
Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-3. վարչապետի փեսայի համար հէկի լսումները ձևակա՞ն են
Թե ինչպես չկայացան փոքր հէկ կառուցելու հանրային լսումները
ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրվել էր հայտարարություն, համաձայն որի' մայիսի 8-ին՝ ժամը 12.00-ին, «Հ.Հ. Ն. Մ. Ս.» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզի Գողթանիկի գյուղապետարանում կազմակերպում է «Գողթանիկ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Հաղորդագրության մեջ նաև հեռախոսահամար և հասցե էր նշված, որով կարելի էր կապ հաստատել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի հետ՝ լրացուցիչ տեղեկությունների համար:
Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով մայիսի 7-ին կապ հաստատեցինք «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի հետ, որպեսզի ճշտենք' արդյոք փոփոխություններ չե՞ն եղել, լսումները տեղի ունենալո՞ւ են, և ՊՈԱԿ-ից ներկայացուցիչ մասնակցելո՞ւ է լսումներին, թե՞ ոչ: Մեր հեռախոսազանգին ի պատասխան՝ հավաստիացրին, որ լսումները կկայանան, և ՊՈԱԿ-ի փորձագետն էլ ներկա կլինի:
Մայիսի 8-ին Գողթանիկում էինք. լսումները տեղի չունեցան, որովհետև ոչ հէկը կառուցող «Հ.Հ. Ն. Մ. Ս.» ՍՊԸ-ից, ոչ էլ բնապահպանության նախարարությունից ներկայացուցիչ չկար: Գյուղապետարանի մուտքի ցուցանակը դատարկ էր, լսումների մասին հայտարարություն փակցված չէր: Գյուղապետն էլ ավագանու մի քանի անդամների հետ ջրագծերի հետ կապված գործերով սար էր բարձրացել: Գյուղում բնակիչների հետ զրույցներից պարզ էր, որ «լսումներ» ասվածի մասին նրանք տեղյակ չէին, միայն լսել էին, որ նոր հէկ է կառուցվելու գյուղում:
Գողթանիկում արդեն իսկ սկսվել է երկու նոր փոքր հէկի կառուցումը: Արփա-Սևան ճանապարհին լայն թափով կառուցվում է «Եղեգիս-3» փոքր հէկը, գյուղի ներքեւում՝ «Եղեգիս-2»-ը: Մինչ սպասում էինք գյուղապետին ու ավագանու անդամներին, գողթանիկցի Արմինեն մեզ տարավ արդեն կառուցվող «Եղեգիս-2» հէկը ցույց տալու: Ճանապարհին պատմեց, որ փոքրիկ ջրվեժ կա գետի վրա, ամռանը զբոսաշրջիկներ են գալիս այնտեղ հանգստանալու: Եղել են դեպքեր, երբ վրաններով մնացել են ջրվեժի մոտ գիշերելու:
Ջրվեժի ապագայի համար գյուղապետ Համբարձում Սամվելյանը չի մտահոգվում: Ասում է' եթե փոքր հէկ կառուցեն, ջրվեժը կմնա, քանի որ ճանապարհին խողովակներից դուրս եկող և գետին միացող առու կա: Գուցե ջրի քանակը նվազի հէկի պատճառով, բայց ավագանու անդամները կատակով ավելացնում են, որ ավելի լավ է ջուրը նվազի, որովհետև երբ ջուրն առատ է, գետում լողալ չի լինում, «տանում կոխում է սալի արանքը, չես կարում լողաս»:
Երեք փոքր հէկերը հաջորդելու են իրար. մեկի խողովակաշարի ավարտից սկսվելու է մյուսինը: Ըստ գյուղապետ Համբարձում Սամվելյանի' «Գողթանիկ» հէկը պետք է լինի գյուղի ներքեւի' «Եղեգիս-2» հէկից անմիջապես հետո' Գողթանիկ թեքվող կամրջից ներքև, և «Եղեգիս-2»-ի ջուրը պետք է վերցնի «Գողթանիկ» հէկը' 1,6 կմ խողովակներ անցկացնելով:
«Մինչև հիմա ոչ մի պրետենզիա չունենք: Մի քիչ ջրի թողքով ենք մտահոգված ու ձկան պահով (գետում կարմրախայտ, բեղլու և կարաս տեսակի ձկներ կան - Ք. Ա.), բայց դա էլ կլինի ինձ թվում է: 150 լիտր պետք է թողք լինի»,- ասում է գյուղապետ Սամվելյանը: Նա վստահ է, որ գյուղին հէկերը վնաս չեն տա, քանի որ գյուղը գետից գրեթե չի օգտվում, չի ոռոգում գետի ջրով, ընդամենը 2 հա հող կա գետից ոռոգվող: Գյուղապետը կարծում է, որ գետը չի ջրազրկվի, քանի որ Խանջյանի առվից կառավարության որոշմամբ ոռոգման սեզոնին 4 խմ ջուր պետք է բաց թողնվի: «Այսինքն' դոտացիա են տալու, Արփա-Սևան թունելը մեզնից վերև է, խնդիր չենք ունենալու»,- համոզված է Հ. Սամվելյանը:
Գյուղապետը նաև հավաստիացնում է, որ մյուս երկու հէկերի վերաբերյալ գյուղի ավագանու և ակտիվիստների հետ հանրային քննարկում է եղել է, բնապահպանության նախարարությունից էլ ներկայացուցիչ է եղել, սակայն երբ խնդրեցինք ցույց տալ որևէ քննարկման արձանագրություն, Հ. Սամվելյանն ասաց, որ այդ փաստաթղթերն իր մոտ չեն, քարտուղարի մոտ են, ով արդեն չի աշխատում գյուղապետարանում և իր հետ տարել է դրանք:
«Ճիշտն ասած՝ էդ գործընթացը սկզբի օրվանից էլ գնում է, ժողովուրդը տեղյակ է, ուրախ են, ողջունում են: Այսօրվա դրությամբ վերևի հէկերը որ արված են, ժողովուրդն աշխատում է,- ասում է Համբարձում Սամվելյանը: -Այսօր եթե այդ հէկերն ամբողջ հզորությամբ աշխատեն, մեր համայնքի ջահելությանը տեղեր չի հերիքելու»: Գյուղից 6 բնակիչ է աշխատում հէկում, նախատեսված է, որ 5 հոգի էլ կառուցվողում կաշխատի, նույնքան էլ՝ ներքևի' «Գողթանիկ» հէկ-ում:
-Հիմա որ լսումները չկայացան, ի՞նչ պետք է անեք,- հարցնում ենք գյուղապետին:
-Դե նորից պետք է անենք, օր կփոխենք, ի՞նչ անենք: Գոնե իրենց ներկայացուցիչն էլ լինի, տենանք՝ ինչ անենք:
-Ձեզ զգուշացրե՞լ էին, որ չեն գալու այսօր:
-Չէ դե, ես սպասում էի:
-Իսկ ընկերության ներկայացուցիչն ինչո՞ւ չկար:
-Դե պիտի գար, ընկերության ներկայացուցիչն ինքը պիտի շահագրգիռ լիներ: Այստեղ իրենց շահագրգռվածությունն է, ինձ էնքան էլ բան չէ: Եթե էս չեղավ, վաղը իրենք թղթաբանության հետ պրոբլեմ են ունենալու: Ինձ թվում է' օրը կփոխենք, նորից կնշանակենք, կգան:
Մայիսի 8-ից ցայսօր նոր քննարկման մասին հայտարարություն չի տրվել:
Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ում է պատկանում «Հ.Հ. Ն. Մ. Ս.»-ն: Ասաց' չգիտեմ: Գյուղացիներն էլ զրույցի ժամանակ ասում էին, որ իրենց գյուղում վարչապետի խնամին է հէկ կառուցում, թե որն է նրանը' չգիտեին:
«Գողթանիկ» հէկը կառուցող «Հ.Հ. Ն. Մ. Ս.» ՍՊԸ-ն գրանցվել է 2011-ի հուլիսին: Ըստ ՀՀ ԱՆ պետռեգիստրի տվյալների' հիմնադիրը Հայկ Սուվարյանն է: Հայկ Սուվարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան է' ավագ դստեր' Նաիրա Սարգսյանի ամուսինը: Հայկ Սուվարյանը «Յունիբանկի» ներքին աուդիտի տնօրենն է:
Ճշտելու համար, թե արդյոք ինքն է զբաղվելու հէկի աշխատանքներով, և ինչու՞ ՍՊԸ-ից լսումներին որևէ մեկը չի մասնակցել, փորձեցինք կապ հաստատել Հայկ Սուվարյանի հետ: Ֆեյսբուքի միջոցով մայիսի 14-ին մեր գրած նամակին Հայկ Սուվարյանը չպատասխանեց: Զանգահարեցինք նրա բջջային հեռախոսահամարին եւ ներկայացանք որպես «Հետքի» լրագրող: Լսելով դա՝ Հայկ Սուվարյանն անմիջապես անջատեց հեռախոսը եւ հաջորդող զանգերին այլևս չպատասխանեց:
Առաջին լուսանկարը` Հայկ Սուվարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել