HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ է ծեծել պատգամավորության թեկնածուին, եւ ինչու՞ են լռում մարդիկ

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտյան իր տնից տարել եւ ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Մերուժան Մխոյանին: Այս տեղեկությունը «Հետքի» հետ հեռախոսազրույցում հաստատել էր նաեւ թեկնածուի կինը:

Առավոտից Մերուժան Մխոյանի տան մոտակայքում մարդկանց եւ ավտոմեքենաների կուտակումներ կային: Հենց տան դարպասների մոտ մի խումբ երիտասարդներ կանգնեցրին լրագրողներին` թույլ չտալով մտնել ներս եւ հարազատներից տեղեկանալ կատարվածի մասին: Երիտասարդները պնդում էին, թե մեր լսած տեղեկությունը սուտ է, ոչ մեկին ոչ ծեծել են, ոչ էլ որեւէ միջադեպ է եղել: Մինչ նրանց հետ «բանակցում» էինք, որպեսզի թույլ տան ներս մտնել, Մերուժան Մխոյանի տնից դուրս եկավ մի տարեց կին եւ հուզված բղավեց, թե «թողեք ներս գան, ես ամեն ինչ կպատմեմ»: Հենց այդ պահին երիտասարդ տղաները տատիկին անմիջապես տուն տարան` թույլ չտալով, որ նա շփվի մեզ հետ եւ որեւէ բառ փոխանակի:

Տատիկի հուզվածությունը դրսում հավաքված տղամարդիկ բացատրեցին նրա վատ առողջությամբ: Երբ պնդեցինք, որ նրա հետ պետք է խոսենք, մի տղամարդ հետեւյալ պատասխանը տվեց. «Հիվանդ կին է, ուզում եք մեռնի՞»:

Մեզ «քաղաքավարի» հրաժեշտ տալուց հետո ճանապարհին ավտոմեքենան կանգնեցրեց մի կին եւ ներկայացավ որպես Մերուժան Մխոյանի եղբոր դուստր: Նա պատմեց, թե վաղ առավոտյան, երբ մարդկանց մի խումբ հարվածելով պատգամավորության թեկնածուին նստացրել է ավտոմեքենան եւ տարել է, տանն է եղել նրա հղի աղջիկը ու այդ ընթացքում վատացել է: Իսկ հետո իմացել են, որ Մերուժան Մխոյանին տարել են Սարդարապատ գյուղի գերեզմանոց եւ ծեծի են ենթարկել:

«Հորեղբոր տղաները մինչեւ հասել են, տեսել են, որ Մերուժան Մխոյանին չոքացրել են գերեզմանոցում եւ ուզեցել են կրակեն` ավտոմատներով, դուբինկեքով, զենքերով»,- ասաց Մ. Մխոյանի եղբոր դուստր ներկայացած կինը:

Նա նաեւ տվեց անուններ, թե ովքեր են ծեծել հորեղբորը: Ըստ նրան` այդ խմբի մեջ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին եւ վերջերս կալանավայրից ազատության մեջ հայտնված Սամսոն Պողոսյանը:

«100 տոկոսով տեղյակ եմ, ասել են՝ քո թեկնածությունը հանի, որպեսզի անցնի ՄԱՊ-ի Ալիկը: Հորեղբորս տեղը չգիտեմ, կինն էլ չգիտի: Ամբողջ Հոկտեմբերյանը, ամբողջ մարզը գիտի նրանց արարքները, սա արդեն 2-3-րդ դեպքն է: Ուզում են, որ թեկնածությունը հանի, որովհետեւ գիտեն, որ Հոկտեմբերյանում հարգված մարդ է, պիտի անցնի, դրա համար ուզում են թեկնածությունը հանի»,-պնդում էր պատգամավորության թեկնածուի ազգականը:

Մերուժան Մխոյանի կողմնակիցները պնդում էին, թե իրենց կողմնակիցներից որեւէ մեկը ծեծի հետեւանքով հիվանդանոց չի ընկել: Արմավիրի ոստիկանությունից տեղեկացրին, որ մարմնական վնասվածքներով «Արմավիրի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Առնակ Կուրղինյանը, իսկ ավելի ուշ` Մեծամորի  հիվանդանոց է ընդունվել նույն քաղաքի բնակիր Սամվել Պողոսյանը:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Կատարվում է նախաքննություն:

Եթե անկուսակցական թեկնածուի կողմնակիցները չեն տուժել, ապա ովքե՞ր են հիվանդանոցում հայտնված երկու տղամարդիկ: Թիվ 21 ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու, պատգամավոր Ալեքսան  Պետրոսյանի շտաբի ղեկավար Լեւոն Խորոզյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց կողմնակիցներն են հիվանդանոցում հայտնվածները: Շտաբի պետը նշեց, թե իրենք միջադեպի հետ որեւէ կապ չունեն:

Արմավիրի հիվանդանոցից տեղեկացրին, որ Առնակ Կուրղինյանը 30 տարեկան է եւ բնակվում է Արմավիր քաղաքում: Նա հիվանդանոց է ընդունվել 07:45 րոպեին, եւ ընդունարանի տեղեկագրքում նշվել է, որ հիվանդին ընդունել են ձախ քունքային շրջանի կտրված վերք, մաշկի, ենթամաշկի, մկանների, անոթների վնասում, քունքոսկրի ճաք, ձախ ձեռնաթաթի 4-րդ եւ 5-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա, աջ ձեռնաթաթի առաջին մատի պատառոտված վերք ախտորոշմամբ: Մի շարք բժշկական միջամտություններից եւ առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո Առնակ Կուրղինյանին տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Առնակը Արմավիրում ապրում է տատի հետ, իսկ մայրը Ռուսաստանում է: Մեր այցելության պահին նրա տատը տեղյակ չէր, որ թոռը հիվանդանոցում է: Քնարիկ տատը նշեց, թե մի քանի օր է ոստիկաններ են իրենց տուն գալիս, եւ չգիտի, թե «ինչ հաշիվ է»:

Արդեն օրվա ընթացքում կատարվածի վերաբերյալ մի շարք դռներ թակելուց եւ այդպես էլ հստակ պատասխան չլսելուց հետո, ինչպես նաեւ այն, որ մեզ հետ զրուցողները նշում էին, թե ոչ ոք չի բողոքելու, կարող ենք ենթադրել, որ այս գործը «փակվելու» է:

Մեկնաբանություններ (7)

Karen
Payqarel e petqa,ays amenic azatvelu hamar, miayn hayrenaser mardik kprken azgin,aydpes e tsuyc talis mer patmutyune. Haskaceq,mi xumb davachanner qandum en mer yerkire,bari bun imastov. Hnaravor che nranc poxel entrutyunneri mijocov,,kspanen bolorin anxtir yete petq lini. Bayc yete hasarakutyune hetevoxakanutyun tsutsaberi,u tarberi hayrenasernerin mnacacic,ays mardaspannere irar koxrchelov paxchelu en Hayastanic. Baceq dzer achqere ,nayeq dzer shurje,arden ka aydpisi mi uj yerkrum ov shat chisht chanaprh e brnel. Satareq nranc yev voch te doderin u lfiknerin,
Hay_Axchik
3. Գեւորգ, Isk inch anel? Es chem masnakcelu yntrutyunnerin, baic uxaki mtacum em u chem haskanum, te inch piti lini? Ur petqa gnanq? Es ameni verjy erb e linelu? Xextvenq? Paxnenq? Inch anenq?? Inchi menq chenq karoxanum poxel mi ban?
Hannibal
Heto el HAK @ kasi inchi en mardik iranc verapahumov motenum ! ay senc texerum lrelu ev chmijamtelu patcharov wortex wor petq e xosel cheq xosum ayl xosum eq wortex wor harmar e dzez.
Gurgen
Samsonik@ Novoi kilern e, bantic dra hamar shut hanec
Գեւորգ
Ում է հարկավոր «ընտրություն» կոչվող տրագիկոմեդիան, այ ժողովուրդ! Ինչը պիտի ընտրենք հացկատակներից, նախկին ջեբգիրներից, հեղինակավոր կավատներից, անաստված տէրտէրներից, դատավոր-անօրեններից, երկրավաճառ-հայրենասերներից, կեղծ դիմություն-ընդիմություններից? Միթե դեռ պարզ չէ որ այս էլ որերորդ թոզ փչոցն է խաղացվում: Ես ինքս ինձ դեռ մի փոքր հարգում եմ, որ կամա-ակամա այս անմիտ գործին չեմ մասնակցում, սկսած այն ժամանակվանից, երբ ողորմածիկ Վազգենը ՏՎ -ի էկրանից անկեղծորեն հայտարարեց - «Եթե 100% ձայն էլ հավաքեք ձեզ իշխանություն տվող չկա՜» Քանդիչն այդ ժամանակ ԼՏՊ էր, (ինքն իրեն «շինիչ» էր կոչում, եւ լավ էլ շինեց) հիմա ինչ է ուզում ?
Arkadi
mer mot 37 tivn e
fred
Uremn kalanavorin baz en toxel vor mardkanz xoshtangi!!! Kextot texnologianer@ sharunakvum en yev dra hexinak@ petutyan xekavarn e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter