
Մանիպուլացիան մանիպուլացնելու արվեստը. Գալուստ Գյոդել
Google news-ից վերցնում էի վերջին նորությունները, կտավի վրա գրելուց հետո փակում էի այն` ենթարկելով ցենզուրայի:
Գալուստ Գյոդելի հետ զրուցելուց առաջ ուսումնասիրությունը պարտադիր պայման է: Հարցազրույցի հասանելիությունը, որպես լրագրողի, ինձ անհանգստացրեց այն պահից սկսած, երբ զրույցի ընթացքում ժամանակ էր պահանջվում խոսքի եւ նրա ստեղծածի միջեւ համեմատություն տանելու:
Միեւնույն տարածության մեջ ստեղծագործողի հետ զրուցելը ավելի հեշտ է, բայց այս դեպքում նախ պետք է փորձեի հասկանալ ճանապարհը, ապա ստեղծագործական պիկն ու այսօրը:
Գալուստ Գեոդելեքյան-Գալուստ Գուեդել-Գալուստ Գյոդել... Ծնվել Կիպրոսում, վեց տարեկանում տեղափոխվել Հայաստան` Կիրովական... Ութերորդ դասարանից կրթությունը շարունակել Բաքվում: Արդեն տասնութ տարեկանում քաղաքացիական պատերազմ... Այդ ժամանակ ընտանիքը բնակվում էր Լիբանանում:
Եվ հետաքրքիր զուգադիպությամբ զրուցակիցս այստեղ կանգ է առնում. դեգերումի ճանապարհը կարծես թե ենթագիտակցորեն կամ գիտակցորեն նրան ստիպում է ընտրել.
«Բեյրութում պատերազմ սկսվեց, եւ տնից դուրս գալը բավականին վտանգավոր էր. այնպես որ կարողացածի չափ տանն էի մնում: Մոտս Շիրազից մի գիրք կար. այնքան էի կարդացել, անգիր գիտեի: Մի օր էլ բացեցի հորս ներկերի տուփը, որից արդեն մի քանի գույն պակասում էր... Պակասը լրացնելով` սկսեցի նկարել. ահա, թե որքան ճակատագրական եղավ այդ ժամանակն ինձ համար: Երբ տեղափոխվեցինք Լոս-Անջելես, նկարելու թույնը մտել էր երակներիս մեջ»:
Ստեղծած նկարներին նայելիս առաջին զգացողությունս խզումն էր ինչ-որ բանից (գուցեեւ անձնական), որը արվեստի այս ձեւին է հանգեցրել:
Դժվար է ասել ուրիշի ունեցած փորձի մասին: Երեւի հենց ինքը կարող է ստույգ մեկնաբանել իր ունեցած փորձի շուրջ: Բոլոր դեպքերում ես արվեստին նայում եմ որպես կյանքի արտացոլում անձնական պրիզմայով: Եթե այդպես չէ, ուրեմն դուրս է մնում արվեստից...
![]() |
![]() |
Վերարտադրությունը նույն կերպ, ինչպիսին սուբյեկտն է, դու՞րս է արվեստի շրջանակներից:
Այո, իհարկե: Արվեստը այն է, ինչ ասեցի պահի թելադրանքով: Եվ վերարտադրության դեպքում պահի մեջ ունեցած զգացումները բացակա են: Այնպես որ դրան պետք է նայել որպես պատկերավորող աշխատանք, որն արվեստին մոտ է,բայց արվեստ չէ:
Ստացվում է` արվեստ ընկալողը (նկար դիտողը, երաժշտություն լսողը) իր հերթին պետք է «արվեստագե՞տ» լինի հասկանալու, զգալու համար...Թե սոսկ վերարտադրող է:
Յուրաքանչյուրն այս հարցին մոտենում է իր տեսակետից, եւ փորձառությունը բերում է իր անհատական մեկնաբանությանը: Եվ պատասխանն էլ այս դեպքում անհատի համար կլինի ճիշտը:
«Scenarios of Manipulation» («Մանիպուլացիայի տարբերակները») շարքի մեջ միայն մի նկարի (հեղ.`հոդվածում շարքի առաջին լուսանկարը) հիմքում քո մասին գրված հոդվածն է` անձնական լուսանկարով: Սեփական անձի քննությու՞ն է:
Այս շարքի շատ նկարներում լուսանկարները սեւով փակված են, որովհետեւ դրանց հեղինակային իրավունքը լուսանկարիչին է պատկանում, իսկ այդ մեկ գործում օրինական իրավունքն իմն է, եւ դա ինձ ազատություն տվեց: Արվեստագետի համար ինքնաքննությունը բնական երեւույթ է: Ես տեսնում եմ ինքս ինձ յուրաքանչյուր գործի մեջ:
Ստացվում է` արվեստագետը բացեիբաց միայն իրե՞ն կարող է ներկայացնել հանրությանը... Մնացածը պայմանական է եւ ուրեմն սիմվոլների տեսքո՞վ:
Ուրիշ ի՞նչ բացատրություն կարելի էր տալ, եթե ոչ ճիշտ այսպես...Իմ գործերը գրանցումներ են գաղափարների, մտքերի եւ զգացմունքների: Ահա թե ինչու նրանք իմ մի մասն են:
Քո ստեղծածը նոր է, բայց այս առումով քչերին է հաջողվում ինդիվիդուալ մնալ. զտումը, որպես արվեստագետի, դժվարամարս բան է փոփարտի ժամանակային պայմաններում:
Գիտեմ, որ անհատականությունը կարեւորագույն բաներից մեկն է արվեստի մեջ: Եվ դա պատահական չեղավ ինձ մոտ: Սկզբից գիտակցեցի, որ նկարիչի համար արվեստի ուսումից կարեւոր երկու այլ առարկա կա. փիլիսոփայությունը եւ հոգեբանությունը, իսկ նկարչությունը կարելի է սովորել, երբ կարողանաս ինքդ քեզ սովորեցնել սովորել: Դպրոցում առհասարակ սովորեցնում են` ինչպես պետք է նկարել (ցուցադրելով նախորդների գործերը), փոխանակ սովորեցնելու, թե նրանք ինչպես են նկարել եւ այնուհետեւ արգելել այդ ձեւը:
Իսկ այս տեսակի մեջ շարունակվում է վարպետի ստեղծագործության ազդեցությունը. կարճ ասած` տեղեկությունը վերցնում են զուտ տեսողական ձեւով այն դեպքում, երբ արվեստը տեսողական փիլիսոփայություն է եւ ոչ թե պատկեր: Ահա, թե ինչու շատերը դժվարանում են անհատականություն մտցնել իրենց գործերում: Պետք է սկսել գաղափարից եւ հետո փնտրել այդ գաղափարը արտահայտելու ձեւը:
Այս եւ այլ առումներով մեծ ազդեցություն է թողնում «Money talk» («Փողի խոսքը») նկարաշարքը: Այս թեման խիստ արդիական է, բայց քո ստեղծածի մեջ այն ավելի գլոբալ է: Այս յուրահատկությունը թերեւս նրանից է, որ աշխարհում կատարվող ամեն արհեստածին բան (սա խիստ սուբյեկտիվ)` պատերազմից սկսած պատկերված է փողի ֆոնի վրա:
Կարծում եմ` ճիշտ ես եզրակացրել, իսկ մնացածը խավարագույն է: Նկարաշարքի սկզբնապատճառը Իրաքի պատերազմն էր. սկզբում մի պատճառ տվեցին, հետո, երբ պարզվեց, որ սխալ է,մի ուրիշը հորինեցին, իսկ այդ միջոցում հարյուրավոր մարդիկ կյանքը կորցրեցին, եւ շատ ավելիներն էլ ազդվեցին պատերազմից: Տվյալ պահին անհրաժեշտություն էին այս գործերը:
Բոլոր քաղաքական, տնտեսական շարժումները հիմնված են շահի վրա,իսկ քաղաքականությունը հավանականին հասնելու արվեստն է, եւ դրան տիրապետողը շահով է դուրս գալիս:
![]() |
![]() |
Այս պատասխանից մի հարց է առաջանում, որը հնարավոր է` միանգամից կապ չունի վերոնշյալի հետ, բայց, այնուամենայնիվ, այսօր կան բազմաթիվ արվեստագետներ, որոնց պրոպագանդան գերազանցել է իրենց ստեղծածին: Ստացում է` տեսնելուց առաջ կարեւոր է դարձել լսե՞լը: Այս առումով հարցականի տակ է մնում նաեւ մշակութային պետական կառույցների կարեւորությունն ու ազդեցությունը:
Կարծում եմ` նրանց գիտակցությունը մշակութային գիտակցությունից հեռու է, բայց ամեն դեպքում ծառայում է գոնե անհատական շահերին (այստեղ տարբեր չէ): Սովետական տարիներին կար մեկ գաղափարախոսություն. սոցիալ-ռեալիզմն էր: Նրանք, ովքեր նկարում էին այդ հիմքերի վրա, ընդունվում էին որպես հիմնավորված նկարիչներ, իսկ մյուսներին քնած պահելու համար գովում էին` ասելով ապրես, շատ լավ դեկորատիվ աշխատանք է, հավանեցի: Իսկ եթե ասեին իրենց մտքինը, կմղեին մտածելու նոր հիմքերի մասին: Սա գիտակցված էր շատ քչերի կողմից, եւ այդ մասին խոսք չէր լինում:
Տեսնու՞մ ես... Փոխվում են ժամանակները, բայց ոչ մարդիկ: Վերջ ի վերջո շահը գալիս է առաջնային դերի մեջ: Այն դեպքում գաղափարախոսությունն էր, իսկ հիմա` նյութը:
Աստիճանական, բայց ճիշտ ժամանակին, ուզում եմ անդրադառնալ Carnalism (երբ մարդը մերկ վիճակում կապված է, իսկ դիմացինը` զինված է եւ կարող է վարվել ինչպես ուզում է) շարքին: Այն, ինչ կա «Scenarios of manipulation» շարքի մեջ, հիմքում ունի «Money talk»-ը, բայց ամենազդեցիկն այս շարքերից «Carnalism»-ն է... Շարքի հիմքում մա՞րդն է, որը խեղդվում եւ խեղվում է ամենի մեջ:
Բոլոր խմբերն էլ ունեն քննադատական մոտեցում. հիմնականում մարդու անմարդկայնությունն է մարդու նկատմամբ: Սա այն մոտեցումն է, երբ մարդ-անհատը իր կամքով կամ էլ պարտադրաբար ենթարկվում է ցավի, ծեծի, չարչարանքի եւ նույնիսկ բռնաբարության:
Պարզապես նկարելու մի տեսակը չէր բավարարում այլեւս, եւ ուզում էի ավելին: Վերցրեցի նկարները եւ ֆիզիկապես կապեցի` «bondage» գաղափարը մեկ քայլ այն կողմ տանելու համար: Դա անելով` նկատեցի` նայողին զրկում եմ նկարի ամբողջականությունից եւ թողնում միայն մի մասը: Կարճ ասած` նկարը ենթարկվում է ցենզուրայի եւ քողարկման:
Սա բացեց մի նոր դուռ: Դրան հաջորդեց այն, որ google news-ից վերցնում էի վերջին նորությունները, կտավի վրա գրելուց հետո փակում էի այն` ենթարկելով ցենզուրայի:
Աշխարհում կատարվողը եւ կատարվածը մանիպուլացնու՞մ ես արվեստի միջոցով: Ստացվում է` այն, ինչ կարող է մանիպուլացնել հանրությանը, դու մանիպուլացնում ես արվեստի միջոցով:
Արվեստը խոսում է գոյություն ունեցող բաների մասին. այն խոսակցություն է եւ առաջ է բերում մի գիտակցություն, որը արհամարհված վիճակում կարող է լինել մինչ այդ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել