
Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում
Վերջին ամսվա ընթացքում թեև «Հետքը» անդրադարձել է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի «Ջիլիզա» և «Լալվար» անտառտնտեսությունների տնօրենների կողմից վերահսկվող անտառների անօրինական ծառահատումներին և վառելափայտի յուրացումներին, այսուհանդերձ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության Թումանյանի տարածաշրջանի անտառներում անօրինական ծառահատումները շարունակվում են:
Այստեղ, փաստորեն, անտառից փայտանյութը տեղափոխվում է հիմնականում առանց անդորրագրերի: Օգոստոսի 14-ին «Հետքը» անօրինական փայտի տեղափոխման նոր փաստերի հանդիպեց «Դսեղի անտառտնտեսության» Լորուտի անտառապետության տարածքում:
Ահնիձոր գյուղ մտնող ճանապարհին ժամը 18-ի սահմաններում կանգնած 4 բեռնատարներից 3-ը բեռնված էին փայտով: Ավտոմեքենաները նոր էին դուրս եկել անտառից, քանի որ ընդամենը ժամեր առաջ լրագրողներիս ավտոմեքենան Ահնիձոր գյուղ մտնելու ժամանակ դրանց այդտեղ չէր հանդիպել:
Ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդներից խնդրեցինք փայտի տեղափոխման օրինականությունը հաստատող փաստաթուղթ ցույց տալ. «Իմ ավտոն ա: Իմ անունս, զապի՞ս ես անում, անունս Գրիգորյան Գրիգոր է: Ունենք թույլտվություն: Հա, հմի տենաս, հլա բի քու թուղթը ես տենամ, սռազու իմ թղթիցս ես խոսում: Վա~յ ցավդ տանեմ, էս սարերում, ձորերում, օֆ է~...»,- ասաց 05 SL 042 փայտով բեռնված բեռնատարի վարորդը:
«Ասում ես ազգանունդ ի՞նչ է»,- կրկին հարցրի վարորդին և կրկին խնդրեցի նրա ավտոմեքենային բեռնված վառելափայտի օրինականության փաստաթուղթը: «Տո ազիզ, ջան, ինչիդ ա պետք, թույլտվություն ունենք ազիզ ջան, առանց թույլտվության ըստի ով ա գալի: Էսա մեր նաչալնիգը, եկավ»,- կանգնած ավտոմեքենաներից մեկից իջնող մի երիտասարդի ցույց տվեց վարորդը:
«Դուք ո՞վ եք»,- նրան հարցրի: «Գեղացի տղա եմ էլի: Ես կապ չունեմ սրա հետ»,- պատասխանեց:
Բեռնատարներից մեկի վարորդը ներկայացրեց փաստաթուղթը. «Բեգլարյան Գագիկ, Մոտկորի վառելափայտ, Դսեղի անտառտնտեսություն, 13 խ.մ. փայտ»,- գրված էր անդորրագրում: Մեզ չէր հաջողվում ստանալ մյուս երկու ավտոմեքենաներին բեռնված փայտի օրինականության փաստաթուղթը:
«Արա հլա մի իրան ասա դու ներկայացրու քո փաստաթուղթը, տենանք ո՞վ է, ի՞նչ է: Սաղ Աղվանստանի հմա կռված, Նոյեմբերյանի հմա կռված տղա եմ, այ էդ զապիս արա: Արա, ոնց կարանք թուղթ չունենանք, թուղթ չունենանք ` էնա ոնց որ մեռելը դագաղ չունենա, արա»,- ասում էր իրեն Գրիգոր անվանողը:
Հավաքվածներին ներկայացրի լրագրողական վկայականս: «Վերևից ասում են` կտրում ենք, ժուռնալիստ ես, մենք քիր ու ախպեր ենք, շոֆերներին նեղացնում ես: Իրար հետ պտի հարմարվենք»,- ասաց իմ զրուցակից վարորդը, ով ինձ նաև մեկնեց վարորդական իրավունքի իր փաստաթուղթը:
Պարզվեց, որ նրա ազգանունը ոչ թե Գրիգորյան Գրիգոր, այլ Մելսիկ Այվազյան է. «Սա պռավես ա, ցավդ տանեմ: Ջահել վախտվա պռավես ա: Հմի նոր եմ գրաժդանին դառել, նոր եմ Ռուսաստանից եկե: Կնիկս մի ամիս է երեսս չի տեսել, բերում ես ինձ նկարում ես, որ տելեվիզր գցես»:
Բեռնատարների մոտ «Դսեղի անտառտնտեսության» որևէ աշխատակից չկար, սակայն վարորդները ասացին, որ զանգահարել են անտառապետին, ով էլ շուտով կգա:
«Սօր մեզ հմա պռազնիկ ա, դու էլ ասում ես խմած ես, հմի կարող է մի բան էլ դու ըլես խմած: Սխա՞լ եմ ասում, բա ցավդ տանեմ, քիր ջան, մենք ձերոնք ենք, դու քո լոռեցու մասին ինչը տես գրի, էնա սաղս քաշված լոռեցի ենք էլի: Դու մեր քիրն ես, պարզ ասեմ, լավ էլ գիտես դու դա,- շարունակում էր ինձ հետ բանակցել Մելսիկը:
«Էդ խի չես տելեվիզրով խոսում, ասում` գազը էժանացրեք, որ էս անտառը թլանենք ոչ: Բա տանենք ոչ, երեխանցը ցրտիցը ջարդենք»,- ասաց փայտ տանողներից մեկը, ով մարցեցի էր:
«Օրինական պետք է տանել փայտը, ով է ասում մի տարեք»,- պատասխանեցի ես: «Չես կարա օրինական տանես, ձև չկա: Չի կարա դա լինի»,- կրկին մեջ ընկավ գինովցած Մելսիկ Այվազյանը:
Մինչ մենք զրուցում էինք հավաքվածների հետ, ավտոմեքենայով մեզ մոտեցավ Լորուտի անտառապետը` Թոմ Մաթևոսյանը:
«Լրիվ օրինական են տանում փայտը: Ո՞նց չկա անտառտնտեսության ներկայացուցիչ, բա ես ո՞վ եմ, 15 հազար հա անտառ ա, ես ո՞ր մի տեղը կարամ ըլեմ»,- ասաց անտառապետ Թոմը:
Վերջինս ասաց, որ վերևից եկած բանա, էս փայտի տեղափոխումը: «Գյուղնախարարության և Հայանտառի հրամանով է: Սիրուն չի ուղղակի, որ ձայնագրում եք, ես Ձեզ հարգելով եկել եմ, հասել են ստեղ եք, եկել եմ»,- ասաց Թ. Մաթևոսյանը:
Թե ինչու երկու ավտոմեքենաներ փայտ են տեղափոխում օրենքի խախտումով` առանց փայտանյութի տրամադրման անդորրագրի, անտառապետը պատասխանեց. «Ունեն նրանք փաստաթուղթ, կարաք օրենքով ճշտեք, կարաք Դսեղով ճշտեք»:
Անտառապետը փորձում էր շրջանցել, որ օրենքով սահմանված կարգով անդորրագիրը դեռ անտառ մտնելուց առաջ պետք է տրվեր փայտը ստացողներին:
«Փաստաթղթերը ես եմ տալիս իրենց, առանց իմ ստորագրության չի կարա լինի: Հիմնարկում է, եթե Ձեզ հետաքրքրում է, կարամ գնանք, հիմնարկից տանք: Ավտոմեքենաներին բեռնված փայտը բոխի և հաճարի է, 4 հատատեղ ունենք»,- ասաց Թոմ Մաթևոսյանը:
Վերջինս ադորրագրի մասին խոսքը անընդհատ «կտուրն էր գցում». «Մեկն ունի, մնացածներն էլ կունենան»,- ասում էր նա: Թ. Մաթևոսյանը բացատրեց, որ փայտը անտառից հանվում է ինքնապատրաստումով, եթե ինքնապատրաստումով է փայտով բեռնված, ավտոմեմենան անտառից պետք է դուրս գա անդորրագրով:
Թոմն ասաց, նաև որ փայտի օրինականության փաստաթուղթը տեսնելու համար պետք է իր հետ գնանք Դսեղ: «Երկու ինստիտուտ եթե ավարտել եմ, 10 տարի էլ Երևան մնացել եմ, երևի մի բան էլ ես եմ հասկանում,- ասաց անտառապետը, ում լրագրողներով առաջարկեցինք իր հետ միասին գնալ «Դսեղի անտառտնտեսություն» և տեղում տեսնել իր առաջարկած փաստաթղթերը:- Բա որ Ձեզ հետ գամ, ում հետ ետ գամ, որ էս մարդկանց գործը լրիվ ավարտին հասցնենք»:
Հետո անտառապետը առաջարկեց մեկ ժամ սպասել, հետո հիշեց, որ օրն աշխատանքային չէ: Նույն օրը` ժամը 18:30-ի սահմաններում, Լորուտ- Մարց ճանապարհին հարող անտառում «Հետքը» հանդիպեց AM 17 OS 280 համարանիշով փայտով բեռնված մեկ այլ բեռնատարի:
Երբ մեր ավտոմեքենան կանգնեց, բեռնատարի մոտ կանգնած 4 տղամարդիկ ավտոմեքենայի մոտից վազելով փախան: Ամեն ինչ օրինական լինելու դեպքում նրանք հազիվ թե փախչեին: Մեզ մնում էր նկարել անօրինական հատված փայտով բեռնված նաև նրանց բեռնատարը:
Ոչ այնքան հեռվից` անտառի խորքից, լսվում էր բեռնված մեկ այլ ավտոմեքենայի «հևոցը», որը փայտահատների փախչելուց հետո կտրուկ լռեց: Մոտկորում էլի շրջելու դեպքում անտառից դուրս եկող անօրինական փայտով բեռնված դեռ շատ բեռնատարների կարող էինք հանդիպել: Այստեղ դժվարը անօրինական անտառահատումները կասեցնելուն կոչված իրավապահների հանդիպելն է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել