
Եթե Մազրայի ոսկու հանքը շահագործվի, Ծավի գյուղապետը «կփոխի ազգությունը» (վիդեո)
Ոսկի՞ն, թե՞ բնությունը. որը կընտրեն սահմանամերձ Ծավի բնակիչները
Ծավ գյուղի ընդհանուր վիճակը նկարագրելու առաջին փորձը համայնքապետ Արարատ Մարտիրոսյանի մոտ քմծիծաղ է առաջացնում. «Կուզեմ լավ բան ասել, լավը չեմ գտնում,- ասում է նա ու շարունակում,- հեռավոր, սահմանամերձ գյուղ է: 4 կմ քարտեզից հեռու ենք (կատակում է-Ք. Ա.). փոքրիկ գյուղ, բայց մեզ համար մեծ աշխարհ»:
Սյունիքի մարզկենտրոն Կապանից սահմանամերձ Ծավ գյուղը 37 կմ է հեռու: Ընկած է Մեղրու լեռնաշղթայի լանջին` Ծավ գետի անտառապատ, գեղադիր ափին։ Շուրջ 400-ին հասնող բնակչություն ունեցող Ծավը ինքնին արգելոց է, քանզի գյուղի բնակելի տները շրջապատում է «Շիկահողի» պետական արգելոցը:
Ծավեցիներն ամեն օր պետք է զգոն ապրեն, որպեսզի վնաս չհասցնեն իրենց շրջապատող բնության որևէ մասնիկին: Նույնիսկ վառելափայտ գյուղացիները շրջակա անտառներից չեն կարող կտրել, ոչ էլ չորացած ճյուղերն է թույլատրվում հավաքել:
«Մենք արգելոցի տարածքում ենք,- ասում է գյուղապետը,- մարդ կա տան միջից ծառը քիչ է մնում դուրս գա, բայց իրավունք չունի կտրելու: Այսինքն` ծառը ավելի մեծ արժեք ունի, քան մարդը: Դա լավ չէ: Մարդը էստեղ չի մնա: Եթե մի ծառ կտրելու համար կարան մարդուն դատեն, էլ ինչի՞ն է պետք ստեղ մնալը, կգնա քաղաքում կմնա, կվարտիրեն կմնա, կմիացնի տենն էլ, գազն էլ կտաքանա, էլ ինչին է պետք ծառը կտրելու համար 300 հազար տուգանք մուծի: Շատերը թողնում, գնում են»:
«Մի հատ ընկեր ունեմ, ասում է` որ առավոտը մի քիչ թափով եմ տեղիցս վեր կենում, ծառի ճյուղը խփում է աչքիս: Այսինքն` անտառն արդեն մտել է տուն, իրա պատից այն կողմ արգելանոցն է, իրավունք չունի էդ ճյուղը կտրի, որ աչքը չհանի: Մենք էդ ձևով ենք ապրում, արգելանոցի սահմանը սկսվում է մեր պատի տակից»,- պատմում է ավագանու նախկին անդամ Սպարտակ Ավետիսյանը: Նրան վրդովեցնում է այն հանգամանքը, որ նույնիսկ չոր փայտը արգելոցից չեն թողնում գյուղացիները հավաքեն, թացի մասին` խոսք չկա, գյուղում «Հայանտառի» տարածք էլ գրեթե չկա: «Պիտի գողանանք, սաղ օրը կռիվ տանք, բռնում են ակտ են գրում 500-600 հազար: Գյուղացի կա, որ էդ փողը երազում էլ չի տեսել... Մի քիչ գողանալով, մի քիչ օրենքով, մի քիչ ստեղից-էնտեղից հավքելով` յոլա ենք գնում»,- ասում է Ս. Ավետիսյան:
Ծավում միակ աշխատատեղ ապահովող կառույցը փոքր հիդրոէլեկտրակայանն է, որտեղ 12-15 գյուղացի է աշխատում: Մարդիկ թողնում են Ծավը և գնում Կապան կամ Քաջարան` հանքերում աշխատելու: Հեռացողները վերջին երկու տարում իսկապես շատ են եղել. 20 ընտանիք տեղափոխվել է Ծավից:
Այս է պատճառը, որ գյուղացիների կարծիքները կիսվել են, մի մասը համաձայն է Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի շահագործմանը, մյուս մասը` նախընտրում է շարունակել ապրել արգելոցում, բայց մաքուր օդ ու ջուր ունենալ:
Մանկապարտեզի տնօրեն Լարիսա Գևորգյանը վստահ է, որ եթե հանքավայրը շահագործվի, իրենց օդը կաղտոտվի. նա դեմ է ոսկու հանքավայրի շահագործմանը: «Մենք պայքարում ենք առողջ սերդնի համար, հանքը կարո՞ղ է առողջ սերունդ տալ»,- հարցնում է մանկապարտեզի տնօրենը:
71-ամյա Ռազմիկ պապը, իր խոսքով ասած, «խիստ դժգոհություններ ուներ». «Ասում են`լավ վճարելու ենք, դուք էլ եք աշխատելու, բայց մեզ ձեռ չի տալիս»:
Գյուղապետ Մարտիրոսյանն անձամբ դեմ է ցանկացած տիպի հանքարդյունաբերության: Նա հիշում է արդեն անեկդոտ դարձած մի դեպք, երբ ճապոնացին շրջակա միջավայրի ռադիացիան չափող իր սարքավորումով եկել, իջել է Քաջարանից ներքև, բայց անմիջապես ասել է. «Շուտ արեք` գնացինք, ռադիացիան շատ է»:
«Մեր ձորն է, որ իսկապես անարատ է մնացել: Կուսական ձոր է, գոնե էս մեկը թողնենք թող մնա»,- ասում է գյուղապետը:
Հանքավայրի ուսումնասիրությունն իրականացնում է «Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերությունը: Մայիսի 29-ին Ծավ գյուղում տեղի ունեցած հասարակական լսումներին նախագիծը ներկայացնող ինժեներ-տեխնոլոգ Վռամ Թևոսյանը տեղեկացրել է, որ հանքավայրը նախատեսվում է շահագործել 14 տարում, իսկ առաջիկա 3 տարիներին կիրականացվեն ուսումնասիրություններ: Վռամ Թևոսյանը հավաստիացրել է ներկաներին, որ իրենց ծավալած գործունեությունը չի վնասի շրջակա միջավայրին, օդը պայթեցումներից չի աղտոտվի:
«Ժամանակակից պայթեցման տեխնոլոգիաները թույլ են տալիս նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա աղտոտվածության ազդեցությունը: Նախկին 1 կմ փոշու տարածման փոխարեն կլինի 300-400 մետր, իսկ պայթեցման ալիքը նախկին 300 մ-ից կլինի մինչև 90 մ»,- վստահեցրել է Վռամ Թևոսյանը:
Այս հավաստիացումներն են գյուղացիները մեջբերում, երբ հարցնում ես նրանց հետագա վտանգների մասին: Եվ նույն հավաստիացումների հիման վրա էլ համայնքապետը որոշել է ուսումնասիրություններ կատարելու համաձայնությունը տալ: Հետազոտությունները, ըստ համայնքապետարանի հետ կնքած պայմանագրի, պետք է իրականացվեն 30 հա-ի վրա, որը հիմնականում արոտավայր է:
Արարատ Մարտիրոսյանը միևնույն ժամանակ նշում է, որ նշված տարածքում ոսկի, արծաթ և այլ թանկարժեք մետաղներ հայտնաբերելու նպատակով ուսումնասիրություններ ընթանում են 1970-ական թվականներից: Այս հետազոտությունը թերևս 10-րդն է, և գյուղապետը կարծում է, որ դեռ ոչ մի ընկերություն այնքան պաշար չի հայտնաբերել, որ ցանկություն ունենա ծախսեր կատարել այդ պաշարն ընդերքից հանելու համար: «Ես այսպիսի պայման եմ դրել. ասել եմ` պայմանագիր կկապեմ մեկ տարով, մեկ տարի ուսումնասիրի, պրծաք, նորից արի կապի»,-ասում է գյուղապետը:
Բնապահպանների մտահոգությունը, թե հանքավայրը «Շիկահողի» արգելոցին մեծ վնաս կհասցնի, գյուղացիների մի մասը չի կիսում. հանքավայրը 15 կմ հեռու է գյուղից, հեռու է նաև արգելոցից: Սակայն գյուղապետ Մարտիրոսյանը կարծում է` ինչքան էլ հավաստիացումները համոզիչ լինեն, ոսկու հանքավայրը կաղտոտի և բնությունը, և ջուրը. գյուղը սնուցող խմելու ջուրը սկիզբ է առնում հենց այդ տարածքի առուներից:
Համայնքում տրամադրությունները կիսվել են աշխատատեղի պատճառով: Այսօրվա դրությամբ հանքի ուսումնասիրության աշխատանքներում ծավեցի 15 երիտասարդ է մասնակցում: Խոսակցություններ կան, որ նոր աշխատատեղեր են ավելանալու:
«Ես գյուղապետարանում աշխատում եմ որպես հաշվապահ և ստանում եմ 40 հազար, բայց հլը փետրվար ամսվա աշխատավարձն եմ ստացել: Եթե ես իմանամ, որ հանքը ինձ տալու է 120 հազար դրամ, գնալու եմ էնտեղ աշխատեմ»,- ասում է Ծավի համայնքապետարանի հաշվապահ Հունան Գրիգորյանը:
Գյուղապետ Ա.Մարտիրոսյանն ասում է, որ եթե գյուղում այսօր 15-20 աշխատատեղ լինի, ամբողջ համայնքը հանքին դեմ կկանգնի, նույնիսկ հետազոտմանը: Բայց գյուղապետին անձամբ գյուղացի երիտասարդներն են խնդրանքով դիմել: «Տղա կա, որ ես 5-6 տարի դաս եմ տվել, եկել խնդրում է. «Խնդրում եմ, պրն Մարտիրոսյան, գնանք աշխատենք»: Չունի, 3000 դրամն էլ բան է իրա համար,- պատմում է Ա. Մարտիրոսյանը,- համայնքի ժողով էր, ասացի` էնենց մի արեք, մեզ հետո անիծեն: Անձամբ ինձնից սկսած` չասեն, էդ ինչ տխմար գյուղապետ էր, որ չկարողացավ էդ տարիներին ասել` էս ինչ եք անում, այ ժողովուրդ: Հերոսները մենակ պատերազմի ժամանակ չեն լինում, ցանկացած ժամանակ էլ կան: Չեմ ասում` մենք հերոս ենք, բայց հերոսություն է, որ ասենք` ոչ, դու մեզ թունավորում ես: 60-70 տոկոսը դեմ է, իսկ կա մարդ, որ 3000 դրամ օրը աշխատում է, իրեն լավ է զգում»:
21-ամյա Ազատը ավելի քան մեկ ամիս է` աշխատում է Մազրայի ոսկու հանքի համար կատարվող ուսումնասիրություններում: Ասում է` մոտ մեկ կմ դեռ չեն փորել: Ազատը հանքավայրի գոյությունը միայն օգտակար է համարում, քանի որ ամբողջ գյուղը կարող է այնտեղ աշխատել:
Գյուղապետն ասում է, որ Ծավում լավ նախադրյալներ կան թե զբոսաշրջության, թե հատկապես էկոտուրիզմի զարգացման համար: Արարատ Մարտիրոսյանը համոզված է, որ դրսից մեկ ուրիշը կարող է գալ և' ներդրում կատարել, և' բնությունն անաղարտ պահել: Արդեն իսկ շատ զբոսաշրջիկներ են գալիս Ծավ` լսելով «Շիկահողի» արգելոցի մասին: Սկսել են բնապահպանական ծրագրեր իրականացնել «Շիկահողի» արգելոցին հարող գյուղերում:
Գերմանական բանկն ուզում է մեծ ներդրումներ կատարել, որպեսզի պահպանվի բնության այս հատվածը: Պահպանելով հանդերձ` միջազգային կազմակերպությունները նաև օժանդակում են գյուղատնտեսության զարգացման հարցերում. աջակցում են գյուղացուն տունը վերակառուցել, պատուհանը վերանորոգել և այլն: Արդեն իսկ գործում են կանանց խմբեր, որոնք որոշակի աշխատավարձ են ստանում, որպեսզի ծրագրեր իրականացնեն: Գյուղացիները նաև նմանատիպ մի ծրագրի են մասնակցել այս տարի և 370 հազար դրամ շահել: Դրա հետ մեկտեղ` համայնքապետարանը 10 հազար եվրոյի ծրագիր է շահել` տարբեր նպատակներով օգտագործելու համար, իսկ հաջորդ տարի մինչև 200 հազար եվրոյի ծրագրի հնարավորություն կա:
«Բնությանը մի վնասիր, ծառերը մի կտրի, բայց աշխատի, այսինչ գործերն արա, մեխանիզմ կբերեն, վարուցանք կանենք և այլն,- պատմում է Ա. Մարտիրոսյանը: -Դրա հետ մեկտեղ մեկ մլն դրամ են տալիս, որ տունդ սարքես, բերես զբոսաշրջիկին տունդ պահես` թեկուզ մի օր»:
Բնապահպանական ծրագրերից արդեն իսկ մոտ 3 մլն դրամ է ներդրվել Ծավ համայնքում, մնացած ծրագրերը կամաց-կամաց առաջ են ընթանում:
Նախկին ավագանի Սպարտակ Ավետիսյանը իրեն համարում է համայնքի ակտիվ խմբի ներկայացուցիչ: Նա գերմանացիների ծրագրերը իրատեսական չի համարում, նրանց գովաբանություններին էլ չի հավատում: «35-հազարական դրամ են բաժանել, բայց սեպտեմբերին այդ 35 հազարը պետք է հետ տանք: Իբր ներդրում է արել գյուղատնտեսության մեջ, բայց այդ 35 հազարով կարգին բան անել էլ հնարավոր չի լինի»,- ասում է նա: Ծավեցին համոզված է, որ եթե ուզում են գյուղացին գյուղում մնա, պետք է նրան աշխատանքով ապահովել, այլապես գյուղացին իր արտադրածով չի կարողանում ապրել:
«Եթե ստեղ ուզում են պահել անարատ գոտի, մեզ էլ տեղափոխեն, սաղիս հանեն, գերմանացուն բերեն, ասի` ուխայ, էս ինչ լավ տեղ ա, գա հանգստանա գնա: Մենք կոտորվենք էստեղ, գերմանացին գա վայելի, իսկ մեր ապրուստին, մեր տանջանքին ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,- ասում է ավագանու նախկին անդամը: Սպարտակ Ավետսիսյանը հետազոտական աշխատանքների մեջ վտանգ չի տեսնում, ասում է` նույնիսկ հանքին դեմ չի լինի, եթե հանքի սեփականատերերը ներդրում անեն ու գյուղը սնուցող աղբյուրի ջրերը տեղափոխեն, որ խմելու ջրին ոչինչ չսպառնա:
Այնուամենայնիվ, համայնքապետը վստահեցնում է, որ եթե շահագործման հարց առաջանա, և ամբողջ գյուղն ասի` մենք 99 տոկոսով կողմ ենք, ինքը չի համաձայնի: «Ես որպես գյուղապետ կասեմ` «ես փոխում եմ ազգությունս» (նկատի ունի` հրաժարական կտա: Մեջբերումը` Պ. Սևակից-Ք. Ա.):
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել