HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Չաշխատող ու երեխա խնամող այրին ստիպված է ավելի քան 6000 դոլար պետտուրք մուծել

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Կարինե Հակոբյան) հուլիսի 27-ին մերժել է Վերոնիկա Ալեքսանյանի բողոքը դատավոր Արայիկ Մելքումյանի վճռի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ալեքսանյանը իր սկեսուրից պահանջում էր իր մանկահասակ տղային՝ Հրաչյային, վերադարձնել վերջինիս հասանելիք ժառանգության բաժինը, որը Հրաչյան պետք է ստանար հոր՝ Լեւոնի մահից հետո: Բացի այդ՝ Վերոնիկան պահանջում էր վերադարձնել այն ամբողջ գույքը, որը ժառանգության առարկա չէր ճանաչվել, սակայն ամուսնու մահից հետո սկեսուրի տիրապետության տակ էր հայտնվել: 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը ամբողջությաբ մերժել էր Ալեքսանյանի հայցը, եւ վճիռը բողոքարկվել էր: Այսքանից հետո, փաստորեն, երիտասարդ կինն ու 5-ամյա երեխան հայտնվել են ծանր վիճակի մեջ, քանի որ ստիպված են ավելի քան 6.000 դոլար պետտուրք մուծել, ինչի մասին իր վճռում գրել էր Մելքումյանը: Վերջինս անհիմն էր համարել հայցվորի փաստարկները առ այն, որ ինքը չի աշխատում, երեխան էլ առողջական խնդիրների պատճառով մշտական խնամքի կարիք ունի, եւ նշել, որ պետտուրքից ազատելու հիմքեր չկան, այնինչ վերաքննիչ ատյանը ազատել էր Վերոնիկային պետտուրքից: Դա, սակայն, չի նշանակում, թե կինը ազատվում է նաեւ առաջին ատյանի պետտուրքից:

Հավելենք, որ «Հետքի» հրապարակումից հետո, որտեղ անդրադարձել էինք Ա. Մելքումյանի տարօրինակ ու զարմանք հարուցող գործողություններին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հետաքրքրություն է ցուցաբերել այս դեպքի առնչությամբ: Այժմ գործը գտնվում է ծառայության ուշադրության կենտրոնում: Զարգացումներին «Հետքն» առաջիկայում կանդրադառնա:    

Լուսանկարում՝ Հասմիկ Չուխաջյանը (սկեսուրը) եւ Վերոնիկա Ալեքսանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter