագրության ձև ունեցող կնիքը՝ Ալինան ևս մոտ 1 ամիս առաջ պատվիրել է այդպիսի կնիք:
Հունիսի 6-ին անձնագրային բաժանմունքում, երբ մինչև անձնագիրը ստանալը աշխատակցուհին տվել է ձևաթուղթը, որ ստորագրի, Ալինան ցանկացել է օգտագործել կնիքը: Աշխատակցուհին մեղմ տոնով ասել է, որ չի կարելի կնիք օգտագործել, պետք է ձեռքով ստորագրել: Ալինան սկսել է բացատրել է, որ կնիք օգտագործել կարելի է: Այդ ժամանակ, Ալինայի խոսքերով, խոսակցությանը գոռալով միջամտել է Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը, ով գտնվում էր կողքի սենյակում:
Պետն ասել է, որ կնիք օգտագործել հնարավոր չէ: Ալինան պետին ասել է, որ կնիք է ձեռք բերել, որպեսզի ստիպված չլինի ամեն անգամ ստորագրելու անհրաժեշտության դեպքում դիմացինին բացատրել, որ ինքը սահմանափակ կարողություններով մարդ է:
««Բա, չէ, էդպիսի բան հնարավոր չի»: Նորից սկսեց գոռգռալ: «Պետք է քո ձեռքը բռնեմ, որ դու մի հատ պտիչկա անես»: Իր բառերն են դրանք: Ինքը իրենն էր ասում ու գոռում էր»,- պատմում է Ալինան: Նրան հատկապես վիրավորել է նաև պետի «որտեղ ուզում ես, գնա էդ քո կնիքով պեչատի» արտահայտությունը:
Նրա խոսքերով՝ Նաիրա Բարսեղյանը որևէ օրենքից մեջբերում չի արել, իր պահանջները որևէ օրենքով չի հիմնավորել, չի բացատրել քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Ալինան և մայրը՝ Ջավահիր Հարությունյանն, ասում են, որ եթե պետը պարզապես բացատրեր, որ, ենթադրենք, «արգելված է անձնագրում կնիք դնել», «մայրը թող Ալինայի ձեռքը բռնի, որ աղջիկը ստորագրի», իրենք կհասկանային, բայց պետն ուղղակի գոռում էր:
«Քաղաքակիրթ չէր ինքը: «Պտիչկան» ի՞նչ արտահայտություն է, ինքը նույնիսկ «ստորագրել» բառը չի ասել. «Մեկը քո ձեռքը պիտի բռնի, պտիչկա անեն»: Ուղղակի հարցը էն է, որ ես ուզում եմ` ինքը հասկանա` ինքը բոլորին հավասար մարդ է: Նույնիսկ ես եթե սխալ էլ լինեի, ինքը պարտավոր էր ինձ սիրուն բացատրել, քանի որ ես ոչ իր վրա գոռացել եմ, ոչ ինչ-որ ինձ սխալ եմ պահել, որ ինքը պոռթկաց»,- ասում է Ալինան:
Նրա մայրը ևս հավաստիացնում է, որ միջադեպի ժամանակ իրենք չեն բղավել և որևէ ագրեսիա չեն դրսևորել: Ալինան ենթադրում է, որ ցանկացած պետի սենյակում կան տեսախցիկներ, և կարելի է դիտել կատարվածի տեսագրությունը:
Սենյակից դուրս գալուց առաջ Ալինան և մայրը Նաիրա Բարսեղյանին ասել են, որ այդ դեպքում չեն ուզում վերցնել անձնագիրը: Պետն ասել է՝ չես ուզում, մի ուզի: Ալինան նաև ասել է՝ ամեն մեկս իրավունք ունենք մեր իրավունքները պաշտպանել: Ալինայի խոսքերով՝ պետն իրենց հետևից գոռացել է. «Գնա, որտեղ ուզում ես, քո իրավունքները պաշտպանի»:
«Եկա տուն, ասեցի` հնարավոր է, կին է, հարյուր հազար հատ մարդ է մտնում-դուրս գալիս: Կարող է ջղայնացած է եղել, էդ պահին ես եմ իրեն հանդիպել: Կարող է և ես էլ լինեի պետ` էդ կարգավիճակում ինձ ավելի վատ պահեի: Բայց մի շաբաթ անցավ, ինքը հետադարձ զանգ չարեց, ես մտածեցի` ուրեմն ինքը կարծում է` ինքը շատ ճիշտ է: Ես շատ վիրավորված եմ էդ կնոջ մոտեցումից, որ ինքը հենց իմ անձը վիրավորեց` մարդու խնդիրը նույնիսկ ցավացնելով ավելի: Մարդ ինչ ունի, հերիք է էդքանը»,- ասում է Ալինան:
«Ուր գնացել ենք, խոչընդոտների առաջ չենք կանգնել: Էդպես վիրավորանք առաջին անգամ իմ երեխու հետ ստացա ու մերժվեցի: Հա, ինչ անենք, որ էդ պոստին եք, մենք ցածր խավ ենք. կարելի՞ է էդպես ասել»,- ասում է Ալինային մայրը և հավելում, որ նույն մարդն ենք:
Ոստիկանության լրատվական վարչությունը անձնագրային բաժանմունքի պետին թույլ չի տալիս իրացնել ԶԼՄ-ում պատասխանի իրավունքը
Կատարվածի վերաբերյալ Նաիրա Բարսեղյանի տեսակետն իմանալու և նրա պատասխանը հոդվածում ներառելու համար այսօր այցելեցինք Էրեբունու անձնագրային բաժանմունք:
Նաիրա Բարսեղյանն անմիջապես համաձայնեց պատասխանել մեր հարցերին, եթե ոստիկանության լրատվական վարչությունը թույլ տա: Թույլտվություն ստանալու համար զանգահարեցինք ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանին: Նա որևէ կերպ չհամաձայնեց, որ բաժանմունքի պետը պատասխանի մեր հարցերին, ասաց, որ հարցերը պետք է գրավոր ուղարկել ոստիկանություն, որտեղից էլ կպատասխանեն:
Չնայած մեր մի շարք դիտարկումներին, որ տպագրվելիք հոդվածն առնչվում է անմիջականորեն բաժանմունքի պետին, վերջինս համաձայն է պատասխանել մեր հարցերին, Արմեն Մալխասյանը պնդեց, որ հարցերը պետք է ուղարկել ոստիկանություն: Նա նշեց, որ եթե բաժանմունքի պետը պատասխանի լրագրողի հարցերին, ապա պետի աշխատասենյակի առջև հերթեր կառաջանան: Պետի հետ ընդմիջման ժամանակ խոսելու մեր առաջարկը ևս մերժեց՝ ասելով, որ ընդմիջումը ընդմիջում է: Մինչդեռ Նաիրա Բարսեղյանի համար ընդունելի էր նաև ընդմիջման ժամանակ իր տեսակետը հայտնելու տարբերակը:
Միակ բանը, որ ասաց Նաիրա Բարսեղյանն, այն էր, որ ընդհակառակը՝ Ալինա Հարությունյանը և իր մայրն են գոռացել բաժանմունքում, իրենց ագրեսիվ պահել, շպրտել փաստաթուղթը և ասել, որ իրենց անձնագիր պետք չէ: Իսկ բաժանմունքի մյուս աշխատակիցներն ասացին, որ իրենց պետը շատ մարդկային է, չի գոռացել, ընդառաջում է քաղաքացիներին, առավել ևս սահմանափակ կարողություններով մարդկանց:
Իրավաբանը պնդում է, որ Երևանի անձնագրային բաժանմունքներում վաղուց կիրառվում է կնքելու միջոցով ստորագրելու տարբերակը
Իրավաբան Մհեր Վասիլյանը 15 հասարակական կազմակերպություն ներառող Հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային դաշինքի գործադիր տնօրենն է: Մհերն ինքն էլ ունի տեսողության խնդիր, և իր նախկին անձնագրում կողք կողքի կային և կնիքը, և իր ձեռքով ստորագրությունը: Նա բազմիցս տարբեր փաստաթղթեր է կնքել իր կնիքով, և ոչ ոք որևէ խոչընդոտ չի առաջացրել:
Մեկ ամիս առաջ Մաշտոցի անձնագրային բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս Մհեր Վասիլյանը նախընտրել է կնքելու փոխարեն ձեռքով ստորագրել, թեև բաժանմունքի աշխատակիցներն իրեն առաջարկել են երկու տարբերակն էլ:
Իրավաբանը ճանաչում է մարդկանց, ովքեր իրենց անձնագրերում կնիք են դրել: Նա անձամբ զրուցել է Երևանի որոշ անձնագրային բաժանմունքների պետերի և աշխատակիցների հետ, ովքեր ասել են, որ իրենք չտեսնող մարդկանց դեպքում ևս կիրառում են կնիքը: Իրավաբանի խոսքերով՝ ձեռքով ստորագրելու փոխարեն կնիք դնելու պրակտիկան Հայաստանում կիրառվում է մոտ 15 տարի ցանկացած գործարք կատարելիս, ցանկացած փաստաթուղթ կնքելիս/ստորագրելիս:
Մհեր Վասիլյանը կարծում է, որ Ալինա Հարությունյանի դեպքում խախտվել են ՄԱԿ-ի կոնվենցիան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, նաև փաստաթուղթ ստանալու մարդու սահմանադրական իրավունքը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերին: Կոնվենցիայի 18-րդ հոդվածի («Տեղաշարժվելու ազատությունը և քաղաքացիությունը») 1-ին մասի «բ» կետը սահմանում է հետևյալը. մասնակից պետությունները ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք «հաշմանդամության պատճառով չզրկվեն իրենց քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթեր ստանալու, տնօրինելու և օգտագործելու, ինչպես նաև համապատասխան գործընթացներից օգտվելու հնարավորությունից, ինչպես, օրինակ, ներգաղթի ընթացակարգերն են, որոնք կարող են անհրաժեշտ լինել ազատ տեղաշարժի իրավունքը իրականացնելիս»:
Մհեր Վասիլյանը հավելում է, որ ներպետական օրենսդրությունը ևս չի արգելում փաստաթուղթը ստորագրելու փոխարեն կնքելը: Եվ տվյալ դեպքում պետք է գործի «այն, ինչ օրենքով արգելված չէ, կիրառելի ու թույլատրելի է» սկզբունքը: Այս սկզբունքը սահմանված է նաև Քաղաքացիական օրենսգրքում:
Իրավաբանը հռետորական հարց է տալիս, որ եթե տվյալ քաղաքացին, ենթադրենք, ձեռք չունի, նրանից նորից պահանջելո՞ւ էին փաստաթուղթը ստորագրել:
Մհեր Վասիլյանը համարում է, որ տվյալ դեպքում ամենաճիշտ և օպտիմալ քայլը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմելն է, քանի որ կատարվածն ուղղակիորեն վերաբերվում ՄԻՊ գրասենյակի գործառույթներին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավաբան, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը ևս կարծում է, որ տվյալ դեպքում մարդու իրավունքը խախտվել է: Նա ներքին համոզում ունի, այս հարցը կարելի է լուծել մեկ հեռախոսազանգի միջոցով, իսկ եթե ոչ, ապա արդեն ՄԻՊ գրասենյակը գրավոր դիմումներ կուղարկի ոստիկանություն և անձամբ ոստիկանապետին:
Ալինա Հարությունյանի կնիքը և կնիքով արված ստորագրությունը |
Սակայն Սերգեյ Հարությունյանը կնիքների կիրառման մեջ վտանգ է տեսնում հենց առաջին պահից: Ձեռքով արված ստորագրության դեպքում քաղաքացին կարող է ասել, որ տվյալ փաստաթուղթն ինքը չի ստորագրել, և ձեռագրաբանական փորձաքննությունը կպարզի` տվյալ ստորագրությունը քաղաքացո՞ւն է պատկանում, թե՞ ոչ: Իսկ եթե կնիքն ընկնի ուրիշի ձեռքը, և այդ ուրիշը կնիքով գործարք (ընտրական, բանկային, նոտարական) կատարի, ապա քաղաքացին չի կարողանա ապացուցել, որ տվյալ փաստաթուղթն ինքը չի կնքել: Ամեն դեպքում, եթե մարդը ձեռքեր ունի և ֆիզիկապես ի վիճակի է ստորագրել, Սերգեյ Հարությունյանը նախընտրելի է համարում, որ նա ստորագրի:
Մհեր Վասիլյանն էլ հավելում է, որ հաջորդ անձնագրում եղած ստորագրությունը պետք է համապատասխանի նախորդ անձնագրում եղածին, ստորագրության պատկերը պետք է նույնը լինի:
Մինչդեռ Ալինա Հարությունյանը «Հետքին» հայտնեց, որ նախորդ անձնագիրը ստանալիս ինքը ներկա չի եղել և բացարձակապես տեղյակ չէ, թե ով է ստորագրել դրանում, քանի որ այդ ժամանակը համընկավ իր` տեսողությունը կորցնելու հետ, և ինքն այնպիսի հոգեվիճակում էր, որ չի հետաքրքրվել անձնագրով: Միաժամանակ պետք է նշել, որ Ալինայի խոսքերով՝ անձնագրային բաժանմունքի պետը իրեն չի էլ հարցրել, թե նախկին անձնագրում ինչ ստորագրություն է եղել, այլ պարզապես միանգամից գոռացել է քաղաքացու վրա և արգելել կնիք օգտագործել:
Ալինին դեռ ոչ մի տեղ չի օգտագործել կնիքը: Նրա փոխարեն ստորագրում են տարբեր մարդիկ, ովքեր տվյալ վայրում ուղեկցում են նրան՝ մայրը, ընկերները:
Հ.Գ. Ալինա Հարությունյանը մասնագիտությամբ մերսող է, տիրապետում է և դասական, և բժշկական մերսումների: Վերջերս հաշմանդամների «Ֆորտե» գիտամշակութային ՀԿ-ում նա սովորել է համակարգչային ծրագրեր, որոնց այժմ լավ տիրապետում է: Ալինան ասմունքի տարբեր միջոցառումների ներկայացրել է իր գրած բանաստեղծությունները, տարբեր մրցույթներում դարձել դափնեկիր: Նա առաջիկայում պատրաստվում է ամուսնանալ իր ընկերոջ հետ, ով առողջական ոչ մի խնդիր չունի: «Եթե մի բան մարդ չի ունենում, հաստատ չպետք է մտածի, թե կյանքը ավարտվել է: Եթե մարդ լավատես լինի, կյանքում ամեն ինչ կունենա»,- ասում է Ալինան:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել