
Ազատամարտիկը 19-րդ տարին բանտում է պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար (մաս 3-րդ)
Երկու լուսանկարում էլ նույն մարդն է՝ 1995 թ-ին մահապատժի դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը` մինչև դատապարտվելն ու դատապարտվելուց հետո: Երկրորդ լուսանկարը տարածվել էր Սողոմոն Քոչարյանի երկրորդ փախուստից հետո՝ 2009 թ. նոյեմբերի 29-ից, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին ու հայտարարում, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստ են կատարել երկու ցմահ բանտարկյալներ: Անգամ նշվում էր, որ նրանց գտնվելու վայրը հայտնողներին ոստիկանությունը խոստանում է դրամական պարգև:
Սողոմոն Քոչարյան- Մհեր Ենոքյան խցակիցները երկու անգամ են փախուստ կատարել ազատազրկման վայրերից: Առաջին անգամ «Գորիս» ՔԿՀ-ից՝ 2004 թ-ին (մինչ այդ այնտեղից որևէ անգամ փախուստի դեպք չի գրանցվել): Ազատության մեջ Սողոմոնը մնացել է մեկ ամսից ավելի, իսկ Մհերը՝ 11 օր: Նրանք հայտնաբերվել են Երևանում, տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Երկրորդ անգամ՝ երկու ցմահ բանտարկյալները փախել են «Նուբարաշենի» բանտից 2009 թ-ին: Այս անգամ նրանք ազատության մեջ մնացել են 21 օր: Մեկ օրվա տարբերությամբ հայտնաբերվել են ու դարձյալ տեղափոխվել «Նուբարաշեն»: Ազատության օրերին նրանք չեն կատարել և ոչ մի զանցանք:
![]() |
Մհեր Ենոքյան |
Փախուստների առթիվ հարուցված քրեական գործերով դատավարությունների ժամանակ երկու ցմահ դատապարտյալները հայտարարել են, որ փախուստները պարզապես ակցիաներ են իրենց գործերի հանդեպ պետական մարմինների ուշադրությունը բևեռելու, գործերի վերաբացման համար: Նրանք պնդել են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել ճաղերի հետևում: Սակայն 2 փախուստների համար ցմահ ազատազրկման մեջ կլանվել է 7.5-ական տարվա պատժաչափ: Երկու անգամ էլ փախուստի գործով դատավարությունները տեղի են ունեցել «Նուբարաշենի» բանտի դահլիճում, որտեղ դեռ խորհրդային տարիներից մնացել է լուսանկարում պատկերված վանդակը, ուր փակել էին ցմահ բանտարկյալներին (Հայաստանի՝ ԵԽ անդամ դառնալուց հետո բոլոր դատարաններից հանվել են ճաղավանդակները, միայն սա է մնացել):
«Հետքը» զրուցեց 1995 թ-ից պատիժը կրող, ցմահ բանտարկյալ (նախկինում՝ մահապատժի դատապարտված) Սողոմոն Քոչարյանի մոր՝ Զինա Քոչարյանի հետ, ով արդեն 19-րդ տարին սպասում է որդու վերադարձին: Տիկին Զինային առաջին անգամ հանդիպեցի չորս տարի առաջ՝ երկրորդ փախուստի գործով դատավարության ժամանակ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դահլիճում: Այն ժամանակ դեռ ասաց, որ Սողոմոնին ազատության մեջ տեսնելու հույսը գնալով մարում է, որ հարսը՝ Ստելլան ծանր հիվանդ է, իսկ Սողոմոնի աղջիկը դեռ 15 տարեկան է, որ նրան խնամել է պետք: Մի քանի օր առաջ, երբ զրուցեցի տիկին Զինայի հետ, ասաց, որ Սողոմոնի կինը մահացել է ծանր հիվանդությունից, իսկ դուստրը 19 տարեկան է, Գորիսում է սովորում, ուզում է դեղագործ դառնալ: «Էրեխեն մեկ ինձ մոտ ա մնում, մեկ՝ հորքուրների: Հեր չտեսավ: Սողոմոնս 19 տարի բանտում ա, էրեխեն՝ 19 տարեկան: Որ խորը մտածում եմ, գժվելու բան ա: Ախր սկզբից տղայիս ասել էին, թող նրանք (իրանական կողմը-հեղ.) խաղաղվեն, մի քանի տարի հետո կհանենք բանտից: Բայց մի քանի տարին դարձավ 19 տարի: Առողջությունն էլ քայքայվեց, իբր քայքայված չէր՝ 2 անգամ կանտուզիա տարած, պատերազմ տեսած, սիրտը լավ չի: Շատ անգամներ են ազատամարտիկներ, հայտնի մարդիկ ստորագրություններով դիմել մեր երկրի նախագահներին, որ Սողոմոնին ազատեն բանտից, բայց լսող չեղավ… Հիմա մի բան կլինի՞ գոնե, մի տարուց 20 տարին ա լրանում»,-մի քիչ դադարից հետո թերահավատորեն հարցրեց ինձ:
![]() |
Զինա Քոչարյան |
Տիկին Զինան տարեկան մեկ անգամ երկարատև (երեք օրով) և 3 անգամ կարճատև տեսակցություն է ունենում որդու հետ: Սա այն չափն է, որը սահմանված է ՀՀ Քրեակատարողական օրենսգրքով փակ ռեժիմի դատապարտյալների համար: Հենց փակ ռեժիմում էլ Սողոմոն Քոչարյանը, ինչպես և մնացած 104 ցմահ բանտարկյալները, կրում է պատիժը (23 ժամ` փակ դռների հետևում, 1 ժամ` զբոսանք):
Ռեժիմների փոփոխման համակարգ չի գործում մեզանում: Այնինչ օրենսդրությամբ սահմանված է 20 տարի անց անցնել կիսափակ ռեժիմի (ԱԺ-ում ներկայացված է օրենքի նախագիծ, ըստ որի 15 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսափակ ռեժիմ, իսկ 18 տարի անց՝ կիսաբաց՝ պատրաստվելով պայմանական ազատ արձակման: Այդ նախագիծը այս տարվա մայիսի 20-ից ընդգրկված է օրակարգում, բայց նստաշրջանից նստաշրջան է անցնում ու այդպես էլ չի քննարկվում:
Մեկ տարի անց էլ լրանում է Սողոմոն Քոչարյանի պատժի կրման 20 տարին: Սա այն սահմանագիծն է, որը լրանալուն պես, ըստ օրենքի, ցմահ դատապարտյալը իրավունք ունի դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:
Հ.Գ. «Հետքը» դիմել է ՔԿՎ Սողոմոն Քոչարյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելելու և հարցազրույց անցկացնելու խնդրանքով: Դիմումի բավարման դեպքում կներկայացնենք նրա հետ ունեցած մեր զրույցը:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել