
«Հայաստանի բանտերում կան անմեղ մարդիկ»
Երբ աշխարհի շատ երկրներ հրաժարվեցին մահապատժից, առաջնային հիմնավորումներից մեկն այն էր, որ անգամ պարբերաբար կատարելագործվող իրավական համակարգ ունեցող երկրները չեն կարող խուսափել դատական ճակատագրական սխալներից: Մարդկության պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ դատապարտվել են անմեղ մարդիկ, անգամ մահապատժի դատավճիռներ են իրագործվել, սակայն տարիներ անց հայտնաբերվել է իրական հանցագործը: Գործերի վերաբացման համար ստեղծվեցին տարբեր գործիքներ՝ նոր ու նոր երևան եկած հանգամանքներ, գիտության զարգացման նվաճումներ: 20-րդ դարավերջից քրեական գենետիկան՝ ԴՆԹ թեստի միջոցով, աներևակայելի արդյունքներ է գրանցում զարգացած աշխարհում: Անգամ տասնյակ տարիներ առաջ դատապարտված մարդիկ արդարացման դատավճիռներով վերադառնում են ազատություն: ԴՆԹ թեստի կիրառման համար անհրաժեշտ է մեկ պայման. պետությունը պետք է պահպանի իրեղեն ապացույցները: Արևմուտքում համակարգը պահպանել է այդ ապացույցները:
Ի՞նչ է անում մեր պետությունը
Հայաստանում կյանքի դեմ ուղղված ու առանձնապես ծանր հանցագործությունների գործերով իրեղեն ապացույցները հիմնականում չեն պահպանվել: Դատավճիռների վերջում հաճախ տեսնում ենք` «իրեղեն ապացույցները ոչնչացնել» արտահայտությունը:
Երբ այս փաստի մասին ասացի ԱՄՆ-ից մեր հայրենակից, քրեական գենետիկ Գրեգ Համփիկյանին, («Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի մասնաճյուղի ղեկավարն է, Հայաստանում տարիներ առաջ մասնակցում էր «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» կազմակերպած կոնֆերանսին) կլորացրեց աչքերը:
![]() |
Գրեգ Համփիկյան |
«Չէ՞ որ գիտությունը մեծ տեմպերով զարգանում է: Հայաստանի բանտերում, իհարկե, կան անմեղ մարդիկ, քանի որ Հայաստանը դեռ շատ երիտասարդ պետություն է: 1990-ականներին նոր-նոր դատական համակարգ էր ծնվում: Այնքան հարցականներ կլինեն այդ գործերում: Ինչպե՞ս կարելի է պահպանել դատապարտյալի կյանքն ու վերացնել նրա գործի վերաբացման հիմքերը: ԱՄՆ-ում վերջին տարիներին հարյուրավոր դատապարտյալներ են 15-20 տարի անց արդարացվել շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման ու ԴՆԹ-ի»,- ասաց Գրեգ Համփիկյանը:
ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արտաշես Ջավադյանը նշեց, որ, ցավոք, Հայաստանում դեռ չկան այդ լաբորատորիան, այդ գործիքները. դրանք շատ թանկ արժեն: 2004 թ-ից այս կողմ ազգային բյուրոյում պահվել են քրեական գործերի փորձանմուշների միայն էլեկտրոնային նկարագրությունները: Իսկ 1990-ականների գործերով ոչինչ պահպանված չէ: Այդ ժամանակ անգամ բյուրոն գոյություն չի ունեցել:
Սկսեցի հարցումներ ուղարկել աշխարհի տարբեր կողմերում գտնվող քրեագիտական կենտրոններին՝ դատափորձագիտական կենտրոնների եվրոպական ցանցին՝ պարզելու արդյոք հնարավո՞ր է առանց իրեղեն ապացույցների, քրեական գործերի նութերով նոր փորձաքննություն իրականացնել՝ հաշվի առնելով գիտության զարգացումը: Բոլոր երկրներից ստացվեցին մեկը մյուսին կրկնող պատասխաններ. «Ներողություն, բայց հին քրեական գործերով կրկնակի փորձաքննություններ կարող ենք անել միայն իրեղեն ապացույցների հիմքի վրա»: Եվ միայն Նորվեգիայի համապատասխան քրեագիտական կենտրոնից (Independent Forensic Services) ստացվեց պատասխան, որ հնարավոր է քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ վերականգնել իրավիճակը, այսինքն՝ կատարել քննչական փորձարարություն, որը չի տա 100 տոկոսանոց արդյունք: Ահա, թե որքան կարևոր է իրեղեն ապացույցների պահպանումը:
Ի՞նչ է անում Արևմուտքը
Նախորդ դարի վերջին՝ 1992-ին, ԱՄՆ-ում սկիզբ առավ «Անմեղության ծրագիրը» երկու քրեական գենետիկների կողմից: Նրանք պարզապես մամուլում կարդացել էին մի դատապարտյալի մասին, ով անընդմեջ կրկնում էր նույնը՝ ես անմեղ եմ: Եվ ԴՆԹ թեստը տարիներ անց ապացուցեց նրա անմեղությունը: Այսօր աշխարհում գործում է 48 «Անմեղության ծրագիր», միայն Անգլիայում՝ 23-ը կա:
Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Նոթթոնին հանդիպեցի Երևանում` «Ցմահ դատապարտյալների խնդիրները» միջազգային համաժողովի ժամանակ: Հետո նրա հետ համացանցով հարցազրույց անցկացրի:
![]() |
Մայքլ Նոթթոն |
Նա արդեն տասնյակ տարիներ զբաղվում է ԴՆԹ թեստի հիմքով երկարատև ու ցմահ ազատազրկվածների գործերի վերանայմամբ: Պատմեց, որ Անգլիայում առաջինը Բուքլենդի գործն է վերաբացել, ով մեղադրվել է երկու 14-ամյա աղջիկների բռնաբարության և սպանության մեջ: Սկզբում նա խոստովանել է, թե մեկին ինքն է սպանել: Սակայն հետագայում պարզվել է, որ նրա տվյալները չեն համապատասխանում հանցագործության վայրում գտնվող առարկաների տվյալներին: Բուքլենդն առաջին արդարացվածն էր Անգլիայում: Նոթթոնը շաբաթական 30-50 նամակ է ստանում բանտարկյալներից: Ասում է, որ այժմ ողջ երկրում 1000-ից ավելի ուսանող անվճար աշխատում է գործերի վերաբացման ուղղությամբ, նաև իրավաբաններ, հետազոտողներ, բոլորը փորձում են անշահախնդիր օգնել անմեղ բանտարկյալներին: Իսկ առհասարակ վերջին երեք տարում վերանայվել է 301 մարդու գործ, 40 տոկոսն անմեղ է ճանաչվել, գտնվել են իսկական հանցագործները: Այդ գործերի 75 տոկոսի դեպքում մարդիկ դատապարտվել էին բացառապես վկաների ցուցմունքներով:
Նոթթոնը պատմեց, որ առաջին անգամ «անմեղ դատապարտյալներ» արտահայտությունը լսել է իր թեկնածուական ատենախոսության վրա աշխատելիս: Անգլիայում մի քանի հազար բանտարկյալ պնդում էին, թե իրենք անմեղ են: «Սկսեցի հոդվածներ գրել նրանց խնդիրների, վերաքննիչ համակարգի մասին: Այդ ժամանակ ինձ հրավիրեցին արդարադատության նախարարություն: Մոտ15 մարդ կար: Ասացի, որ հազարավոր անմեղ դատապարտյալներ կան, որոնց հարցերով զբաղվելու համար պետք է նոր ուղիներ գտնել: Ոչ ոք չէր խոսում: Ի վերջո, մեկն ասաց, որ ես պետության թշնամին եմ, քանի որ սասանում եմ հասարակության վստահությունը արդարադատության հանդեպ: Ի պատասխան ասացի, որ մենք հավատում ենք օրենքի ուժին, բայց եթե մեքենան կոտրված է, պետք է նորոգել այն: Անմեղ մարդիկ չպիտի մնան բանտում, պետք է գտնել իրական հանցագործներին, ոչ թե վկային կաշառելով՝ ապացույցներ ունենալ: Երբ սկսեցի այս թեմաներով գրել, շատերը զարմացան` ի՞նչ պատահեց այս մարդուն. ինչո՞ւ է նա պաշտպանում մարդասպաններին, բռնաբարողներին: Ես նրանց բացատրում էի, որ ես ոչ թե պաշտպանում եմ մեղավորներին, այլ անմեղներին: Այս գործընթացը համբերություն է սիրում. օրինակ, հինգ տարի պայքարում ես, երբեմն համակարգն ագրեսիվ է, կարող է չհասկանալ քեզ, բայց դու պահում ես քո դիրքորոշումը մինչև սկսում են հաշվի նստել քեզ հետ: Մենք բոլորս ցանկանում ենք համակարգը դարձնել ճշմարիտ: Աներևակայելի աշխատանք է: Այս թեսթերը ցույց են տալիս քրեաիրավական համակարգի անկատարությունը: Մենք աշխատում ենք ոչ միայն ԴՆԹ թեսթով գործերի վերաբացման վրա, այլև այն դեպքերում, երբ մարդ պնդում է իր անմեղությունը: Մեզ մոտ էլ տասնյակ տարիներ առաջ հաճախ իրեղեն ապացույցները ոչնչացվում էին դատավճռից հետո, այնպես որ չէինք կարող մեր աշխատանքը սահմանափակել միայն ԴՆԹ թեստով, դա նման է Հայաստանում ձեր կատարած աշխատանքին. մենք աշխատում էինք հրավիրել կառավարության ուշադրությունը, որ պահպանվեն բոլոր ապացույցները: Ի վերջո, պետական համակարգերի հետ մենք բարեկամներ դարձանք, այժմ հենց պետությունը պետական բյուջեով լուրջ միջոցներ է հատկացնում ԴՆԹ թեստերը կատարելու համար»,- պատմում էր քրեական գենետիկայի մասնագետը:
Նորից Հայաստան
Հայաստանում ԴՆԹ թեստով գործերի վերաբացման հասնել դեռ հնարավոր չէ իրեղեն ապացույցների չպահպանման պատճառով: Սակայն առաջին քայլն արդեն արված է. Քրեական դատավարության նոր օրենքի նախագծում տեղ է գտել 100 հոդվածի 2-րդ կետը, ըստ որի կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների գործերով իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման: Օրենսգրքի ընդունումից հետո այդ դրույթը կարող է փրկել անմեղ դատապարտյալների կյանք:
Սակայն այսօր էլ կան դատապարտյալներ` հիմնականում երկարատև ու ցմահ ազատազրկվածներ, ովքեր տասնյակ տարիներ պատիժ են կրում, բայց և շարունակաբար բարձրաձայնում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել ճաղերից այն կողմ: Նրանք անգամ ՄԻԵԴ(Մարդու իրավունքների եվրոպական դատարան) դիմելու հնարավորություն չեն ունեցել և չունեն այն պարզ պատճառով, որ դատապարտվել են մինչ Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը, այսինքն՝ 2001-ից առաջ ընկած ժամանակահատվածում: Հետևաբար ինչպե՞ս հասնել գործերի վերաբացման:
Միակ ելքը նոր ու նոր երևան եկած հանգամանքներն են
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 50-րդ գլուխը սահմանվում է գործերի բացառիկ վերանայման բողոքի չափորոշիչները:«Հետքի» հետ զրույցում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը նշեց.
«Կա մի արժեք, որ կոչվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունություն: Կա դատական ակտի կայունության կանխավարկած: Դատավճիռը համարվում է օրինական, քանի դեռ ծանրակշիռ փաստարկներով այդ ակտի հիմքերը չեն դրվել կասկածի տակ: Եթե վերանայումը դառնա սովորական գործընթաց, արդարադատության համակարգը կփլուզվի: Նշանակում է՝ յուրաքանչյուր ամիս կարող են վերանայվել նախկինում կայացված դատական ակտերը և վերանայվել անընդհատ: Կարելի է անընդմեջ ասել՝ կասկածում եմ վկայի ցուցմունքի վրա, փորձաքննության վրա և այլն: Արդարադատության համակարգը, ինչպիսին էլ լինի, չի կարող նման ցնցումներ հանդուրժել: Մեր Վճռաբեկ դատարանն անընդհատ զբաղված պիտի լինի հին գործերի վերանայումներով: Նոր հանգամանքները պետք է այնքան ծանրակշիռ լինեն, որ այլընտրանք չթողնեն: Սա, իհարկե, գիտության նվաճումներին չի վերաբերում: Արևմտյան երկրների փորձը ցույց է տալիս, որ գիտության զարգացմամբ ձեռք բերված նոր գործիքները, օրինակ, ԴՆԹ-ն, հնարավոր է նոր երևան եկած հանգամանք դիտել: Չէ՞ որ այդ նոր գործիքը հնարավորություն տվեց դատական համակարգին վերաիմաստավորել ապացույցները: 1961 թ.-ին ոչ մեկը չէր մտածում, որ ԴՆԹ թեստ կհայտնագործի մարդկությունը, մեզ մոտ օրենսգիրք գրողները ուշադրություն չդարձրեցին դրան: Օրենսդրությունը մնաց գրեթե նույն մակարդակի վրա, ցավոք, շատ օրենսդիրներ ևս ընկալման առումով մնացին նախորդ դարում: Իսկ քրեական արդարադատության ոլորտը գնալով ավելի դինամիկ է դառնում: Օդորոլոգիան՝ հոտի մասին գիտությունը, մեզ համար ֆանտաստիկայի ժանրից էր, բայց այդ գիտությունը արևմուտքում թույլ է տալիս մարդուն անգամ հոտով նույականացնել: Բայց մատնահետքերը մենք դեռ նախնադարյան մեթոդներով ենք կիրառում: 15 օր է տևում արդյունքների ստացումը, իսկ դրսում՝ հաշված րոպեներ: Արդարադատության ոլորտ լուրջ ֆինանսական հոսքեր են պետք, որ այս ամենը զարգանա: Քրեական դատավարության մի դրույթ փոխելով, ցավոք, լուրջ փոփոխության չենք հասնի: Անշուշտ, իրեղեն ապացույցների պահպանումը ամրագրել օրենքով, կարևոր քայլ էր, բայց այս ամենին համալիր մոտեցում է պետք»:
Երկրորդ լուսանկարը` Գրեգ Համփիկյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել