
Ինչքա՞ն կարող է դիմանալ Գագիկ Խաչատրյանը
Դեռեւս 2011 թ. սեպտեմբերի 29-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, անդրադառնալով 2012 թ. բյուջեի եկամտային մասին, նշել էր, որ Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: «Դրա համար մենք մեծ անհանգստություն ունենք և պետք է լուրջ աշխատենք այդ փաստաթղթի վրա, որպեսզի հասկանանք, թե հաջորդ տարի այդ հարկերի հավաքագրումը որտեղից ենք ակնկալելու»,- ասել էր Գագիկ Խաչատրյանը: Նախատեսվում էր հարկերն ավելացնել հարկային բազայի ընդլայնման եւ վարչարարության ուժեղացման շնորհիվ:
Այսօր ակնհայտ է, որ ՊԵԿ-ը դժվարանում է հավաքել նախատեսված չափի հարկեր: Խոշոր հարկատուների երկու ներկայացուցիչ, իրենց անունները չնշելու պայմանով, մեզ ներկայացրին խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի մոտ երեկ կայացած հանդիպման մանրամասները: Արզումանյանը հավաքվածներին ասել է, որ երկրի բյուջեի նախատեսված մուտքերի հավաքագրումը չի ապահովվում: Նա նշել է, որ խոշոր հարկատուների կողմից ներկայացված ՀԴՄ-ի կտրոններն, ըստ էության, իրական պատկերը չեն ներկայացնում եւ այսուհետ ՀԴՄ կտրոնների հետ միասին խոշոր հարկատուները պետք է ներկայացնեն հաշիվ-ապրանքագրեր:
«Նպատակային փլուզում են երկրի տնտեսությունը եւ չենք հասկանում՝ սա որտեղից է արվում: Ամեն ինչ անում են, որ փակենք այստեղ ունեցած արտադրությունները, թողնենք գնանք Հայաստանից»,- ասում է խոշոր հարկատուներից մեկը: Նրանցից մյուսը այս քաղաքականությունը պայմանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ եղած հակասությամբ: «Վարչապետը հարկերի շեմը բարձրացնում է՝ իմանալով, որ դժգոհություններ են լինելու եւ հնարավոր չի լինելու այդքան մուտքեր ապահովել: Ահա այդ հակամարտությունից տուժում ենք մենք՝ հարկատուներս»,- ասում է մեր զրուցակից երկրորդ խոշոր հարկատուն:
Մենք առաջարկեցինք այս հարցը քննարկել կլոր սեղանի շուրջ՝ հրավիրելով նաեւ պետական կառույցի ներկայացուցիչներին: Նրանք կտրականապես դեմ են նման նախաձեռնության մասնակցել, սակայն կողմ են նման թեմաներով բանավեճերի:
Գագիկ Խաչատրյանն էլ ամեն ինչ անում է, որ հարկերը հավաքագրի, հակառակ դեպքում ստիպված է լինելու հրաժեշտ տալ իր պաշտոնին: Բայց նա արդեն լուրջ խոչընդոտների է հանդիպում, եւ չի բացառվում, որ նորից ազատման դիմում ներկայացնի:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել