HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երբ սկեսուրը ժառանգություն է դիզում, իսկ դատավորը` մտքի գոհարներ կերտում

Վերոնիկա Ալեքսանյանը ամուսնու՝ Լեւոն Գասպարյանի հետ հասցրել է ապրել ընդամենը 1,5 տարի: Նրանք ամուսնացել են 2006-ի գարնանը, սակայն գրանցվել են միայն մեկ տարի անց՝ 2007-ին: Նույն տարվա նոյեմբերին 25-ամյա Լեւոնը վիրահատության արդյունքում մահացել է: Երիտասարդ կնոջ խնամքին է մնացել 6-ամսական երեխան՝ Հրաչը, ով առողջական խնդիրներ է ունեցել: Տղան բուժում է ստացել ինֆեկցիոն հիվանդանոցում, ապա տանը, մինչ այժմ էլ մշտական խնամքի կարիք ունի:

Լեւոնի մահից հետո առաջ է եկել ժառանգության հարցը: Ամուսիններն ապրել են Վահագնի թաղամասում գնված առանձնատանը, որը կահավորել են ընթացքում, ունեցել են «Toyota Prado» մակնիշի մեքենա: Առաջին հերթի ժառանգներ են Վերոնիկան ու Հրաչը եւ Լեւոնի մայրը՝ Հասմիկ Չուխաջյանը: Նախատեսված 6-ամսյա ժամկետում միայն Հասմիկն է դիմել նոտարական գրասենյակ իբրեւ ժառանգ: Վերոնիկայի փաստաբան Նազելի Վարդանյանը պատմում է, որ, տարված լինելով երեխայի խնամքով եւ գտնվելով ծանր հոգեկան վիճակում, կինը չի հասցրել այդ ընթացքում դիմել նոտարիատ: Ըստ նրա՝ սկեսուրը հարսից պահանջել է հրաժարվել հետագայում դատարանի միջոցով իր հասանելիքը ստանալուց, փոխարենը համաձայնելով, որ ժառանգ գրանցվի նաեւ փոքրիկ Հրաչը, որը նույնպես բաց էր թողել 6-ամսյա ժամկետը: «Հասմիկը խոսք էր տվել, որ ժառանգությունը ստանալուց հետո ամբողջ գույքը կնվիրի թոռանը, սակայն մինչ օրս նվիրատվության պայմանագիր չի կնքել ու տարբեր պատճառաբանություններով ձգձգում է»,- ասում է փաստաբանը: Արել են պայմանավորվածի պես. 6 ամիսը լրանալուց հետո Հասմիկը դիմել է Կենտրոնի նոտարական գրասենյակ՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար, միաժամանակ համաձայնել է, որ թոռն էլ ընդունի ժառանգությունը: Իր հերթին Վերոնիկան գրասենյակին հայտնել է, որ ժառանգական գույքի նկատմամբ պահանջ չունի, հետագայում էլ դատարան չի դիմելու:      

Բայց հետագայում պարզվել է, որ առանձնատունը եւ դրան հարակից հողամասը գրանցվել են միայն Հասմիկի եւ Հրաչի անուններով: Բանն այն է, որ այս անշարժ գույքը Լեւոնը գնել է այն ժամանակ, երբ արդեն ամուսնացած էր՝ 2007-ի ապրիլին: Ճիշտ է՝ սեփականության վկայականում գրանցվել է միայն Լեւոնի անունը, սակայն նրա մահից հետո ժառանգության բաշխման առարկա պետք է դառնար գույքի՝ Լեւոնին պատկանող 50 տոկոսը, որովհետեւ մյուս 50 տոկոսը օրենքով պիտի համարվեր Վերոնիկայինը, ում հետ համատեղ կյանքի ընթացքում ձեռք է բերվել այն: Այլ կերպ ասած՝ Հասմիկի եւ Հրաչի միջեւ պիտի բաժանվեր միայն գույքի 50 տոկոսը: Այնինչ Կենտրոնի նոտար Էմմա Շաբոյանը գույքը 100 տոկոսով համարել է ժառանգության առարկա ու կիսել տատի եւ թոռան միջեւ: Հասմիկ Չուխաջյանի պնդմամբ՝ Լեւոնը դեռ 2005-ին՝ մինչեւ ամուսնությունը, առքուվաճառքի նախնական պայմանագիր է ստորագրել կառուցվող տան համար, որի հիման վրա էլ հետագայում ձեռք է բերել սեփականության իրավունք: Սակայն Նազելի Վարդանյանը շեշտում է, որ օրենքով քանի դեռ չի հաստատվել այդ իրավունքը, գույքը չի համարվում անձինը: Իսկ Լեւոնը տան սեփականության վկայականը ստացել է Վերոնիկայի հետ ամուսնությունից հետո՝ համատեղ կյանքի ժամանակ:

Այժմ Վերոնիկան վարչական դատարանում (դատավոր՝ Արգիշտի Ղազարյան) վիճարկում է նոտար Շաբոյանի գործողությունները: Նա դատարան է մտել 2011-ի սեպտեմբերին: Բայց մինչ այդ՝ 2011-ի ապրիլին, երիտասարդ կինը իր եւ որդու անունից դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ի թիվս այլ պահանջների ներկայացրել էր նաեւ տան մասով հայց: Փաստաբան Նազելի Վարդանյանը պատմում է, որ դատավոր Արայիկ Մելքումյանին խնդրել էր կասեցնել գործի քննությունը մինչեւ վարչական ատյանի վճիռը, ինչը օրենքի պահանջ է: Սակայն մերժում ստանալը, դատավորի աբսուրդային գործողությունները, Հասմիկ Չուխաջյանի հանդեպ կանխակալ վերաբերմունքը իրենց ստիպել են հրաժարվել տան մասով հայցից: Արդյունքում Մելքումյանի վարույթում է մնացել հայցը մեքենայի, տան գույքի եւ ոսկեղենի մասով:

Լեւոնը իր «Toyota Prado» մեքենան գնել էր դեռ 2005-ին: Այսինքն՝ դրա նկատմամբ ժառանգական իրավունք ունեին Վերոնիկան, Հրաչը եւ Հասմիկը, սակայն քանի որ առաջինը հրաժարվել էր ժառանգական գույքից, կրկին մնացել էին թոռն ու տատը: Լեւոնի մահից հետո Վերոնիկան եւ երեխան մի քանի ամիս դեռ ապրել են առանձնատանը, հետո, ինչպես Ն. Վարդանյանն է պատմում, Հասմիկը, որ ավտոտնակով երեքսենյականոց բնակարան ու վարձակալության տրված երկհարկանի սեփական տուն ունի,  համոզել է հարսին տեղափոխվել հայրական տուն, որպեսզի առանձին չլինի (այսօր փոքրիկ Հրաչը եւ Վերոնիկան ապրում են վերջինիս ծնողների 10-հոգանոց ընտանիքում): Արդյունքում տիրացել է թե տանը, թե մեքենային, թե մնացած գույքին: Դատարանում հայցվոր կողմը պահանջել է Հասմիկից հօգուտ Հրաչի գանձել մեքենայի արժեքի 50 տոկոսը (մոտ 22.000 դոլար) եւ ՀՀ Քաղ.օր.-ի 411 հոդվածով (պատասխանատվություն դրամական պարտավորությունը չկատարելու համար) նախատեսված տոկոսները: Դատավոր Մելքումյանը շեշտել է այն փաստը, որ մեքենայի կեսի տերը Հրաչն է, սակայն չգիտես ինչու չի անդրադարձել այդ բաժինը ստանալու կոնկրետ պահանջին: Իսկ Հասմիկը պնդում է, թե «նշված պահանջը չի կարող պարտավորություն առաջացնել մասնակիցների համար, ովքեր չեն ցանկանում վճարել մյուս մասնակցի բաժնի դիմաց»: Ավելին՝ «հայցվորը երբեք չի մասնակցել ավտոմեքենայի պահպանման ծախսերին, չի կատարել պարտադիր ապահովագրություն, տեխնիկական զննման հետ կապված ծախսեր». եւ սա ասում է հարազատ տատը, ով տղայի մահից հետո արդեն 4 տարի ինքն է վարում «Toyota Prado»-ն, գնել է «գոլդ» համարանիշ՝ 01DT001, ու ուզում է, որ մանկահասակ թոռը մասնակից լինի պահպանման ծախսերին:           

Հասմիկը Վահագնի թաղամասի առանձնատունը ժառանգելուց հետո այն, ի թիվս մնացած գույքի, չի նվիրել թոռանը, ինչպես որ խոսք էր տվել: Ավելին՝ 2009-ի հուլիսից տունը վարձով է տվել: Այս փաստը ոչ միայն չի հերքվել, այլեւ հաստատվել է հենց դատարանում: Փաստաբան Վարդանյանն ասում է, որ վարձակալողը եղել է ԱՄՆ դեսպանատունը, ամիսը՝ 2.500 դոլարով: Այսինքն՝ դրա կեսը՝ 1.250 դոլարը, Հրաչի հասանելիքն էր, իսկ Հասմիկը Վերոնիկային ամսական ընդամենը մի քանի հարյուր դոլար է տվել, մեկ անգամ էլ՝ 1.500: Իսկ ահա դատավոր Մելքումյանն իր վճռում գրել է, թե դատարանը նախապես բաշխել է ապացուցման պարտականությունները կողմերի միջեւ, եւ հայցվոր կողմը որեւէ ապացույց չի ներկայացրել վարձակալության պայմանագրի, չափի, ժամկետների մասին: Փաստաբան Վարդանյանը հակադարձում է. «Դատարանն ընդհանրապես չի քննարկել եւ չի որոշել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը եւ չի բաշխել կողմերի միջեւ ապացուցման պարտականությունը եւ չի սահմանել ապացույցների ներկայացման ժամկետները: Այս փաստը հիմնավորվում է ձայնային կրիչի գրանցումներով: Եթե նման պարտականություն դրված լիներ հայցվորների վրա, ես անպայման կներկայացնեի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն արված իմ հարցումը, որին մինչեւ օրս չեն պատասխանել, եւ միջնորդություն կանեի պահանջել վարձակալության պայմանագիրը կամ պատասխանողից կամ էլ ԱՄՆ դեսպանատնից, քանի որ պայմանագիրը կնքվել է տան 50 տոկոսի սեփականատեր Հրաչ Գասպարյանից գաղտնի եւ չի գրանցվել անշարժ գույքի կադաստրում»: Հայցվորները Չուխաջյանից պահանջում էին վարձի՝ ամիսների ընթացքում կուտակված իրենց հասանելիք չափը եւ տոկոսները: Չուխաջյանի պատասխանը եղել է այն, որ ինքը հարսին եւ թոռանը առձեռն ու փոխանցումով վճարումներ է արել ստացված վարձից (ինչպես նշվեց, ամսական ընդամենը մի քանի հարյուր դոլար), բացի այդ՝ ինքն է կատարել տան սպասարկման, հողի հարկի եւ գույքահարկի վճարումները: Հետաքրքիր է, թե էլ ով պիտի կատարեր, եթե ամբողջ անշարժ գույքը եղել է իր տիրապետության տակ:    

Հասմիկ Չուխաջյանի ձեռքում է հայտնվել առանձնատան թանկարժեք կահույքը եւ ոսկեղեն, որոնք ժառանգության առարկա չեն ճանաչվել: Ասել է թե՝ տատը դրանց նկատմամբ ոչ մի իրավունք չուներ: Ավելին՝ առկա են վկաներ ու փաստեր, որոնց միջոցով ապացուցվում է, որ այդ ամենը երիտասարդ ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերված գույք է եղել: Խոսքը փափուկ կահույքի կոմպլեկտի (3.000 դոլար) եւ ննջարանի կահույքի (10.000 դոլար) մասին է, որոնք Չուխաջյանը վաճառել է: Հայցվորները պահանջել են վերադարձնել կահույքների ընդհանուր արժեքը եւ վաճառքից հետո ստացված գումարը պահելու պատճառով համապատասխան տոկոսներ գանձել ըստ Քաղ.օր.-ի 411 հոդվածի, բացի այդ՝ վերադարձնել այն գույքը, որը գտնվում է պատասխանողի ապօրինի տիրապետման տակ: Փաստաբան Վարդանյանը միջնորդել է վկայակոչել Լեւոնի պապին եւ հորեղբորը՝ Լեւիկ եւ Համլետ Գասպարյաններին, Վերոնիկայի հարսին եւ ընկերուհուն: Այս անձինք ծանոթ են եղել երիտասարդ ընտանիքի անցուդարձին, իրենք են անձամբ ոսկեղեն նվիրել փոքրիկ Հրաչին կամ իմացել վերջինիս եւ Լեւոնին պատկանող զարդերի գոյության մասին: Դատավոր Մելքումյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է, թե նրանք ավելի կխճճեն գործը եւ մերժել է վկայակոչման միջնորդությունները, Լեւիկի եւ Համլետի հայտարարությունները համարել է գործին չվերաբերող: Ավելին՝ երբ Վարդանյանի համառության շնորհիվ Լեւիկ Գասպարյանը ի վերջո որպես վկա եկել է դատարան, Մելքումյանը հերթական մտքի գոհարն է երկնել՝ ասելով, որ վկայի դեմքը ծանոթ է իրեն, եւ ինքը չի հարցաքննի նրան: «Փաստորեն, դատավորը ինքն իրեն ճանաչում է որպես վկա եւ ցուցմունք տալիս դատարանին այս փաստի առթիվ, ինչի հիման վրա որոշում է կայացնում,- կատարվածից ապշած՝ ասում է Ն. Վարդանյանը,- իրականում Լեւիկ Գասպարյանը դատարանի դահլիճում երբեւէ չի գտնվել, նա մեկ անգամ՝ դատաքննությունից 6-7 ամիս առաջ, եկել է դատարան ու սպասել միջանցքում»: Արդյունքում դատավորը գտել է, որ հիմնավոր ապացույցներ հայցվորները չեն ներկայացրել եւ այս մասով նույնպես մերժել է հայցը:

Արայիկ Մելքումյանին հավաստի է թվացել այն անստորագիր, սովորական թուղթը, որում վատ երեւացող կնիքի առկայությամբ «Եվրոպա» խանութի տնօրենը հայտնել է, թե ինքն է 2007-ի հուլիսին Հասմիկին ննջարանի կահույք վաճառել (ինչից հետեւում է, որ Հասմիկն է դրա տերը), ինչը, ըստ վերջինիս, հետո իբր տեղափոխվել է Լեւոնենց առանձնատուն: Սակայն դատավոր Մելքումյանը աչք է փակել այն լուսանկարի վրա, որտեղ Հրաչին գրկած Լեւոնը նստած է այդ կահույքի վրա, իսկ լուսանկարը տպվել է… հունիսին: Միաժամանակ անարձագանք է մնացել տնօրենին որպես վկա հրավիրելու միջնորդությունը: Այս ամենն, իհարկե, զավեշտ է: Փաստաբան Վարդանյանը ներկայացրել է առանձնատանը արված լուսանկարներ, որտեղ երեւում է թանկարժեք գույքը՝ գորգեր, պատի նկարներ, դրանց գնումների վերաբերյալ գրություններ: «Դատարանին ներկայացվել են բոլոր ապացույցները նշված գույքի տեսակի, արժեքի վերաբերյալ, լուսանկարներով ապացուցվել է, որ դրանք սկզբում գտնվել են հայցվորների տանը, իսկ այժմ՝ պատասխանողի տանը, սակայն դատարանը չի վերադարձրել այդ գույքը հայցվորներին,- նշում է փաստաբանը,- սա խոսում է միայն դատարանի ոչ անաչառ լինելու մասին»:

Լեւոնը Խորենացու փողոցի ոսկու շուկայում վարձակալած տարածք է ունեցել, որպես անհատ ձեռնարկատեր ոսկեղեն է վաճառել: Եվ միայն որդու մահից հետո է Հասմիկ Չուխաջյանը գրանցվել ու աշխատել նրա փոխարեն, ինչը, ըստ Ն. Վարդանյանի, ապացուցում է, որ մինչ այդ Հասմիկը չի աշխատել, եկամտի աղբյուր չի ունեցել, եղել է տղայի խնամքի տակ, ինչը վկայել են Լեւիկ եւ Համլետ Գասպարյանները: Հետեւաբար կահույքը չէր կարող ինքը գնել: Մյուս կողմից՝ այստեղ մեջտեղ է եկել Լեւոնի այն ոսկեղենը, որը նա վաճառել է շուկայում: Վարդանյանը պնդում է, որ դա եղել է երիտասարդ ընտանիքի համատեղ կյանքում ձեռք բերված գույք, իսկ պատասխանողը շեշտել է, թե խանութի պես ոսկեղենն էլ է վարձակալած եղել: Լեւոնի մահվան պահին տանը եղել է 120.000 դոլար, որը, ըստ հայցվորների, Հասմիկը յուրացրել է եւ բանկ դրել: Այս պահանջներից, սակայն, հայցվոր կողմը հետագայում հրաժարվել է՝ դատավորի օբյեկտիվությանը մեծապես կասկածելով: Այս հարցում կարեւոր էր նաեւ այն, որ, նվազեցնելով պահանջները եւ հայցագինը, հնարավոր էր նվազեցնել նաեւ պետտուրքի չափը:

Փաստաբանը, շեշտելով Վերոնիկայի չաշխատելը, երեխայի խնամքի կարիքը, խնդրել էր ազատել պետտուրքից, սակայն դատարանը բավարարվել է միայն վճարումը հետաձգելով: Ավելին՝ նշել է, թե Վերոնիկայի չաշխատելն ու երեխայի բուժվելը չեն վկայում ֆինանսական ծանր վիճակի մասին, ինչի համար կարելի է ազատել պետտուրքից: Իսկ հետագայում, երբ ամբողջությամբ մերժել է հայցը, Վերոնիկայից որպես պետտուրք պահանջել է գանձել ավելի քան 6.000 դոլար, ինչը, Նազելի Վարդանյանը աբսուրդ է համարում՝ նշելով, որ դատավորը իրականից շատ ավելի մեծ գումար է հաշվարկել:

Մելքումյանի վճիռն արդեն իսկ բողոքարկվել է վերաքննիչ ատյանում, եւ հետաքրքիր է, որ այս դատարանը ֆինանսապես ծանր ընտանիքին ազատել է պետտուրքից (վերաքննիչում պետտուրքի չափը կրկնապատկվում է), ինչը դատավոր Արայիկ Մելքումյանին մտածելու տեղիք պետք է տա: Դատական ակտի հրապարակման օր է նշանակվել հուլիսի 27-ը:

 
Վերոնիկան եւ փոքրիկ Հրաչը՝ գորգի եւ կահույքի ֆոնին

Հասմիկ Չուխաջյանին վերադառնալով՝ նշենք մի կարեւոր հանգամանք: Այս կինը ապրիլին դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն շրջանների դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մահացած որդու՝ Լեւոնի եւ Վահագնի թաղամասի կառուցապատող «Հովնանյան Ինտերնեյշնլ» ընկերության միջեւ կնքված պայմանագիրը: Հասմիկը պնդում է, թե չնայած որդու անունով են գրանցվել նախնական պայմանագրով նախատեսված բոլոր վճարումները, սակայն իրականում դրանք ինքն է կատարել, քանի որ ոսկու շուկայում աշխատողը եւ գումար վաստակողը էլի ինքն է եղել, չնայած կրկին որդին է իբրեւ ձեռնարկատեր գրանցված եղել: Որպես ապացույց Չուխաջյանը ներկայացրել է ոսկու շուկայի տիրոջ տված տեղեկանքը: Որդու եւ կառուցապատող ընկերության միջեւ պայմանագիրը համարելով շինծու գործարք՝ կինը ուզում է, որ տղայի անվան փոխարեն գրանցեն իրը ու որպես հետեւանք ժառանգության վկայագրից հանեն այդ տունը: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ինչ միջոցներով է ձեռք բերվել այդ ոսկու շուկայի տիրոջ տված թուղթը՝ ընդամենը ասենք, որ Կենտրոնի դատարանում ընթացող գործի ժամանակ նույն Չուխաջյանը երբեք չի ասել, թե ինքն է եղել ոսկու շուկայում աշխատողը, առանձնատան գնորդն իրականում ինքն է եղել եւ այլն: Ընդհակառակը՝ պնդել է, որ ամեն ինչ Լեւոնն է արել:

Ինչու՞ է փոխվել սկեսրոջ մարտավարությունը: Այս հարցին պատասխանել է Վերոնիկան. «Հասմիկ Չուխաջյանը որ դեպքում ինչ հարմար է, այն էլ ասում է, նրա համար որեւէ բարոյական եւ իրավական նորմ գոյություն չունի: Հայցադիմումը ոչ միայն անհիմն է, այլ նաեւ անբարո, քանի որ հայցվորը, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է վիճարկել իր հանգուցյալ որդու կողմից կնքված տան առքուվաճառքի պայմանագիրը, զրկելով հորից զրկված իր 5-ամյա թոռանը, նրան ժառանգությամբ անցած հոր տան 50 տոկոսի սեփականության իրավունքից՝ թողնելով վերջինիս անօթեւան»:

Այս գործը դեռ ընթացքի մեջ է, սակայն վարչական դատարանի վճիռը նոտար Էմմա Շաբոյանի գործողությունների, Վահագնի թաղամասի առանձնատան ժառանգման վերաբերյալ ըստ էության նոր լույս կսփռի այս ամբողջ պատմության վրա, եւ երիտասարդ այրին ու փոքրիկ տղան կստանան իսկապես իրենց հասանելիքը: Իսկ ահա դատավոր Մելքումյանի գործողությունները պետք է որ անպայման հետաքրքրեն ՀՀ արդարադատության խորհրդին:  

Առաջին լուսանկարում՝ Հասմիկ Չուխաջյանը եւ Վերոնիկա Ալեքսանյանը           

Մեկնաբանություններ (4)

Yeranuhi
Vor hetamut lini,,,,,,,es datavori demqn el canota shat,,,,,yerevuma miasin enq sovorel......hargeli datavorner,yexeq anshahaxndir,,,,,che vor milionavor anmex mardik en dimum dzer ognutyan@!!!!!!SHESHTUM EM` DZER OGNUTYANN EN DIMUM,,,,,ISK DUQ SHAT ANGAM DZER ISK SXAL DATAVARUTYAMB PCHACNUM EQ MI AMBOXJ KYANQ,YETE MARD@ HATKAPES MI POQR EL TUYL E LINUM,,,,,BAYC HISHEQ,BOLORT EL PATASXAN EQ TALU,,,,,ISK INCH VERABERUM E AYS HODVACIN,ASEM,,,,,HARGELINERS HARGEQ DZER ARYUN@ GONE YETE URISH SRBUTYUN AYS ASHXARHUM EL CHUNEQ!
Դարդ-անելի
Դատավոր դառնում են գոհարներ կերտելու համար, թե չէ նրանց շտ պետք էարդարադատություն։ Անարդար դատելով ավելի լավ են ապրում, չմտածելով, որ կգա ժամանակ՝ իրենց դրած հիմքի վրա իրենց զավակները երերալու են
Նաիրա
Կրկին անգամ ՀՀ քաղաքացին հայտնվում է կոռուպցիայի, ամենաթողության, անարդարության ճիրաններում: Այսպես շարունակվել չի կարող: Միթե երեք ատյաններից որևէ մեկում չի գտնվելու գեթ 1 իր կոչմանը նվիրված բարեպաշտ դատավոր, որը վերջակետ կդնի այս խայտառակ պատմությանը: Չէ որ ի վերջո բոլորը պատասխան են տալու բոլորը:
Valya Shtoyan
Vor ardaradatutian xorhurd@ hetamut lini aid datavori sxal kaiatsrats tasniak vchirner kgtni. Chuzi chi gtni, achqer@ kpaki....inchpes @ndunvats e....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter