
Ես իմ արվեստի մեջ եմ պատերազմում. Մինաս Հալաջ
Եվ դրա հետեւանքով այլ պատերազմների չեմ խառնվում...
Յուրաքանչյուր արվեստագետի հետ օն-լայն զրուցելու համար մեծ էներգիա եւ ջանքեր են պահանջվում: Հաճախ հեռավորությունը թույլ չի տալիս մինչեւ վերջ բացահայտել ստեղծվող արվեստի նմուշների հիմքը եւ գաղափարը: Սակայն միեւնույն ժամանակ արվեստագետներն իրենք էլ մինչեւ վերջ չեն կարողանում բացատրել եւ վերջնական լուծումներ տալ իրենց նկարներին:
«I make art to find out who I am»,- իր մասին գրում է Լոս Անջելեսում բնակվող 31-ամյա նկարիչ Մինաս Հալաջը (Հալաջյանը), ով տեղափոխվել է Նահանգներ 2002 թ.՝ արդեն իսկ ունենալով մասնագիտական կրթություն: Մինաս Հալաջի նկարներին նայելիս ակնհայտ երևում է նկարչի անընդհատ փնտրտուքը եւ չընդհատվածությունը:
Որպես արվեստագետ չե՞ս կարծում, որ արվեստը սպառիչ չէ եւ մինչև վերջ չես կարող այդ կերպ բացահայտել ինքդ քեզ:
Այո, շատ ճիշտ ես նկատել: Ամենակարեւոր բանը, որ չեմ սիրում արվեստում, կրկնվելն է: Շատ հաճախ ստեղծագործելիս ես ինքս ինձ հակասում եմ, քանի որ արվեստը ծնվում է հակասությունների մեջ: Անգամ, եթե գլխումս նոր միտք է, նկարում եմ նոր ձեռագրով. դա իմ ցանկությամբ պայմանավորված չէ. ներսից է առաջ գալիս:
Հակասությունները ներքին են: Դու ինքդ մերժու՞մ ես ինչ-որ բաներ, որոնք արտահայտվում են գործերիդ մեջ:
Կան ինչ-որ հուզող հարցեր, որոնք միշտ պտտվում են ուղեղումս. այդպիսին է վերջին կոլաժների շարքը: Ընդհանրապես աշխատում եմ ավարտին հասցնել յուրաքանչյուր շարք, որն իր մեջ ներառում է ինչ-որ պրոբլեմ՝ կապված քաղաքականության, արվեստի, մարդկանց հարաբերությունների, գերհզոր երկրների դիրքորոշման և այլնի հետ:
Նահանգներում եղած ժամանակս նկատեցի՝ իրադարձություններն այնքան արագ են տեղի ունենում , որ արվեստագետի համար դժվար է դառնում պահը որսալ: Ստեղծագործելիս այդ ահռելի ինֆորմացիան չի՞ խանգարում:
Ինֆորմացիան շատ առատ է այստեղ, ինչը եւ օգնում է, եւ խանգարում: Բայց շատ կարեւոր է, որ այդ խառնիխուռն վիճակում ճիշտ որսաս պահն ու արվեստի մեջ դնես: Այս առումով ինձ վրա ազդեցություն ունի քաղաքականությունը, եւ հաճախ ինքս իմ առջեւ խնդիր եմ դնում հասկանալու համար, թե աշխարհում կատարվող բաները ինչպես կարելի է շնչավոր դարձնել արվեստի մեջ:
Բայց քաղաքականությունը կանխամտածված գործողություն է: Ստացվում է՝ արվեստն այս առումով կանխամտածված այլաբանությո՞ւն է:
Ապրելով եւ ստեղծագործելով մի երկրում՝ ուզած, թե չուզած ազդեցություն ես կրում ներկայից. հենց դրա համար շարքերից մեկի անունը դրեցի «Ամերիկյան վերածնունդ», որովհետեւ այս երկիրը չունի անցյալ, և ստիպված ես ներկային խառնել որոշ հին տարրեր՝ ստանալու համար տիրող վիճակի պատկերը: Ստեղծելու պահին արդեն առաջնորդվում եմ էմոցիաներով:
Բայց էմոցիան կեցության ծնունդ է նաև... Այսինքն, եթե ապրում ես ցուրտ վայրում, արդեն գիտես՝ ցուրտն ինչ է, իսկ տոթի մասին միայն պատկերացնում ես: Ստացվում է, որ մի բան պատկերացնելու, էմոցիոնալ վերապրելու հետեւանքով մեկ քայլ առաջ պիտի նկարես: Իսկ արդյոք մեկ քայլ առաջը ընկալելի՞ է:
Ես չեմ մտածում լինել ընկալելի: Դրա համար ես նշեցի, որ չեմ կրկնվում: Կրկնվել կարելի է Հայաստանում:
Ինչո՞ւ:
![]() |
![]() |
Որովհետեւ Հայաստանում արվեստագետի խնդիրը ինքնահաստատվելն է. եթե նկարներդ մեկը մյուսի նման են, կարծում են՝ դու ունես մեկ ձեռագիր, բայց ձեռագիրը նախեւառաջ զգացական գործոն է եւ ամենեւին էլ պայմանավորված չէ գործողությամբ: Դա նման է նրան, որ ամեն օր նույն ֆիլմը նայես կամ նույն սենդվիչն ուտես: Նկարիչը այդ կերպ դառնում է նկարի գերին և դադարում հարցերին տարբեր անկյուններից նայել:
Ստեղծածդ բոլոր դիմանկարների մեջ «ես»-երի բազմազանություն է: Դրանք քո՞ «ես»-երն են, թե՞ այն, որ տեսնում ես մարդկանց մեջ:
Ես կարծում եմ, որ ամեն մարդու մեջ ապրում է մեկ այլ մարդ, եւ դրա համար էլ իմ արվեստը պայմանավորված է «I make art to find out who I am» գաղափարով: Յուրաքանչյուր որսած պահ գերագույն հաճույք է եւ նպաստում է այս գաղափարի զարգացմանը:
Մարդկանց հետ շա՞տ ես շփվում:
Գրեթե չեմ շփվում: Օրս սկսվում է այնպես, որ մտնում եմ արվեստանոց, բացում լրատվական կայքերից մեկն ու իմանում կատարվածը:
Բայց հաճախ ինֆորմացիայի մեծ մասն ավելորդ ծանրաբեռնվածության հիմք է:
Ճիշտ ես... Դրա համար ես վերցնում եմ մեկ կադր, մեկ իրադարձություն եւ ստանում աբստրակտ պատկեր:
Այդ կերպ ընկալելիությունը ընդհանրապես վերջին պլա՞ն ես մղում:
Այն ճանապարհը, որ ես եմ ընտրել, ընկալելիությամբ համակված չէ... Եվ ո՞վ է ընկալողը՝ մա՞րդը... Մեկ է, մարդիկ ընկալելու են այնպես, ինչպես իրենք են զգում:
Այդ դեպքում արվեստդ ստեղծում ես միայն ինքնաբավությա՞ն համար:
Այո, խնդիրը ոչ թե մեկին բան հասկացնելն է, այլ մշտապես ստեղծագործելը: Այլ կերպ ես չեմ կարող: Երբ նկարելիս մտածես հասկանալի լինելու մասին, կսկսես կեղծել: Իսկ յուրաքանչյուր աղոթող ի սզբանե հատուկ շարվածք չունի:
Այնուամենայնիվ, նկարներիդ առանցքային հերոսը շարունակում է մնալ մարդը...
Այո, քանի որ արեւը ծագում է մարդու համար, պատերազմները հրահրվում են մարդու կողմից, եւ նույնիսկ ամենամասսայական իրադարձությունների բուրգի վերեւում անհատն է: Ես իմ արվեստի մեջ եմ պատերազմում եւ չեմ խառնվում ուրիշ պատերազմների:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել