
Նախկին ոստիկանի հացադուլը ավարտվեց. նախագահականից խոստացան «բոլոր հարցերին լուծում տալ» (վիդեո)
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն այսօր ընդունեց նախագահի նստավայրի դիմաց հացադուլ հայտարարած, նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին:
«Բոլոր հարցերին լուծում տվեց: Շատ շնորհակալ եմ»,- ասաց Մխիթարը, երբ դուրս եկավ Հ. Հովսեփյանի մոտից:
«Ինձ մոտ զանգեցին նախարարություն՝ Իջևանի զինված ուժերում պայմանագրային ծառայության ընդունելու համար: Ասացին, որ աշխատանքիս հարցը անպայման կլուծվի: Պարոն Հովսեփյանը զանգեց նաև ոստիկանություն և կարգադրեց, որ հաշվեն արտաժամերը և համապատասխան չափով գումարը վճարեն, ասում են՝ միգուցե ես ճիշտ չեմ հաշվել, նորից կհաշվենք ու կվճարենք: Հիմա էնտեղից պետք է զանգեն կանչեն»,- ասաց Մխիթարը: Թե կոնկրետ երբ կկանչեն, չեն ասել:
Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը զանգահարել է նաև Քանքեռ-Զեյթունի 8-րդ հիվանդանոց և կարգադրել, որ վաղը Մխիթարի դստեր՝ Կարինեի աչքերի վիրահատությունն իրականացվի առանց որևէ վճարի, ինչի համար հայրը «սրտանց շնորհակալ է» նախագահի աշխատակազմին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ջէկի առանձին վաշտի նախկին աշխատակից Մխիթար Ալումյանը չէր ստացել վերջին 9 տարվա արտաժամյա ծառայության գումարը՝ իր հաշվարկով մոտ 4,5 միլիոն դրամ, ինչի համար դիմել էր ՊՊԳՎ, մերժում ստանալուց հետո՝ ՀՔԾ: Հունիսի 8-ին ոստիկանությունից ծանուցագիր ստանալով, որ քրգործի հարուցումը մերժվել է՝ այսօր առավոտյան հացադուլ էր հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել