HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանքից ազատվել է անչափաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվողը

Այսօր ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում «Հետքը» տեղեկացավ, որ մարզի դատախազ Կարեն Շահբազյանը կալանքից ազատելու որոշում է կայացրել Աքորի գյուղի անչափահաս բնակիչ Մ.Ս.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով կալանավորված` Ալավերդի քաղաքի բնակիչ Արամո Ավետյանի նկատմամբ: 

Թումանյանի բաժնի ոստիկանության պաշտոնյաներից մեկը, ում անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում, մարզի դատախազի որոշումը դիտեց վիրավորանք ոստիկանության Թումանյանի բաժնի հասցեին. «Մարդիկ տեսնում են, որ ոստիկանությունը բացահայտում է ծանր հանցագործություն, որից հետո հանցագործը չի պատժվում և ազատության մեջ կատարում է նոր հանցագործություններ: Իսկ դա հեղինակազրկում է ոստիկանությանը»,-դժգոհեց ոստիկանության պաշտոնյան:

Վերջինս հիշատակեց Արամո Ավետյանի` վերջին տարիներին կատարած դանակահարությունները և այլ հանցագործություններ: Թումանյանի ոստիկանությունում հավատացած էին, որ այս անգամ էլ Արամո Ավետյանը կխուսափի քրեական պատասխանատվությունից, որն առիթ կդառնա նրա նոր հանցագործության:

Ոստիկանությունում «Հետքին» տեղեկացրին, որ Ալավերդու ոստիկանության մեկուսարանի հերթապահ ոստիկաները հայտնաբերել են Արամո Ավետյանի կողմից եղբորը` Աշոտ Ավետյանին ուղղված «քսիֆ», որի մեջ մեղադրյալը եղբորը զգուշացրել է անչափահաս աղջկա նկատմամբ պատժի միջոցներ չկիրառել և դա  թողնել իրեն, ազատության մեջ հայտնվելուց հետո նրան ….. (հայհոյանքներ):

Այսօր «Հետքի» հետ զրույցում դատախազ Կարեն Շահբազյանը հայտնեց,  որ տեղյակ է Արամո Ավետյանի այդ գրությանը և ասաց, որ այն կցված է քրեական գործին: Դատախազն իր խոսքի մեջ նաև նշեց, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի  գործողություն կատարած 2-րդ անձի ինքնությունը գրեթե բացահայտված է և գործ է նախապատրաստում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի կողմից Արամո Ավետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Արամո Ավետյանի խափանման միջոցը փոխելու որոշման հետ կապված` «Հետքը» զրուցեց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ:

Ի՞նչ կասեք Արամո Ավետյանի խափանման միջոցը փոխելու Ձեր որոշման մասին:

Քրեական գործի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների քննարկմամբ Արամո Ավետյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է ստորագրությամբ քաղաքից չհեռանալու խափանման միջոցով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում է բազմակողմանի օբյեկտիվ քննություն, բոլոր անձանց ցուցմունքները ենթարկվում են մանրակրկիտ ստուգումների, թերևս բազմաթիվ դատավարական գործողությունների անհրաժեշտություն կա կատարելու, որից հետո տվյալ դեպքին կտրվի իրավական գնահատական:

Արամո Ավետյանը մի քանի հանցագործությունների հեղինակ է, չե՞ք կարծում, որ ազատության մեջ նա կարող է վնասել տուժողին:

Այս պահին մեր ունեցած տվյալներով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը  բավարար երաշխիք է նրա պատշաճ վարքագիծը ապահովելու համար:

Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ իր կատարած մի քանի ծանր հացագործությունների համար Արամո Ավետյանը որևէ պատիժ չի կրել:

Իմ ունեցած տեղեկություններով, անցած, թե նախանցած տարի նա դատապարտվել է ՀՀ քր. օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով: Խափանման միջոցը ընտրված է եղել կալանավորում, դատարանի կողմից խափանման միջոցը փոխարինվել է գրավով, հետագայում էլ, չնայած դատախազության մեղադրանքին, դատարանը նրան դատապարտեց պայմանական պատժի` չկիրառելով պատիժը պայմանականորեն, որը պայմանավորված էր նրա անչափահաս լինելու հանգամանքով:

Փաստորեն Ձեր եզրակացությամբ է Արամո Ավետյանը հայտնվել ազատության մեջ:

Խափանման միջոցը փոխում է  դատավարական ղեկավարումը իրականացնող  դատախազը:  Ինչ վերաբերում է տարբեր ասեկոսեներին, քրեական գործով, նորից եմ կրկնում, նախաքննությունը շարունակվում է, կատարվում է  անհետաձգելի և ապացուցողական բոլոր դատավարական գործողությունները, այս պահին ես չեմ կարող ապացուցողական բազան Ձեզ ներկայացնել, և վերջնական արդյունքում կտրվի իրավական գնահատական և  ալավերդցիները կտեղեկացվեն գործի ընթացքին:

Ալավերդիում լուրեր են շրջանառվում, որ Արամո Ավետյանը Երևանում բնակվող  հարուստ հորաքույր ունի, ում միջամտությամբ էլ կոծկվում են նրա կատարած հանցագործությունները:

Ես չեմ էլ ուզում շարունակեք հարցը, հարցի իմաստը հասկանում եմ, միանգամից ասում եմ` ոչ, նման բան չի կարող լինել: Եվ նման հարցեր խնդրում եմ չտաք:

Դուք` որպես մարզի դատախազ, Արամո Ավետյանին շրջապատի համար վտանգավոր մարդ համարու՞մ եք:

Այս պահին ես նման տեղեկություն չունեմ:

Մեկնաբանություններ (1)

nina
EREVI @NTRUTYUNNERI JAMANAK DZAYNER PITI BERI HHK_I OGTIN.PARZ CHE?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter